Հարցերի արկղ
◼ Տեղի՞ն է արդյոք ծափահարել Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ժամանակ ներկայացվող յուրաքանչյուր ելույթից հետո։
Երբ մեր Արարիչը՝ Եհովան, ստեղծեց երկիրը, «առաւօտեան աստղերը մէկտեղ փառաբանութիւն կ’ընէին ու.... Աստուծոյ բոլոր որդիները ցնծութեամբ կ’աղաղակէին» (Յոբ 38։7, ԱԱ)։ Աստծու այս ոգեղեն որդիները՝ հրեշտակները, ցանկանում էին փառաբանել Եհովային նրա աննկարագրելի ստեղծագործական աշխատանքի համար, ինչը նրա իմաստության, բարության ու զորության նոր դրսևորում էր։
Ինչ խոսք, լավ է, որ մենք արտահայտում ենք մեր սրտագին գնահատանքը մեր եղբայրների գործադրած ջանքերի և ներկայացրած նյութի համար։ Օրինակ՝ մենք սովորաբար ծափահարում ենք հատուկ առիթների՝ համաժողովների ժամանակ ներկայացված ելույթներից և ցուցադրումներից հետո։ Այնտեղ մատուցվող ելույթները պատրաստելու համար եղբայրները հավելյալ ժամանակ և ջանքեր են ներդնում։ Մեր ծափողջույնները ցույց են տալիս, որ գնահատում ենք նրանց ջանքերը։ Բացի այդ, դրանով մեր երախտագիտությունն ենք հայտնում այն առաջնորդության համար, որ Եհովան տալիս է իր Խոսքի ու կազմակերպության միջոցով (Ես. 48։17; Մատթ. 24։45–47)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ժամանակ ներկայացվող ելույթներից հետո ծափահարելու մասին։ Ծափահարելն արգելող որևէ կանոն չկա, հատկապես երբ դա արվում է ինքնաբերաբար, օրինակ, երբ Աստվածապետական դպրոցում սովորողն առաջին անգամ է ներկայացնում իր առաջադրանքը։ Սակայն ծափահարելը կարող է սովորություն դառնալ և կորցնել իր իմաստը։ Ուստի մենք սովորաբար չենք ծափահարում յուրաքանչյուր ելույթից հետո։
Թեև մենք հիմնականում չենք ծափահարում Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ժամանակ ներկայացվող ելույթներից հետո, բայց կան այլ ձևեր, որոնցով բոլորս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը՝ տրված առաջնորդության և ելույթ ունեցողների ներդրած ջանքերի համար։ Մենք դա կարող ենք անել, օրինակ, ուշադրությամբ լսելով ելույթ ունեցողներին։ Իսկ հանդիպումից հետո կարող ենք մոտենալ նրանց և անձամբ շնորհակալություն հայտնել իրենց թափած ջանքերի համար (Եփես. 1։15, 16)։