Հույս ներշնչենք աղքատներին
1 Հիսուսը հատուկ հետաքրքրություն էր ցույց տալիս չքավորների հանդեպ։ Երբեմն նա հրաշքով նյութական օգնություն էր տալիս և բժշկում էր հիվանդներին։ Սակայն ավելի շատ նա կենտրոնացած էր «բարի լուրը» աղքատներին հռչակելու վրա (Մատթ. 11։5)։ Այսօր նույնպես քրիստոնեական ծառայության շնորհիվ օգուտներ են ստանում և՛ աղքատները, և՛ ուրիշները (Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Իրական հույս։ Քրիստոնեական աշխարհի սպասավորները հաճախ խոստանում են աղքատներին, որ նրանք նյութապես կբարգավաճեն, եթե առատաձեռնորեն նվիրաբերություններ անեն եկեղեցուն։ Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն Աստծու Թագավորությունը վերջ կդնի աղքատությանը և կլուծի մարդկանց բոլոր խնդիրները (Սաղ. 9։18; 145։16; Ես. 65։21–23)։ Ցույց տալով չքավոր անհատներին այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչն իրականում՝ մենք նրանց հույս կներշնչենք և կօգնենք բավարարել իրենց հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։
3 Հիսուսի օրերում ապրող փարիսեցիները վերևից էին նայում աղքատներին՝ արհամարհաբար նրանց կոչելով «ամ հաարեց», այսինքն՝ հողի մարդիկ։ Իսկ Հիսուսը նրանց «արյունը», կամ՝ կյանքը, «պատվական» էր համարում (Սաղ. 72։13, 14)։ Մենք կարող ենք ընդօրինակել Հիսուսին և «ողորմել» այդպիսի աղքատներին՝ լինելով բարի և կարեկից (Առակ. 14։31)։ Մենք երբեք չենք ցանկանա արհամարհանքով խոսել աղքատ թաղամասերում ապրող մարդկանց մասին կամ դժկամորեն վկայություն տալ նրանց։ Թագավորության լուրին արձագանքող անհատներից շատերը համեստ ապրուստի միջոցներ ունեցող մարդիկ են։
4 Օգնենք հիմա։ Մեր տարածքում ապրող աղքատներին աստվածաշնչյան սկզբունքները սովորեցնելը նույնպես օգնում է նրանց թեթևացնել աղքատության հետևանքներն արդեն այսօր։ Օրինակ՝ Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունը, մոլեխաղերով զբաղվելը, ծուլությունը, ծխախոտ գործածելը և այլ սովորություններ, որոնք նպաստում են աղքատությանը (Առակ. 6։10, 11; 23։21; 2 Կորնթ. 7։1; Եփես. 5։5)։ Գրությունները խրախուսում են ազնվություն դրսևորել և աշխատել «ամբողջ հոգով». գործատերերը փնտրում են այդպիսի հատկություններ ունեցող մարդկանց (Կող. 3։22, 23; Եբր. 13։18)։ Մի հետազոտության համաձայն՝ գործատերերի մեծամասնությունը աշխատողներ ընտրելիս առաջին հերթին հաշվի է առնում նրանց ազնվությունն ու ճշտապահությունը։
5 Եհովան անտարբեր չէ աղքատների տառապանքների նկատմամբ։ Շուտով Հիսուս Քրիստոսը կազատագրի «աղքատին՝ որ օգնական չ’ունի» (Սաղ. 72։12)։ Իսկ մինչ այդ մենք առանձնաշնորհում ունենք մխիթարելու ուրիշներին, այդ թվում աղքատներին Աստվածաշնչի հուսադրող պատգամով։