ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43
ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր
Չմոռանանք աղոթել ուրիշների համար
«Աղոթեք իրար համար.... Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի» (ՀԱԿ. 5։16)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչու է կարևոր աղոթել ուրիշների համար, և ինչպես կարող ենք դա անել։
1. Ինչի՞ց ենք իմանում, որ մեր աղոթքները կարևոր են Եհովայի համար։
ԱՂՈԹՔԸ հիանալի պարգև է։ Մտածենք. Եհովան որոշ առաջադրանքներ տվել է հրեշտակներին (Սաղ. 91։11)։ Նաև շատ կարևոր բաներ հանձնարարել է իր Որդուն (Մատթ. 28։18)։ Իսկ ո՞ւմ է հանձնարարել աղոթքները լսելը. ոչ ոքի։ Դա անելու իրավասությունը նա միայն իրեն է վերապահել։ Եհովան՝ «աղոթքներ Լսողը», անձամբ է լսում մեզ (Սաղ. 65։2)։
2. Ուրիշների համար աղոթելու հարցում Պողոսն ի՞նչ օրինակ է թողել։
2 Թեև մենք ազատ կարող ենք դիմել Եհովային՝ պատմելով մեր մտահոգությունները, սակայն պետք է նաև աղոթենք ուրիշների համար։ Պողոս առաքյալը այդպես էր վարվում։ Մի անգամ նա Եփեսոսի ժողովին գրեց. «Միշտ հիշատակում եմ ձեզ իմ աղոթքներում» (Եփես. 1։16)։ Պողոսը աղոթում էր նաև առանձին մարդկանց համար։ Օրինակ՝ նա Տիմոթեոսին ասաց. «Երախտապարտ եմ Աստծուն.... Գիշեր ու ցերեկ անդադար հիշատակում եմ քեզ իմ ջերմեռանդ աղոթքներում» (2 Տիմոթ. 1։3)։ Պողոսն ինքը իր մտահոգություններն ուներ, որոնց համար աղոթում էր (2 Կորնթ. 11։23; 12։7, 8)։ Այնուամենայնիվ, նա ժամանակ էր հատկացնում, որպեսզի աղոթեր ուրիշների համար։
3. Ինչո՞ւ գուցե մոռանանք աղոթել ուրիշների համար։
3 Երբեմն գուցե մոռանանք աղոթել ուրիշների համար։ Դրա պատճառներից մեկի մասին նշում է Սաբրինաa անունով մի քույր։ Նա ասում է. «Կյանքը այս համակարգում քաոսային է։ Մենք թերևս այնքան կենտրոնանանք մեր խնդիրների վրա, որ միայն դրանց մասին աղոթենք»։ Դու է՞լ ես քո մեջ նման հակվածություն նկատում։ Եթե այո, ապա այս հոդվածը կարող է օգնել քեզ։ Նախ կիմանանք, թե ինչու է կարևոր աղոթել ուրիշների համար, ապա կքննենք առաջարկներ, թե ինչպես կարող ենք դա անել։
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՂՈԹԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
4-5. Ի՞նչ առումով կարող է ուրիշների համար աղոթելը «մեծ ուժ» ունենալ (Հակոբոս 5։16)։
4 Ուրիշների համար աղոթելը «մեծ ուժ ունի» (կարդա Հակոբոս 5։16)։ Իսկապե՞ս ուրիշների համար աղոթելը կարող է ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա։ Այո՛, կարող է։ Հիսուսը, իմանալով, որ Պետրոս առաքյալը շուտով ուրանալու է իրեն, ասաց. «Ես աղաչել եմ քեզ համար, որ հավատդ չմարի» (Ղուկ. 22։32)։ Պողոս առաքյալը նույնպես գիտեր, որ աղոթքը կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Երբ նրան անարդարացիորեն բանտարկեցին Հռոմում, նա Փիլիմոնին գրեց. «Հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ ազատ կարձակվեմ ու կգամ ձեզ մոտ» (Փիլիմ. 22)։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Պողոսը շուտով ազատ արձակվեց և շարունակեց քարոզել։
5 Ինչ խոսք, սա չի նշանակում, որ մեր աղոթքներով կարող ենք ճնշում գործադրել Եհովայի վրա։ Նա նկատում է, թե իր ծառայի համար որքան կարևոր է իր խնդրածը, և երբեմն որոշում է կատարել այն։ Դա իմանալը կարող է մղել մեզ ջերմեռանդորեն աղոթելու Եհովային որևէ իրավիճակի մասին և վստահությամբ հարցը նրա ձեռքը հանձնելու (Սաղ. 37։5; 2 Կորնթ. 1։11)։
