Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. դեկտեմբերի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2004 թ. նոյեմբերի 1–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
ԴԱՍԵՐ
1. Խոսքի առարկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու լավագույն ձևերից մեկը ո՞րն է։ [3, be, էջ 218, պարբ. 2] Մարդկանց հաղորդակից դարձրու քո խոսքին։ Ցույց տուր, թե նրանց խնդիրները, կարիքները, հուզող հարցերը ինչպես են կապված քննարկվող թեմայի հետ։ Ունկնդիրները պետք է հստակ տեսնեն, որ մտադիր ենք արտահայտել ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ մտքեր։ Դրա համար հարկավոր է լավ նախապատրաստվել։
2. Թվարկիր ներգործուն վերջաբանի հինգ առանձնահատկություն։ [5, be, էջ 220, պարբ. 4–ից մինչև էջ 221, պարբ. 4] Ներգործուն վերջաբանը պետք է՝ 1) անմիջականորեն կապված լինի թեմայի հետ, 2) ունկնդիրներին ցույց տա, թե ինչ պետք է անել, 3) նրանց մղի գործերի, 4) ավարտական երանգ ունենա և 5) ճիշտ տևողություն ունենա։
3. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր ներկայացրած տեղեկությունները հավաստի են։ [8, be, էջ 224–ի շրջանակը] Մենք պետք է՝ 1) ենթադրություններ չանենք, եթե վստահ չենք պատասխանի ճշմարտացիության մեջ, 2) մեր խոսքերը հիմնենք «ողջամիտ խոսքերի օրինակի» վրա, 3) հետազոտություն կատարենք և 4) ստուգենք վիճակագրական տվյալների ու դեպքերի հավաստիությունը, և դրանք օգտագործելիս չչափազանցնենք (Բ Տիմոթ. 1։13)։
4. Ինչպե՞ս հավաստիանանք, որ հանդիպումների ժամանակ մեր ելույթներում զգացվում է, որ խորապես գնահատում ենք ժողովի ունեցած դերը՝ որպես «սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» (Ա Տիմոթ. 3։15)։ [8, be, էջ 224, պարբ. 2–5] Որպեսզի կարողանանք ճշմարտությունը ճիշտ մատուցել, պետք է լավ հասկանանք այն համարների իմաստը, որոնք մտադիր ենք օգտագործել։ Եթե հաշվի ենք առնում այդ համարների համատեքստը, ինչպես նաև այն, թե ինչու են դրանք գրված, ապա դրանով ցույց ենք տալիս որ «հաստատ [բռնում ենք] վարդապետութեան հաւատարիմ խօսքը» (Տիտոս 1։9)։ Եթե մեր ելույթները կառուցենք ‘ողջամիտ խոսքերի օրինակի’ հիման վրա և Գրությունների համարները բացատրելիս ու դրանց կիրառությունը ցույց տալիս օգտվենք հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի տված միջոցներից, ապա մեր խոսքերը հավաստի կլինեն։
5. Ընթացիկ իրադարձություններ, մեջբերումներ և կյանքից վերցված դեպքեր հիշատակելու առնչությամբ ինչպե՞ս կարող ենք կիրառել Առակաց 14։15–ը։ [9, be, էջ 225, պարբ. 1] Մենք պետք է օգտվենք ինֆորմացիայի հուսալի աղբյուրներից։ Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար պետք է ինքներս մեզ հարց տանք. «Արդյո՞ք այս տեղեկությունը թարմ է։ Այս աղբյուրը հայտնի՞ է իր արժանահավատությամբ։ Հնարավո՞ր է ասվածը հիմնավորել ուրիշ հուսալի աղբյուրների օգնությամբ»։ Եթե կասկածում ենք տեղեկության հավաստիության մեջ, ուրեմն չպետք է օգտագործենք այն։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս կարելի է հաշվել Ջրհեղեղից մինչև Ադամի ստեղծման ժամանակն ընկած ժամանակահատվածը։ [1, bsi04, դաս 3, էջ 4, պարբ. 12] 1 656 տարիների այս ժամանակահատվածն արձանագրված է Ծննդոց 5։3–29 և 7։6, 11 համարներում։ Այս համարներում հիշատակված է Ադամից մինչև Նոյ եղած ծննդաբանությունը։ Դրանք նաև պարունակում են տեղեկություն, թե այդ ծննդաբանության մեջ նշված տղամարդկանցից յուրաքանչյուրը քանի տարեկան էր հայր դառնալու պահին։
7. Ինչպե՞ս կարելի է որոշել Հիսուսի ծառայության սկիզբը մատնանշող թվականը, և ի՞նչ հիմքեր կան հավատալու, որ այդ ծառայությունը տևել է ուղիղ երեք ու կես տարի։ [2, bsi04, դաս 3, էջ 5, պարբ. 16] Հիսուսի ծառայության սկիզբը նշանավորող հիմնական թվականը՝ մ.թ. 29–ը, ստանում ենք՝ հիմնվելով Ղուկաս 3։1–3 համարների, ինչպես նաև փաստերով հիմնավորված պատմական տեղեկությունների վրա, որոնք մ.թ. 14 թվականը մատնանշում են որպես Տիբերիոս կայսեր իշխանության սկիզբ։ Հովհաննեսի գրքում հիշատակված չորս Պասեքները հաստատում են, որ Հիսուսի ծառայությունը տևել է երեք ու կես տարի (Յովհ. 2։13; 5։1; 6։4; 12։1; 13։1)։
8. ա) Ե՞րբ դուրս եկավ «Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը»։ բ) Հրամանն արձակվելու պահից քանի՞ տարի պետք է անցներ, մինչև որ Հիսուսը հայտնվեր՝ որպես Մեսիա (Դան. 9։24–27)։ [3, bsi04, դաս 3, էջ 5, պարբ. 18, 19] «Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը» դուրս եկավ մ.թ.ա. 455–ին (Նէեմ. 2։1, 17)։ Պետք է անցնեին վաթսունինը յոթնյակ–տարիներ (կամ 483 տարի), մինչև որ մ.թ. 29–ի աշնանը Հիսուսը մկրտվեր և սուրբ ոգով օծվեր՝ դառնալով Մեսիա։
9. Ի՞նչ է ներառում անկեղծ սրտով ներողություն խնդրելը, որի շնորհիվ կարող ենք ‘հաշտվել մեր եղբոր հետ’ (Մատթ. 5։23, 24)։ [7, w02 01.11, էջ 6, պարբ. 1, 5] Անկեղծորեն ներողություն խնդրողը ընդունում է սեփական սխալները և ջանք է թափում հնարավորության սահմաններում փոխհատուցել հասցված վնասը։ Մյուս կողմից՝ վիրավորված անհատը պետք է պատրաստակամորեն զիջումներ անի և ների իր սխալն ընդունած մարդուն (Մատթ. 18։21, 22)։
10. Աստծո կողմից տրված հանձնարարությունները կատարելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Դ Թագաւորաց 13։18, 19 համարներից։ [8, w02 01.12, էջ 31, պարբ. 1, 2] Թեև Եհովան տարբեր կերպերով զորացնում է մեզ, սակայն նա ակնկալում է, որ մեր կողմից մենք էլ ջանքեր գործադրենք։ Քանի որ Հովաս թագավորը թերացավ եռանդ ցուցաբերել, ուստի իր թշնամիների դեմ պատերազմում առանձնապես մեծ հաջողությունների չհասավ։ Նույն սկզբունքը կիրառելի է նաև մեր պարագայում։ Հարկ չկա մտահոգվել մեզ հանդիպող դժվարությունների կամ խնդիրների պատճառով. փոխարենը՝ պետք է ձգտենք սրտանց ու եռանդով կատարել մեր գործը և ապավինենք Եհովայի օգնությանը (Ես. 35։3, 4)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչո՞ւ իսրայելացիները կարող էին պանդուխտին տալ կամ օտարազգուն վաճառել արյունը չթափված սատկած կենդանին, որն իրենք չէին ուտի (Բ Օրին. 14։21)։ Աստվածաշնչում «պանդուխտ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել «ոչ իսրայելացի», որը դարձել է պրոզելիտ, կամ կարող է մատնանշել այն բնակչին, որն ապրում է տվյալ երկրի հիմնական օրենքներով, սակայն չի երկրպագում Եհովային։ Այն օտարազգին կամ պանդուխտը, որը չէր դարձել պրոզելիտ, Օրենքի տակ չէր ու կարող էր տարբեր ձևերով օգտագործել արյունը չթափված սատկած կենդանին։ Իսրայելացիներին թույլ էր տրված այդ կենդանին տալ կամ վաճառել նրանց։ Պրոզելիտը, սակայն, Օրենքի ուխտի տակ էր։ Ինչպես երևում է Ղեւտացոց 17։10–ից, այդ անհատին արգելվում էր ուտել կենդանու արյուն։ [1, w04 15.09, էջ 26]
12. Ի՞նչ դաս ենք քաղում Բ Օրինաց 20։5–7 համարներում գրվածից։ Հարկավոր է ուշադիր լինել հատուկ հանգամանքների մեջ գտնվող անձանց հանդեպ, նույնիսկ եթե տվյալ հանձնարարությունը կարևոր է։ [2, w04 15.09, էջ 27]
13. Ինչո՞ւ է «աղօրիքը կամ նորա վերի քարը» ‘գրավ առնելը’ համեմատվում ‘կյանքը գրավ առնելու’ հետ (Բ Օրին. 24։6)։ «Աղօրիքը» և նրա «վերի քարը» ներկայացնում էին անհատի ‘կյանքը’, այսինքն՝ ապրուստի միջոցները։ Դրանք ‘առնելը’ կնշանակեր մի ամբողջ ընտանիքի զրկել օրվա հացից։ [3, w04 15.09, էջ 26]
14. Քանի որ իսրայելացիներին արգելված էր ճարպ ուտել, ի՞նչ է նշանակում այն, որ նրանք սնվեցին «նոխազների ճարպով» (Բ Օրին. 32։13, 14)։ Այս արտահայտությունն այստեղ փոխաբերական իմաստով է գործածված ու նշանակում է՝ հոտի լավագույն անասուններ։ Այն, որ այստեղ գեղարվեստական ոճ է կիրառված, երևում է նրանից, որ այդ նույն համարում հիշատակվում է նաև ‘ցորենի երիկամունքի ճարպի’ ու ‘խաղողի արյան’ մասին։ [5, w04 15.09, էջ 27]
15. Մեր օրերում ո՞ր վարքն է նման Աքարի բռնած մեղսավոր ընթացքին (Յեսու 7։1–26)։ [7, w87-U 15.05, էջ 18, պարբ. 20 ( w86-E 15.12, էջ 20, պարբ. 20)] 1919 թ.–ից սկսած՝ Աստծո ժողովրդի մեջ ժամանակ առ ժամանակ ագահ «յափշտակող գայլեր» են հայտնվում, որոնք արհամարհում են աստվածապետական կարգը ու Աքարի պես եսասիրական շահեր են հետապնդում։ Այդ ընչաքաղց անհատները ցանկանում են վերադառնալ բաբելոնական ուսմունքներին։ Խորամանկություն գործադրելով՝ նրանք փորձում են Եհովայի վկաների մեջ կասկածներ սերմանել ‘հետին օրերի’ առնչությամբ ու դանդաղեցնել նրանց գործունեությունը։ Նման մարդկանց զրկում են ընկերակցությունից (Գործք 20։29; Բ Պետ. 3։3, 4; Բ Յովհ. 10, 11)։