«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1–7
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 18–19
«Եհովան իմաստնորեն բաժանեց Ավետյաց երկիրը»
it-1, էջ 359, պրբ. 1
Սահման
Ըստ ամենայնի, երկու գործոն ազդեց այն բանի վրա, թե Ավետյաց երկրի տարածքը ինչպես բաժանվեց ցեղերի միջև։ Առաջին գործոնը վիճակ գցելն էր, երկրորդը՝ ցեղի մեծությունը։ Վիճակով որոշվում էր, թե ամեն ցեղի ժառանգական կալվածքը մոտավորապես որտեղ պետք է լինի՝ հյուսիսում, հարավում, արևելքում թե արևմուտքում, պետք է լինի ծովափնյա հարթավայրում, թե լեռնային շրջանում։ Վիճակով կայացված որոշումները Եհովայից էին, ուստի այդ փաստը ցեղերի միջև նախանձի ու վեճերի տեղ չէր թողնում (Առ 16։33)։ Բացի այդ՝ վիճակ գցելու միջոցով Աստված այնպես արեց, որ ամեն ցեղ ստանա այն տարածքը, որի մասին, համաձայն Ծննդոց 49։1–33 համարների, մահվան անկողնում մարգարեացել էր Հակոբ նահապետը։
it-1, էջ 1200, պրբ. 1
Ժառանգություն
Ժառանգական կալվածքներ։ Իսրայելի որդիներին Եհովան էր ժառանգություն տվել։ Նա Մովսեսին հայտնել էր երկրի սահմանները (Թվ 34։1–12; Հս 1։4)։ Գադի ու Ռուբենի որդիներին և Մանասեի կես ցեղին ժառանգություն հատկացրեց Մովսեսը (Թվ 32։33; Հս 14։3)։ Մյուս ցեղերը ժառանգություն ստացան վիճակ գցելու միջոցով, որն արվեց Հեսուի ու Եղիազարի առաջնորդությամբ (Հս 14։1, 2)։ Հակոբի մարգարեության համաձայն, որը գրված է Ծննդոց 49։5, 7 համարներում, Շմավոնին ու Ղևիին որպես ժառանգություն առանձին տարածք չտրվեց։ Շմավոնի ժառանգությունը (այդ թվում՝ առանձնացված քաղաքները) գտնվում էր Հուդայի որդիների տարածքում (Հս 19։1–9), իսկ Ղևիի համար 48 քաղաք էր հատկացվել Իսրայելի ողջ տարածքում։ Քանի որ ղևտացիները նշանակվել էին՝ սրբարանում հատուկ ծառայություն մատուցելու, Եհովան էր նրանց ժառանգությունը։ Իրենց ծառայության համար որպես բաժին կամ ժառանգություն նրանք տասանորդ էին ստանում (Թվ 18։20, 21; 35։6, 7)։ Ամեն ընտանիք ժառանգություն էր ստանում իր ցեղի տարածքում։ Ընտանիքների շատանալու և ժառանգությունը որդիների միջև կիսելու արդյունքում տարածքները ավելի ու ավելի փոքր մասերի էին բաժանվում։
it-1, էջ 359, պրբ. 2
Սահման
Ամեն ցեղի աշխարհագրական դիրքը վիճակի միջոցով որոշելուց հետո անհրաժեշտ էր երկրորդ գործոնի, այսինքն՝ ցեղի մեծության հիման վրա սահմանել ցեղերի հողաբաժինների չափերը։ «Վիճակ գցելով՝ այդ երկիրը բաժանեք ձեր տոհմերի միջև։ Բազմամարդ տոհմի ժառանգությունը ավելացրեք, իսկ սակավաթիվ տոհմի ժառանգությունը պակասեցրեք։ Որ տեղը որ վիճակով ընկնի նրանցից մեկին, այն էլ կլինի նրա ժառանգությունը» (Թվ 33։54)։ Ցեղերի աշխարհագրական դիրքին վերաբերող որոշումը, որը վիճակ գցելով էր կայացվում, փոփոխման ենթակա չէր, մինչդեռ ցեղերին հատկացվող հողաբաժինների չափերը կարելի էր փոփոխել։ Ուստի երբ պարզվեց, որ Հուդայի ցեղին բաժին ընկած տարածքը չափազանց մեծ է, այն կրճատեցին և դրա մի մասը տվեցին Շմավոնի ցեղին (Հս 19։9)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 359, պրբ. 5
Սահման
Համաձայն արձանագրության՝ Հորդանանից արևմուտք գտնվող տարածքները բաժանելու համար վիճակ գցվեց նախ Հուդայի (Հս 15։1–63), Հովսեփի (Եփրեմ) (Հս 16։1–10) և Մանասեի կես ցեղի համար (Հս 17։1–13)։ Նրանց տարածքների սահմաններն ու քաղաքները նշվեցին անուն առ անուն։ Դրանից հետո հողերի բաժանումը, ըստ երևույթին, դադարեց, քանի որ Իսրայելի ճամբարը, ինչպես գրված է, Գաղգաղայից տեղափոխվեց Սելով (Հս 14։6; 18։1)։ Որոշ ժամանակ հետո (հայտնի չէ, թե որքան) Հեսուն սաստեց մյուս յոթ ցեղերին, քանի որ նրանք հապաղում էին գրավել