Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr18 նոյեմբեր էջ 1–5
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
  • Ենթավերնագրեր
  • Նոյեմբերի 5–11
  • Նոյեմբերի 12–18
  • Նոյեմբերի 19–25
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
mwbr18 նոյեմբեր էջ 1–5

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումները

Նոյեմբերի 5–11

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 20, 21

«Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»

nwtsty Հվ 21։15, 17-ի լրացուցիչ տեղեկությունները

Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. Հիսուսի և Պետրոսի միջև այս զրույցը տեղի ունեցավ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Հիսուսը երեք հարց տվեց Պետրոսին՝ իմանալու համար, թե նա ինչ էր զգում իր հանդեպ. նա այնքան հարցրեց, մինչև որ «Պետրոսը տրտմեց» (Հվ 21։17)։ Հովհաննեսի արձանագրության մեջ՝ Հվ 21։15–17-ում, հունարեն երկու տարբեր բայեր են գործածված՝ ագապաո և ֆիլեո, որոնք հայերեն թարգմանվել են «սիրել»։ Հիսուսը երկու անգամ Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես [ագապաո] ինձ»։ Երկու անգամ էլ Պետրոսը անկեղծորեն հավաստիացրեց, որ «սիրում [ֆիլեո]» է Հիսուսին։ Երրորդ անգամ Հիսուսը հարցրեց. «Սիրո՞ւմ ես [ֆիլեո] ինձ»։ Եվ կրկին Պետրոսը հավաստիացրեց, որ սիրում է [ֆիլեո] նրան։ Ամեն անգամ, երբ Պետրոսը հաստատում էր, որ սիրում է Հիսուսին, վերջինս ընդգծում էր, որ այդ սերը պետք է մղի նրան հոգևորապես կերակրելու և «հովվելու» իր աշակերտներին, որոնց նա այստեղ կոչում է իր գառները, կամ՝ «գառնուկները» (Հվ 21։16, 17; 1Պտ 5։1–3)։ Հիսուսը հնարավորություն տվեց Պետրոսին երեք անգամ հաստատելու, որ սիրում է իրեն, և դրանից հետո վստահեց նրան իր գառնուկներին հոգ տանելու պատասխանատվությունը։ Այդպես Հիսուսը փարատեց ցանկացած կասկած այն բանի հետ կապված, որ ինքը ներել էր Պետրոսին, որը երեք անգամ ուրացել էր իրեն։

սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել. քերականական տեսանկյունից «սրանցից առավել» արտահայտությունը կարելի է հասկանալ մի քանի ձևով։ Որոշ աստվածաշնչագետներ նախընտրում են հետևյալ նշանակությունները՝ «սիրո՞ւմ ես ինձ ավելի շատ, քան այս մյուս աշակերտներին» կամ «սիրո՞ւմ ես ինձ ավելի շատ, քան այս մյուս աշակերտները»։ Սակայն ավելի հավանական տարբերակը սա է՝ «սիրո՞ւմ ես ինձ այս բաներից առավել», այսինքն՝ իրենց բռնած ձկներից կամ ձկնորսությունից։ Հետևաբար այս համարի ընդհանուր միտքը թերևս սա է. «Սիրո՞ւմ ես ինձ նյութական բաներից կամ նյութապաշտական ձգտումներից առավել։ Եթե այո, կերակրիր իմ գառներին»։ Հաշվի առնելով Պետրոսի անցյալը՝ դա տեղին հարց էր։ Թեև նա Հիսուսի առաջին աշակերտներից մեկն էր (Հվ 1։35–42), սակայն անմիջապես չսկսեց հետևել Հիսուսին՝ տրամադրելով իր ողջ ժամանակը։ Ընդհակառակը՝ նա շարունակեց զբաղվել ձկնորսությամբ։ Մի քանի ամիս անց Հիսուսը հրավիրեց Պետրոսին թողնելու իր մեծ ու ժամանակատար գործը և դառնալու «մարդկանց որսորդ» (Մթ 4։18–20; Ղկ 5։1–11)։ Հիսուսի մահից կարճ ժամանակ անց Պետրոսը կրկին որոշեց գնալ ձուկ բռնելու, և մյուս առաքյալներն էլ միացան նրան (Հվ 21։2, 3)։ Ուստի հավանական է, որ այստեղ Հիսուսը Պետրոսին հասկացնում էր, որ նա պետք է վճռորոշ ընտրություն աներ. իր կյանքում առաջին տեղում կդներ ձկնորսությո՞ւնը, որը ներկայացնում էին իրենց առաջ դրված ձկները, թե՞ առաջնային կհամարեր Հիսուսի գառնուկներին, այսինքն՝ հետևորդներին հոգևորապես կերակրելու գործը (Հվ 21։4–8)։

Երրորդ անգամ. Պետրոսը իր Տիրոջը ուրացել էր երեք անգամ։ Հիսուսն այժմ հնարավորություն տվեց նրան երեք անգամ հաստատելու այն, ինչ նա զգում էր իր հանդեպ։ Պետրոսի յուրաքանչյուր պատասխանից հետո Հիսուսը նրան ասում էր, որ իր սերը դրսևորի՝ սուրբ ծառայությունը մնացած բոլոր բաներից վեր դասելով։ Մյուս պատասխանատու եղբայրների հետ Պետրոսը կերակրելու, զորացնելու և հովվելու էր Քրիստոսի հոտին, որը բաղկացած էր նրա հավատարիմ հետևորդներից։ Թեև այս մարդիկ օծյալներ էին, բայց կարիք կար նրանց հոգևորապես կերակրելու (Ղկ 22։32)։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 20։17-ի լրացուցիչ տեղեկությունը

Մի՛ կառչիր ինձնից. հունարեն հապտոմայ բայը կարող է նշանակել կա՛մ «դիպչել», կա՛մ «կառչել», «ամուր բռնել»։ Որոշ թարգմանություններ հետևյալ կերպ են փոխանցում Հիսուսի խոսքերը. «Մի՛ դիպիր ինձ»։ Սակայն Հիսուսը դեմ չէր այն բանին, որ Մարիամ Մագդաղենացին դիպչի իրեն, քանի որ նա չառարկեց, երբ իր հարությունից հետո ուրիշ կանայք «բռնեցին նրա ոտքերը» (Մթ 28։9)։ Ըստ ամենայնի, Մարիամ Մագդաղենացին վախենում էր, որ Հիսուսը ուր որ է երկինք կհամբարձվի։ Ուժգնորեն ցանկանալով մնալ իր Տիրոջ հետ՝ նա ամուր բռնել էր Հիսուսին և թույլ չէր տալիս, որ գնա։ Մարիամին հավաստիացնելու համար, որ դեռ չի հեռանում, Հիսուսը նրան ասաց, որ չկառչի իրենից, այլ գնա իր աշակերտների մոտ ու հայտնի իր հարության մասին լուրը։

nwtsty Հվ 20։28-ի լրացուցիչ տեղեկությունը

Տե՛ր իմ և աստվա՛ծ իմ. բռց.՝ «Իմ Տե՛րը և իմ աստվա՛ծը [հո թեոս]»։ Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ սա զարմանքի բացականչություն է՝ ասված Հիսուսին, բայց իրականում ուղղված Աստծուն՝ նրա Հորը։ Ուրիշները պնդում են, որ հաշվի առնելով բնագրային հունարենը՝ այս խոսքերը ուղղված են Հիսուսին։ Նույնիսկ եթե դա այդպես է, «Տե՛ր իմ և աստվա՛ծ իմ» արտահայտության նշանակությունը հասկանալու համար հարկավոր է այն դիտել ողջ Սուրբ Գրքի համատեքստի լույսի ներքո։ Քանի որ արձանագրությունը ցույց է տալիս, որ մինչ այդ Հիսուսը Մարիամի միջոցով իր աշակերտներին հետևյալ խոսքերն էր հաղորդել՝ «ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ», պատճառ չկա մտածելու, թե Թովմասը կարծում էր, որ Հիսուսը ամենակարող Աստվածն է (տես Հվ 20։17-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Բացի այդ, նա լսել էր, որ Հիսուսը իր «Հորը» աղոթելիս նրան կոչել էր «միակ ճշմարիտ Աստված» (Հվ 17։1–3)։ Հետևաբար հնարավոր է՝ Թովմասը Հիսուսին ասաց «աստված իմ» հետևյալ պատճառներով՝ նա Հիսուսին «աստված» էր համարում, բայց ոչ ամենակարող Աստված (տես Հվ 1։1-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Կամ գուցե նա Հիսուսին դիմեց այնպես, ինչպես Աստծու ծառաները դիմում էին Նրա ուղարկած հրեշտակներին, ինչի մասին կարդում ենք Եբրայերեն Գրություններում։ Թովմասին ծանոթ կլինեին այն արձանագրությունները, որոնցում պատմվում է, թե ինչպես են որոշ անհատներ կամ երբեմն հենց այդ աստվածաշնչյան պատմությունները գրողները պատասխանել հրեշտակին կամ խոսել նրա մասին, ասես այդ հրեշտակը հենց Եհովա Աստվածն էր (հմմտ. Ծն 16։7–11, 13; 18։1–5, 22–33; 32։24–30; Դտ 6։11–15; 13։20–22)։ Ուստի Թովմասը թերևս այս իմաստով Հիսուսին կոչեց «աստված իմ»՝ ընդունելով, որ նա ճշմարիտ Աստծու ներկայացուցիչն ու խոսնակն է։

