Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 նոյեմբեր էջ 16–21
  • Հիսուս. մեր ցավակից Քահանայապետը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուս. մեր ցավակից Քահանայապետը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏԾՈՒ ՍԻՐԵԼԻ ՈՐԴԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԿԻՐ
  • ՀԻՍՈՒՍԸ ԿԱՐԵԿՑՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
  • ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՆ
  • ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԵԶ
  • Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով փրկագնի մասին
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսի վերջին 40 օրերը երկրի վրա. ի՞նչ ենք սովորում նրանից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 նոյեմբեր էջ 16–21

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

Հիսուս. մեր ցավակից Քահանայապետը

«Մեր քահանայապետը այնպիսին չէ, որ չկարողանա ցավակից լինել մեր թուլություններին» (ԵԲՐ. 4։15)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Հիսուսը լավագույն Քահանայապետն է, քանի որ ցավակից է մեզ և կարող է օգնել։

1-2. ա) Ինչո՞ւ Եհովան իր Որդուն ուղարկեց երկիր։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (Եբրայեցիներ 5։7-9)։

ՄՈՏ 2 000 տարի առաջ Եհովա Աստված երկիր ուղարկեց իր ամենաթանկ Որդուն։ Այդպիսով նա շատ բաներ էր իրագործելու, այդ թվում՝ մարդկանց ազատելու էր մեղքի ու մահվան անեծքից, ինչպես նաև վերացնելու էր Սատանայի պատճառած վնասները (Հովհ. 3։16; 1 Հովհ. 3։8)։ Եհովան նաև գիտեր, որ Հիսուսի՝ երկրի վրա ապրած կյանքը նրան ավելի շատ կպատրաստեր մեզ համար լինելու կարեկից, ապրումակից և ցավակից Քահանայապետ։ Հիսուսն այս դերը ստանձնեց 29 թ.-ին մկրտվելուց հետո։a

2 Այս հոդվածում կքննենք, թե Հիսուսի երկրային կյանքի ընթացքում տեղի ունեցած դեպքերը ինչպես են օգնել նրան դառնալու կարեկից Քահանայապետ։ Երբ ավելի խորությամբ հասկանանք, թե ինչպես է Հիսուսը «կատարելագործվել» այդ դերը ստանձնելու համար, ավելի անկաշկանդ կդիմենք Եհովային և կմտերմանանք նրա հետ, անգամ եթե ընկճված ենք մեր մեղքերի ու թուլությունների պատճառով (կարդա Եբրայեցիներ 5։7-9)։

ԱՍՏԾՈՒ ՍԻՐԵԼԻ ՈՐԴԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԿԻՐ

3-4. Ի՞նչ լուրջ փոփոխություններ եղան Հիսուսի կյանքում, երբ նա եկավ երկիր։

3 Մեզանից շատերի կյանքում են հանգամանքները փոխվել, օրինակ՝ գուցե տեղափոխվել ենք այլ վայր՝ հեռանալով մեր շատ սիրելի տնից, ընտանիքից և ընկերներից։ Հեշտ չէ նման փոփոխություններ անելը։ Բայց մարդկանցից ոչ ոքի կյանքում չեն եղել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք եղել են Հիսուսի կյանքում։ Երկնքում նա Եհովայի առաջին և ամենաթանկ ոգեղեն որդին էր։ Նա վայելում էր Եհովայի սերը և միշտ ուրախությամբ ծառայում էր նրա «աջ կողմում» (Սաղ. 16։11; Առակ. 8։30)։ Սակայն, ինչպես կարդում ենք Փիլիպպեցիներ 2։7 համարում, նա պատրաստակամորեն «զրկեց իրեն ամեն ինչից» և հրաժարվելով երկնքում ունեցած իր դիրքից՝ երկրի վրա ապրեց անկատար մարդկանց հետ։

4 Մտածիր նաև, թե ինչ հանգամանքներում է ծնվել Հիսուսը և ինչ մանկություն է ունեցել։ Նրա ընտանիքն աղքատ էր, ինչը երևում է նրա ծնվելուց հետո նրա ծնողների արած համեստ զոհաբերությունից (Ղևտ. 12։8; Ղուկ. 2։24)։ Իմանալով Հիսուսի ծնվելու մասին՝ չար թագավոր Հերովդեսը փորձեց սպանել նրան։ Հերովդեսի ճիրաններից խուսափելու համար նրա ընտանիքը մի որոշ ժամանակով փախստական դարձավ Եգիպտոսում (Մատթ. 2։13, 15)։ Սա միանգամայն տարբերվում էր այն կյանքից, որը Հիսուսը մինչ այդ ունեցել էր երկնքում։

5. Ի՞նչ տեսավ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ, և ինչպե՞ս դա պատրաստեց նրան լինելու Քահանայապետ (տես նաև նկարը)։

5 Երբ Հիսուսը երկրի վրա էր, տեսնում էր, թե ինչպես են մարդիկ տառապում։ Անկասկած, նա զգացել է, թե ինչ ցավ է պատճառում հարազատի մահը։ Ըստ ամենայնի, այդ մարդկանց թվում է եղել նրա երկրային հայրը՝ Հովսեփը։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը առնչվել է բորոտների, կույրերի, անդամալույծների և երեխայի մահը սգացող ծնողների հետ ու կարեկցել նրանց (Մատթ. 9։2, 6; 15։30; 20։34; Մարկ. 1։40, 41; Ղուկ. 7։13)։ Ճիշտ է, Հիսուսը իր երկնային վեհ դիրքից տեսել է մարդկանց տառապանքը, բայց երկրի վրա նա մեկ այլ տեսանկյունից նայեց դրան (Ես. 53։4)։ Հիսուսի փորձառությունը օգնեց իրեն հասկանալ, թե մարդիկ ինչ զգացումներ են ունենում տարբեր իրավիճակներում և ինչ ցավ են զգում իրենց կյանքում ունեցած դժվարությունների պատճառով։ Նա անձամբ ունեցավ այն զգացումներն ու ապրումները, որոնք հատուկ են մարդուն, այդ թվում՝ տառապանք, գերհոգնածություն և վիշտ։

Հիսուսին շրջապատել են մի խումբ մարդիկ, ովքեր աղերսում են նրան, որ բուժի իրենց։ Նա ձգվել է դեպի տկար տարեց մարդը ու կարեկցանքով բռնել նրա ձեռքերը։

Հիսուսի համար միևնույն չէր, թե իր շուրջը գտնվող մարդիկ ինչ են զգում և ինչ տառապանքներ են կրում (տես պարբերություն 5)


ՀԻՍՈՒՍԸ ԿԱՐԵԿՑՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

6. Եսայիա մարգարեի խոսքերից ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին (Եսայիա 42։3)։

6 Իր ծառայության ընթացքում Հիսուսը խորապես կարեկցում էր թույլ ու ճնշված մարդկանց։ Այդպես իրականացավ նրա մասին Եսայիայի ասած մարգարեությունը։ Բարգավաճող ու զորեղ մարդիկ Եբրայերեն Գրվածքներում երբեմն նմանեցվում են լավ ոռոգված պարտեզի կամ մեծ ու ամուր ծառերի (Սաղ. 92։12; Ես. 61։3; Երեմ. 31։12)։ Իսկ աղքատ ու կեղեքված մարդիկ նմանեցվում են կոտրված եղեգի ու մարող պատրույգի, որոնք երկուսն էլ անպիտան են (կարդա Եսայիա 42։3; Մատթ. 12։20)։ Աստծու ներշնչմամբ Եսայիա մարգարեն այդ պատկերավոր խոսքերով նկարագրել է այն սերն ու կարեկցանքը, որ Հիսուսը դրսևորելու էր հասարակ մարդկանց հանդեպ, ովքեր արժեք չունեին ուրիշների աչքում։

7-8. Ինչպե՞ս Հիսուսը իրականացրեց Եսայիայի մարգարեությունը։

7 Հիսուսի մասին խոսելիս ավետարանագիր Մատթեոսը ասաց Եսայիայի հետևյալ խոսքերը. «Կոտրված եղեգը նա չի ջախջախի, մարող պատրույգը չի հանգցնի»։ Հիսուսի կատարած որոշ հրաշքներ օգուտներ բերեցին կեղեքված մարդկանց, ովքեր իրենց զգում էին կոտրված եղեգի պես, և հուսահատ մարդկանց, ովքեր իրենց զգում էին մարող պատրույգի պես։ Նրանց թվում էր բորոտությամբ տառապող մի մարդ։ Հնարավոր է՝ նա հույս չուներ բուժվելու և ժամանակ անցկացնելու իր ընտանիքի ու ընկերների հետ (Ղուկ. 5։12, 13)։ Կար նաև խոսքի խանգարում ունեցող մի խուլ մարդ։ Պատկերացրու, թե նա ինչ էր զգում, երբ տեսնում էր, թե ինչպես են ուրիշները աշխույժ զրուցում, մինչդեռ ինքը ոչինչ չի լսում և չի կարող մասնակցել այդ զրույցին (Մարկ. 7։32, 33)։

