Հոգևորապես սնվելու և ուրախանալու առիթ
1. Ինչպե՞ս է Եհովան հոգում իր ծառաների հոգևոր կարիքները։
1 Եհովան սիրառատորեն հոգ է տանում իր ծառաների հոգևոր կարիքների մասին։ Այս աշխարհում ապրող մարդկանց մեծամասնությունը հոգևորապես քաղցած է, մինչդեռ մենք հոգևոր առատ սնունդ ենք վայելում (Ես. 65։13)։ Եհովան մեզ հոգևորապես սնում է, օրինակ, ամեն տարի անցկացվող մարզային համաժողովների միջոցով։ Նախապատրաստվո՞ւմ ես ներկա լինել «Առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով» մարզային համաժողովի բոլոր մասերին։ Համեղ և սննդարար հոգևոր խնջույք է մեզ սպասում։
2. Ի՞նչ պետք է անենք համաժողովին նախապատրաստվելու համար։
2 Ծրագրիր վաղօրոք։ «Աշխատասէր մարդուն ծրագիրները իրաւամբ առատութիւն կը բերեն» (Առակ. 21։5, ԱԱ)։ Ուստի որպեսզի համաժողովի բոլոր երեք օրերին մասնակցելու ծրագրերդ իրականանան, մի հապաղիր քո գործատիրոջից աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրել։ Արդեն հոգ տարե՞լ ես կացարանի մասին։ Գուցե ուտելիք բերես քեզ հետ, որպեսզի կարողանաս ընդմիջման ժամանակ ճաշել քո հավատակիցների հետ հենց համաժողովի անցկացման վայրում։ Ձգտիր ամեն օր շուտ գալ, որպեսզի նստելու տեղ գտնես և մասնակցես բացման երգին ու աղոթքին։
3. Ինչպիսի՞ հագուստ պետք է կրենք։
3 Մենք ցանկանում ենք, որ մեր հագուստը լինի համեստ և վայելուչ (1 Տիմոթ. 2։9, 10)։ Մարզային համաժողովների անցկացման օրերին մենք հրաշալի հնարավորություն ունենք վկայություն տալու հասարակությանը։ Մեր արժանավայել հագուկապի և պլակետկաներ կրելու շնորհիվ մենք տարբերվում ենք մյուսներից և դրական տպավորություն ենք թողնում համաժողովի անցկացման քաղաքում ապրող մարդկանց վրա։
4. Ի՞նչը կօգնի մեզ և մեր ընտանիքի անդամներին առավելագույն օգուտներ քաղել ծրագրից։
4 Ուշադիր լսիր։ Մենք, անշուշտ, չենք ցանկանում հոգևոր այս խնջույքի ժամանակ բաց թողնել հոգևոր սննդի և ոչ մի պատառիկ (Առակ. 22։17, 18)։ Աստվածաշնչյան համարներին հետևելն ու հակիրճ գրառումներ անելը կօգնի, որ ուշադիր լսենք ծրագիրն ու չշեղվենք։ Այնուհետև երեկոյան մենք կարող ենք վերանայել մեր գրառումները և քննարկել ծրագրի ուշագրավ մտքերն ուրիշների հետ։ Վերջին տարիներին նկատվել է, որ որոշ պատանիներ համաժողովին նստում են իրար կողքի և ծրագրի ժամանակ զրուցում կամ տեքստային հաղորդագրություններ են ուղարկում իրենց բջջային հեռախոսներով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր փոքր կամ պատանեկան տարիքի երեխաները նստեն ուրիշ երեխաների հետ։ Շատ օգտակար կլինի, որ նրանք նստեն մեզ հետ։ Այդպես մենք կկարողանանք ծրագիրը լսել ընտանյոք հանդերձ։
5. Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ուրախություն վայելել համաժողովին։
5 Վայելիր ընկերակցությունը։ Համեղ կերակուրն ավելի հաճելի է, եթե այն վայելում ես ընկերներիդ հետ (Առակ. 15։17)։ Նմանապես, մեր քույրերի և եղբայրների հետ շփվելով՝ ավելի մեծ հաճույք կստանանք համաժողովից։ Ուստի ծրագիրը սկսելուց առաջ նախաձեռնություն վերցրու և մոտեցիր համաժողովի մյուս պատվիրակներին ու շփվիր նրանց հետ (Սաղ. 133։1)։ Երբ նախագահողը ջերմորեն հրավիրում է մեզ զբաղեցնել մեր տեղերը, և հնչում է երաժշտությունը, մենք պետք է դադարենք զրուցելուց, զբաղեցնենք մեր տեղերը և պատրաստ լինենք լսելու ծրագիրը, երբ այն սկսվի։
6. Պատմիր քեզ հետ տեղի ունեցած մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է վկայություն տալ համաժողովի անցկացման քաղաքում ապրող մարդկանց։
6 Օգտագործիր վկայություն տալու ցանկացած հնարավորություն։ Համաժողովի օրերին սովորաբար վկայություն տալու հիանալի հնարավորություններ են ստեղծվում։ Համաժողովի պատվիրակներից շատերին մարդիկ հարցեր են տալիս՝ տեսնելով նրանց պլակետկաների վրա գրված համաժողովի թեման։ Արդյունքում զրույց է սկսվում և ճշմարտության մասին հրաշալի վկայություն է տրվում։ Պատահել է, որ այդ մարդկանցից ոմանք ընդունել են հրավերն ու եկել են համաժողովի։
7. Ինչո՞ւ մենք պետք է մասնակցենք գալիք մարզային համաժողովին։
7 Համաժողովի ծրագիրը պատրաստելու, անցկացման վայրը նախապատրաստելու, համաժողովի բաժինների գործունեությունը կազմակերպելու և ելույթները պատրաստելու համար հազարավոր ժամեր են ծախսվում։ Հոգևոր այս խնջույքը նախապատրաստելու համար ներդրված ջանքերը վկայում են Եհովայի հոգատարության մասին, որը նա ցուցաբերում է իր ժողովրդի նկատմամբ։ Եկե՛ք բոլորս ներկա լինենք և մեծ ախորժակով վայելենք հոգևոր սնունդը։ Այդպես վարվելով՝ մենք, ի տարբերություն այս աշխարհի մարդկանց, «կցնծանք սրտի բերկրանքից» (Ես. 65։14)։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20–ին։ Դռները կբացվեն ժամը 8։00–ին։ Երբ ծրագրից առաջ սկսի հնչել մեղեդին, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի արժանավայել ձևով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։55–ին, իսկ վերջին օրը՝ ժամը 16։00–ին։
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ միասին ճանապարհորդում են նույն մեքենայով կամ ապրում են միևնույն տանը։
◼ Կեսօրին ճաշելը։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր, որպեսզի ընդմիջմանը համաժողովի անցկացման վայրից դուրս չգաս մթերք գնելու համար։ Կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ, ապակե տարաներ և ոգելից խմիչքներ չի թույլատրվում բերել համաժողովի անցկացման վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մեր գնահատանքը համաժողովի կազմակերպման և անցկացման համար մենք կարող ենք ցույց տալ՝ համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Եթե համաժողովի վայրում ինչ–որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին օգնության բաժին։ Այդ բաժնի անձնակազմը կարող է գնահատել իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն շտապ օգնություն։
◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Մանկասայլակները և ծալվող աթոռները չպետք է բերել համաժողովի անցկացման վայր։ Սակայն երեխաների մանկական նստարանները ծնողները կարող են դնել իրենց կողքի նստարանին, եթե դա ապահով կլինի։
◼ Օծանելիքներ։ Համաժողովները մեծմասամբ անցկացվում են փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մեր կողմից բարության դրսևորում կլինի սահմանափակել սուր հոտ ունեցող օծանելիքների օգտագործումը, քանի որ դա կարող է սուր ռեակցիա առաջացնել նրանց մոտ, ովքեր շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն (1 Կորնթ. 10։24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկը։ Եթե համաժողովի անցկացման օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տվել որևէ անհատի, և նա հետաքրքրվել է, պետք է լրացնենք «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան իրենց հետ, երբ գալիս են համաժողովի։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարը, էջ 6)։