Հմտորեն օգտագործիր Աստվածաշունչը
1. Ի՞նչ առումներով է Աստվածաշունչը օգտակար։
1 Աստծու Խոսքը հմտորեն օգտագործելով՝ մենք կարողանում ենք հայտնել մարդկանց ճշմարտությունը և հստակորեն սովորեցնել այն։ Մենք նաև քողազերծում ենք կեղծ ուսմունքները և մարդկային ավանդույթները (2 Տիմոթ. 2։15; 1 Պետ. 3։15)։
2. Ինչի՞ շնորհիվ ավելի հեշտությամբ կգտնենք աստվածաշնչային համարները։
2 Ավելի հմտացիր։ Ինչ խոսք, որքան հաճախ ես օգտագործում գործիքը, այնքան հմուտ ես դառնում։ Նմանապես, որքան լավ իմանանք Սուրբ Գիրքը, այնքան լավ կհիշենք և հեշտությամբ կգտնենք աստվածաշնչային համարները։ Եթե ամբողջությամբ կարդանք Աստծու Խոսքը, ավելի կհմտանանք և ավելի եռանդով ու համոզվածությամբ կխոսենք քարոզչական ծառայության ժամանակ և ոչ պաշտոնական վկայություն տալիս (1 Թեսաղ. 1։5)։
3, 4. ա) Որո՞նք են այն միջոցները, որոնք կօգնեն քեզ ավելի հմտորեն օգտագործելու Աստվածաշունչը։ բ) Կա՞ն այլ միջոցներ, որ օգնել են քեզ այս հարցում։
3 Ժողովի հանդիպումների ընթացքում քո գրքով հետևիր Աստվածաշնչի համարների ընթերցանությանը։ Երբ անձնական ուսումնասիրություն ես անում կամ պատրաստվում ես ժողովի հանդիպումներին, բացիր նշված յուրաքանչյուր համարը և մտածիր, թե ինչու է այն մեջբերված։ Ոմանք նկատել են, որ երբ աստվածաշնչյան համարը կարդում են գրքից և ոչ թե համակարգչի էկրանից կամ հրատարակություններից, հետո ծառայության ժամանակ ավելի հեշտությամբ են գտնում այն Աստվածաշնչում (Հովհ. 14։26)։
4 Որոշ ընտանիքներ ժամանակ են տրամադրում և Աստվածաշնչից համարներ են անգիր սովորում՝ օգտագործելով փոքր թղթեր։ Այդ թղթերի մի կողմում գրում են աստվածաշնչյան խոսքը, իսկ մյուս կողմում՝ համարը։ Այնուհետև հերթով վերցնում են թղթերը և փորձում են անգիր ասել կա՛մ աստվածաշնչյան խոսքը, կա՛մ համարը։ Կարելի է նաև կրկնել մատուցումները և մտածել, թե Աստվածաշնչի որ համարը կարելի է օգտագործել առարկությունների դեպքում կամ այն հարցերին պատասխանելիս, որոնք հաճախ տալիս են ծառայության ժամանակ։ Եթե այդպես վարվենք, ավելի կհմտանանք։
5. Ինչո՞ւ ենք ցանկանում ավելի հմտորեն օգտագործել Աստվածաշունչը։
5 Ոչ մի ուրիշ գիրք չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ։ Այն միակն է, որի շնորհիվ մարդը կարող է «իմաստուն դառնալ.... փրկության համար» (2 Տիմոթ. 3։15)։ Մեր տարածքում քչերը գիտեն այն անգին գանձերի մասին, որ կան Աստծու Խոսքում։ Որպեսզի մարդկանց ցույց տանք այդ գանձերը, մենք պետք է ավելի հմտորեն օգտագործենք Աստվածաշունչը (Առակ. 2։1–5)։