8 Բացի այդ՝ Հիսուսի օրերում շատ հրեաներ հավատում էին, որ հիվանդ և հաշմանդամ մարդիկ պատժվել են իրենց կամ իրենց ծնողների գործած մեղքերի համար (Հովհ. 9։2)։ Այս կեղծ հավատալիքի պատճառով նրանք իրենց անարժեք էին զգում։ Իրականացնելով Եսայիայի մարգարեությունը՝ Հիսուսը բուժեց նրանց և բոցավառեց նրանց հույսն առ Աստված։ Ինչո՞ւմ է սա մեզ վստահեցնում։

9. Եբրայեցիներ 4։15, 16 համարները ինչպե՞ս են ընդգծում այն, որ մեր երկնային Քահանայապետը իսկապես կարեկցում է անկատար մարդկանց։

9 Կարդա Եբրայեցիներ 4։15, 16։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը միշտ ցավակից կլինի մեզ։ Ի՞նչ է դա նշանակում։ Ցավակից մարդը խղճահարվում է՝ տեսնելով դիմացինի տառապանքն ու ապրումները։ «Ցավակից լինել» թարգմանված հունարեն բառը նշանակում է «զգալ այն, ինչ դիմացինն է զգում կամ ապրում» (տես նաև Եբրայեցիներ 10։34-ը, որտեղ Պողոսը օգտագործել է հունարեն նույն բայը)։ Հիսուսի հրաշքների մասին արձանագրությունները ցույց են տալիս, թե ինչ խոր ազդեցություն էր թողնում ուրիշների տառապանքը նրա վրա։ Հիսուսը սրտանց հոգ էր տանում մարդկանց մասին և ուզում էր օգնել. նա չէր բուժում նրանց՝ պարտքի զգացումից դրդված։ Օրինակ՝ երբ նա բուժեց մի բորոտ մարդու, կարող էր այդ հրաշքը անել հեռվից, բայց փոխարենը ցանկացավ դիպչել նրան։ Բազմաթիվ տարիների ընթացքում գուցե առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը դիպավ նրան։ Մի ուրիշ անգամ հոգատարություն դրսևորելով՝ Հիսուսը մի խուլ մարդու հեռու տարավ աղմկոտ ամբոխից և բուժեց նրան։ Իսկ երբ փարիսեցիներից մեկը արհամարհանքով նայեց մի զղջացող կնոջ, ով իր արցունքներով լվաց Հիսուսի ոտքերը և իր մազերով չորացրեց դրանք, Հիսուսը վճռականորեն պաշտպանեց այդ կնոջը (Մատթ. 8։3; Մարկ. 7։33; Ղուկ. 7։44)։ Աստծու Որդին չէր խուսափում հիվանդություն ունեցող կամ լուրջ մեղք գործած մարդկանցից։ Ընդհակառակը, նա ջերմորեն էր վերաբերվում նման մարդկանց ու կարեկցանք էր ցուցաբերում նրանց հանդեպ։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա ցավակից կլինի նաև մեզ։

ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՆ

10. Ո՞ր միջոցները կարող ենք օգտագործել խուլ և կույր մարդկանց օգնելու համար (տես նաև նկարները)։

10 Որպես Հիսուսի հավատարիմ հետևորդներ՝ մենք ձգտում ենք ընդօրինակել նրան՝ սեր ու կարեկցանք ցուցաբերելով մարդկանց հանդեպ և ապրումակցելով նրանց (1 Պետ. 2։21; 3։8)։ Ճիշտ է, մենք չենք կարող բուժել խուլերին ու կույրերին, բայց կարող ենք օգնել նրանց հոգևորապես։ Օրինակ՝ խուլերին օգնելու համար Աստվածաշնչի վրա հիմնած ավելի քան 100 ժեստերի լեզուներով հրատարակություններ կան։ Տեսողության խնդիրներ ունեցողների համար Բրայլի գրատիպով հրատարակություններ են թողարկվում ավելի քան 60 լեզուներով, իսկ մեր տեսանյութերի աուդիո նկարագրությունները առկա են ավելի քան 100 լեզուներով։ Այս միջոցները օգնում են խուլերին ու կույրերին մտերմանալ Եհովայի ու նրա Որդու հետ։