6. Ինչպե՞ս կարող է ուրիշների համար աղոթելը ազդել նրանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի վրա (1 Պետրոս 3։8)։
6 Ուրիշների համար աղոթելը օգնում է մեզ «խորապես կարեկցող» լինել (կարդա 1 Պետրոս 3։8)։ Կարեկից մարդը նկատում է ուրիշի տառապանքը և ցանկանում է օգնել նրան (Մարկ. 1։40, 41)։ Մայքլ անունով մի երեց ասում է. «Երբ աղոթում եմ ուրիշների կարիքների համար, ավելի լավ եմ հասկանում, թե ինչ խնդիրների դեմ են նրանք պայքարում, և իմ սերը նրանց հանդեպ խորանում է։ Ինձ նրանց ավելի մտերիմ եմ զգում, նույնիսկ եթե նրանք չգիտեն այդ մասին»։ Ռիչարդ անունով մի երեց էլ մեկ ուրիշ օգուտի մասին է նշում։ Նա ասում է. «Երբ աղոթում ենք ինչ-որ մեկի համար, հակված ենք լինում նրան օգնելու։ Իսկ երբ գործնականում աջակցում ենք այն մարդուն, ում համար աղոթում ենք, ինչ-որ իմաստով նպաստում ենք, որ այդ աղոթքը պատասխան ստանա»։
7. Ինչպե՞ս կարող է ուրիշների համար աղոթելը օգնել, որ հավասարակշռված տեսակետ ունենանք մեր խնդիրների վերաբերյալ (Փիլիպպեցիներ 2։3, 4; տես նաև նկարները)։
7 Ուրիշների համար աղոթելը օգնում է ճիշտ տեսակետ ունենալ մեր իսկ խնդիրների մասին (կարդա Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Մեզնից յուրաքանչյուրը բախվում է խնդիրների, քանի որ ապրում ենք Սատանայի ղեկավարության տակ գտնվող աշխարհում (1 Հովհ. 5։19; Հայտն. 12։12)։ Երբ ուրիշների համար աղոթելու սովորություն ենք զարգացնում, այդպիսով չենք մոռանում, որ «նման տառապանքներ նաև մեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում» (1 Պետ. 5։9)։ Քեթրին անունով մի ռահվիրա քույր ասում է. «Ուրիշների համար աղոթելը հիշեցնում է ինձ, որ նրանք նույնպես առերեսվում են խնդիրների։ Դա ինձ օգնում է չափից շատ չկենտրոնանալ իմ դժվարությունների վրա»։
Ուրիշների համար աղոթելը օգնում է մեր խնդիրներին ճիշտ տեսանկյունից նայել (տես պարբերություն 7)d
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ
8. Բեր օրինակներ, թե ում մասին կարող ես աղոթել։
8 Ո՞ւմ համար կարող ենք աղոթել։ Մենք կարող ենք աղոթել մարդկանց որոշակի խմբի համար, օրինակ՝ նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, այն երիտասարդների, ովքեր դպրոցում ենթարկվում են ծաղրանքի կամ հասակակիցների ճնշմանը, կամ էլ նրանց համար, ովքեր կրում են ծերության բերած դժվարությունները։ Գիտենք, որ մեր հավատակիցներից շատերը դիմանում են հակառակության՝ լինի դա ընտանիքի անդամների, թե կառավարության կողմից (Մատթ. 10։18, 36; Գործ. 12։5)։ Մեր եղբայրներից ոմանք քաղաքական խռովությունների պատճառով ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Ոմանք էլ տուժել են բնական աղետներից։ Մենք այս հավատակիցներին գուցե անձամբ չենք ճանաչում, բայց երբ աղոթում ենք նրանց համար, դրանով փաստում ենք, որ հետևում ենք Հիսուսի՝ «սիրե՛ք իրար» պատվերին (Հովհ. 13։34)։
9. Ինչո՞ւ պետք է աղոթենք առաջնորդող եղբայրների ու նրանց կանանց համար։
9 Մենք կարող ենք աղոթել նաև առաջնորդող եղբայրների համար։ Նրանց թվում են Կառավարիչ մարմնի անդամներն ու նրանց օգնականները, մասնաճյուղի կոմիտեի անդամները, մասնաճյուղերում ծառայող վերակացուները, շրջանային վերակացուները, ժողովում ծառայող երեցներն ու ծառայող օգնականները։ Այս եղբայրներից շատերը իրենց մտահոգություններն ունեն, բայց միևնույն ժամանակ ջանք չեն խնայում մեզ օգնելու համար (2 Կորնթ. 12։15)։ Մարկ անունով մի շրջանային վերակացու ասում է. «Իմ ամենամեծ խնդիրներից մեկը տարեց ծնողներիցս հեռու լինելն է։ Երկուսն էլ վատառողջ են։ Թեև քույրս ու նրա ամուսինը հոգ են տանում նրանց մասին, սակայն ինձ համար ցավալի է, որ անձամբ շատ բան չեմ կարողանում անել նրանց համար»։ Անկախ նրանից՝ տեղյակ ենք այս ժրաջան եղբայրների դժվարություններին, թե ոչ, լավ կլինի, որ միշտ աղոթենք նրանց համար (1 Թեսաղ. 5։12, 13)։ Մեր աղոթքներում կարող ենք նաև հիշատակել այդ եղբայրների կանանց, ովքեր հավատարմորեն աջակցում են նրանց, որպեսզի շարունակեն կատարել իրենց հանձնարարությունները։
10-11. Եհովային հաճելի՞ են մեր հավատակիցների համար արված ընդհանրական աղոթքները։ Բացատրիր։
10 Ինչպես արդեն նշեցինք, մենք հաճախ աղոթում ենք մեր հավատակիցների որոշակի խմբերի մասին։ Օրինակ՝ առանց որևէ մեկին կոնկրետ ի մտի ունենալու՝ մենք գուցե խնդրենք Եհովային օգնել նրանց, ովքեր ազատազրկված են, կամ մխիթարել նրանց, ովքեր մտերիմ մարդ են կորցրել։ Դոնալդ անունով մի երեց ասում է. «Մենք շատ եղբայրներ ու քույրեր ունենք, որոնք դժվարությունների միջով են անցնում, ուստի երբեմն ընդհանրական աղոթքներ ենք անում բոլոր նրանց մասին, ովքեր տառապանքներ են կրում»։
11 Այս աղոթքները հաճելի՞ են Եհովային։ Անկասկած։ Մենք չգիտենք, թե մեր բոլոր հավատակիցները կոնկրետ ինչ կարիքներ ունեն, ուստի տեղին կլինի նրանց մասին ընդհանրական աղոթքներ անել (Հովհ. 17։20; Եփես. 6։18)։ Այս աղոթքները փաստում են, որ մենք սիրում ենք «ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։
ԵՐԲ ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
12. Դիտունակ լինելը ինչպե՞ս կօգնի, որ կոնկրետ բաների մասին աղոթենք։
12 Եղիր դիտունակ։ Բացի ընդհանրական աղոթքներ անելուց՝ տեղին է աղոթել նաև առանձին մարդկանց մասին անուն առ անուն։ Ձեր ժողովում կա՞ մեկը, ով պայքարում է քրոնիկ հիվանդության դեմ։ Գուցե պատանիներից մեկը ընկճվել է դպրոցում ճնշումների ենթարկվելու պատճառով, կամ ժողովում կա միայնակ ծնող, ով ամեն բան անում է, որ իր երեխային մեծացնի՝ «խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում» (Եփես. 6։4)։ Դիտունակ լինելով՝ դու ավելի շատ կկարեկցես ուրիշներին, ինչն էլ կմեծացնի նրանց համար աղոթելու ցանկությունդ (Հռոմ. 12։15)։b
13. Ի՞նչը կմղի մեզ աղոթել նրանց համար, ում չենք ճանաչում։
13 Աղոթիր ուրիշների համար՝ նշելով նրանց անունները։ Մենք կարող ենք աղոթել անգամ նրանց համար, ում երբեք չենք հանդիպել։ Մտածենք այն եղբայրների ու քույրերի մասին, որոնք ազատազրկված են Ղրիմում, Էրիթրեայում, Ռուսաստանում և Սինգապուրում։ jw.org կայքում նշված են նրանց անունները։c Բրայեն անունով մի շրջանային վերակացու ասում է. «Երբ գրում եմ ազատազրկված որևէ հավատակցիս անունը և հետո բարձրաձայն ասում այն, դա ինձ օգնում է հիշել նրան և աղոթքներումս խնդրել նրա համար»։
14-15. Ի՞նչը կօգնի, որ մեր աղոթքները կոնկրետ լինեն։
14 Կոնկրետ բաների մասին աղոթիր։ Մայքլը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Երբ jw.org կայքում կարդում եմ մեր ազատազրկված եղբայրների մասին, փորձում եմ պատկերացնել, թե ինչ կզգայի, եթե նրանց փոխարեն ես լինեի։ Հաստատ կանհանգստանայի կնոջս համար և կուզեի, որ հոգ տանեին նրա մասին։ Այդպես վարվելը օգնում է ինձ աղոթքներումս կոնկրետ բաներ խնդրել այն ազատազրկված եղբայրների համար, ովքեր ամուսնացած են» (Եբր. 13։3, ծնթ.)։
15 Եթե փորձենք պատկերացնել, թե ինչպիսին է մեր եղբայրների առօրյան բանտում, կաղոթենք նաև այլ կոնկրետ բաների մասին։ Օրինակ՝ կաղոթենք, որ բանտի հսկիչները բարի լինեն նրանց հանդեպ, և իշխանություն ունեցողները մեր եղբայրներին թույլ տան ազատ պաշտել Աստծուն (1 Տիմոթ. 2։1, 2)։ Կաղոթենք նաև, որ նրանց հավատարմությունը քաջալերի իրենց ժողովի քարոզիչներին, կամ որ ոչ Վկաները, տեսնելով նրանց լավ վարքը, լսեն բարի լուրը (1 Պետ. 2։12)։ Ինչ խոսք, նույն սկզբունքը կարող ենք կիրառել նաև, երբ աղոթում ենք այլ դժվարություններ ունեցող մեր հավատակիցների համար։ Դիտունակ լինելով, ուրիշների համար աղոթելիս նրանց անունները նշելով և կոնկրետ բաների մասին խնդրելով՝ ցույց ենք տալիս, որ «շատ ենք սիրում իրար» (1 Թեսաղ. 3։12)։
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ՝ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16. Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռված տեսակետ ունենալ մեր աղոթքների վերաբերյալ (Մատթեոս 6։8)։
16 Ինչպես տեսանք, մեր աղոթքները կարող են ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա։ Սակայն մենք պետք է հավասարակշռված տեսակետ ունենանք։ Երբ աղոթում ենք, դրանով Եհովային չենք տեղեկացնում մի բանի մասին, ինչը նա չգիտի, ոչ էլ առաջարկում ենք նրան խնդրի լավագույն լուծումը։ Եհովան գիտի, թե իր ծառաները ինչի կարիք ունեն, անգամ երբ նրանք դեռ չգիտեն դրա մասին (կարդա Մատթեոս 6։8)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք աղոթում ուրիշների համար։ Բացի հոդվածում արդեն իսկ նշված պատճառներից՝ մենք դա անում ենք, քանի որ այդպես մեր հոգատարությունն ենք դրսևորում նրանց հանդեպ։ Սերն է մեզ մղում աղոթել միմյանց համար։ Եհովան էլ ուրախանում է, երբ տեսնում է, որ մենք արտացոլում ենք իր սերը։
17-18. Ի՞նչ օրինակ կբերես հավատակիցների մասին աղոթելու վերաբերյալ։
17 Նույնիսկ եթե թվում է, թե մեր աղոթքները չեն ազդում իրավիճակի վրա, միևնույն է, դրանք արտահայտում են մեր եղբայրների ու քույրերի հանդեպ մեր ունեցած սերը, և դա Եհովայի աչքից չի վրիպում։ Պատկերացնենք մի ընտանիք, որտեղ երկու երեխա կա՝ տղա և աղջիկ։ Տղան հիվանդ պառկած է անկողնում։ Աղջիկը մոտենում է հորը և աղաչում. «Պա՜պ, խնդրում եմ, մի բան արա եղբորս համար, նա շատ վատ է»։ Հայրը արդեն իսկ վերահսկում է իրավիճակը. նա սիրում է իր որդուն և ինչպես հարկն է հոգ է տանում նրա համար։ Սակայն հայրը շատ է ուրախանում՝ տեսնելով, որ իր դուստրը այնքան անհանգստացած է եղբոր համար, որ խնդրում է օգնել նրան։
18 Հենց դա է Եհովան հորդորում մեզ անել՝ հոգ տանել միմյանց մասին և աղոթել միմյանց համար։ Այդպես վարվելով՝ ցույց ենք տալիս, որ անեսասիրաբար հոգ ենք տանում ուրիշների համար, ինչը Եհովայի աչքից չի վրիպում (2 Թեսաղ. 1։3; Եբր. 6։10)։ Բացի այդ՝ ինչպես նշեցինք, որոշ դեպքերում մեր աղոթքները կարող են ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա։ Ուստի եկեք երբեք չմոռանանք աղոթել իրար համար։
ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք
a Որոշ անուններ փոխված են։
b jw.org կայքում դիտիր «Տակեշի Շիմիցու։ Եհովան «աղոթքներ Լսող» է» տեսանյութը։
c Մեր ազատազրկված հավատակիցների անունները կարող ես փնտրել «Եհովայի վկաները՝ ազատազրկված հավատի համար (ըստ երկրների)» հոդվածում։
d ՆԿԱՐ։ Խնդիրներ ունեցող եղբայրներն ու քույրերը աղոթում են ուրիշների համար։