Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. ապրիլի 25–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. մարտի 7–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 25–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
ԴԱՍԵՐ
1. Ելույթ պատրաստելիս ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել մեզ հանձնարարված նյութը, և ինչո՞ւ է դա կարևոր։ [2, be, էջ 234, պարբ. 1–3 և շրջանակներ] Մենք լավագույնս կօգտագործենք մեզ հանձնարարված նյութը, եթե մեր ելույթը կառուցենք նշանակված թեմայի, սուրբգրային համարների և գլխավոր կետերի հիման վրա։ Այդպես անելով՝ մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը հոգևոր կերակուր մատակարարելու ծրագրի հանդեպ, որն իրագործում է հավատարիմ և իմաստուն ծառան (Մատթ. 24։45)։
2. Ո՞ր չափով պետք է օգտագործենք հանձնարարված նյութը մեր ելույթում։ [2, be, էջ 234, պարբ. 4–ից մինչև էջ 235, պարբ. 1] Պետք է օգտագործենք այնքան, որքան կարող ենք հատկացված ժամանակում արդյունավետ կերպով կիրառել։ Հիմնականում մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հատվածների վրա, որոնք կօգնեն մեզ հասնելու մեր ելույթի նպատակին։ Չպետք է փորձենք մեծ քանակությամբ տեղեկություններ ամփոփել, քանի որ դրա պատճառով կտուժի ուսուցման որակն ու կարևոր մտքերի զարգացումը։
3. Ինչպե՞ս կարող ենք քարոզչական ծառայության ժամանակ հարցերի օգնությամբ զրույց սկսել (Գործք 8։30)։ [3, be, էջ 236, պարբ. 2–5] Վկաներից շատերը հնարավորություն են տալիս մարդկանց արտահայտվել՝ ընտրելով մի թեմա, որը հետաքրքրում է իրենց տեղանքում ապրող մարդկանց, և ապա հարցնելով. «Երբևէ մտածե՞լ եք...», կամ «Ի՞նչ եք կարծում...»։ Երբ մարդկանց հնարավորություն է ընձեռվում արտահայտելու իրենց տեսակետը, նրանցից շատերը է՛լ ավելի տրամադրված են լինում լսելու մեզ։
4. Ինչպե՞ս կարող ենք կիրառել հարցերը, որպեսզի օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին ‘գործի դնել իրենց ըմբռնողականությունը’ (Եբր. 5։14, ՆԱ)։ [5, be, էջ 238, պարբ. 1] Կարևոր մտքերը քննարկելիս մենք կարող ենք լրացուցիչ հարցեր տալ՝ օգնելու ուսումնասիրողներին պատասխանել իրենց բառերով և ոչ թե կարդալ տպված պատասխանները։ Կարող ենք հարցնել. «Ինչպիսի՞ կապ կարելի է տեսնել այս և մեր քննարկած նախորդ մտքի միջև։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Ինչպիսի՞ ազդեցություն պետք է թողնի մեր կյանքում»։ Մեր համոզմունքները արտահայտելու փոխարեն՝ մենք ձգտում ենք հարցեր տալ, քանի որ այդպես օգնում ենք ուսումնասիրողներին ‘գործի դնել իրենց ըմբըռնողականությունը’։
5. Ինչո՞վ են արդյունավետ Հռովմայեցիս 8։31, 32 և Եսայիա 14։27 համարներում տրված հարցերը։ [7, be, էջ 239, պարբ. 1, 2] Երկու դեպքերում էլ Աստվածաշնչի ներշնչված գրողները հարցերի միջոցով արտահայտում էին համոզվածություն։ Այս համարներում տրված հարցերը մատնանշում են, որ արտահայտված մտքերն անհերքելի են։ Մենք կարող ենք կիրառել այսպիսի հարցեր՝ մեր ասելիքն ընդգծելու համար։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Աշակերտներ պատրաստելու գործում ինչպե՞ս կարող ենք ‘Քրիստոսին որպես հիմք դնել’ (Ա Կորնթ. 