Համակցված նկարներ։ 1. Եղբայրներն ու քույրերը ժողովի ժամանակ ժեստերի լեզվով երգում են Թագավորության երգերից մեկը։ 2. Մի կույր քույր բրայլի գրատիպով Աստվածաշունչ է կարդում։

Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունները առկա են ավելի քան 1100 լեզուներով

Ձախ կողմում։ Ժեստերի ավելի քան 100 լեզուներ

Աջ կողմում։ Բրայլի գրատիպով ավելի քան 60 լեզուներ

(տես պարբերություն 10)


11. Եհովայի կազմակերպությունը ինչպե՞ս է արտացոլում Հիսուսի հոգատարությունը տարբեր ծագում ունեցող մարդկանց հանդեպ (Գործեր 2։5-7, 33; տես նաև նկարները)։

11 Եհովայի կազմակերպությունը մեծ ջանքեր է ներդնում տարբեր ծագում ունեցող մարդկանց օգնելու համար։ Հիշենք, որ իր հարությունից հետո Հիսուսը սուրբ ոգին թափեց իր աշակերտների վրա, որպեսզի նրանք կարողանային Պենտեկոստեին հավաքված բոլոր մարդկանց բարի լուրը քարոզել նրանց «մայրենի լեզվով» (կարդա Գործեր 2։5-7, 33)։ Հետևելով Հիսուսի ուղղորդմանը՝ կազմակերպությունը ավելի քան 1 100 լեզուներով Աստվածաշնչի վրա հիմնած հրատարակություններ է թողարկում, այդ թվում՝ այնպիսի լեզուներով, որոնցով շատ քիչ մարդիկ են խոսում։ Օրինակ՝ հնդկացիական որոշ լեզուներով խոսում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում բնակվող համեմատաբար քիչ թվով մարդիկ։ Մեր հրատարակությունները, սակայն, թարգմանվում են ավելի քան 160 այդպիսի լեզուներով, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան բարի լուրը։ Դրանք առկա են նաև ավելի քան 20 գնչուական լեզուներով։ Այդ լեզուներով խոսող հազարավոր մարդիկ ընդունել են ճշմարտությունը։

Համակցված նկարներ։ 1. Մի հնդկացի քույր կրծքին սեղմել է իր լեզվով թարգմանված Աստվածաշունչը և ժպտում է։ 2. Մի գնչու քույր իր դստեր հետ վայելում է աստվածապետական միջոցառումը։

Ձախ կողմում։ Հնդկացիական ավելի քան 160 լեզուներ

Աջ կողմում։ Գնչուական ավելի քան 20 լեզուներ

(տես պարբերություն 11)


12. Է՞լ ինչ գործնական օգնություն է ցուցաբերում Եհովայի կազմակերպությունը։

12 Բացի քարոզչական գործը վերահսկելուց՝ Եհովայի կազմակերպությունը օգնում է նաև բնական աղետներից տուժածներին։ Հազարավոր կամավորներ պատրաստակամորեն աջակցում են օգնության կարիք ունեցող իրենց եղբայրներին ու քույրերին։ Կազմակերպությունը նաև կառուցում է պաշտամունքի համեստ վայրեր, որտեղ մարդիկ միասին հավաքվում են և ավելին են իմանում այն սիրո մասին, որ Աստված ունի իրենց հանդեպ։

ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԵԶ

13. Ի՞նչ կերպերով է Հիսուսը օգնում մեզ։

13 Հիսուսը, լինելով մեր լավ հովիվը, անհատական ուշադրություն է դարձնում մեր հոգևոր կարիքներին (Հովհ. 10։14; Եփես. 4։7)։ Երբեմն հանգամանքների պատճառով գուցե քեզ զգաս մարող պատրույգի կամ կոտրված եղեգի պես։ Հնարավոր է՝ վհատվես լուրջ հիվանդության, սեփական ձախողումների կամ հավատակցի հետ խաթարված հարաբերություններ ունենալու պատճառով։ Գուցե քեզ համար դժվար լինի ցավիդ վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանալ ապագայի վերաբերյալ հույսի վրա։ Հիշիր, սակայն, որ Հիսուսը տեսնում է, թե ինչ դժվարությունների միջով ես անցնում, և հասկանում է քո ամենախոր զգացումները։ Նա, կարեկցանքից մղված, ուզում է թեթևացնել քո բեռը։ Հիսուսը կարող է սուրբ ոգու միջոցով զորացնել քեզ, երբ թույլ ես (Հովհ. 16։7; Տիտոս 3։6)։ Բացի այդ՝ նա կարող է «որպես պարգևներ» տրված մարդկանց և մեր մյուս հավատակիցների միջոցով քաջալերել, թիկունք կանգնել և օգնել քեզ (Եփես. 4։8)։