Ոմանք պնդում են, թե «տեր» և «աստված» բառերից առաջ հունարենում որոշիչ հոդի գործածությունը ցույց է տալիս, որ այդ բառերը վերաբերում են ամենակարող Աստծուն։ Սակայն այս համատեքստում որոշիչ հոդի գործածությունը, հնարավոր է, պայմանավորված է զուտ հունարենի քերականությամբ։ Թե ինչպես է այլ դեպքերում հունարենում որոշիչ հոդ ունեցող և ուղղական հոլովով դրված գոյականը գործածվել որպես կոչական, կարող ենք տեսնել նաև՝ բառացի թարգմանելով հետևյալ համարները՝ Ղկ 12։32-ը (բռց.՝ «փո՛քր հոտը») և Կղ 3։18–4։1-ը (բռց.՝ «կանա՛յքը», «ամուսիննե՛րը», «երեխանե՛րը», «հայրե՛րը», «ծառանե՛րը», «տերե՛րը»)։ Նույն ձևով 1Պտ 3։7-ի բառացի թարգմանությունը այսպես կլիներ՝ «ամուսիննե՛րը»։ Ուստի վերոհիշյալ խոսքերն ասելիս Թովմասի իրական միտումը հասկանալու հարցում որոշիչ հոդի գործածությունը, ըստ երևույթին, որևէ էական դեր չի խաղում։

Նոյեմբերի 12–18

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 1–3

«Սուրբ ոգին թափվեց քրիստոնեական ժողովի վրա»

w86 12/1, էջ 29, պրբ. 4, 5, 7

Նվիրաբերություններ, որ ուրախություն են պարգևում

33 թ.-ին՝ քրիստոնեական ժողովի կազմավորման հենց առաջին օրը, 3 000 նոր մկրտված նորահավատները «իրար մեջ բաժանում էին իրենց ունեցվածքը, միասին ուտում և աղոթում էին»։ Ինչո՞ւ էին նրանք այդպես անում։ Քանի որ ցանկանում էին շարունակել «սովորել առաքյալներից» ու այդպիսով ավելի արմատավորել իրենց սրտում նոր սերմանված հավատը (Գործեր 2։41, 42)։

Երուսաղեմ էին եկել շատ հրեաներ ու պրոզելիտներ, որոնք ծրագրել էին մնալ Երուսաղեմում միայն Պենտեկոստեի տոնակատարության օրերին։ Բայց նրանք, ովքեր դարձան քրիստոնյաներ, ցանկացան ավելի երկար մնալ և ավելին սովորել իրենց նոր հավատը ամրապնդելու համար։ Դրա պատճառով սննդի և կացարանի հետ կապված դժվարություններ առաջացան, որոնք շուտափույթ լուծում էին պահանջում։ Եկվորներից ոմանք բավականաչափ նյութական միջոցներ չունեին իրենց հետ, մինչդեռ մյուսներն ունեին ավելին, քան պետք էր։ Ուստի նրանք իրենց ընդհանուր միջոցներից մի ժամանակավոր ֆոնդ ստեղծեցին և սկսեցին նյութապես աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին (Գործեր 2։43–47)։