մնացած տարածքները (Հս 18։2, 3)։ Տարբեր տեսակետներ կան, թե այդ յոթ ցեղերը ինչու էին դանդաղում։ Որոշ մեկնաբանների կարծիքով՝ արշավանքների արդյունքում այդ ցեղերը շատ ավար էին հավաքել և հանգիստ ապրում էին՝ չվախենալով, որ այդ ընթացքում քանանացիները կհարձակվեն, ուստի մնացած տարածքները գրավելը հրատապ չէին համարում։ Պատճառներից մեկն էլ գուցե այն էր, որ նրանք չէին ցանկանում բախվել հզոր թշնամիների դիմադրությանը (Հս 13։1–7)։ Նաև հնարավոր է, որ Ավետյաց երկրի տվյալ տարածքի վերաբերյալ նրանք ավելի քիչ տեղեկություններ ունեին, քան այն հատվածի, որն արդեն գրավել էին։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8–14
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 20–22
«Դասեր՝ տեղի ունեցած թյուրիմացությունից»
Ինչը կօգնի կողակիցներին հաղորդակցվել միմյանց հետ
Անկեղծ հաղորդակցությունը կարող է կանխել տարաձայնություններն ու անհասկացողությունները։ Հին Իսրայելի պատմությունից մեզ հայտնի է, որ Ռուբենի ցեղը, Գադի ցեղը և Մանասեի կես ցեղը, որոնք բնակվում էին Հորդանան գետի արևելյան կողմում, «շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով»։ Մյուս ցեղերը չհասկացան, թե ինչու նրանք այդպես վարվեցին։ Մտածելով, որ Հորդանանի մյուս կողմում բնակվող իրենց եղբայրները հավատուրացության քայլ են կատարել՝ արևմտյան կողմում բնակվող ցեղերը պատրաստվեցին պատերազմել այդ «ապստամբների» դեմ։ Սակայն նախքան պատերազմելը նրանք պատվիրակություն ուղարկեցին արևելյան ցեղերի մոտ՝ քննելու այդ հարցը։ Ինչպիսի՜ իմաստուն քայլ։ Պարզվեց, որ զոհասեղանը պատրաստված չէր անօրինական ողջակեզներ կամ զոհեր մատուցելու համար։ Արևելյան կողմում բնակվող ցեղերը վախեցել էին, որ ապագայում մյուս ցեղերը կասեին իրենց. «Դուք բաժին չ’ունէք Տէրիցը»։ Զոհասեղանը կլիներ այն բանի վկայությունը, որ նրանք նույնպես Եհովայի երկրպագուներն էին (Յեսու 22։10–29)։ Նրանք անվանեցին զոհասեղանը «Վկայություն» հավանաբար այն պատճառով, որ դա վկայում էր, որ իրենց համար Եհովան էր ճշմարիտ Աստված (Յեսու 22։34)։
«Հետամուտ լինենք խաղաղության»
Որոշ իսրայելացիներ գուցե կարծեին, որ նրանց սխալն ակնհայտ է, ու պատերազմելու բավարար հիմքեր ունեն, և զոհերի թիվը քիչ կլինի, եթե անսպասելի հարձակվեն։ Սակայն հապշտապ գործելու փոխարեն՝ Հորդանանի արևմտյան կողմի ցեղերը պատվիրակներ ուղարկեցին իրենց եղբայրների մոտ՝ խնդիրը քննելու։ Նրանք ասացին. «Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով»։ Բայց իրականում զոհասեղան կառուցած ցեղերը մեղք չէին գործել։ Իսկ ինչպե՞ս նրանք արձագանքեցին այդ մեղադրանքին։ Բարկացա՞ծ պատասխանեցին պատվիրակներին։ Չցանկացա՞ն այլևս խոսել նրանց հետ։ Ո՛չ, նրանք պատասխանեցին մեղմությամբ՝ հստակորեն ցույց տալով, որ իրենց գործողությունների հիմքում ընկած է եղել Եհովային ծառայելու ցանկությունը։ Նման արձագանքը նպաստեց Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների պահպանմանը և փրկեց կյանքեր։ Հանդարտ քննարկման շնորհիվ խնդիրը պարզվեց, և խաղաղությունը վերականգնվեց (Յեսու 22։13–34)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 402, պրբ. 3
Քանան, քանանացի