14. Ի՞նչ կարող ենք անել, երբ վհատված ենք։

14 Եթե սրտումդ կրակը մարել է, և ոգով կոտրված ես, հիշիր, որ Հիսուսը Քահանայապետ է, և խորությամբ մտածիր, թե ինչ է դա նշանակում քեզ համար։ Մի՛ մոռացիր, որ Եհովան նրան ուղարկել է երկիր ոչ միայն այն բանի համար, որ նա իր կյանքը տա որպես փրկագին, այլև որպեսզի օգնի նրան ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրների են բախվում անկատար մարդիկ։ Եթե վհատված ես մեղքերիդ կամ թուլություններիդ պատճառով, իմացիր, որ Հիսուսը պատրաստ է և ուզում է «ճիշտ ժամանակին» օգնել քեզ (Եբր. 4։15, 16)։

15. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե Եհովայի հոտից հեռացած մարդուն ինչը կարող է օգնել վերադառնալ ժողով։

15 Հիսուսը նաև ուղղորդում է իր հետևորդներին փնտրելու և աջակցելու նրանց, ովքեր հեռացել են Եհովայի հոտից (Մատթ. 18։12, 13)։ Տեսնենք, թե ինչ եղավ Ստեֆանոյիb հետ։ 12 տարի ժողովից հեռացված լինելուց հետո նա որոշեց հաճախել ժողով։ Նա ասում է. «Ինձ համար հեշտ չէր, բայց ես ուզում էի կրկին լինել Եհովայի սիրառատ ընտանիքի մի մասը։ Երբ երեցները հանդիպեցին ինձ հետ, շատ ջերմ վերաբերվեցին։ Երբեմն անարժեքության զգացումը գլուխ էր բարձրացնում, և ես այլևս չէի ուզում պայքարել, բայց եղբայրները հիշեցնում էին ինձ, որ Եհովան ու Հիսուսը ցանկանում են, որ չհանձնվեմ։ Երբ որպես Վկա վերականգնվեցի, ողջ ժողովը գրկաբաց ընդունեց ինձ ու ընտանիքիս։ Կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, և մենք այսօր ընտանիքով ծառայում ենք Եհովային»։ Որքա՜ն է ուրախանում մեր սիրող Քահանայապետը՝ տեսնելով, որ զղջացող մարդիկ անհրաժեշտ օգնություն են ստանում ժողով վերադառնալու համար։

16. Ինչո՞ւ ես երախտապարտ, որ ցավակից Քահանայապետ ունես։

16 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ճիշտ ժամանակին օգնեց անհաշիվ մարդկանց։ Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ նա մեզ նույնպես կաջակցի, երբ էլ որ դրա կարիքն ունենանք։ Իսկ նոր աշխարհում, որը շուտով հաստատվելու է, նա հնազանդ մարդկանց կօգնի, որ լիարժեքորեն ազատվեն մեղքի ու անկատարության ազդեցությունից։ Անչափ շնորհակալ ենք մեր Աստծուն՝ Եհովային, ով, մեծ սիրուց և գթասրտությունից մղված, իր Որդուն նշանակել է մեզ համար լինելու Քահանայապետ, որն այդքա՜ն ցավակից է։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս Հիսուսի՝ երկրի վրա ունեցած փորձառությունը պատրաստեց նրան ծառայելու որպես Քահանայապետ։

  • Ինչպե՞ս Հիսուսը իրագործեց Եսայիա 42։3-ում գրված մարգարեությունը։

  • Ինչպե՞ս է մեր Քահանայապետը օգնում մեզ այսօր։

ԵՐԳ 13 Հիսուս՝ կատարյալ օրինակ

a Տեղեկություններ այն մասին, թե Հիսուսը որպես Քահանայապետ ինչ առումներով փոխարինեց հրեաների քահանայապետներին, կարելի է գտնել «Դիտարանի» 2023 թ. հոկտեմբերի՝ «Թանկ համարիր Եհովայի հոգևոր տաճարում լինելու քո հնարավորությունը» հոդվածում (էջ 26, պրբ. 7-9)։

b Անունը փոխված է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը