Գործ, որ թարմություն է պատճառում
1 Աստվածաշնչի պատգամը թարմություն է պատճառում բոլոր նրանց, ովքեր ընդունում և կիրառում են այն իրենց կյանքում (Սաղ. 19։7, 8)։ Այն օգնում է նրանց ազատվել կեղծ ուսմունքներից ու վնասաբեր գործերից, ինչպես նաև ապագայի ամուր հույս է տալիս։ Սակայն միայն բարի լուրը ընդունողները չէ, որ օգուտներ են քաղում։ Նրանք, ովքեր Աստվածաշնչի թարմություն պատճառող ճշմարտությունների մասին պատմում են մարդկանց, նույնպես թարմություն են գտնում (Առակ. 11։25)։
2 Ծառայությունից ուժ են ստանում։ Հիսուսն ասաց, որ այն մարդիկ, ովքեր իրենց վրա կվերցնեն Քրիստոսի աշակերտը լինելու «լուծը», որի մեջ մտնում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, «[իրենց] անձերի համար հանգստութիւն [«թարմություն», ՆԱ] կ’գտնէ[ն]» (Մատթ. 11։29)։ Հիսուսի համար մարդկանց վկայություն տալու գործը զորացնող էր։ Այն նրա համար կերակրի պես էր (Յովհ. 4։34)։ Երբ նա իր 70 աշակերտներին ուղարկեց քարոզելու, նրանք ուրախացան, քանի որ տեսան, որ Եհովան օրհնում էր իրենց ջանքերը (Ղուկ. 10։17)։
3 Այսօր շատ քրիստոնյաներ նույնպես ուժ են ստանում՝ քարոզչական գործին մասնակցելով։ Մի քույր նշում է. «Ծառայությունը թարմացուցիչ է, քանի որ այն նպատակ և ուղղություն է տալիս իմ կյանքին։ Անձնական խնդիրները և ամենօրյա ճնշումները ետին պլան են մղվում, երբ մասնակցում եմ ծառայությանը»։ Իսկ մեկ այլ եռանդուն քարոզիչ ասում է. «Ծառայությունը.... Եհովային ամեն օր իրական է դարձնում ինձ համար, խաղաղություն է տալիս ինձ և պարգևում այնպիսի ներքին ուրախություն, որը ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէ ձեռք բերել»։ Ի՜նչ առանձնաշնորհում է մեզ համար «Աստուծոյ գործակիցներ» լինելը (Ա Կորնթ. 3։9)։
4 Քրիստոսի լուծը քաղցր է։ Թեև քրիստոնյաներին հորդոր է տրվում ‘ջանք անել’, սակայն Հիսուսը մեր կարողություններից ավելին չի պահանջում (Ղուկ. 13։24)։ Իրականում նա սիրով մեզ հրավիրում է, որ ‘իր հետ մտնենք իր լծի տակ’ (Մատթ. 11։29, ՆԱ, ծան.)։ Այն անհատները, որոնք դժվարին իրավիճակներ են դիմագրավում, կարող են վստահ լինել, որ իրենց ամբողջ սրտով արված ծառայությունը, նույնիսկ եթե այն սահմանափակ է, շատ հաճելի է Աստծուն (Մարկ. 14։6–8; Կող. 3։23)։
5 Որքա՜ն թարմացուցիչ է ծառայել այնպիսի Աստծո, որը գնահատում է իր անվան համար կատարված ցանկացած գործ (Եբր. 6։10)։ Եկեք միշտ ձգտենք լավագույնն անել նրա համար։