Ի՞նչն է քեզ համար առաջնային
1 Ինչպե՞ս կպատասխանեիր այդ հարցին։ Անշուշտ, բոլորս էլ ցանկանում ենք Թագավորության շահերը առաջին տեղում դասել (Մատթ. 6։33)։ Սակայն մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Արդյոք իմ կատարած ընտրությունները ցույց տալի՞ս են, որ ես այդպես եմ վարվում»։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Քննեցէք ձեր անձերը» (Բ Կորնթ. 13։5)։ Ինչպե՞ս կարող ենք քննել ինքներս մեզ՝ տեսնելու համար, թե արդյոք Թագավորության շահերը առաջին տեղում ենք դասում։
2 Մեր ժամանակը։ Կարող ենք քննել, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը (Եփես. 5։15, 16)։ Որքա՞ն ժամանակ ենք ամեն շաբաթ տրամադրում շփմանը, հեռուստացույց դիտելուն, Ինտերնետից օգտվելուն կամ մեր սիրած զբաղմունքին։ Եթե գրի առնենք, թե որքան ժամանակ ենք տրամադրում այդպիսի բաներին և համեմատենք դա այն ժամանակի հետ, որ տրամադրում ենք հոգևոր գործերին, արդյունքները գուցե զարմացնեն մեզ։ Արդյոք աշխատո՞ւմ ենք արտաժամ, խլելով սուրբ ծառայության ժամանակը, միայն ճոխ կյանքով ապրելու համար։ Որքա՞ն հաճախ ենք հանդիպումները կամ ծառայությունը զոհում հանգստյան օրերին զվարճանալու նպատակով ճանապարհորդություններ կատարելու համար։
3 Առաջնահերթություններ սահմանիր։ Մեզանից շատերը չունեն այնքան ժամանակ, որ կարողանան անել ամեն բան, ինչ կցանկանան։ Ուստի Թագավորության շահերն առաջին տեղում դասելու համար մենք պետք է քննենք տեսնելու համար, թե որ գործերն են առաջնահերթ և ապա ժամանակ հատկացնենք ավելի կարևոր գործերին (Փիլիպ. 1։10)։ Այդ գործերի մեջ մտնում են՝ Աստծու Խոսքի ուսումնասիրությունը, ծառայությանը մասնակցելը, ընտանիքի մասին հոգ տանելը և քրիստոնեական հանդիպումներին ներկա լինելը (Սաղ. 1։1, 2; Հռովմ. 10։13, 14; Ա Տիմոթ. 5։8; Եբր. 10։24, 25)։ Մյուս գործերը, օրինակ՝ ֆիզիկական վարժությունները և զվարճությունները, նույնպես օգտակար են (Մարկ. 6։31; Ա Տիմոթ. 4։8)։ Սակայն այս նվազ կարևոր գործերը պետք է իրենց տեղում լինեն։
4 Մի պատանի եղբայր, ցանկանալով Թագավորության շահերն առաջին տեղում դասել, լիաժամ ծառայություն սկսեց՝ կարիերա ձեռք բերելու նպատակով բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն։ Նա օտար լեզու սովորեց և տեղափոխվեց ծառայելու այնպիսի վայրում, որտեղ ավելի մեծ կարիք կար։ Նա պատմում է. «Կյանքն այստեղ ինձ շատ է դուր գալիս։ Ծառայությունից ես մեծ հաճույք եմ ստանում։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ անի այսպիսի մի գործ և ունենա այն զգացումները, որ ես ունեմ։ Եհովային մեր ողջ ունեցածով ծառայելուց ավելի լավ բան չկա»։ Այո՛, Թագավորությունը առաջին տեղում դասելը օրհնություններ է բերում, սակայն ավելի կարևորն այն է, որ այն հաճույք է պատճառում մեր երկնային Հորը՝ Եհովային (Եբր. 6։10)։