Շարունակեք կերտել միմյանց
1 Պողոս առաքյալը անում էր հնարավոր ամեն բան՝ իր հավատակիցներին զորացնելու համար (Գործք 14։18–21)։ Նմանապես և մենք անհանգստանում ենք, երբ մեր եղբայրները դժվար իրավիճակների են հանդիպում, և ցանկանում ենք նրանց օգնել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բոլո՛րը պետք է հետաքրքրվածություն ցուցաբերեն ուրիշների հանդեպ, ոչ թե միայն երեցները (Հռովմ. 15։1, 2)։ Քննարկենք երկու կերպեր, որոնցով կարող ենք հետևել այս սիրալիր հորդորին. «Իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք [կամ՝ կերտեք]» (Ա Թեսաղ. 5։11)։
2 Հասկանանք ուրիշների կարիքները։ Աստծու Խոսքը հայտնում է, որ Այծեմնիկը «լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով» (Գործք 9։36, 39)։ Նա նկատում էր նրանց, ովքեր կարիքի մեջ էին, և իր ձեռքից եկած ամեն բան անում էր նրանց օգնելու համար։ Ի՜նչ հրաշալի օրինակ է նա թողել մեզ համար։ Գուցե իմանաս, որ մի տարեց անձնավորություն ժողովի հանդիպման գալու համար օգնության կարիք ունի։ Կամ մի ռահվիրա աշխատանքային ինչ–որ մի օր կեսօրին ծառայելու համար ծառայակից չունի։ Եթե տեսնես, որ ինչ–որ մեկը նման օգնության կարիք ունի, և քո աջակցությունն առաջարկես, միայն պատկերացրու, թե ի՛նչ քաջալերություն նա կստանա։
3 Հոգևոր թեմաներով զրույցները։ Մենք կարող ենք ուրիշներին կերտել նաև մեր խոսքերով (Եփես. 4։29)։ Մի փորձառու երեց ասում է. «Եթե ցանկանում ես քաջալերության աղբյուր լինել, խոսիր հոգևոր բաների մասին։ Կերտիչ զրույց սկսելու համար կարող ես այսպիսի պարզ հարց տալ. «Ինչպե՞ս ես իմացել ճշմարտությունը»։ Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր երիտասարդների հանդեպ ժողովում։ Հետաքրքրվիր նաև նրանցով, ովքեր վհատված են, ինչպես նաև նրանցով, ովքեր ամաչկոտ են (Առակ. 12։25)։ Թույլ մի տուր, որ աշխարհի զվարճությունների մասին զրույցները դուրս մղեն հոգևոր թեմաներով զրույցները, որ ունենում ենք հավատակիցների հետ (Հռովմ. 1։11, 12)։
4 Սակայն ուրիշներին կերտելու համար ի՞նչ կարող ես ասել։ Վերջերս Աստվածաշնչի անձնական ընթերցանության և ուսումնասիրության ժամանակ գտե՞լ ես ինչ–որ սկզբունք, որը խորացրել է քո երախտագիտությունը Եհովայի հանդեպ։ Քաջալերե՞լ է արդյոք քեզ ինչ–որ միտք, որը լսել ես հանրային ելույթում կամ «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ։ Քեզ տպավորե՞լ է հավատն ամրապնդող ինչ–որ դեպք։ Եթե դու այդպիսի հոգևոր մարգարիտներ գանձես, ապա միշտ քաջալերական ինչ–որ բան կունենաս պատմելու ուրիշներին (Առակ. 2։1; Ղուկ. 6։45)։
5 Եկեք շարունակենք կերտել միմյանց՝ օգնություն ցույց տալով և մեր լեզուն իմաստությամբ գործածելով (Առակ. 12։18)։