Երբ իսրայելացիները գրավեցին երկիրը, շատ քանանացիներ ողջ մնացին և չհպատակվեցին նրանց։ Այդուհանդերձ կարելի է ասել, որ «Եհովան Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որ նա երդվել էր տալ նրանց նախահայրերին», և «ամեն կողմից հանգստություն տվեց», ու «ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին» (Հս 21։43–45)։ Հարևան թշնամի ազգերը վախով էին համակված և մեծ վտանգ չէին ներկայացնում իսրայելացիների համար։ Ավելի վաղ Եհովան ասել էր, որ քանանացիներին «աստիճանաբար» է քշելու, որպեսզի ամայացած երկրում դաշտի գազանները չշատանան (Ելք 23։29, 30; 2Օր 7։22)։ Ճիշտ է, քանանացիները ավելի լավ սպառազինություն ունեին, այդ թվում՝ երկաթե գերանդիներով մարտակառքեր, բայց դա չէր պատճառը, որ իսրայելացիները որոշ տարածքներ չկարողացան գրավել, և այդ պարտությունները չի կարելի վերագրել Եհովային ու ասել, թե նա չի պահել իր խոստումը (Հս 17։16–18; Դտ 4։13)։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ իսրայելացիների այդ հազվադեպ պարտությունները իրենց իսկ անհնազանդության հետևանքն էին (Թվ 14։44, 45; Հս 7։1–12)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15–21
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 23–24
«Հեսուի վերջին խոսքերը՝ ուղղված ժողովրդին»
it-1, էջ 75
Դաշինք
Իրավիճակը փոխվեց, երբ Իսրայել ազգը մտավ Քանան՝ Ավետյաց երկիր։ Գերիշխան Աստված Եհովան իսրայելացիներին այդ երկրին տիրելու լիարժեք իրավունք տվեց, ինչպես որ խոստացել էր նրանց նախահայրերին։ Ուստի նրանք երկիր մուտք չէին գործում որպես ժամանակավոր բնակիչներ։ Եհովան իսրայելացիներին արգելել էր դաշինք կնքել այդտեղ բնակվող հեթանոս ազգերի հետ (Ելք 23։31–33; 34։11–16)։ Նրանք պետք է հնազանդվեին Աստծու օրենքներին ու կանոններին, ոչ թե այն ազգերի, որոնց պիտի վռնդեին երկրից (Ղև 18։3, 4; 20։22–24)։ Նրանց մասնավորապես զգուշացվել էր ամուսնական ուխտ չկապել այդ ազգերի հետ։ Նման դաշինքների պատճառով իսրայելացիները մտերիմ շփում կունենային ոչ միայն իրենց հեթանոս կանանց, այլ նաև վերջիններիս հեթանոս բարեկամների հետ, և կներգրավվեին կեղծ կրոնական սովորությունների կամ ավանդույթների մեջ, ինչն էլ ծուղակ կլիներ նրանց համար ու կհեռացներ Եհովայից (2Օր 7։2–4; Ելք 34։16; Հս 23։12, 13)։
Եհովայի Խոսքը երբեք գետին չի ընկնում
19 Անկասկած, ելնելով այն ամենից, ինչ մենք տեսել ենք մեր աչքերով, կարող ենք ասել. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ.... կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։ Այո՛, Եհովան ազատագրում է, պաշտպանում է և աջակցում է իր ծառաներին։ Կարո՞ղ ես նշել Աստծու որևէ խոստում, որը չի կատարվել նրա նշանակած ժամանակին։ Անհնար է նշել նման խոստում։ Մենք իմաստուն կլինենք, եթե վստահենք Աստծու Խոսքին։
20 Ի՞նչ ապագա է մեզ սպասում։ Եհովան ասել է, որ մեզանից շատերը կարող են դրախտային երկրի վրա ապրել։ Մեզանից ոմանք երկնքում Քրիստոսի հետ իշխելու հույս ունեն։ Սակայն անկախ մեր հույսից՝ մենք բոլոր պատճառներն ունենք Հեսուի պես հավատարիմ մնալու Եհովային։ Կգա այն օրը, երբ մեր հույսը իրականություն կդառնա։ Այդ ժամանակ կհիշենք Եհովայի տված բոլոր խոստումները, և մենք էլ կասենք. «Ամենն էլ.... կատարվեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից
24։2 — Արդյո՞ք Աբրահամի հայր Թարան կուռքերի էր պաշտում։ Թարան սկզբում չէր երկրպագում Եհովա Աստծուն։ Նա հավանաբար պաշտում էր լուսնի աստված Սինին, որի երկրպագությունը տարածված էր Ուրում։ Հրեական ավանդությունն ասում է, որ Թարան, հնարավոր է, նույնիսկ կուռք պատրաստող է եղել։ Այդուհանդերձ, երբ Աբրահամը Աստծո պատվերով հեռացավ Ուրից, Թարան նրա հետ գնաց Խառան (Ծննդոց 11։31)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22–28
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1–3
«Քաջության ու հնարամտության մի պատմություն»
Ավովդը կոտրում է կեղեքիչների լուծը
