Հարյուր տարի առաջ. 1913
«ԴԻՏԱՐԱՆԻ» 1913թ. հունվարի 1-ի համարում մեջբերված էին ամերիկացի լրագրող Հերբերտ Քոֆմանի խոսքերը. ««Անհնարին» բառը արդեն իր դարն ապրել է.... Անցյալի գրեթե բոլոր երազանքներն այսօր իրականություն են դարձել»։ Այս խոսքերը հնչում էին շատերի սրտից։ 1913-ի այգաբացին աշխարհը ծփում էր ապագայի հանդեպ լավատեսությամբ։
Պատճառներից մեկը տեխնիկայի զարգացումն էր։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների Միչիգան նահանգում «Ֆորդ Մոթոր Քամփնին» բացեց մի նոր գործարան։ Գրեթե մեկ գիշերում ավտոմեքենաների գինը կտրուկ իջավ։ Միլիոնավոր մարդիկ կարողացան մեքենայի տեր դառնալ։ Դա հնարավոր եղավ գործարանի հոսքագծի շնորհիվ։ Այս նոր մեթոդով Ֆորդի հանրահայտ «T» մոդելը հավաքվում էր շատ կարճ ժամանակում, ինչով էլ պայմանավորված էր ինքնարժեքի նվազումը։
Եհովայի ժողովուրդը նույնպես լավատեսությամբ էր լցված, բայց այլ պատճառով։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարիներ շարունակ քարոզել էին, որ 1914թ. նշանակալից է լինելու, և նրանց սպասելիքները մեծ էին։ Նրանց խանդավառ գործունեությունը ցույց էր տալիս, որ չեն պատրաստվում դանդաղել, մինչ մոտենում է այդ տարին։
Բացիկ. Հովիվ Ռասելի միջմայրցամաքային շրջագայությունը
1913-ին մի շարք համաժողովներ անցկացվեցին։ Առաջինը Քանզաս Սիթիում (Միսուրի, ԱՄՆ) կազմակերպված մեկօրյա համաժողովն էր, որը տեղի ունեցավ հունիսին։ Հաջորդ 4 շաբաթների ընթացքում մոտ 200 եղբայրներ և քույրեր վարձված գնացքով ճամփորդում էին Միացյալ Նահանգների արևմուտքում և Կանադայում՝ համաժողովներին ներկա լինելու։ Յուրաքանչյուր համաժողովին մարդկանց հնարավորություն էր տրվում լրացուցիչ տեղեկություններ ստանալու Աստվածաշնչից։ Հազարավորներ հետաքրքրություն էին ցուցաբերում, և Աստվածաշունչ ուսումնասիրողները այցելում էին նրանց։
Իսկ Բրուքլիում՝ գլխավոր վարչությունում, եղբայրները զբաղված էին «Արարչության լուսադրաման» պատրաստելով։ Սա 8 ժամ տևող մի ֆիլմ էր. ցուցադրվող շարժվող պատկերների ու գունավոր սլայդների հետ միաժամանակ հնչում էին աստվածաշնչյան ելույթների ու երաժշտության ձայնագրություններ։ Աստվածաշունչ ուսումնասիրողների նպատակն էր «Լուսադրամայի» միջոցով բարի լուրը հասցնել միլիոնավոր հետաքրքրվող մարդկանց։ Թեև այդ ժամանակ կային միայն 5100 ակտիվ քարոզիչներ, սակայն նրանք ասում էին, որ այն «պետք է մեծ լսարան հավաքի ամբողջ աշխարհում»։
Իսկ ի՞նչ էր լինելու 1914-ին։ Ինչպե՞ս կընդունվեր «Լուսադրաման»։ Ի՞նչ կլիներ աշնանը, երբ ավարտվեր Հեթանոսների ժամանակները։ Աստվածաշունչ ուսումնասիրողները անձկությամբ սպասում էին այս հարցերի պատասխաններին՝ ապավինելով Եհովային։
Առաջին համաշխարհային պատերազմը փշրելու էր բոլոր լավատեսական հեռանկարները։ Տեխնիկայի զարգացումը չէր կարողանալու լուծել մարդկության առաջ ծառացած խնդիրները։ Հաջորդող տարին շրջադարձային էր լինելու թե՛ Աստվածաշունչ ուսումնասիրողների և թե՛ ողջ աշխարհի համար։