3։11)։ [1, be, էջ 278, պարբ. 1, 2] ‘Քրիստոսին որպես հիմք դնելու’ համար մենք պետք է օգնենք մարդկանց հավատ ցուցաբերել Հիսուսի քավիչ զոհաբերությանը՝ որպես փրկության միակ հիմքի։ Աստվածաշունչ ուսումնասիրողներին պետք է սովորեցնել, որ Հիսուսին դիտեն որպես օրինակ և Ավետարանները համարեն որպես ուղեցույց (Ա Պետ. 2։21)։ Պետք է քաջալերենք ուսումնասիրողներին, որ նախքան որոշում կայացնելը հարց տան իրենք իրենց. «Ինչպե՞ս կվարվեր Հիսուսը, եթե իմ փոխարեն ինքը լիներ։ Արդյոք իմ գործերով ցույց տալի՞ս եմ, որ խորապես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ որ նա արել է ինձ համար» (Յովհ. 14։15, 21)։
7. Եհովան 1914 թ. իր Որդուն տվել է լիակատար իշխանություն, ուստի ի՞նչ նկատի ունենք, երբ մեր աղոթքներում ասում ենք ‘գա քո արքայությունը’ (Մատթ. 6։9, 10)։ [2, be, էջ 279, պարբ. 4] Երբ աղոթում ենք՝ ‘գա քո արքայությունը’, մենք նկատի ունենք, որ ներկայումս իշխող Աստծո Թագավորությունը վճռականորեն գործի պիտի անցնի՝ իրագործելու այնպիսի մարգարեություններ, ինչպիսիք են Դանիէլ 2։44 և Յայտնութիւն 21։2–4-ը։ Մենք հանձնարարություն ենք ստացել հռչակելու այն օրհնությունների մասին, որ ներկայումս իշխող Աստծո Թագավորությունը շուտով կբերի (Մատթ. 24։14)։
8. Ինչո՞ւ պետք է բոլոր քրիստոնյաները ձգտեն զարգացնել կարդալու կարողություններ, և ի՞նչ օրինակ է Հիսուսը թողել այս հարցում։ [5, w03 15.03, էջ 10, պարբ. 5; էջ 12, պարբ. 2] Քանի որ Աստված հոգ է տարել, որ իր Խոսքը առկա լինի գրավոր ձևով, նա իր երկրպագուներից ակնկալում է հնարավորին չափ գրագետ լինել։ Գրությունները և դրանց վրա հիմնված գրականությունը հասկանալով ընթերցելը նպաստում է, որ մենք հեշտությամբ կիրառենք Աստծո խորհուրդները և ‘ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարենք’ (Բ Տիմոթ. 2։15)։ Հիսուսը գրագետ էր. դա կարելի է եզրակացնել այն բանից, որ ընդամենը 12 տարեկան հասակում, երբ նա տաճարում էր, կարողացավ իմաստալից մտքեր արտահայտել կրթված մարդկանց հետ զրուցելիս (Ղուկ. 2։46, 47)։
9. Ինչպե՞ս կարող են Հովսիայի և Հիսուսի օրինակները օգնել երիտասարդներին հոգևորապես առաջադիմել։ [6, w03 01.04, էջ 8, պարբ. 3, 4; էջ 10, պարբ. 3] Երիտասարդ Թագավոր Հովսիան կարդալ տվեց Աստծո Խոսքը։ Այն, ինչ նա լսեց, հասավ նրա սրտին ու մղեց նրան ծառայել Եհովային և լիովին աջակցել ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը (Բ Մնաց. 34։14–21, 33)։ Եհովային ծառայելը Հիսուսի համար պարզապես նպատակ չէր, այլ առաքելություն։ Նա հաճույք և բավարարվածություն էր ստանում Աստծո կամքը կատարելուց (Յովհ. 4։34)։ Հոգևորապես առաջադիմելու համար երիտասարդները պետք է ճիշտ շարժառիթներ ունենան, որոնք գալիս են Արարչին ճանաչելուց։
10. Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստծուն (Առակ. 3։5, 6)։ [7, w03 01.11, էջ 4, պարբ. 6; էջ 5, պարբ. 1] Մենք կարող ենք վստահել Եհովա Աստծուն, քանի որ նա սուրբ է և երբեք չի դառնա անբարեխիղճ և չի վիրավորի որևէ մեկին (Ես. 6։3)։ Ավելին, Աստծո սերը առկա է իր բոլոր գործերում (Ա Յովհ. 4։8)։ Բացի այդ, ոչ ոք մեզ այնքան լավ չի հասկանում, որքան Եհովան (Սաղ. 139։1, 6)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչո՞ւ Աննան աղոթեց, որ Եհովան ‘ուժ տա իր թագավորին’, այն դեպքում երբ Իսրայելում նշանակված թագավոր չկար (Ա Թագ. 2։10)։ Այն, որ իսրայելացիները թագավոր էին ունենալու, կանխագուշակվել էր Մովսիսական օրենքում (Բ Օրին. 17։14–18)։ Մահվան անկողնում Հակոբը մարգարեացել էր. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից» (Ծննդ. 49։10)։ Բացի այդ, իսրայելացիների նախամայր Սարրայի մասին Եհովան ասել էր. «Ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից» (Ծննդ. 17։16)։ Ուստի կարող ենք ասել, որ Աննան աղոթում էր ապագա ինչ–որ թագավորի մասին։ [1, w05 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից»]
12. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ իսրայելացիները պարտություն կրեցին, չնայած որ ուխտի տապանակը նրանց մոտ էր գտնվում (Ա Թագ. 4։3, 4, 10)։ Շոշափելի առարկաներին գերմարդկային զորություն վերագրելը կործանարար հետևանքներ է ունենում։ Նույնիսկ այնպիսի սուրբ առարկան, ինչպիսին որ ‘Տիրոջ ուխտի տապանակն’ էր, պաշտպանիչ զորություն ունեցող թալիսման չէր։ Մենք պետք է ‘պահենք մեր անձերը կուռքերից’ (Ա Յովհ. 5։21)։ [1, w05 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից»; w02 01.07, էջ 6–8]
13. Ո՞րն է պատճառը, որ Ա Մնացորդաց 2։13–15 համարներում Դավիթի մասին խոսվում է որպես Հեսսեի յոթերորդ որդու, մինչդեռ Ա Թագաւորաց 16։10, 11–ում նշվում է, որ նա ութերորդն էր։ Գրությունները հայտնում են, որ Հեսսեն «ութը որդի ունէր» (Ա Թագ. 17։12)։ Ըստ երևույթին, նրա որդիներից մեկը մահացել էր նախքան ամուսնանալն ու երեխա ունենալը։ Ու քանի որ նա ոչ մի զավակ չէր թողել, չէր կարող հավակնել տոհմային ժառանգության, ոչ էլ կարող էր մեծ տեղ ունենալ Հեսսեի տոհմաբանական արձանագրության մեջ։ [5, w02 15.09, էջ 31]
14. Ի՞նչ «չար ոգի» էր նեղում Սավուղին (Ա Թագ. 16։14)։ Այդ չար ոգին, որը խլել էր Սավուղի մտքի խաղաղությունը, նրա իսկ մտքի և սրտի չար հակումն էր, այսինքն՝ սխալն անելու ներքին մղումը։ Երբ Եհովան հեռացրեց իր սուրբ ոգին, Սավուղը զրկվեց այդ ոգու պաշտպանությունից և ընկավ իր չար ոգու ազդեցության տակ։ Քանի որ Աստված թույլ տվեց, որ այդ ոգին փոխարինի իր սուրբ ոգուն, ուստի այդ ոգին նկարագրվում է որպես ‘մի չար ոգի Տիրոջ կողմից’։ [5, w05 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից»]
15. Արդյո՞ք Ենդովրում ոգեհարցի միջոցով «Սամուելի» արած կանխագուշակությունը ճշգրիտ էր (Ա Թագ. 28։16–19)։ Ո՛չ։ Ճիշտ է, Սավուղը ծանր վիրավորվեց փղշտացիների դեմ պատերազմելիս, այնուամենայնիվ նա էր, որ սպանեց ինքն իրեն (Ա Թագ. 31։1–4)։ Եվ հակառակ կանխագուշակությանը, որում ասվել էր, թե Սավուղի բոլոր որդիները նրա հետ միասին մահանալու էին՝ նրա որդին՝ Հեբուսթեն, կենդանի մնաց նրանից հետո։ [8, w88-U 15.06, էջ 3, պարբ. 3; էջ 4, պարբ. 1 (w88-E 15.01, էջ 3, պարբ. 3, 4)]