Ավովդը կարողացավ իր ծրագիրն իրագործել ոչ այն պատճառով, որ խելացի էր, կամ որ թշնամին անձեռնհաս էր։ Աստծո նպատակների իրագործումը կախված չէ մարդկային գործոնից։ Ավովդը հաջողության հասավ գլխավորապես Աստծո աջակցության շնորհիվ, քանի որ գործեց նրա անկոտրում կամքի համաձայն, այն է՝ ազատել նրա ժողովրդին։ Աստված էր ‘կանգնեցրել’ Ավովդին, «եւ երբոր Տէրը [իր ժողովրդի] համար դատաւորներ էր կանգնեցնում, Տէրը այն դատաւորի հետն էր լինում» (Դատաւորաց 2։18; 3։15)։
Ավովդը կոտրում է կեղեքիչների լուծը
Ավովդի առաջին քայլերից մեկը ‘երկսայրի սուր շինելն էր իր համար’, որը բավականաչափ կարճ էր, ու նա կարող էր այն թաքցնել իր հագուստի տակ։ Նա գուցե ակնկալում էր, որ իրեն կստուգեն։ Սուրը սովորաբար կրում էին ձախ կողմում, և դա հարմար էր աջլիկներին, որ արագորեն հանեին այն։ Լինելով ձախլիկ՝ Ավովդը «կապեց [իր զենքը] իր հանդերձների տակից իր աջ ազդրի վերայ», ինչը նվազեցնում էր հավանականությունը, որ թագավորի պահապանները կնկատեն զենքը։ Ուստի նա, առանց խոչընդոտի, «ընծան տարաւ Մովաբի Էգղոն թագաւորին» (Դատաւորաց 3։16, 17)։
Էգղոնի պալատում տեղի ունեցած սկզբնական դեպքերի մանրամասնությունները մեզ հայտնի չեն։ Աստվածաշունչը պարզապես ասում է. «Երբոր [Ավովդը] ընծան տուաւ վերջացաւ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց» (Դատաւորաց 3։18)։ Ավովդը հարկը տվեց, ուղեկցեց հարկը կրող մարդկանց մինչև Էգղոնի պալատից անվտանգ հեռավորություն, նրանց հրաժեշտ տվեց ու վերադարձավ։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Այդ մարդիկ նրա հետ էին, որ պաշտպանեի՞ն նրան, որ պարզապես այդպե՞ս էր ընդունված, թե՞ որ նրանք ընդամենը հարկը բերողներ էին։ Իսկ միգուցե Ավովդը ցանկանում էր, որ նրանք անվտանգ տեղո՞ւմ լինեին, նախքան ինքը կանցներ իր ծրագրի իրագործմանը։ Ինչ էլ որ լիներ պատճառը, նա մեն–մենակ խիզախորեն իր քայլերն ուղղեց դեպի պալատ։
«[Ավովդը] Գաղգայումն եղած կուռքերի մօտիցը [«քարահանքէն», ԱԱ] ետ դառաւ եւ ասեց. Ով թագաւոր, քեզ հետ մէկ ծածուկ խօսք ունեմ»։ Գրություններում չի ասվում, թե ինչպես նա կարողացավ մտնել Էգղոնի մոտ։ Մի՞թե պահապանները ոչինչ չկասկածեցին։ Գուցե նրանք մտածեցին, որ մեկ իսրայելացին իրենց տիրոջ համար ոչ մի սպառնալիք չէ՞ր ներկայացնում։ Կամ գուցե Ավովդի միայնակ գալը այնպիսի տպավորություն ստեղծեց, թե նա դավաճանե՞լ է հայրենակիցներին։ Ամեն դեպքում, Ավովդը ցանկացավ անձամբ խոսել թագավորի հետ, և նրան թույլ տրվեց դա անել (Դատաւորաց 3։19)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
2։10–12. Մենք պետք է Աստվածաշնչի ուսումնասիրության կանոնավոր ծրագիր ունենանք, որպեսզի ‘չմոռանանք Եհովայի բոլոր բարիքները’ (Սաղմոս 103։2)։ Ծնողները պետք է Աստծու Խոսքի ճշմարտությունները արմատավորեն իրենց զավակների սրտում (Բ Օրինաց 6։6–9)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29– ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4–5
«Եհովան երկու կանանց միջոցով ազատում է իր ժողովրդին»
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Միայն Սիսարայի անունը լսելով՝ իսրայելացիները ահ ու սարսափի մեջ էին ընկնում։ Քանանացիների կրոնն ու մշակույթը աչքի էին ընկնում դաժանությամբ։ Նրանք իրենց աստվածների համար զոհաբերում էին իրենց երեխաներին և զբաղվում էին տաճարային պոռնկությամբ։ Ինչպիսի՞ն էր Իսրայելի վիճակը, երբ երկիրը գտնվում էր այդ քանանացի զորավարի հսկողության տակ։ Դեբորայի երգի խոսքերից երևում է, որ այդ ժամանակ երկրով ճամփորդելը գրեթե անհնար էր, իսկ գյուղերում կյանքն ասես կանգ էր առել (Դատավորներ 5։6, 7)։ Գյուղերը պարիսպ չունեին, ուստի մարդիկ վախենում էին ապրել այնտեղ ու հողագործությամբ զբաղվել։ Նրանք թաքնվում էին անտառներում ու ժայռոտ տեղերում և խուսափում էին գլխավոր ճանապարհներով անցնելուց՝ վախենալով, որ գուցե իրենց վրա հարձակվեն, երեխաներին առևանգեն և բռնաբարեն կանանց։
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Այդ բռնի ու դաժան իշխանությունը շարունակվեց 20 տարի, մինչև Եհովան տեսավ, որ իր համառ ժողովուրդը պատրաստ է փոխվելու կամ, ինչպես նշվում է Դեբորայի ու Բարակի՝ Եհովայի կողմից ներշնչված երգում, մինչև որ Դեբորան՝ «իբրև մայր, վեր կացավ Իսրայելում»։ Հայտնի չէ՝ Դեբորան՝ Լաբիդոթի կինը, իրականում մայր էր, թե ոչ։ Վերոհիշյալ խոսքերը խորհրդանշական իմաստ ունեն։ Եհովան նշանակել էր Դեբորային, որ նա մայրական հոգատարություն դրսևորեր իր ժողովրդի հանդեպ։ Աստված հանձնարարել էր նրան, որ Բարակ դատավորին՝ ամուր հավատի տեր այդ ուժեղ մարդուն, ուղարկեր Սիսարայի դեմ կռվելու (Դատավորներ 4։3, 6, 7; 5։7)։
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Հայելը պետք է արագ գործեր։ Նա առաջարկեց Սիսարային հանգիստ առնել վրանում։ Սիսարան պատվիրեց Հայելին, որ ոչ ոքի չհայտնի իր տեղը։ Երբ Սիսարան պառկեց քնելու, Հայելը ծածկեց նրան։ Հետո Սիսարան ջուր խնդրեց, և Հայելը նրան սերուցք տվեց։ Շուտով Սիսարան խոր քուն մտավ։ Այդ ժամանակ Հայելը վերցրեց վրանի ցիցն ու մուրճը՝ գործիքներ, որոնք վրանաբնակ կանայք կարողանում էին վարպետորեն օգտագործել։ Նա զգուշորեն մոտեցավ Սիսարային. այժմ նա պետք է գործեր որպես Եհովայի դատավճիռը իրականացնող։ Եթե նա նույնիսկ մի փոքր հապաղեր, հետևանքն աղետալի կլիներ։ Այդ պահին Հայելը գուցե մտածում էր Աստծու ժողովրդի մասին և այն մասին, թե ինչ բարբարոսություններ էր արել այդ դաժան մարդը տարիներ շարունակ։ Կամ գուցե մտածում էր, որ դա լավ առիթ էր ցույց տալու, որ ինքը Եհովայի կողմն է դիրք բռնում։ Արձանագրության մեջ այդ մասին ոչինչ չի նշվում։ Սակայն մի բան հստակ է. նա վճռականորեն գործեց և սպանեց Սիսարային (Դատավորներ 4։18–21; 5։24–27)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
5։20 — Ինչպե՞ս աստղերը երկնքից պատերազմեցին հօգուտ Բարակի։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ էր դա՝ հրեշտակների օգնությո՞ւն, ասուպային հո՞սք, որը Սիսարայի իմաստունների կողմից մեկնաբանվեց որպես չարագուշակ նշան, թե՞ Սիսարայի համար արված աստղագուշակություններ, որոնք չիրականացան։ Մի բան հաստատ է. Աստված այսպես թե այնպես միջամտել էր այդ կռվին։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6–12
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6–7
«Գնա՛ քո այդ զորությամբ»
Դուք կարող եք օգուտ քաղել աստվածային սկզբունքներից
Իր մասին հավասարակշռված տեսակետ ունեցող մարդկանցից էր Գեդեոնը՝ հին հրեական դատավորներից մեկը։ Նա Իսրայելի առաջնորդը դառնալու նպատակ չէր հետապնդում։ Իսկ ստանալով այդ նշանակումը՝ ցույց տվեց, որ արժանի չէ դրան՝ ասելով. «Իմ ազգատոհմը Մանասէի մէջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ» (Դատաւորաց 6։12–16)։
«Եհովայի ու Գեդեոնի սուրը»
Ինչպիսի՜ սարսափ է պատում այժմ մադիանացիներին։ Բոլորովին անսպասելիորեն անդորրը խախտվում է. 300 սափորները ջարդվում են, հնչեցվում են 300 փողերը և լսվում են 300 մարդկանց գոչյունները։ Այս ամենից ու հատկապես «Եհովայի ու Գեդեոնի սուրը» բացականչությունից շշմած՝ մադիանացիները նույնպես սկսում են բղավել՝ աղմուկն ավելի ուժգնացնելով։ Ստեղծված քաոսային իրավիճակում նրանք ի վիճակի չեն յուրայինին տարբերել հակառակորդից։ 300 մարտիկները կանգնած են մնում իրենց նշանակված տեղերում, մինչ Աստված այնպես է անում, որ թշնամու զինվորները սրով միմյանց սպանեն։ Բանակը խուճապահար փախուստի է դիմում, բայց փախչել հնարավոր չէ։ Իսրայելացիները, ոչ մի ջանք չխնայելով, հետապնդում են թշնամուն ու գլխովին ջախջախում նրան՝ վերջնականապես վերացնելով մադիանական սպառնալիքը։ Երկարատև ու կործանարար տիրապետությանը վերջ է տրվում (Դատաւորաց 7։19–25; 8։10–12, 28)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
6։25–27. Գեդեոնը շրջահայացություն դրսևորեց՝ չցանկանալով զուր տեղը գրգռել իր հակառակորդների բարկությունը։ Բարի լուրը քարոզելիս մենք պետք է զգույշ լինենք, որ մեր խոսելաձևով չվիրավորենք մարդկանց։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13–19
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8–9
«Խոնարհությունը հպարտությունից լավ է»
Ինչպե՞ս ես հարթում տարաձայնությունները
Գեդեոնը Մադիամի դեմ ծանր կռվի մեջ մտավ և Եփրեմի ցեղին օգնության կանչեց։ Այնուհանդերձ, ճակատամարտի ավարտից հետո Եփրեմյանները դիմեցին Գեդեոնին ու չարասրտորեն դժգոհեցին, որ հենց կռվի սկզբից չի կանչել իրենց։ Այդ արձանագրությունը մեզ հայտնում է, որ նրանք «նորա հետ սաստիկ վէճ արին»։ Ի պատասխան՝ Գեդեոնն ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պէս, մի՞թէ Եփրեմի ճռաքաղութիւնը Աբիեզերի այգեկութիցը լաւագոյն չէ։ Աստուած Մադիամի իշխաններին՝ Օրէբին եւ Զէբին ձեր ձեռքը տուաւ. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ պէս» (Դատաւորաց 8։1–3)։ Կշռադատված, մեղմ խոսքերով Գեդեոնը խուսափեց այն բանից, ինչը կարող էր աղետալի, միջցեղային պատերազմի առիթ դառնալ։ Հավանաբար, այդ Եփրեմյանները մեծամիտ էին ու հպարտ։ Այնուամենայնիվ, այս հանգամանքը Գեդեոնին ետ չպահեց խաղաղության հասնելու իր ձգտումից։ Արդյոք մենք էլ ջանո՞ւմ ենք այդպես վարվել։
Համեստություն. անչափ կարևոր հատկություն
15 Գեդեոնը համեստության գերազանց օրինակ է։ Երբ Եհովայի հրեշտակը հայտնվեց Գեդեոնին, վերջինս համեստորեն ասաց, որ ինքը ամենաաննշան ազգատոհմից է (Դատ. 6։15)։ Եհովայի հանձնարարությունը ընդունելուց հետո Գեդեոնը ցանկացավ համոզվել, որ ամբողջովին հասկացել է, թե ինչ է իրենից պահանջվում, և փնտրեց Եհովայի առաջնորդությունը (Դատ. 6։36–40)։ Գեդեոնը քաջ էր ու անվեհեր։ Սակայն նա զգուշությամբ և ողջամտությամբ գործեց (Դատ. 6։11, 27)։ Իսկ ավելի ուշ, երբ մարդիկ ուզում էին նրան իրենց վրա առաջնորդ դնել, նա հրաժարվեց, քանի որ փառատենչ չէր։ Եհովայի տված հանձնարարությունն անելուց հետո նա տուն վերադարձավ (Դատ. 8։22, 23, 29)։
Քայլիր Եհովայի ճանապարհներով
9 Աստծու ընկերը լինելու համար մենք պետք է «մտքով խոնարհ» լինենք (1 Պետ. 3։8; Սաղ. 138։6)։ Դատաւորաց 9–րդ գլխում ընդգծվում է այս հատկության կարևորությունը։ Գեդեոնի որդին՝ Հովաթամը, ասաց. «Ծառերը գնացին որ իրենց համար մի թագաւոր օծեն»։ Նրա պատմած առակում նշվում են ձիթենին, թզենին և խաղողի որթը։ Այս բույսերը ներկայացնում էին այն արժանավոր իսրայելացիներին, ովքեր չէին փափագում իշխել իրենց ազգակիցների վրա։ Սակայն դժնիկը, որը պիտանի էր միայն վառելու համար, խորհրդանշում էր հպարտ Աբիմելեքի իշխանությունը։ Աբիմելեքը մարդասպան էր և ցանկանում էր տիրապետել ուրիշների վրա։ Նա «Իսրայէլի վերայ երեք տարի իշխեց» և մահացավ վաղաժամ (Դատ. 9։8–15, 22, 50–54)։ Անկասկած, շատ կարևոր է «մտքով խոնարհ» լինել։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 753, պրբ. 1
Եփուդ
Գեդեոնը եփուդը սարքել էր լավ մղումներով՝ ի պատիվ Եհովայի և ի հիշատակ այն հաղթանակի, որն Աստված տվել էր Իսրայելին։ Սակայն եփուդը «Գեդեոնի ու նրա ընտանիքի համար որոգայթ դարձավ», քանի որ իսրայելացիները, դա պաշտելով, հոգևոր պոռնկություն գործեցին (Դտ 8։27)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը չի ասում, որ Գեդեոնը պաշտել է այդ եփուդը, հակառակը, Պողոս առաքյալը նրան հիշատակել է Եհովայի վաղեմի հավատարիմ ծառաների «մեծ բազմության» շարքում (Եբ 11։32; 12։1)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20–26
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10–12
«Հեփթայեն հոգևոր մարդ էր»
Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
9 Հավանաբար, Հեփթայեին օգնել էր նաև Աստծու հավատարիմ ծառաներից Հովսեփի օրինակը, որը ողորմություն էր դրսևորել իր եղբայրների հանդեպ, չնայած որ նրանք ատում էին իրեն (Ծննդ. 37։4; 45։4, 5)։ Նման օրինակի շուրջ խորհրդածելը օգնեց Հեփթայեին այնպիսի որոշում կայացնել, որը հաճելի էր Եհովային։ Իր եղբայրների վերաբերմունքը, անկասկած, ցավ պատճառեց իրեն, բայց նա հետ չկանգնեց Եհովային ու նրա ժողովրդին ծառայելուց (Դատ. 11։9)։ Աստծու անունը պաշտպանելը Հեփթայեի համար ավելի կարևոր էր, քան որևէ անձնական խնդիր։ Նա վճռել էր հավատարիմ մնալ Եհովային, ինչը օգուտ բերեց և՛ իրեն, և՛ ուրիշներին (Եբր. 11։32, 33)։
Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
Հեփթայեն փորձում է բանակցություններ վարել ամմոնացիների հետ։ Նա պատգամավորներ է ուղարկում ամմոնացիների թագավորի մոտ, որպեսզի պարզի նրանց թշնամական վերաբերմունքի պատճառը։ Նրանց տված պատասխանը վիճելի էր. երբ իսրայելացիները դուրս էին եկել Եգիպտոսից, գրավել էին ամմոնացիների տարածքը, որը պետք է վերադարձնեին նրանց (Դատաւորաց 11։12, 13)։
Քանի որ Հեփթայեն շատ լավ գիտեր Իսրայելի պատմությունը, ուստի հմտորեն հերքում է ամմոնացիների պահանջները։ Նա նրանց ասում է, որ Եգիպտոսից դուրս գալիս իսրայելացիները չեն գրավել Ամմոնը, Մովաբը կամ Եդովմը, և որ այդ հողերը Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու ժամանակ Ամմոնի տիրապետության տակ չեն եղել։ Այն ժամանակ այդ երկիրը ամորհացիների ձեռքում է եղել, բայց Աստված նրանց թագավորին՝ Սեհոնին, մատնել է Իսրայելի ձեռքը։ Դեռ ավելին, արդեն 300 տարի էր, ինչ իսրայելացիները ապրում էին այդ երկրում։ Ինչո՞ւ են ամմոնացիները միայն հիմա պահանջում այն (Դատաւորաց 11։14–22, 26)։
Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
Հեփթայեն նաև նրանց ուշադրությունը կենտրոնացնում է մի հարցի վրա, որը Իսրայելի տառապանքների գլխավոր պատճառն է. ո՞վ է ճշմարիտ Աստվածը։ Եհովա՞ն, թե՞ Իսրայելի տիրապետության տակ գտնվող երկրի աստվածները։ Եթե Քամովսն ունի զորություն, կկարողանա՞ արդյոք իր ժողովրդին վերադարձնել իրենց երկիրը։ Սա մի վեճ էր ճշմարիտ երկրպագության ու կեղծ կրոնի միջև, որին թիկունք էին կանգնում ամմոնացիները։ Ուստի Հեփթայեն տրամաբանորեն եզրակացնում է. «Այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ» (Դատաւորաց 11։23–27)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 26
Հեփթայե
Օրինական զավակ։ Այն, որ Հեփթայեի մայրը «պոռնիկ կին» էր, չի նշանակում, որ Հեփթայեն ծնվել էր պոռնկությունից կամ անօրինական զավակ էր։ Նրա մայրը մինչև Գաղաադի կանանցից մեկը դառնալը, անբարոյական էր եղել, ինչպես Ռախաբը, որը մի ժամանակ անբարոյական էր, բայց հետագայում ամուսնացավ Սալմոնի հետ (Դտ 11։1; Հս 2։1; Մթ 1։5)։ Հեփթայեի եղբայրները, որոնք Գաղաադի գլխավոր կնոջից էին, վռնդեցին նրան, որ իրենց հոր ժառանգության մեջ բաժին չունենա։ Դա նույնպես փաստում է, որ Հեփթայեն օրինական որդի էր (Դտ 11։2)։ Բացի այդ՝ հետագայում Գաղաադի բնակիչները (այդ թվում՝ Հեփթայեի եղբայրները, որոնք, ըստ երևույթին, մեծ հեղինակություն ունեին) իրենց առաջնորդը դարձրին նրան (Դտ 11։11)։ Ավելին՝ նա խորանում զոհ մատուցեց Աստծուն (Դտ 11։30, 31)։ Նշվածներից ոչ մեկը հնարավոր չէր լինի, եթե Հեփթայեն անօրինական զավակ լիներ, քանի որ Օրենքը հստակ ասում էր. «Ոչ մի ապօրինի տղա չի կարող Եհովայի ժողովը մտնել։ Նույնիսկ մինչև տասներորդ սերունդը նրա հետնորդներից ոչ ոք չի կարող Եհովայի ժողովը մտնել» (2Օր 23։2)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–ՀՈՒՆՎԱՐԻ 2
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13–14
«Ծնողները ի՞նչ կարող են սովորել Մանուեի ու նրա կնոջ օրինակից»
Ծնողնե՛ր. ձեր երեխային դաստիարակեք նրա վաղ մանկությունից
Ուշադրություն դարձնենք հավատարիմ Մանուեի օրինակին։ Նա Դանի ցեղից էր և ապրում էր հին Իսրայելի Սարաա քաղաքում։ Եհովայի հրեշտակը Մանուեի ամուլ կնոջը հայտնեց, որ նա որդի է ունենալու (Դատ. 13։2, 3)։ Անկասկած, Մանուեն և նրա կինը ուրախությունից ցնծում էին։ Բայց նրանք նաև անհանգստացած էին։ Մանուեն աղոթեց. «Ների՛ր ինձ, Եհո՛վա։ Ճշմարիտ Աստծու մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի» (Դատ. 13։8)։ Մանուեն ու նրա կինը մտածում էին այն մասին, թե ինչպես ճիշտ ձևով դաստիարակեն իրենց փոքրիկին՝ Սամսոնին։ Ոչ մի կասկած չկա, որ նրանք իրենց զավակին սովորեցրին Աստծու օրենքները, և նրանց ջանքերը, ինչպես պարզվեց հետագայում, իզուր չեղան։ Ժամանակի ընթացքում «Եհովայի ոգին սկսեց գործել [Սամսոնի] մեջ»,— ասվում է Աստվածաշնչում։ Դրա շնորհիվ Սամսոնը՝ արդեն որպես Իսրայելի դատավոր, բազմաթիվ սխրագործություններ արեց (Դատ. 13։25; 14։5, 6; 15։14, 15)։
Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
Մինչ Սամսոնը մեծանում էր, ‘Տերը օրհնում էր նրան’ (Դատաւորաց 13։24)։ Մի օր Սամսոնը եկավ իր հոր և մոր մոտ ու ասաց. «Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսայ. եւ հիմա ինձ համար կին առէք նորան» (Դատաւորաց 14։2)։ Պատկերացրեք, թե ծնողները որքան զարմացան։ Փոխանակ իսրայելացիներին ազատելու կեղեքիչների ձեռքից՝ իրենց որդին ցանկանում էր ամուսնության դաշինք կնքել նրանց հետ։ Հեթանոս աստվածների երկրպագող կնոջ հետ ամուսնանալը դեմ էր Աստծու օրենքին (Ելից 34։11–16)։ Ուստի ծնողներն առարկեցին. «Մի՞ թե քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չ’կայ, որ դու գնաս անթլփատ Փղշտացիներիցը կին առնես»։ Սակայն Սամսոնը համառեց և ասեց հորը. «Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է» (Դատաւորաց 14։3)։
Հոգևոր գանձեր
Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
Իսկ ի՞նչ առումով էր այդ փղշտացի կինը «հաճելի» Սամսոնի աչքին։ Ըստ «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանի»՝ պատճառն այն չէր, որ նա «գեղեցիկ և հրապուրիչ» էր, այլ այն, որ «նա անմիջականորեն կապ ուներ ինչ–որ նպատակի հետ»։ Իսկ ի՞նչ նպատակի։ Դատաւորաց 14։4 համարում ասվում է, որ Սամսոնը «Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում»։ Հենց այս նպատակով էր նա հետաքրքրություն ցուցաբերում այդ կնոջ հանդեպ։ Երբ Սամսոնը չափահաս դարձավ, «Տիրոջ Հոգին սկսեց նորա վերայ գալ»՝ մղեց նրան գործերի (Դատաւորաց 13։25)։ Այսպիսով, Եհովայի սուրբ ոգին առաջնորդեց Սամսոնին անելու այս ոչ սովորական առաջարկությունը, ինչպես որ առաջնորդել էր նրան իր ողջ կյանքում՝ որպես Իսրայելի դատավորի։ Արդյո՞ք Սամսոնը հասավ իր նպատակին։ Եկեք նախ ուշադրություն դարձնենք, թե ինչպես Եհովան վստահեցրեց, որ կաջակցի նրան։