Նրանք, ովքեր վաճառում էին կալվածքները կամ իրենց ունեցածը կիսում էին մյուսների հետ, անում էին դա բացառապես կամավոր կերպով։ Ոչ ոքի չէին պարտադրում վաճառել ունեցածը կամ նվիրաբերել, ոչ էլ այդ կերպով ցանկանում էին աղքատ ապրելակերպ խրախուսել։ Նպատակն այն չէր, որ քրիստոնեական ժողովի հարուստ անդամները վաճառեին իրենց ողջ ունեցվածքը և դառնային աղքատ։ Պարզապես այդ ժամանակ ստեղծված հանգամանքներում նրանք, իրենց հավատակիցների հանդեպ կարեկցանքից մղված, որոշեցին վաճառել իրենց ունեցվածքը և ստացված միջոցները նվիրաբերել ի նպաստ Թագավորության շահերի (համեմատիր 2 Կորնթացիներ 8։12–15)։

Փնտրենք հոգևոր գանձեր

it-2, էջ 61, պրբ. 1

Հիսուս Քրիստոս

«Կյանքի Գլխավոր Առաջնորդ»։ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր կատարյալ մարդկային կյանքը, ինչով դրսևորվեց նրա Հոր անզուգական բարությունը։ Այդ զոհաբերության շնորհիվ Քրիստոսի ընտրյալ հետևորդները հնարավորություն ունեցան երկնքում միանալու նրան որպես նրա թագավորակիցներ, իսկ մյուս հնազանդ մարդկանց առջև բացվեց նրա Թագավորության երկրային հպատակները դառնալու հեռանկարը (Մթ 6։10; Հվ 3։16; Եփ 1։7; Եբ 2։5, տես ՓՐԿԱՆՔ)։ Այդպիսով Հիսուսը դարձավ ողջ մարդկության «կյանքի Գլխավոր Առաջնորդը» (Գրծ 3։15)։ Այստեղ օգտագործված հունարեն բառը հիմնականում նշանակում է «գլխավոր առաջնորդ»։ Նույնարմատ մի բառ կիրառվում է նաև Մովսեսի առնչությամբ, ում մասին խոսվում է որպես Իսրայել ազգի «իշխանի» (Գրծ 7։27, 35)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

it-1, էջ 129, պրբ. 2, 3

Հուդա Իսկարիովտացու փոխարեն՝ ո՞վ դարձավ տասներկուերորդ առաքյալ

Այն բանից հետո, երբ Հուդա Իսկարիովտացին ուրացավ Հիսուսին և հետո այդպես անհավատարիմ էլ մահացավ, մնացին միայն 11 առաքյալներ։ Եվ երբ Հիսուսը հարություն առավ, մինչև երկինք համբարձվելը՝ 40 օրվա ընթացքում, ոչ ոքի չնշանակեց Հուդայի փոխարեն։ Սակայն Հիսուսի համբարձվելուց հետո մինչև Պենտեկոստեն ընկած տասը օրվա ժամանակահատվածում հարկ համարվեց մեկ ուրիշին ընտրելու, որ զբաղեցներ Հուդայի տեղը, բայց պատճառը ոչ թե պարզապես Հուդայի մահն էր, այլ նրա անհավատարմությունը, ինչպես ցույց են տալիս Պետրոսի մեջբերած համարները (Գրծ 1։15–22; Սղ 69։25; 109։8; համեմատիր Հտն 3։11)։ Ի հակադրություն դրա՝ երբ մահացավ հավատարիմ Հակոբոս առաքյալը, նրա փոխարեն մեկ ուրիշին առաքյալ նշանակելու հարց երբևէ չբարձրացավ. աստվածաշնչյան արձանագրության մեջ ոչ մի այդպիսի հիշատակում չկա։

Պետրոսի խոսքերից հստակ երևում է, որ Հիսուս Քրիստոսի առաքյալ դառնալու համար անհատը պետք է որոշակի պահանջների համապատասխաներ. պետք է անձամբ շփված լիներ Հիսուսի հետ, իր աչքով տեսած լիներ նրա արած գործերը, հրաշքները և հատկապես տեսած լիներ, որ նա հարություն է առել։ Հետևաբար հստակ է, որ ժամանակի ընթացքում առաքյալների փոխարեն մեկ ուրիշի նշանակումը անհնար էր դառնալու, եթե միայն յուրաքանչյուր մասնավոր դեպքում Աստծու միջամտությամբ չբավարարվեին վերոնշյալ պահանջները։ Մինչդեռ Պենտեկոստեից առաջ մի որոշ ժամանակ կային մարդիկ, որ համապատասխանում էին նշված պահանջներին, և նրանցից երկուսը առաջադրվեցին որպես հարմար թեկնածու անհավատարիմ Հուդային փոխարինելու համար։ Անկասկած, ի մտի ունենալով Առակներ 16։33-ը՝ վիճակ գցեցին, և ընտրվեց Մատաթիան, ով այդուհետ «միացավ տասնմեկ առաքյալներին» (Գրծ 1։23–26)։ Ուստի տրամաբանական է, որ նա այն «տասներկու առաքյալների» մեջ էր, ովքեր լուծեցին հունախոս աշակերտների հետ կապված խնդիրը (Գրծ 6։1, 2)։ Նաև երբ 1 Կորնթացիներ 15։4–8 համարներում Պողոսը խոսում է նրանց մասին, ում երևացել էր Հիսուսը հարություն առնելուց հետո, և հիշատակում է «տասներկու առաքյալներին», հավանաբար նրանց թվում նկատի ուներ նաև Մատաթիային։ Փաստորեն՝ Պենտեկոստեի ժամանակ արդեն կային 12 առաքյալներ, որոնց հիմքի վրա պետք է կառուցվեր այդ ժամանակ կազմավորված հոգևոր Իսրայելը։

Նոյեմբերի 19–25

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 4, 5

«Համարձակությամբ Աստծու Խոսքն էին քարոզում»

it-1, էջ 128, պրբ. 3

Առաքյալ

Գործունեությունը քրիստոնեական ժողովում։ Առաքյալները շատ զորացան, երբ Պենտեկոստեի ժամանակ Աստծու սուրբ ոգին թափվեց նրանց վրա։ «Առաքյալների գործերը» գրքի առաջին հինգ գլուխները պատմում են առաքյալների անվախության մասին, նաև թե նրանք ինչպիսի համարձակությամբ էին հռչակում բարի լուրը և վկայում Հիսուսի հարության մասին՝ չնայած բանտարկություններին, ծեծերին և իշխանավորների կողմից եկող մահվան սպառնալիքներին։ Պենտեկոստեից հետո՝ այդ սկզբնական շրջանում, առաքյալների ակտիվ առաջնորդության շնորհիվ, ովքեր գործում էին սուրբ ոգու զորությամբ, քրիստոնեական ժողովում ապշեցուցիչ աճ եղավ (Գրծ 2։41; 4։4)։ Սկզբում նրանց գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր Երուսաղեմում, բայց հետո այն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև Սամարիան, իսկ ավելի ուշ՝ այն ժամանակվա ողջ հայտնի աշխարհը (Գրծ 5։42; 6։7; 8։5–17, 25; 1։8)։

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 514, պրբ. 4

Անկյունաքար

Սաղմոս 118։22-ում ասվում է, որ այն քարը, որ շինարարները մերժեցին, դառնալու էր «անկյան գլուխը» (եբր. ռոշ պիննահ)։ Հիսուսը մեջբերեց մարգարեական այդ խոսքերը և դրանք կիրառեց իր նկատմամբ՝ ցույց տալով, որ ինքն է «գլխավոր անկյունաքարը» (հուն. կեֆալե գոնիաս (անկյան գլուխ)) (Մթ 21։42; Մկ 12։10, 11; Ղկ 20։17)։ Ճիշտ ինչպես շինության մեջ ամենից աչքի ընկնողը ամենավերին քարն է, այնպես էլ օծյալներից բաղկացած քրիստոնեական ժողովի՝ հոգևոր տաճարի ամենափառահեղ քարը՝ գլխավոր անկյունաքարը, Հիսուս Քրիստոսն է։ Պետրոսը նույնպես Սաղմոս 118։22-ը կիրառեց Քրիստոսի առնչությամբ՝ ցույց տալով, որ նա է «այն քարը», որը մերժվեց մարդկանց կողմից, բայց Աստծու կողմից ընտրվեց՝ դառնալու «անկյան գլուխը» (Գրծ 4։8–12; տես նաև 1Պտ 2։4–7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը