Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հուլիս էջ 20–25
  • Գիտե՞ս գոհ լինելու գաղտնիքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտե՞ս գոհ լինելու գաղտնիքը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵՆՔ
  • ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎՐԱ ԵՎ ԽՈՆԱՐՀ ԼԻՆԵՆՔ
  • ՄՏԱԾԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՈ ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
  • «ՆՐԱՆԻՑ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ ՈՉՆՉԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆ»
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հուլիս էջ 20–25

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

Գիտե՞ս գոհ լինելու գաղտնիքը

«Ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեմ, սովորել եմ գոհ լինել» (ՓԻԼԻՊ. 4։11)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Մենք կարող ենք սովորել գոհ լինել, եթե երախտագիտություն զարգացնենք, կենտրոնանանք Եհովայի կամքը կատարելու վրա և խոնարհ լինենք, ինչպես նաև խորհենք ապագայի վերաբերյալ մեր հույսի մասին։

1. Ի՞նչ է նշանակում գոհ լինել, և դա ի՞նչ չի նշանակում։

ԳՈՀՈՒՆԱ՞Կ մարդ ես։ Գոհունակ մարդը կենտրոնանում է իր ունեցած օրհնությունների վրա, ինչը ուրախություն ու խաղաղություն է բերում իրեն։ Նրան չի դառնացնում կամ բարկացնում այն, որ ինքը ինչ-որ բաներ չունի։ Սակայն գոհ լինել չի նշանակում անտարբեր լինել։ Օրինակ՝ քրիստոնյան միշտ հնարավորություններ է փնտրում ընդլայնելու իր ծառայությունը (Հռոմ. 12։1; 1 Տիմոթ. 3։1)։ Բայց անգամ եթե իր ակնկալած ժամանակին չի ստանում այն նշանակումը, որն ուզում էր, չի կորցնում ուրախությունը։

2. Գոհ չլինելը ինչո՞ւ է վտանգավոր։

2 Գոհ չլինելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այն մարդիկ, ովքեր երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, գուցե երկար ժամեր աշխատեն այնպիսի նյութական բաներ ձեռք բերելու համար, որոնց կարիքը իրականում չունեն։ Ցավոք, եղել են քրիստոնյաներ, ովքեր նույնիսկ գումար և ինչ-որ իրեր են գողացել, որոնք փափագում էին ունենալ։ Նրանք գուցե այսպես են մտածել՝ «Ես արժանի եմ դրան», «Ես շատ երկար եմ սպասել սրան» կամ «Հետո փողը կվերադարձնեմ»։ Այնուամենայնիվ, ցանկացած գողություն տհաճություն է պատճառում Եհովային և անարգանք է բերում նրա անվանը (Առակ. 30։9)։ Ոմանք էլ, չստանալով իրենց ուզած նշանակումը, այնքան են հիասթափվել, որ ընդհանրապես դադարել են Եհովային ծառայելուց (Գաղ. 6։9)։ Սակայն ինչպե՞ս կարող է Եհովայի նվիրված ծառայի մտքով նման բան անցնել։ Պատճառը թերևս այն է, որ նա դադարել է գոհունակություն զարգացնել։

3. Ի՞նչ քաջալերական ճշմարտություն ենք իմանում Փիլիպպեցիներ 4։11, 12 համարներից։

3 Բոլորս էլ կարող ենք գոհունակություն մշակել։ Պողոս առաքյալը գրեց, որ «ինչպիսի հանգամանքներում էլ որ լինի, սովորել է գոհ լինել» (կարդա Փիլիպպեցիներ 4։11, 12)։ Այս խոսքերը նա գրել է ազատազրկման մեջ։ Անգամ այդ հանգամանքներում նա չէր կորցրել իր ուրախությունը, քանի որ գիտեր գոհ լինելու գաղտնիքը։ Եթե դժվարանում ենք գոհ լինել, Պողոսի խոսքերից ու ապրած կյանքից համոզվում ենք, որ մենք կարո՛ղ ենք զարգացնել այդ հատկությունը։ Չպետք է ակնկալենք, որ դա ինքնաբերաբար կլինի։ Մենք պետք է սովորենք գոհ լինել։ Ուստի եկեք քննեք այն հատկությունները, որոնք կօգնեն մեզ բացահայտել գոհ լինելու գաղտնիքը։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵՆՔ

4. Երախտագետ լինելը ինչպե՞ս է նպաստում գոհ լինելուն (1 Թեսաղոնիկեցիներ 5։18)։

4 Երախտագետ լինելը նպաստում է գոհունակ լինելուն (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։18)։ Եթե իսկապես շնորհակալ ենք մեզ անհրաժեշտ ապրուստի միջոցներն ունենալու համար, քիչ հավանական է, որ չափից շատ կմտահոգվենք այն բաների համար, որ ուզում ենք, բայց չենք կարողանում ձեռք բերել։ Իսկ մեր ունեցած նշանակումների համար երախտապարտ լինելը կմղի նոր նշանակում ստանալու վրա սևեռվելու փոխարեն մտածել, թե ինչպես կարող ենք լավագույնս կատարել մեր ներկայիս ծառայությունը։ Իզուր չէ, որ Աստծու Խոսքը հորդորում է մեր աղոթքներում շնորհակալություն հայտնել Եհովային։ Երախտագետ ոգին կօգնի մեզ ունենալ Աստծու տված «խաղաղությունը.... որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից» (Փիլիպ. 4։6, 7)։

5. Երախտագետ լինելու ի՞նչ պատճառներ ունեին իսրայելացիները (տես նաև նկարը)։

5 Տեսնենք, թե ինչ եղավ իսրայելացիների հետ։ Նրանք բազմաթիվ անգամներ դժգոհություն էին արտահայտում Եհովային, որ չունեն այն ուտելիքը, որը վայելում էին Եգիպտոսում (Թվեր 11։4-6)։ Ինչ խոսք, անապատում կյանքը հեշտ չէր։ Ի՞նչը նրանց կօգներ գոհ լինել իրենց ունեցածից։ Նրանք պետք է խորհեին այն մասին, թե ինչ էր Եհովան արդեն իսկ արել իրենց համար, և շնորհակալ լինեին։ Եհովան տասը պատուհասներ էր բերել եգիպտացիների վրա, որոնք ստրկացրել էին իսրայելացիներին և դաժանաբար էին վարվում նրանց հետ։ Իսկ Եգիպտոսից հեռանալիս իսրայելացիները արծաթյա ու ոսկյա իրեր և հագուստ էին որպես «ավար վերցրել եգիպտացիներից», քանի որ Եհովան այնպես էր արել, որ վերջիններս տան նրանց խնդրածը (Ելք 12։35, 36)։ Երբ նրանք, փախչելով եգիպտական զորքից, հասել էին Կարմիր ծովի մոտ, Եհովան հրաշքով բաժանել էր ծովի ջրերը։ Եվ երբ նրանք դեգերում էին անապատում, նա ամեն օր կերակրում էր նրանց մանանայով։ Այդ դեպքում ո՞րն էր իսրայելացիների դժգոհության իրական պատճառը։ Պատճառը ոչ թե այն էր, որ նրանք սնունդ չունեին, այլ, որ շնորհակալ չէին իրենց ունեցածի համար։

Որոշ իսրայելացիներ մանանայի հետ կապված իրենց դժգոհությունն են հայտնում Մովսեսին, մինչդեռ մյուսները շարունակում են հավաքել մանանան և նայում են նրանց։

Ինչո՞ւ իսրայելացիները սկսեցին դժգոհել (տես պարբերություն 5)


6. Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն զարգացնել։

6 Ինչպե՞ս կարող ես երախտագիտություն զարգացնել։ Նախ՝ ամեն օր ժամանակ հատկացրու խորհելու համար այն լավ բաների մասին, որոնք ուրախացնում են քեզ։ Կարող ես, օրինակ, գրի առնել երկու կամ երեք բան, որոնց համար շնորհակալ ես (Ողբ 3։22, 23)։ Երկրորդ՝ արտահայտի՛ր երախտագիտությունդ։ Երբ ուրիշները քեզ համար մի լավ բան են անում, շնորհակալություն հայտնիր նրանց։ Բայց, որ ամենակարևորն է, կանոնավորաբար շնորհակալություն հայտնիր Եհովային (Սաղ. 75։1)։ Եվ երրորդ՝ այնպիսի ընկերներ ընտրիր, ովքեր երախտագետ են։ Երախտագիտությունը վարակիչ է, ապերախտությունը՝ նույնպես (2 Օրենք 1։26-28; 2 Տիմոթ. 3։1, 2, 5)։ Երբ շնորհակալ լինելու առիթներ ենք փնտրում, քիչ հավանական է, որ դժգոհության ոգի կունենանք։

7. Էյչին ի՞նչ արեց երախտագիտություն զարգացնելու համար, և ի՞նչ եղավ արդյունքում։

7 Տեսնենք, թե ինչ պատահեց Էյչի անունով մի քրոջ հետ, ով ապրում է Ինդոնեզիայում։ Նա ասում է. «COVID-19 համավարակի ընթացքում սկսեցի հանգամանքներս համեմատել հավատակիցներիս հանգամանքների հետ, ինչի հետևանքով դժգոհ մարդ դարձա» (Գաղ. 6։4)։ Ի՞նչն օգնեց Էյչիին փոխել մտածելակերպը։ Նա պատմում է. «Սկսեցի մտածել ամեն օր ստացած օրհնություններիս և այն բազմաթիվ լավ բաների մասին, որ ունեմ՝ լինելով Աստծու կազմակերպության մի մասը։ Հետո շնորհակալություն հայտնեցի Եհովային։ Դա օգնեց ինձ գոհ լինել»։ Եթե բացասական մտքեր են սողոսկել գլխիդ մեջ, դու էլ կարող ես նույն կերպ վարվել երախտագետ ոգիդ վերականգնելու համար։

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎՐԱ ԵՎ ԽՈՆԱՐՀ ԼԻՆԵՆՔ

8. Ի՞նչ ծուղակի մեջ ընկավ Բարուքը։

8 Մարգարե Երեմիայի քարտուղար Բարուքը դժվար պատասխանատվություն ուներ՝ օգնել Երեմիային, ով երախտամոռ իսրայելացիներին Եհովայի դատաստանն էր հայտնում։ Բայց մի անգամ նա ծուղակն ընկավ։ Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե Եհովան ինչ է ակնկալում իրենից, նա, ըստ ամենայնի, սկսեց կենտրոնանալ իր վրա և չափից շատ մտածել, թե ինքը ինչ է ուզում անել։ Երեմիայի միջոցով Եհովան ասաց Բարուքին. «Դու մեծ-մեծ բաների ես ձգտում։ Մի՛ ձգտիր» (Երեմ. 45։3-5)։ Այլ խոսքով նա ասում էր. «Գոհ եղիր քո հանգամանքներում»։ Բարուքն ընդունեց խրատը, ու Եհովան շարունակեց բարեհաճ լինել նրա հանդեպ։

9. Համաձայն 1 Կորնթացիներ 4։6, 7 համարների՝ խոնարհությունը ինչի՞ կմղի մեզ (տես նաև նկարները)։

9 Երբեմն քրիստոնյան գուցե մտածի, որ արժանի է այս կամ այն նշանակմանը։ Հնարավոր է՝ նա շատ տաղանդավոր է, աշխատասեր, փորձառու կամ էլ երեքը միասին։ Բայց թերևս այնպես լինի, որ մեկ ուրիշը ստանա այդ նշանակումը։ Ի՞նչը կօգնի նրան ճիշտ արձագանքել։ Նա կարող է խորհրդածել Պողոս առաքյալի խոսքերի շուրջ, որոնք գրված են 1 Կորնթացիներ 4։6, 7 համարներում (կարդա)։ Ցանկացած նշանակում և ցանկացած տաղանդ Եհովան է տալիս։ Մենք չենք վաստակում այդ պարգևները և չենք արժանանում դրանց։ Այդ ամենը մենք ստանում ենք Եհովայի անզուգական բարության շնորհիվ (Հռոմ. 12։3, 6; Եփես. 2։8, 9)։

Համակցված նկարներ. եղբայրներն ու քույրերը տարբեր ծառայություններ են կատարում։ 1. Մի եղբայր ստուգում է աստվածապետական շինության խողովակների ճնշումը։ 2. Մի եղբայր ժեստերի լեզվով շրջանային համաժողովին հարցազրույց է վերցնում մի քրոջից։ 3. Մի եղբայր ժողովում ելույթ է ներկայացնում։

Ցանկացած պարգև, որ ունենք, Եհովայի անզուգական բարության շնորհիվ է (տես պարբերություն 9)b


10. Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն զարգացնել։

10 Հիսուսի օրինակի շուրջ լրջորեն խորհելը մեզ կօգնի խոնարհություն զարգացնել։ Հիշենք այն դեպքը, երբ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը։ Հովհաննես առաքյալը գրել է. «Հիսուսը, իմանալով, [1] որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է տվել, և [2] որ ինքն Աստծուց է եկել ու [3] Աստծու մոտ է գնում.... սկսեց աշակերտների ոտքերը լվանալ» (Հովհ. 13։3-5)։ Հիսուսը կարող էր մտածել, որ աշակերտները պետք է իր ոտքերը լվանան։ Բայց երկրի վրա ապրած իր ողջ կյանքի ընթացքում նա նույնիսկ չմտածեց, որ ավելի հարմարավետ ու ապահով կյանքի է արժանի (Ղուկ. 9։58)։ Աստծու Որդին խոնարհ էր, հետևաբար և գոհունակ։ Նա կատարյալ օրինակ է մեզ համար (Հովհ. 13։15)։

11. Խոնարհությունն ինչպե՞ս է օգնում Դենիսին գոհունակ լինել։

11 Նիդերլանդներում ապրող Դենիս անունով մի եղբայր ջանում է հետևել Հիսուսի օրինակին, բայց դա հեշտ չէ նրա համար։ Եղբայրն ասում է. «Երբեմն նկատում եմ, որ հպարտություն ու դժգոհության ոգի է զարգանում իմ մեջ, օրինակ՝ երբ ինչ-որ մեկը ստանում է այն նշանակումը, որը ես կուզեի ունենալ։ Այդ ժամանակ խոնարհության մասին նյութեր եմ ուսումնասիրում։ JW Library® հավելվածում խոնարհության թեմայով աստվածաշնչյան համարների հավաքածու եմ կազմել, որպեսզի հեշտությամբ գտնեմ դրանք ու նորից կարդամ։ Նաև հեռախոսիս մեջ խոնարհության մասին ելույթներ եմ ներբեռնել և հաճախ լսում եմ դրանք։a Հասկացել եմ, որ ինչ գործ էլ՝ անում ենք, պետք է անենք Եհովային փառաբանելու համար, ոչ թե ինքներս մեզ։ Մեզանից յուրաքանչյուրն իր փոքր լուման ունի Եհովայի կամքի կատարման մեջ»։ Եթե քո ուզած նշանակումը չստանալու պատճառով կորցրել ես ուրախությունդ, ձգտիր խոնարհություն զարգացնել։ Դա կամրացնի Եհովայի հետ ընկերությունդ և կօգնի գոհունակ լինել (Հակ. 4։6, 8)։

ՄՏԱԾԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՈ ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ

12. Ապագայի վերաբերյալ ո՞ր հույսն է օգնում գոհունակ լինել (Եսայիա 65։21-25)։

12 Մենք գոհունակության զգացում ենք ունենում, երբ մտորում ենք մեզ սպասող հրաշալի ապագայի մասին։ «Եսայիա» գրքում արձանագրված Եհովայի խոսքերից տեսնում ենք, որ նա գիտի, թե որքան հուսահատեցնող կարող է լինել կյանքը այսօր, և համոզվում ենք, որ նա կվերացնի մեր բոլոր խնդիրները (կարդա Եսայիա 65։21-25)։ Այդ ժամանակ մենք կապրենք ապահով ու հարմարավետ տներում, կունենաք բավականություն պատճառող աշխատանք և առողջարար ու համեղ սնունդ։ Այդուհետ երբեք չենք անհանգստանա մեր ու մեր երեխաների անվտանգության համար (Ես. 32։17, 18; Եզեկ. 34։25)։ Կասկած չունենք, որ մեզ ապահով ու հրաշալի ապագա է սպասում։

13. Հատկապես ե՞րբ կարիք ունենք կենտրոնանալու մեր հույսի վրա։

13 Այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք կենտրոնանալու ապագայի վերաբերյալ մեր հույսի վրա։ Պատճառն այն է, որ ապրում ենք «վերջին օրերում» և այնպիսի խնդիրներ ունենք, որոնք դժվար է հաղթահարել (2 Տիմոթ. 3։1)։ Բայց Եհովան ամեն օր օգնում է դիմանալ՝ աջակցելով մեզ, տալով խորհուրդներ և ուժ (Սաղ. 145։14)։ Մեր հույսը մեզ օգնում է հատկապես այն ժամանակ, երբ կյանքում լուրջ խնդիրների ենք բախվում։ Խնդիրներից մեկը գուցե լինի ընտանիքին նյութապես ապահովելը։ Բայց մի՞թե սա նշանակում է, որ մենք միշտ օրվա հացի համար պայքար ենք մղելու։ Ամենևի՛ն։ Եհովան խոստացել է, որ դրախտում մեզ կտա այն ամենը, ինչի կարիքն ունենք, և մի բան էլ ավելին (Սաղ. 9։18; 72։12-14)։ Գուցե տառապում ես քրոնիկ ցավից, պայքարում ես դեպրեսիայի կամ այլ հյուծիչ հիվանդության դեմ։ Արդյո՞ք քեզ բաժին հասած կյանքը դա է, և այլևս ոչ մի հույս չկա։ Իհարկե ո՛չ։ Աստծու խոստացած նոր աշխարհում հիվանդությունն ու մահը իսպառ կվերանան (Հայտն. 21։3, 4)։ Այս հույսը օգնում է մեզ այսօր իսկ գոհունակ լինել ու չլցվել դառնությամբ և բարկությամբ։ Անգամ եթե անարդարության ենք բախվում, մահանում է մեր մտերիմներից մեկը, տառապում ենք հիվանդությունից կամ որևէ այլ փորձության միջով ենք անցնում, կարող ենք գոհունակ լինել։ Մենք համոզված ենք դրանում, քանի որ ինչքան էլ ծանր լինեն մեր խնդիրները, «նեղությունը, որ կրում ենք, վաղանցիկ է», և շուտով նոր աշխարհում դրանց հետքն անգամ չի մնա (2 Կորնթ. 4։17, 18)։

14. Ինչպե՞ս կարող ենք ամրացել մեր հույսը։

14 Գոհունակ լինելու համար հույսը կարևոր է, ուստի ինչպե՞ս կարող ենք ամրացնել այն։ Ինչպես կարճատես մարդը հեռվում գտնվող բաները պարզ տեսնելու համար կարիք ունի ակնոց դնելու, այնպես էլ մենք պետք է մեր հույսը ամրացնելու համար քայլեր ձեռնարկենք, որպեսզի ավելի իրական պատկերացնենք դրախտը։ Եթե չափազանց շատ ենք մտահոգվում մեր ֆինանսական վիճակի մասին, կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում, երբ չլինի ո՛չ փող, ո՛չ պարտք և ո՛չ էլ սոցիալական անհավասարություն։ Իսկ եթե մտատանջվում ենք այն պատճառով, որ չենք ստանում մեր ուզած նշանակումը, կարող ենք մտածել, թե որքան անկարևոր կդառնան նման մտահոգությունները, երբ հասնենք կատարելության ու Եհովային ծառայենք հազարավոր տարիներ (1 Տիմոթ. 6։19)։ Սկզբում գուցե դժվար լինի ներկայի մասին անհանգստանալու փոխարեն խորհել ապագայի մասին։ Բայց ժամանակի ընթացքում Եհովայի խոստացած ապագան մեր աչքի առաջ պահելը մեզ համար ավելի հեշտ կլինի։

15. Ի՞նչ ենք սովորում Քրիստայի խոսքերից։

15 Տեսնենք, թե հույսը ինչպես է օգնել Քրիստա անունով մի քրոջ, ում ամուսնու՝ Դենիսի մասին խոսեցինք այս հոդվածում։ Նա ասում է. «Ես մկանային զարգացող հիվանդություն ունեմ, ինչի պատճառով տեղաշարժվում եմ անվասայլակով և օրվա մեծ մասը անցկացնում եմ անկողնում։ Ամեն օր ցավերի մեջ եմ։ Բժիշկը վերջերս ասաց, որ լավ հեռանկար չունեմ։ Բայց ես անմիջապես մտածեցի. «Ապագայի վերաբերյալ մեր տեսակետները տարբերվում են»։ Ես կենտրոնացած եմ իմ հույսի վրա, որը միտքս խաղաղությամբ է լցնում։ Այս աշխարհում կյանքը գոյության պայքար է ինձ համար, բայց նոր աշխարհում ես լիարժեքորեն կվայելեմ այն»։

«ՆՐԱՆԻՑ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ ՈՉՆՉԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆ»

16. Ինչո՞ւ Դավիթը գրեց, որ Եհովայից վախեցողները «ոչնչի պակաս չունեն»։

16 Նույնիսկ Եհովայի գոհունակ ծառաները խնդիրներ կունենան։ Մտածենք Դավիթ թագավորի օրինակի շուրջ։ Աստվածաշունչն ասում է, որ նա կորցրեց իր երեք զավակներին։ Նրան անարդարացիորեն մեղադրեցին, դավաճանեցին, և նա տարիներ շարունակ փախստականի կյանքով ապրեց։ Բայց անգամ այդ ծանր փորձությունների ժամանակ Դավիթը Եհովայի մասին ասաց. «Նրանից վախեցողները ոչնչի պակաս չունեն» (Սաղ. 34։9, 10)։ Նա այդպես ասաց, քանի որ վստահ էր, որ թեև Եհովան գուցե չվերացնի իր ծառաների խնդիրները, բայց միշտ կտա այն, ինչի կարիքը նրանք ունեն (Սաղ. 145։16)։ Մենք էլ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կաջակցի մեզ մեր դժվարությունների ժամանակ, և անկախ մեր հանգամանքներից՝ գոհունակ կլինենք։

17. Ինչո՞ւ ես վճռել գոհ լինել։

17 Եհովան ուզում է, որ գոհունակ լինես (Սաղ. 131։1, 2)։ Ուստի ամեն ինչ արա, որ սովորես գոհ լինել։ Եթե ջանաս երախտագիտություն զարգացնել, կենտրոնանալ Եհովայի կամքը կատարելու վրա ու խոնարհ լինել, ինչպես նաև ամրացնել հույսդ, վստահությամբ կասես. «Ես գոհ եմ» (Սաղ. 16։5, 6)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲԱՆԵՐՆ ՕԳՆԵԼ ԳՈՀՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ.

  • երախտագիտություն զարգացնելը,

  • Եհովայի կամքը կատարելու վրա կենտրոնանալն ու խոնարհ լինելը,

  • հույսի մասին խորհելը։

ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»

a Օրինակ՝ jw.org-ում դիտիր «Եհովան հոգում է խոնարհների մասին» և «Հպարտությունը նախորդում է կործանմանը» վերնագրերով առավոտյան երկրպագությունները։

b ՆԿԱՐ։ Մի եղբայր աստվածապետական շինությունում տեխսպասարկման աշխատանք է կատարում։ Մի քույր, ով սովորել է ժեստերի լեզուն, շրջանային համաժողովին հարցազրույց է տալիս։ Մի եղբայր հանրային ելույթ է ներկայացնում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը