Աշխարհածավալ գործունեությունՄեն, ԱՄՆ։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ մեր եղբայրները դարձել են «մարդկանց որսորդներ»
Մեն, ԱՄՆ։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ մեր եղբայրները դարձել են «մարդկանց որսորդներ»
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ
ԵՐԿՐՆԵՐԸ 239
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 7 782 346
ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԵՐԸ 1 748 697 447
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 8 759 988
ԱՖՐԻԿԱ
ԵՐԿՐՆԵՐԸ 58
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 968 989 710
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 312 429
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 2 999 639
Ոչ մի աբորտ
Ադիս Աբեբայում՝ Եթովպիայի մայրաքաղաքում, մի խանութպան կար Սաբա անունով։ Մի օր երկու քույրեր նրան առաջարկեցին «Արթնացե՛ք»-ի այն համարը, որտեղ քննարկվում է աբորտի թեման։ Սաբան նրանց ներս հրավիրեց և արտասվալից աչքերով ասաց, որ մտածում է այդ քայլին դիմելու մասին։ Զրույցի ընթացքում քույրերն էլ հուզվեցին և սկսեցին լաց լինել նրա հետ։ Այդ օրը Սաբան որոշեց, որ ձեռք չի տա իր երեխային, և վճռականորեն հայտնեց այդ մասին իր ամուսնուն։ Երբ ժամանակը եկավ, նա լույս աշխարհ բերեց մի հրաշք աղջնակի։ Սաբան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մկրտվեց։ Նա հիմա ուրախությամբ ծառայում է որպես ռահվիրա։ Ամուսինը նույնպես ուսումնասիրեց Աստվածաշունչը և հիմա մեր եղբայրն է։ Իսկ նրանց երկու մեծ երեխաները մկրտվեցին 2012-ի ապրիլին։
Հնարավոր էր խոսել նրա հետ
Կաոկոլենդ, Նամիբիա։ Մեր նկարազարդ հրատարակությունները գրավում են բոլոր տարիքի մարդկանց։ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը մատչելի է 452 լեզուներով
Մի շրջանային վերակացու Եթովպիայում քարոզիչներից մեկի հետ ծառայում էր տնետուն։ Հերթական դուռը բացեց տան սպասուհին։ Եղբայրները հարցրին՝ կարելի է խոսել տանտիրոջ հետ։ Երբ նա ասաց, որ դա հնարավոր չէ, Վկաներն առաջարկեցին գրականություն թողնել տանտիրոջ համար։ Սպասուհին ներս գնաց՝ իմանալու վերջինիս պատասխանը։ Երբ վերադարձավ, ասաց, որ նա ուզում է նախ տեսնել, թե ինչ գրականություն են առաջարկում։
Եղբայրները նրան տվեցին մի ամսագիր։ Մի քան րոպե անց սպասուհին հետ եկավ ու ասաց, որ տանտերը համաձայնվեց կարդալ այն։ Եղբայրները հարցրին սպասուհուն. «Կարո՞ղ ենք մենք ներս գալ ու խոսել նրա հետ, եթե նա ի վիճակի չէ դուրս գալու»։ Սպասուհին կրկին ներս գնաց։ Այս անգամ նա շատ երկար մնաց ներսում, և եղբայրները սկսեցին կասկածել՝ կվերադառնա կինը, թե ոչ։ Վերջապես նա եկավ և ներս հրավիրեց նրանց։ Տանտերը՝ Յիրգուն, տարեց մարդ էր, որը արդեն 10 տարի էր, ինչ գամված էր անկողնուն և չէր կարողանում նույնիսկ նստել։ Սպասուհու երկար բացակայության պատճառը նույնպես ակնհայտ էր. նա օգնել էր հագնվել տանտիրոջը և կարգի էր բերել սենյակը։
Եղբայրները նրան հայտնեցին բարի լուրը։ Յիրգուին անչափ դուր եկավ այն և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ընթացքում նրա առողջությունն էլ բարելավվեց։ Որոշ ժամանակ անց Յիրգուն կարողանում էր արդեն վեր կենալ անկողնուց և անվասայլակի օգնությամբ տեղաշարժվել։ Նա նաև սկսեց մասնակցել հանդիպումներին և վերջերս անցկացված մարզային համաժողովներից մեկի ժամանակ մկրտվեց։
Հոր թողած գրքերը
Կալվինը, որն ապրում է Զիմբաբվեում, ընդամենը չորս տարեկան էր, երբ իր հայրը մահացավ՝ թողնելով միայն մի պայուսակ, որի մեջ դրված էր «Նոր աշխարհ» թարգմանությունը և «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի առաջին հատորը։ Որդուն նա հրահանգ էր տվել. «Կգնաս միայն այս գրքերը տպած եկեղեցին։ Այն ճիշտն է սովորեցնում»։
Երբ մայրը մահացավ, նրա մասին սկսեց հոգ տանել տատիկը։ Ինը տարի շարունակ Կալվինը հրաժարվում էր նրա հետ գնալ եկեղեցի՝ պնդելով, որ մի օր ինքը կգտնի այն եկեղեցին, որը հրատարակել է իր հոր թողած գրքերը։
Մի օր տատիկը հանդիպեց մեր քույրերից մեկին և, չիմանալով, որ նա Վկա է, բողոքեց, թե մի համառ թոռնիկ ունի, որը իր հետ չի գնում եկեղեցի։ Դրա փոխարեն ամբողջ կիրակի մնում է տանը և կարդում է այն գիրքը, որը նրա հայրն է թողել մահանալուց հետո։ Քույրը հարցրեց գրքի վերնագիրը։ Տատիկը ասաց, որ չգիտի, միայն կասկածում է, որ այն Վկաների «հիմար գրքերից է»։
Քույրն ասաց, որ կցանկանար ծանոթանալ տղայի հետ։ Երբ նրանք հանդիպեցին, Կալվինի ուրախությանը չափ չկար։ Քույրն անմիջապես նրա հետ ուսումնասիրություն սկսեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ։ Տղան առանց հապաղելու սկսեց մասնակցել ժողովներին, չնայած որ տատիկը խստորեն հակառակվում էր։ Նա վճռել է ամուր բռնել ճշմարտությունը և մեծ հույսով սպասում է այն օրվան, երբ հարության ժամանակ կտեսնի իր հորն ու մորը։ Կալվինը մկրտվեց 2012-ի օգոստոսին։
«Այն Աստվածը, որին ծառայում ես, զորավոր է»
Քարոն ապրում է Ուգանդայում։ Ընդամենը մեկ ամիս էր, ինչ նա Աստվածաշունչ էր ուսումնասիրում, երբ ամուսինը՝ Մարտինը, որը զբաղվում էր կախարդությամբ, սկսեց խստորեն հակառակվել նրան։ «Քո գրքերի պատճառով նախնիների հոգիները չեն կարողանում տուն մտնել»,— պնդում էր նա։ Ամուսինը վատ էր վերաբերվում նրան և սպառնում էր սպանել, եթե վերջ չտա ուսումնասիրությանը։ Մարտինը դադարեց անգամ ընտանիքի մասին հոգ տանել։ Քարոն չչարացավ նրա վերաբերմունքից, այլ շարունակեց անձամբ հոգալ ընտանիքի կարիքները՝ մշակելով իրենց այգին, ու չդադարեցրեց ուսումնասիրությունը։ Բայց երբ զգաց, որ իր կյանքը վտանգված է, փախավ տնից։ Թեև դժվարությամբ, բայց Քարոն կարողացավ իր գլուխը պահել։ Հետո երբ իմացավ, որ երեխաները հիվանդացել են, աշխատած ողջ գումարով, որը թեև շատ քիչ էր, նրանց համար դեղ գնեց։
Որոշ ժամանակ անց ամուսինը զանգեց Քարոյին ու ասաց. «Ուզում եմ, որ տուն վերադառնաս։ Տեսնում եմ, որ այն Աստվածը, որին ծառայում ես, զորավոր է և միշտ քեզ հետ է։ Ասա այդ մարդկանց, ովքեր քեզ սովորեցնում են, որ գան և ինձ էլ սովորեցնեն։ Ես իսկապես ուզում եմ փոխել կյանքս»։ Մարտինը չէր խաբում։ Նրանց ընտանիքը հիմա միաբան է ու երջանիկ։ Մարտինը և Քարոն մկրտվեցին միասին 2012-ի օգոստոսին՝ համաժողովի ժամանակ։
Միայնակ քարոզիչը հեռավոր քաղաքում
Քենիայում Դեյվիդը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, երբ ապրում էր իր տնից հեռու՝ մի հեռավոր քաղաքում։ Կարճ ժամանակ անց ստիպված էր վերադառնալ տուն՝ Լոկիչար, որը մի խուլ գյուղ է Քենիայի հյուսիս-արևմուտքում։ Ամենամոտ ժողովը գտնվում էր Լոդվարում, որը 165 կիլոմետր հեռու էր իրենցից։ Մոտ չորս տարի նրա կապը Վկաների հետ գրեթե խզվել էր։ Չնայած դրան՝ Դեյվիդը քարոզում էր իր հարևաններին ու բարեկամներին՝ պատմելով նրանց այն ամենը, ինչ իմացել էր շատ կարճ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրելու ընթացքում։ Ոմանք դրական էին արձագանքել։ Ուստի նա սկսել էր նրանց հետ ուսումնասիրություն անցկացնել։ 2007-ին նա կապ հաստատեց Լոդվարի եղբայրների հետ և վերականգնեց իր կիսատ թողած ուսումնասիրությունը՝ ամիսը երկու անգամ գնալով քաղաք։ Այնտեղ հասնելու համար նա ճամփորդում էր մոտոցիկլետով, տաքսիով և միկրոավտոբուսով։
Որքան ավելի էր Դեյվիդը հարստանում գիտելիքներով, այնքան ավելանում էր նրա եռանդը ծառայության հանդեպ։ Թեև դեռ մկրտված չէր, սակայն իր տան մոտ կառուցեց հողե պատերով և ծղոտե տանիքով մի «Թագավորության սրահ», որտեղ ժողովի հանդիպումներ էր անցկացնում հետաքրքրվող անձանց հետ։ Բայց ոչ բոլոր համագյուղացիներն էին ուրախ նրա քարոզչական գործունեությամբ։ Մոտ երկու տարի Դեյվիդը նրանց բանավոր և ֆիզիկական վիրավորանքների թիրախն էր։ Մի անգամ էլ, մեղադրելով, թե գյուղում «սատանայապաշտություն» է մտցրել, ոմանք այնքան ծեծեցին նրան, որ ուշաթափվեց։ Բայց երբ Դեյվիդը դիմեց շրջանի իշխանությանը, իր դեմ բռնարարքները դադարեցին, և նա կարողացավ հանգիստ շարունակել իր ծառայությունը։ «Ճշմարտությունն իմ կյանքն է,— ասում է Դեյվիդը։— Ոչ մի հակառակություն չի կանգնեցնի ինձ»։
2009-ին Դեյվիդը մկրտվեց և այժմ ծառայող օգնական է ու ընդհանուր ռահվիրա։ Նա և իր 15-ամյա որդին այդ տարածքի միակ քարոզիչներն են։ Ուրախալի է, որ 2012-ի ապրիլին մոտ 60 գյուղացիներ ներկա եղան Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, որն անցկացվեց Դեյվիդի կառուցած Սրահում։
«Աստվածաշնչով ցույց տայիր, որ նա սխալ է»
Ջենեթը, որը ռահվիրա է Գանայում, երկար ճանապարհ էր գնալու ավտոբուսով, ուստի կարդում էր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Մի հոգևորական բարձրացավ ավտոբուս և քարոզ կարդաց, որից հետո ուղևորներին ասաց, որ փող նվիրաբերեն իր ծառայության դիմաց։ Ջենեթը նրան ասաց. «Ասացիք, որ Հիսուսը և Աստվածը նույնն են։ Այդ դեպքում, ո՞վ էր, որ խոսեց Հիսուսի հետ իր մկրտության ժամանակ»։
Հոգևորականը պատասխանեց. «Դա խորին խորհուրդ է»։
Ջենեթը բացեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 4-րդ գլուխը, ընտրեց որոշ համարներ և խնդրեց ուղևորներից ոմանց կարդալ դրանք։ Այնուհետև բացատրեց Հիսուսի և Ամենակարող Աստծու՝ Եհովայի տարբերությունը։
«Դու կախա՛րդ ես»,— վրդովվեց հոգևորականը։
Ուղևորները անմիջապես սկսեցին պաշտպանել քրոջն՝ ասելով. «Այդ դո՛ւ պետք է Աստվածաշնչով ցույց տայիր, որ նա սխալ է, մի բան էլ նրան կախա՞րդ ես անվանում»։ Զայրացած հոգևորականը իջավ հաջորդ կանգառում։ Մի երիտասարդ կին, որը նստած էր Ջենեթի կողքին, ասաց նրան. «Գիտեի, թե Եհովան Վկաների եկեղեցու անունն է։ Այս ձեր զրույցից նոր իմացա, որ Աստծու անունն է»։
Նրանց զրույցը շարունակվեց, որից հետո Ջենեթը վերցրեց կնոջ հեռախոսահամարը և խոստացավ կապ պահել։ Երիտասարդ կինը տուն հասնելուն պես պատմեց իր տատիկին պատահածը։ Տատիկը նույնպես առաջին անգամ էր լսում, որ Աստծու անունը Եհովա է։ Ջենեթը հոգ տարավ, որ Վկաները այցելեն նրանց։ Նրանք երկուսն էլ հիմա հաճախում են ժողովի հանդիպումներին։
ԱՄԵՐԻԿԱ
ԵՐԿՐՆԵՐԸ 57
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 946 087 916
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 3 861 145
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 4 196 922
Նա չէր սպասում, որ կլսի ճշմարտությունն այնտեղ
Բոլիվիայում բանտապահները 20-ամյա Անդրեային մի կերպ քարշ տվեցին դուրս՝ բանտի բակ։ Նա ճչում էր, հայհոյում ու սպառնում։ Բոլորը վախենում էին նրանից, քանի որ վայրենի էր և շատ ուժեղ։ Սակայն Լեյդին, որը Եհովայի վկա էր և գտնվում էր բանտում իր դեմ ներկայացված սուտ մեղադրանքի պատճառով, ոչ թե վախենում էր Անդրեայից, այլ խղճում էր նրան։ Ամեն առավոտ մեր քույրը սովորաբար երգարանից մի երգ էր բարձրաձայն կարդում։ Մի անգամ Անդրեան լսեց ու հարցրեց նրան. «Դու Եհովայի վկա՞ ես»։
Պերու։ Քարոզում են հողագործին Ուտկուբամբայի հարթավայրի մոտակա սարալանջին
Իմանալով, որ Լեյդին Վկա է՝ աղջիկը ասաց. «Մայրս էլ է Եհովայի վկա։ Ես գնացել եմ ժողովների նրա հետ։ Նա ինձ հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում»։ Այս խոսքերից հետո աղջիկը հուզվեց ու սկսեց լացել։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Լեյդին ու Անդրեան երկար զրուցեցին հոգևոր թեմաների շուրջ։ Երբ Անդրեայի դատի օրը եկավ, նրանք միասին աղոթեցին Եհովային օգնության ու առաջնորդության համար։ Անդրեան ազատ արձակվեց և շարունակեց սովորել Եհովայի մասին։ Նա շատ արագ փոփոխություններ մտցրեց իր կյանքում և դարձավ քարոզիչ։ Այժմ նա պատրաստվում է մկրտության։
Լեյդին, օգտվելով իր անարդարացիորեն բանտարկված լինելու հանգամանքից, 21 ուսումնասիրություն սկսեց։ Թեև նա հիմա արդեն դուրս է եկել բանտից, սակայն շաբաթը երեք անգամ վերադառնում է այնտեղ՝ այցելելով հետաքրքրվող կանանց։
www.pr418.com կայքի շնորհիվ
2011-ի գարնանային կիրակի օրերից մեկն էր, երբ Կանադայում կոկիկ հագնված մի ամուսնական զույգ իր երկու երեխաների հետ մտավ Թագավորության սրահ։ Բոլորը մտածեցին, թե նրանք Վկաներ են և եկել են մեկ այլ քաղաքից։ Սակայն Դոմինիկը՝ ժողովի ծառայող օգնականներից մեկը, և ներս մտած տղամարդը անմիջապես ճանաչեցին իրար. Դոմինիկը նրա հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրել 17 տարի առաջ։ Վերջին երկու տարիների ընթացքում Մարկ-Անդրեն և Յոսեն՝ նրա կինը, www.pr418.com կայքից բեռնել ու կարդացել էին «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը և հասկացել էին, որ ընտանիքով պետք է գնան Թագավորության սրահ։ Անմիջապես նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին։ Ընդամենը երկու ամիս ուսումնասիրելուց հետո նրանք սկսեցին նաև ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անցկացնել։ Այս ընտանիքը շարունակում է հոգևորապես առաջադիմել։ Յոսեն 2012-ի մայիսին Աստվածապետական ծառայության դպրոցում ներկայացրեց իր առաջին ելույթ-երկխոսությունը։
«Նա ինձ տվեց իր բրդուճն ու գլխարկը»
Չիլիում 2010-ի մարզային համաժողովի ժամանակ 10-ամյա Մարսելոն նկատեց, որ իր կողքին նստած տարիքով տղամարդու մոտ ոչ մի գիրք չկա։
— Այս մարդը Աստվածաշունչ չունի,— շշնջաց նա մորը։
— Պահիր, թող քո գրքով հետևի,— ասաց մայրը։ Ուստի Մարսելոն մի քիչ մոտեցավ Բիկտորին և պահեց Աստվածաշունչն այնպես, որ նա էլ հետևի սուրբգրային համարներին։ Երբ ընդմիջումը սկսեց, Մարսելոն, դիմելով մորը, ասաց. «Մա՛մ, նա հաց չի բերել իր հետ»։ Մայրն ասաց, որ նա իր հացը կիսի Բիկտորի հետ։ Մարսելոն այդպես էլ արեց. տվեց նրան մի բրդուճ և մի բաժակ թեյ։ Մինչ Բիկտորը վայելում էր իր ճաշը, տղան բացեց ու ցույց տվեց նրան իր իմացած բոլոր աստվածաշնչյան համարները։
Կեսօրին արևը շատ ուժեղ էր։ Մարսելոն կրկին շրջվեց դեպի մայրն ու փսփսաց. «Մա՛մ, ինքը գլխարկ չունի»։
Մայրը պատասխանեց. «Քոնը տուր նրան»։ Տղան լսեց մորը։ Երբ ծրագիրը վերջացավ, Մարսելոն և Բիկտորը հրաժեշտ տվեցին միմյանց։
Հաջորդ տարի մարզային համաժողովին Մարսելոն նայեց չորս կողմը տեսնելու համար՝ Բիկտորը եկել է, թե ոչ։ Տղան անչափ ուրախացավ, երբ տեսավ նրան։ Բիկտորը արդեն փողկապ էր կապել։ Երբ նա նկատեց տղային, բարձրաձայն հայտարարեց. «Այսօր ես այստեղ եմ այս տղայի շնորհիվ։ Անցած տարի ինձ համաժողովի հրավիրատոմս տվեցին, ու ես եկա։ Այս տղան իր Աստվածաշունչը պահեց, որ հետևեմ իր հետ։ Նա ինձ տվեց իր բրդուճն ու գլխարկը։ Ես հիմա Աստվածաշունչ եմ ուսումնասիրում»։ Այժմ Բիկտորը չմկրտված քարոզիչ է։
Գովեստի խոսքեր լրագրողից
Վենեսուելայում ճանաչված լրագրողը գրեց իր հետ պատահածը։ Նա զանգահարել էր հեռախոսակապի ազգային ընկերության հաճախորդների սպասարկման բաժին՝ տեխնիկական մի խնդիր լուծելու համար։ Օպերատորը շատ կոպիտ ու անհարգալից էր պատասխանել նրան և վայր դրել լսափողը։ Քանի որ ոչ մի օգնություն չէր ստացել, նա կրկին զանգահարել էր։ Այս անգամ նրան պատասխանել էր մի երիտասարդ՝ ներկայանալով Միսայել անունով։ Տղան շատ հարգալից և մանրակրկիտ բացատրել էր՝ ինչպես լուծել խնդիրը։ Լրագրողը գրում է. «Բարությունը, հարգանքը, օգնելու պատրաստակամությունն ու համագործակցության ոգին, որ դրսևորեց երիտասարդը ողջ հեռախոսազրույցի ընթացքում, բացառիկ էին։ Նրա օգնությամբ ես ոչ միայն լուծեցի խնդիրս, այլև իմացա՝ ինչպես վարվել, երբ կրկին խնդիր ծագի»։
Երբ կինը գովել էր երիտասարդին, նա ասել էր, որ Եհովայի վկա է և ձգտում է վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես սովորեցրել է Հիսուսը։ Լրագրողը ցանկացել էր խոսել Միսայելի տնօրենի հետ և գովել նրանց աշխատակցին՝ բարձրակարգ սպասարկման համար։ Իր հոդվածում նա գրել էր, որ Միսայելը օրինակելի վենեսուելացի է և Եհովայի վկա։ Իսկ վերջում ավելացրել էր. «Մեզ պետք են հենց նրա նման աշխատողներ հանրային սպասարկման ոլորտներում»։
«Հերի՛ք է համառեք»
Մեխիկո, Մեքսիկա։ Երկրում ավելի քան 1 միլիոն ուսումնասիրություններից շատերը սկսվել են փողոցի վկայության շնորհիվ
15-ամյա Գաբրիելան, որը խուլ ու համր է, անչափ ոգևորված էր, քանի որ նոր էր մկրտվել 2011-ի հոկտեմբերին Էկվադորում ժեստերի լեզվով անցկացվող մարզային համաժողովի ժամանակ։ Նա այնքան ոգևորված էր, որ երբ երկուշաբթի օրը գնաց դպրոց, իր ուսուցչուհուն խնդրեց թույլ տալ, որ մի կարճ հայտարարություն անի դասարանի առաջ։ Ուսուցչուհին թույլ տվեց, և Գաբրիելան, կանգնելով դասարանի առաջ, խանդավառությամբ ասաց ժեստերի լեզվով. «Ուզում եմ հայտնել ձեզ, որ անցած ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ես համաժողով էի գնացել, որտեղ մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։ Ուզում եմ նաև իմանաք, որ աշխարհի վերջը մոտ է։ Քիչ ժամանակ է մնացել։ Շտապ պետք է փոփոխություններ անեք։ Հերի՛ք է համառեք։ Վախեցեք Աստծուց»։ Նրա դասընկերները տպավորված էին։
Հետո՝ ճաշի ժամին, Կատին, որը ոչ ակտիվ խուլ ու համր Վկա է, մոտեցավ նրան և հարցուփորձ արեց համաժողովից։ Գաբրիելան գոհ պատասխանեց. «Հրաշալի էր։ Բայց հիմա լինելով մկրտված Վկա՝ ես ուզում եմ հավատարիմ մնալ Եհովային։ Ուստի պետք է ասեմ քեզ, որ էլ չեմ կարող քո ընկերը լինել, քանի որ դու անմաքուր կյանքով ես ապրում, իսկ դա կանդրադառնա Աստծու հետ ունեցած իմ մտերմության վրա։ Դու պետք է փոխվես։ Կարևոր է աղոթել Եհովային և խոսել երեցների հետ։ Գիտեմ, դու կարող ես լավը դառնալ»։ Շնորհիվ Գաբրիելայի շատ անմիջական, բայց սիրուց մղված խոսքերի՝ Կատին խոսեց երեցների հետ, հոգևոր օգնություն ստացավ և դարձավ ակտիվ քարոզիչ։
Նա իրեն չկորցրեց
Միացյալ Նահանգներում 16-ամյա մեր քրոջը ողջ դասարանը սկսեց հարցեր տալ իր կրոնի մասին։ Սակայն աղջկա մոտ ո՛չ գրականություն կար, ո՛չ էլ Աստվածաշունչ։ Քույրը ցանկանում էր Գրքից կարդալ նրանց հարցերի պատասխանները, ուստի իրեն չկորցրեց։ Վերցրեց ուսուցչի նոութբուքը և մտավ www.pr418.com կայք։ Նա ոչ միայն պատասխանեց բոլորի հարցերին, այլև ծանոթացրեց մեր կայքին և ասաց, որ երբ Աստվածաշնչի վերաբերյալ որևէ հարց ունենան, միշտ կարող են մտնել այս կայք և ինքնուրույն գտնել դրանց պատասխանները, եթե Վկա չլինի նրանց օգնելու համար։ Շաբաթվա ընթացքում քույրը նկատեց, որ դասընկերները սկսել են քիչ հարցեր տալ։ Երբ հարցրեց, թե ինչ է պատահել, ոմանք ասացին, որ պարբերաբար մտնում են կայք իրենց հեռախոսով և գտնում են՝ ինչ իրենց պետք է։ Նույնիսկ ուսուցիչն է այդպես անում։
ԱՍԻԱ
ԵՐԿՐՆԵՐԸ 48
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4 222 869 785
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 674 608
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 662 736
Կռիվը կանխվեց
Ինդոնեզիայում մի խումբ Վկաներ թաղում գնալիս անցնում էին մի փոքրիկ գյուղի միջով։ Ռահվիրա եղբայրներից մեկը նկատեց փողոցում հավաքված երիտասարդներին և մոտեցավ նրանց։ Մի քիչ խոսելուց հետո տվեց «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը ու շարունակեց ճանապարհը։ Որոշ ժամանակ անց մի քույր տուն գնալիս անցնում էր այդ նույն տեղով։ Մի մարդ, որի ձեռքում «Լսիր և ապրիր» գրքույկն էր, մոտեցավ նրան և շնորհակալություն հայտնեց գրքույկի համար, որ տվել էր իր տղաներին։ «Սա փրկեց նրանց կյանքը»,— ասաց նա։ Քույրը, որը բացարձակապես անտեղյակ էր ամեն ինչից, հարցրեց, թե ինչ է պատահել։ Այդ մարդն ասաց, որ տղաները ծրագրել էին հարձակվել կողքի գյուղի վրա և վրեժ լուծել իրենց ընկերոջը հասցված վիրավորանքի համար (դա տեղի սովորություն էր)։ Սակայն երբ նրանք գրքույկից իմացել էին, որ կռիվ անողները չեն ապրի գալիք դրախտում, խաղաղվել էին, հետ էին կանգնել այդ ծրագրից և գնացել էին իրենց տները։ Փաստորեն, գրքույկում գրված աստվածաշնչյան խոսքերի շնորհիվ կռիվը կանխվել էր։
Տրանսվեստիտը փոփոխություններ արեց
Շաու Կեյ Ուան, Հոնկոնգ։ Քարոզում են մի երիտասարդ կնոջ շուկայում
Ռեկը, որն ապրում է Կամբոջայում, մեծացել է ավանդական ընտանիքում։ Բայց դեռ մանկուց նա և իր զույգ եղբայրը զգում էին, որ իրենք աղջիկ են, ուստի խաղում էին տիկնիկներով ու հագնում աղջկա շորեր։ Նրանց մայրը չգիտեր՝ ինչ անել, ինչպես ստիպել, որ վերջ տան դրան։ Նա միշտ ամոթահար էր լինում։ Տղաները դպրոց էին գնում տղայի հագուստով, բայց երբ տեղ էին հասնում, փոխում էին շորերը՝ հագնվելով աղջկա պես։ 16 տարեկանում զույգերը մասնակցեցին տրանսվեստիտների գեղեցկության մրցույթին, և շոուբիզնեսից որոշ մարդիկ նկատեցին նրանց։ Տղաների առաջ բացվեց հեռուստատեսային զվարճալի հաղորդումներում և կատակերգական տեսաֆիլմերում նկարահանվելու հեռանկարը։ Շատ չանցած՝ Ռեկը սկսեց համասեռամոլի պես ապրել և շփվել տրանսվեստիտների հետ։
Ռեկի մայրը սկսեց եկեղեցի գնալ և ստիպեց, որ նա գնա իր հետ։ Թեև Ռեկը համաձայնվեց տղայի պես հագնվել, սակայն չուզեց մազերը կտրել։ Եկեղեցու հովիվը հաճախ էր նվաստացնում ու ծաղրում Ռեկին։ Չնայած դրան՝ Ռեկը որոշել էր, որ պետք է փորձի ուսումնասիրել Աստվածաշունչը այդ եկեղեցում։ Առաջին անգամ նա վաղ վեր կացավ և հեծանիվով մի քանի կիլոմետր գնաց եկեղեցի հասնելու համար, սակայն հովիվը տրամադրություն չուներ նրան ինչ-որ բան սովորեցնելու։ Իսկ երբ երկրորդ անգամ գնաց, հովիվը նույնիսկ այնտեղ չէր։ Դրանից զզված՝ Ռեկը հրաժարվեց ուսումնասիրելու մտքից։
Սակայն երբ Ռեկը տուն եկավ, նրա եղբայրն ասաց, որ մի կին էր եկել և առաջարկում էր Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։ Նա թողել էր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Զույգ եղբայրները սկսեցին ուսումնասիրել քրոջ և նրա ամուսնու օգնությամբ։ Վեց ամիս անց Ռեկի եղբայրը դադարեցրեց իր ուսումնասիրությունը, քանի որ հասկացավ, որ չի ուզում փոխել իր ապրելակերպը։ Բայց Ռեկը խորապես ըմբռնել էր 1 Կորնթացիներ 6։9, 10 խոսքերի իմաստը, նրա համար պարզ էր, թե ինչ պետք է անի։ Ջանադիր ուսումնասիրելու, Աստվածաշունչ կարդալու, աղոթելու և հանդիպումներին հաճախելու շնորհիվ նա կարողացավ բարեփոխել իր կյանքը։ Ռեկի մայրը նույնպես ուսումնասիրում է և առաջադիմում։ Երբ Ռեկը մկրտվեց, նա արցունքներն աչքերին ասաց. «Այնքան երջանիկ եմ, որ որդիս մկրտվեց։ Նա տղամարդ է դարձել»։ Ռեկն այժմ ռահվիրա է։
Ոգեհարցը փոխեց իր մասնագիտությունը
Օր-Յան ոգեհարց էր, հեքիմ, գուշակ։ Հատուկ ռահվիրա մի զույգ Իսրայելի Հայֆա քաղաքում տնից տուն ծառայության ժամանակ հանդիպեց նրան։ Նա ողջունեց նրանց՝ ասելով. «Թե Աստծու մասին է, համեցեք»։ Նրա տունը լիքն էր ոգեհարցության հետ կապված իրերով։ Կինն ասաց, որ ինքը Աստծուց պատգամներ է ստանում, ու երբեմն էլ դրանք իրեն հայտնում է մի մահացած ռաբբիի «հոգի»։
Նրան դուր եկավ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ուսումնասիրություն սկսելու առաջարկը։ Դրանից երկու օր առաջ նա աղոթել էր Աստծուն, որ իր մոտ ուղարկի մեկին, ով կբացատրի Աստվածաշունչը առանց ռաբունական մեկնությունների։ Մեկ ամիս անց Օր-Յան հարցրեց Վկաներին. «Կա՞ն էլի մարդիկ, որ ձեր հավատից են»։ Նա գնաց ժողով և անչափ տպավորվեց իր հանդեպ դրսևորած սիրով ու ջերմությամբ։ Դրանից հետո նա պարբերաբար գնում է ժողովներին։
«Ընդամենը 2 ամիս ժամանակ ունեք, որ ինձ պատրաստեք մկրտության համար»
Ուսումնասիրություն սկսելուց ընդամենը 2 ամիս անց Օր-Յան հարցրեց գալիք համաժողովի մասին՝ ասելով. «Դա այն համաժողովներից չէ՞, որ մկրտություն է լինում։ Դե ուրեմն, դուք ընդամենը 2 ամիս ժամանակ ունեք, որ ինձ պատրաստեք մկրտության համար»։ Նախ՝ նա դեն նետեց իր բոլոր թանկարժեք ոգեհարցական պիտույքները։ Հետո, թողնելով իր մասնագիտությունը, սկսեց քարոզել՝ առաջարկելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և մեր ամսագրերը իր բոլոր նախկին հաճախորդներին։ Իսկ երբ հիվանդացավ, հրաժարվեց կիրառել իր նախկին բուժման մեթոդները։ Իր գործը թողնելու պատճառով նա մոտ 4 ամիս մնաց առանց որևէ եկամուտի։ Սակայն քանի որ ուզում էր հոգևորը առաջին տեղում դնել, փնտրում էր աշխատանք, որը համապատասխան կլիներ իր «պահանջներին». շաբաթական 4 աշխատանքային օր՝ 6-ական ժամով։ Նա գտավ իր ուզածը։ Հետո ծախեց իր մեծ տունը և մի փոքր բնակարան վարձեց։
Իր ժամանակին Օր-Յան համապատասխանեց մկրտության չափանիշներին, սակայն համաժողովից մի շաբաթ առաջ նա կոտրեց իր ոտքը։ Բայց դա նրան հետ չպահեց։ Օր-Յան մկրտվեց՝ ոտքը գիպսի մեջ։ Այսօր նա եռանդուն քարոզիչ է, քարոզում է իր նախկին հաճախորդներին և Աստվածաշնչի ուսումնասիրություններ է անցկացնում։
Սնոտիապաշտը գտավ ճշմարտությունը
Ֆիլիպինների հեռավոր մի լեռնային բնակավայրում երկու խուլ զույգ եղբայրներ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Նրանք պատկանում էին սնոտիապաշտների մի խմբի, ովքեր հավատում էին, թե ոչ մի զենք իրենց չի վնասի, քանի դեռ կրում են պաշտպանող թալիսմաններ և շարֆեր։ Նրանք սովորել էին մարտնչել դանակներով ու հրազենով և սարերում մասնակցել էին ապստամբ խմբավորումների դեմ մղված շատ կռիվների։ Խմբի անդամները թույլ տվեցին զույգ եղբայրներին ուսումնասիրել Աստվածաշունչը պայմանով, որ Վկաները չեն ստիպի նրանց հեռանալ խմբից։
Վկաները, ինչ խոսք, խրախուսեցին եղբայրներին ինքնուրույն որոշում կայացնել՝ հիմնվելով Աստվածաշնչից ձեռք բերած իրենց գիտելիքների վրա։ Զույգերից մեկը զգաց, որ չի կարող իր կյանքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել Աստծուն ընդունելի կերպով ծառայելու համար։ Մյուս եղբայրը, սակայն, շարունակեց ուսումնասիրությունը։ Նրան ոգևորելու համար Վկան բացեց Աստվածաշունչը և ժեստերի լեզվով ասաց. «Քո անունը, Սամուե՛լ, կա Աստվածաշնչում։ Այս Սամուելը ծառայեց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, մինչև խորին ծերություն։ Դու էլ կարող ես հավատարմորեն ծառայել Եհովային»։ Այս խոսքերը մինչև սրտի խորքը տպավորեցին Սամուելին։ «Եթե իմ անունը կա Աստվածաշնչում,— մտածեց նա,— ուրեմն ես պետք է Եհովայի կողմից լինեմ»։ Նա այդ խմբին տեղեկացրեց, որ հեռանում է լեռներից։ Սամուելը վառեց իր բոլոր թալիսմաններն ու սնոտիապաշտական իրերը և հոգևորապես արագ առաջադիմեց։ Հիմա նա մկրտված է և եռանդորեն օգնում է այլ խուլերի գտնելու ճշմարտությունը։
Փոքրիկը հալածանքներ է կրում
Էրդենեթ, Մոնղոլիա։ Ուսումնասիրություն է անցկացվում հեռավոր տափաստանում ապրող այս կնոջ հետ
Ռաջիվը ապրում է Հնդկաստանի հյուսիսում՝ մի հեռավոր գյուղում։ Երբ 9 տարեկան էր և սովորում էր 4-րդ դասարանում, նրա ուսուցիչը, որը Եհովայի վկա էր, աշակերտներին սովորեցնում էր բարոյական չափանիշներ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքով։ Ռաջիվը ասես կլանում էր ամեն բան և սկսել էր կիրառել իր սովորածը։ Նա ասաց իր ուսուցչին, որ այլևս սուտ չի խոսում և կռիվներ չի անում, իսկ ճաշի ընդմիջման ժամին իր հացը կիսում է նրա հետ, ով ոչինչ չունի։
«Դուք խոնարհեցրիք իմ գլուխը արձանի առաջ, բայց երբեք չեք խոնարհեցնի իմ սիրտը»
Երբ Ռաջիվն իմացավ խոստացված դրախտ երկրի մասին, սկսեց այդ լուրը պատմել բոլորին թե՛ գնացքով ճամփորդելիս և թե՛ իր գյուղում։ Դա իր ծնողներին դուր չեկավ, ու տղային արգելեցին Եհովայի և Հիսուսի մասին խոսել։ Տղան չլռեց։ Ծնողները սկսեցին ծեծել նրան։ Երբ նա տուն էր գալիս դպրոցից, մայրը պահում էր նրա շորերը, որ դուրս չգնա և ուրիշների հետ չխոսի իր վառ հեռանկարի մասին։ Նրանք նույնիսկ արգելեցին փոքրիկին քնել իր անկողնում և սահմանափակեցին նրա ուտելիքը։ Հասկանալով, որ ոչինչ չի օգնում՝ ծնողները կանչեցին մի հոգևորականի։
Հոգևորականը մի քանի օր մնաց նրանց տանը։ Նա ստիպում էր Ռաջիվին խոնարհվել կուռքի առաջ։ Երբ տղան ասաց, որ այդ արձանը ընդամենը քար է, ոչ թե կենդանի Աստված, հոգևորականը պատասխանեց, որ նա պետք է «նայի դրան սրտի աչքերով» ու միայն այդ դեպքում «կտեսնի» Աստծուն արձանի մեջ։ Ռաջիվը վերցրեց մի թուղթ և վրան գրեց «100 ռուփի»։ Տալով այն հոգևորականին՝ խնդրեց դրանով կոնֆետ գնել, իսկ մանրը վերադարձնել։ Հոգևորականը ասաց. «Ես հիմար չեմ, սա ընդամենը թղթի կտոր է»։ «Եթե դուք դրան նայեք ձեր սրտի աչքերով, այս թղթի մեջ իսկական փող կտեսնեք»,— պատասխանեց երեխան։ Զայրացած հոգևորականը, բռնելով տղայի գլուխը, խոնարհեցրեց կուռքի առաջ։ «Դուք խոնարհեցրիք իմ գլուխը արձանի առաջ, բայց երբեք չեք խոնարհեցնի իմ սիրտը»,— ասաց տղան։ Վերջիվերջո հոգևորականը հեռացավ՝ ասելով, որ անհնար է փոխել տղային, ու եթե ինքը շարունակի մնալ, իր հավատն էլ կկորցնի։ Հուսահատ՝ Ռաջիվի ծնողները նրան ուրիշ դպրոց տարան։ Բայց տղան կրկին պատմում է Եհովայի և խոստացված դրախտի մասին ամենքին, ով ուզում է ականջ դնել իր խոսքին։ Հիմա Ռաջիվն արդեն տասը տարեկան է ու շարունակ ապավինում է Եհովային՝ խնդրելով նրան, որ օգնի իր հավատն ամուր պահելու։
Նրա ուզած Աստվածաշունչը
Հայաստանում Լարիսան քարոզում էր գրախանութի վաճառողուհուն, երբ մի կին ներս մտավ և հարցրեց՝ ունեն արդյոք «Նոր աշխարհ» Աստվածաշունչ։ Վաճառողուհին ասաց, որ նման Աստվածաշունչ չունեն, բայց փոխարենը կարող է առաջարկել որևէ այլ հայերեն թարգմանություն։ «Հե՞շտ է հասկացվում»,— հարցրեց կինը։ Վաճառողուհին բացեց, կարդաց մի քանի համար ու ասաց. «Ոնց որ»։ Գնորդին դա չհամոզեց, ու նա ասաց, որ իրեն հենց «Նոր աշխարհ» Աստվածաշունչն է պետք։ Լարիսան այդ պահին հանկարծ հիշեց, որ իր մոտ կա Գիրքը հայերեն։ Նա ցույց տվեց այն կնոջը։ Կինը բացեց և առաջին էջում կարդաց. «Նոր աշխարհ թարգմանություն»։ Ահա՛ նրա ուզած Աստվածաշունչը։
Կինն ասաց, որ իր աղջիկն ու փեսան Հունաստանում են և սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Քանի որ դեռ հունարեն չգիտեն, խնդրել են նրան Հայաստանից հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը բերել։ Քույրը սիրով տվեց Աստվածաշունչը կնոջն ու ասաց. «Նրանց կտաք ու կասեք, որ սա նվեր է Եհովայի կողմից»։ Կինն անչափ ուրախացավ, երբ Լարիսան ասաց, որ կօգնի իրեն, եթե ցանկանա Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կինը տվեց իր հեռախոսահամարը և վերցրեց քրոջինը, որպեսզի երբ վերադառնա Հունաստանից, ուսումնասիրություն սկսեն։
ԵՎՐՈՊԱ
ԵՐԿՐՆԵՐԸ 47
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 738 679 198
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 595 888
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 841 260
Նա վերադարձրեց դրամապանակը
Նինան, որը ռահվիրա քույր է Բոսնիայում, ուսումնասիրում էր մի գնչու ընտանիքի հետ։ Ընտանիքի 10-ամյա աղջիկը մի օր փողոցում գտավ դրամապանակ, որի մեջ կային կրեդիտ քարտեր, շատ փող և որոշ փաստաթղթեր։ Մինչև ուսումնասիրելը նա դա կհամարեր թանկագին նվեր, բայց հիմա այլ էր։ Մոր հետ խոսելուց հետո նա որոշեց այն հանձնել ոստիկանությանը։ Նրա այդ քայլն իրոք տպավորիչ էր, քանի որ այդ աղքատ ընտանիքը նույնիսկ հացի փող չուներ։ Զարմացած ոստիկանին դրամապանակը տալուց հետո երկու ժամ էլ չէր անցել, երբ նրանց զանգեցին ու խնդրեցին վերադառնալ։ Դրամապանակի տերը սպասում էր և ցանկանում էր իր շնորհակալությունը հայտնել։ Նա տվեց նրանց 30 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը երկու օրվա աշխատավարձ էր։
Վերնագիրը գրավել էր նրան
Ջոգվ, Ֆարերյան կղզիներ։ Այս կղզում 2012-ին քարոզիչների բարձրագույն թիվը եղել է 118
Նիհադը, որն ապրում է Բոսնիայում, նոր էր վերջացրել ծառայությունը։ Իր մեքենային մոտենալիս նկատեց դրա կողքին կանգնած մի մարդու։ Երբ Նիհադը բարևեց նրան, տղամարդը ասաց. «Կներեք, ես ձեր մեքենայում մի բաց ամսագիր տեսա, որի մեջ գրված է. «Ինչպիսի՞ն պիտի լինի լավ հայրը»։ Եթե կարելի է, ես կուզեի կարդալ այն։ Արդեն մոտ մեկ ժամ է այստեղ սպասում եմ։ Կարո՞ղ եք այն ինձ տալ»։ Նիհադը ամսագիրը նվիրեց նրան և օգտվելով առիթից՝ վկայություն տվեց։
Բեռնանավի անձնակազմը սփոփանք է գտնում
Մի զույգ Նիդերլանդների Ռոտերդամ նավահանգստում քարոզելիս բարձրացավ մի բեռնանավ, որի անձնակազմը չափազանց անտրամադիր էր։ Գլխավոր ինժեները արցունքն աչքերին ասաց, որ իրենք մի շարք փորձանքների մեջ են ընկել, այդ թվում մի քանի անգամ հազիվ են խուսափել ուրիշ նավերի բախվելուց և իրենց նավն էլ բավականին վնասված է։ Նա խնդրեց. «Աղոթեք մեզ համար»։ Զույգն առաջարկեց աստվածաշնչյան մի քաջալերական ելույթ ներկայացնել անձնակազմի առաջ։ Հաջորդ օրը՝ երեկոյան ժամը յոթին, քարոզիչները ևս երկու զույգի հետ նավ բարձրացան։ 16 հոգանոց անձնակազմի 15 անդամները հավաքվել էին մեկտեղ։ Աղոթքից հետո մի եղբայր ներկայացրեց «Աղետներ. Աստվա՞ծ է պատճառը» ելույթը։ Քանի որ քարոզիչները իրենց հետ շատ Աստվածաշնչեր էին բերել, բոլորը նրանց օգնությամբ կարողացան հետևել սուրբգրային համարներին։ Վերջում՝ աղոթքից հետո, ոչ ոք չշտապեց հեռանալ, և եղբայրների հետ զրույցը շարունակվեց։ Նավաստիները սփոփանք գտան, ինչի համար շնորհակալ էին։ Նրանցից մեկն ասաց. «Սա մեր աղոթքների պատասխանն էր»։ Նրանք վերցրին 20 գիրք, ինչպես նաև Աստվածաշնչեր և այլ հրատարակություններ։ Իսկ նավապետը քարոզիչներին տվեց մի ծրար, որի մեջ կար 200 ԱՄՆ դոլար՝ որպես նվիրաբերություն գրականության համար։
Նա աղոթեց, որ կարողանա օգնել մեկին
Իրենեն, որն ապրում է Շվեդիայում, գրում է. «Ես 80 տարեկան եմ, և առողջական խնդրիս պատճառով չեմ կարողանում դուրս գալ ծառայության։ Ուստի աղոթել եմ Եհովային, որ կարողանամ օգնել որևէ մեկին, ում նախկինում այցելել եմ, և ով հիմա կուզի զրուցել կամ հանդիպել ինձ։
Մի օր մեր հեռախոսը զանգեց, և ամուսինս վերցրեց խոսափողը։ Մի կին ասաց նրան. «Կներեք ինձ, բայց դուք միակ Վկաներն եք, ում կարողացա հիշել։ Կարո՞ղ է ձեր կինը այցելել ինձ։ Ուզում եմ խոսենք Աստվածաշնչից։ Ես ուսումնասիրել եմ 15–20 տարի առաջ, բայց թողեցի, քանի որ ամուսինս, որն արդեն չկա, դեմ էր»։
Ես հիշեցի, որ մի քրոջ հետ գնացել եմ այդ կնոջ տուն, որն իր ուսուցումն էր։ Թեև զարմացել էի, որ նա հենց ինձ էր հիշել, բայցև անչափ ուրախ էի։ Պայմանավորվեցինք հանդիպել։ Այդ օրվանից ամեն շաբաթ մենք ուսումնասիրում ենք։ Նա եկել է Հիշատակի երեկոյին և հատուկ ելույթին։ Նա նաև մասնակցում է ժողովներին։ Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ պատասխանել է իմ աղոթքին»։
Շոկոլադի տեղը նվիրաբերության արկղը չէր
Ութամյա Սերջիոն, որն ապրում է Իտալիայում, ուզում էր ցույց տալ երեցներին, որ ինքը պատրաստ է քարոզիչ դառնալու։ Մի օր նա հոր հետ էր, որը գործով գնացել էր 70-ն անց մի զույգի տուն, որտեղ հայրը պետք է նորոգեր դռան փականը։ Սերջիոն երկու ամսագիր էր վերցրել իր հետ։ Նա պատմում է. «Մինչ հայրս աշխատում էր, ես ամսագրերն առաջարկեցի պապիկին, որը անակնկալի եկած կանչեց տատիկին և ցույց տվեց դրանք։ Հետո ես ինձ մոտ նշեցի նրանց անունը, հասցեն և հեռախոսահամարը, որպեսզի նորից այցելեմ նրանց։ Տատիկը այդ բոլոր տվյալները ասաց ինձ և վերջում տվեց մի մեծ շոկոլադե սալիկ»։ Մի քանի օրից Սերջիոն երեցներից մեկի հետ գնաց նրանց վերայցելելու։ Երբ տղան սեղմեց զանգի կոճակը, դուռը բացեց կինը։ Սերջիոն ասաց, որ ուզում է նրանց տալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Կինը ուրախությամբ վերցրեց այն և նրան կրկին շոկոլադե սալիկ տվեց։ «Շոկոլադը չէի կարող նվիրաբերության արկղի մեջ գցել, դրա համար էլ կերա այն,— ասաց Սերջիոն և ավելացրեց,— Վերջապես երեցները հասկացան, թե ինչքան շատ եմ ուզում քարոզիչ դառնալ»։
Հոգևորականն ուզում էր ավելին իմանալ
Սիմեոնը հոգևորական էր և ծառայում էր Բուլղարիայի Գուրկովո փոքր քաղաքի մի եկեղեցում։ Այնտեղ վկաներ չկային։ Աստվածաշունչը կարդալիս նա հասկացավ, որ Սուրբ Գրքում գրվածը և եկեղեցու սովորեցրածը լրիվ տարբեր բաներ են։ Մի օր գնացքով ճամփորդելիս նրան տվեցին մեր ամսագրերից։ Սիմեոնը անչափ տպավորվել էր՝ իմանալով, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է և որ Երրորդություն չկա։ Քանի որ ուզում էր ավելին իմանալ, նա գրեց ոչ միայն մեր մասնաճյուղին, այլև իր իմացած բոլոր եկեղեցիներին։ Նրան միայն մի եկեղեցի պատասխանեց՝ խորհուրդ տալով, որ «նման հիմարությունների» մասին չմտածի։ Իսկ մասնաճյուղը հոգ տարավ, որ երկու Վկա մոտ 35 կիլոմետր հեռու Կազանլիկ քաղաքից այցելի նրան։ Վկաները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Սիմեոնի և նրա ընտանիքի հետ։ Սիմեոնը հիանում էր իր սովորածով և ուսումնասիրությանը հրավիրում էր նաև իր հարևաններին ու ընկերներին։ Շուտով 25 հոգի ամեն շաբաթ պարբերաբար գալիս էր նրանց տուն։ Մի անգամ, երբ նրա հարևաններից մի 75-ամյա կին ներկա եղավ Աստվածաշնչի ուսումնասիրությանը, արցունքն աչքերին ասաց. «Ես այս մի ժամում ավելի շատ բան հասկացա, քան այն 30 տարիների ընթացքում, որ գնում էի եկեղեցի»։ Այսօր արդեն ամեն ամիս, երբ Կազանլիկից եղբայրները այստեղ ժողովներ են անցկացնում, հանդիպմանը ներկա է լինում մոտ 60 հոգի, իսկ Հիշատակի երեկոյին եկել էր 79 մարդ։
«Այս մի ժամում ավելի շատ բան հասկացա, քան այն 30 տարիների ընթացքում, որ գնում էի եկեղեցի»
«Երբեք չթողնես կյանքի այդ ճանապարհը»
Վալյան՝ մեր 15-ամյա քույրը Ուկրանիայից, մի օր տեսավ, որ իր ուսուցչուհին սև է հագել, ու նկատեց, որ նա լաց է եղել։ Երբ իմացավ, որ նրա մայրն է մահացել, աղջիկը որոշեց մխիթարել ուսուցչուհուն հարության հույսով։ Նա վերցրեց մի Աստվածաշունչ, «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկները ու որոշեց, որ դասերից հետո կմոտենա ուսուցչուհուն։ Վալյան ասում է. «Երբ դռան առաջ սպասում էի, շատ լարված էի։ Աղոթեցի Եհովային, որ օգնի ինձ»։
Երբ աղջիկը ներս մտավ, ուսուցչուհին հարցրեց. «Հը՞, ի՞նչ ես ուզում»։
«Ուզում եմ ասել, որ գիտեմ, թե ինչ եք զգում, և ուզում եմ մխիթարել ձեզ։ Մի քանի տարի առաջ մահացել է իմ պապիկը»։
Կախեթի, Վրաստան։ Քարոզում են խաղողի այգում
Վալյայի ուշադրությունը հուզեց ուսուցչուհուն։ Արցունքները սրբելով՝ նա ասաց, որ իր հարազատներից և կոլեգաներից ոչ ոք այդպիսի կարեկից խոսքեր չի ասել իրեն։ Աղջիկը նրա համար կարդաց Հայտնություն 21։3, 4 համարները և բացատրեց։ Ուսուցչուհին վերցրեց գրքույկներն ու ասաց. «Դու նման չես մյուս աշակերտներին»։
Վալյան պատասխանեց. «Ես աշխատում եմ կարդալ և կիրառել Աստվածաշնչի խորհուրդները, ինչպես նաև լսում եմ ծնողներիս»։
Ուսուցչուհու խնդրանքով Վալյան նրա համար բերեց մի Աստվածաշունչ և «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ուսուցչուհին կրկին շնորհակալություն հայտնեց աղջկան՝ ասելով. «Քո կրոնը ճշմարիտ կրոն է, և դու լավ ծնողներ ունես, որոնք սովորեցնում են քեզ այն, ինչ ճիշտ է։ Խնդրում եմ, երբեք չթողնես կյանքի այդ ճանապարհը»։
Նա սխալ համար էր հավաքել
2011-ին Հունաստանի Մալակասա քաղաքում անցկացվող մարզային համաժողովի առաջին օրն էր։ Նատալին իր բջջայինով զանգեց հորը՝ իմանալու, թե որ ավտոբուսն է հասնում անցկացման վայր։ Սակայն սխալմամբ ուրիշ համար հավաքեց, ու ոչ ոք չվերցրեց։ Քիչ անց, երբ ծրագիրն արդեն սկսվել էր, անծանոթը, ում զանգել էր նա, հետ զանգեց։ Նատալին, որը մտածում էր, թե անջատել է հեռախոսը, հանկարծակիի եկավ և անջատելու փոխարեն՝ միացրեց կապը։ Արդյունքում՝ անծանոթը լսեց նախագահողի ելույթից մի հատված։ Այն շարժեց նրա հետաքրքրությունը։
Հետո անծանոթը մի տեքստային հաղորդագրություն ուղարկեց՝ հարցնելով. «Ո՞վ ես դու։ Քահանա՞ ես»։ Ընդմիջման ժամանակ Նատալին տեսավ հաղորդագրությունն ու պատասխանեց դրան. «Քահանա չեմ։ Ես Եհովայի վկա եմ և գտնվում եմ համաժողովի վայրում»։
Փիթընուիմ, Շոտլանդիա։ Քարոզում են նավահանգստում
Շաբաթ օրը անծանոթ տղամարդը կրկին զանգեց՝ իմանալու, թե համաժողովը դեռ շարունակվում է։ Նատալիի հայրը նրան վկայություն տվեց, որից հետո տղամարդը խոստովանեց. «Այդ մի քանի րոպեների ընթացքում հեռախոսով ելույթը լսելիս ես ստացա ինձ անհանգստացնող հարցերից շատերի պատասխանը»։ Պարզվեց, որ նրա ընտանիքը ենթարկվում է դիվային հարձակումների, և նրանք չգիտեն՝ ովքեր են այդ ոգիները և ինչու է նման բան լինում իրենց հետ։ Նա ավելացրեց. «Ես միշտ հրաժարվել եմ խոսել Վկաների հետ, բայց հիմա, եթե կարելի է, կցանկանայի խոսել այն մարդու հետ, ով ներկայացնում էր այդ ելույթը»։
Ինչ խոսք, կարելի էր։ Կիրակի օրը տղամարդը եկավ համաժողով։ Նա ապշած էր. կոկիկ հագնված ընտանիքներ, երջանիկ դեմքեր, ոչ մի աղբ գետնին, ոչ մի անվայել խոսք և ոչ մի ծխող մարդ։ «Հավատս չի գալիս, որ նման մարդիկ կան այս աշխարհում,— ասաց նա։— Թվում է՝ ուրիշ մոլորակ եմ ընկել»։ Նատալիի հայրը նրան ուղեկցեց նախագահողի մոտ։ Թե՛ համաժողովը և թե՛ իր հարցերին տրված գոհացուցիչ պատասխանները տպավորել էին տղամարդուն։ Նա վերցրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, մի Աստվածաշունչ և մի քանի ամսագրեր։ Եղբայրները պայմանավորվեցին կրկին հանդիպել նրան։
ՕՎԿԻԱՆԻԱ
ԵՐԿՐՆԵՐԸ 29
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 38 495 300
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 94 924
ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 59 431
«Իմ լսած ամենագեղեցիկ երգն է»
Սամոային պատկանող Սավայի կղզում սովորաբար դպրոցում օրը սկսվում է նրանով, որ բոլոր աշակերտները հավաքվում են միասին ու երգում հիմնը։ Բայց 5 տարեկան Սելինան և 6 տարեկան Լևայը ամենայն հարգանքով տնօրենին ասացին, որ իրենք չեն կարող միանալ աշակերտներին, քանի որ Եհովայի վկաներ են։ Նման հանդուգն արարքը կարող էր խստորեն պատժվել։ Սակայն տնօրենը, կարծելով, թե երեխաներին ամաչեցնելով կկարողանա ստիպել նրանց երգել հիմնը, ասաց. «Դե, եթե չեք ուզում մեր հիմնը երգել, երգեք ձեր երգերից մեկը»։ Սելինան ու Լևայը սկսեցին երգել 111-րդ համարի երգը՝ «Նա կկանչի», որը վերջերս էին սովորել ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ։ Երբ վերջացրին, տնօրենը թաց աչքերով ասաց. «Սա իմ լսած ամենագեղեցիկ երգն է։ Խնդրում եմ, մի անգամ էլ երգեք»։ Երեխաները նորից երգեցին։ Տնօրենն ասաց. «Այսուհետ ես կխնդրեմ, որ դուք ձեր երգերը երգեք, ոչ թե մերը»։
«Այսուհետ ես կխնդրեմ, որ դուք ձեր երգերը երգեք, ոչ թե մերը»
Ողջ կյանքում Հիսուսին էր աղոթել
Թիմոր Լեստե։ Պատերազմներից բզկտված երկրում քարոզիչների 9 տոկոս աճ է գրանցվել
Մի հոգևորական, որը Ֆիջիի եկեղեցիներից մեկում էր ծառայում, որոշեց ներկա լինել մի ուսումնասիրողի հետ անցկացվող հանդիպմանը։ Ուսումնասիրության ժամանակ նա իմացավ, որ Հիսուսը Աստված չէ։ Դա այնքան անհանգստացրեց նրան, որ գիշերը քունը փախավ։ Նրա վիճակը տեսնելով՝ կինն ասաց. «Էլ չգնաս նրանց մոտ»։ Բայց հոգևորականին այդ միտքը հանգիստ չէր տալիս։ Հաջորդ շաբաթ նա նորից գնաց ուսումնասիրությունը լսելու։ Դրանից ընդամենը օրեր անց, երբ ինքը դեռ չէր էլ սկսել ուսումնասիրել, գնաց եկեղեցի և դուրս եկավ աշխատանքից։ Նրա բարեկամների և մյուս եկեղեցականների համար այդ քայլը շատ անսպասելի էր։ Նրանք բարկացել էին, քանի որ ոչ միայն եկեղեցին էր թողնում, այլև լավ վարձատրվող աշխատանքը։ Ճիշտ է, Աստվածաշնչից նա պարզ հասկացել էր, թե ով է Հիսուսը, սակայն քանի որ ողջ կյանքում աղոթել էր Հիսուսին, նրա համար դժվար էր աղոթել Եհովային։ Ամիսներ անց միայն նա կարողացավ աղոթել Եհովային։ Հիմա նա քարոզում է բարի լուրն ու օգնում է մարդկանց ճանաչելու և սիրելու Եհովային։
Ճշմարտությունը ծաղկում է փոքրիկ համայնքում
Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Մակատեա կղզում ապրում են ընդամենը 62 հոգի։ Այս կղզին մտնում է այն տարածքի մեջ, որի մասին հոգ է տանում Թաիթիում գտնվող Եհովայի վկաների մի ժողով։ Նրանք հեռախոսով Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում կղզու 9 բնակիչների հետ։ Մոտ 15 հոգի էլ հավաքվում է ուսուցումներից մեկի տանը՝ լսելու Թաիթիում անցկացվող ժողովի հանդիպումները։ Ուսուցումներից մեկը մի երիտասարդ կին է, որը համարվում էր իր եկեղեցու սյուներից մեկը և պետք է ձեռնադրվեր որպես սարկավագուհի։ Վերջերս նա գնացել էր իր եկեղեցի, ասելու, թե ինչու էլ չի գնում պատարագներին։ Նա ցույց էր տվել Աստվածաշնչից, թե ինչու կինը չպետք է ուսուցանի ժողովում։ Նաև բացատրել էր Հիսուս Քրիստոսի դերը և Տիրոջ ընթրիքի նշանակությունը, որը պետք է նշվի տարին մեկ անգամ և ոչ թե ամեն կիրակի։ Բացի դրանից, բացատրել էր, որ միայն 144000 հոգի է Քրիստոսի հետ երկնքում լինելու և միայն նրանք կարող են խորհրդանիշներից օգտվել։ Այդ կնոջ օրինակին հետևելով՝ մեկ ուրիշ կին նույնպես թողեց եկեղեցին և հիմա կանոնավորաբար ուսումնասիրում է Աստվածաշունչը։
Ընտանիքն ընդունեց հրավերը
Սողոմոնի կղզիներում երկու երեցներ ոչ ակտիվ քարոզիչներին հրավիրում էին Հիշատակի երեկոյին։ Նրանք հանդիպեցին նաև Ջոշուային, որը ժողով չէր գալիս 1998-ից ի վեր։ Իր ընտանիքի 20 անդամների հետ Ջոշուան ոտքով 2 ժամ ճանապարհ գնաց՝ ներկա լինելու համար այդ երեկոյին։ Ժողովի կողմից ջերմ ընդունելությունը մինչև սրտի խորքը հուզեց նրան։ Ընտանիքի անդամներից շատերը եկան նաև հատուկ ելույթին և վերջում երեցներին ասացին, որ ուզում են Աստվածաշունչ ուսումնասիրել։ 15 հոգու հետ ուսումնասիրություն սկսվեց։
Նա գիտեր պատասխանը
Գուամի մասնաճյուղի տարածքի մեջ մտնում են 1000 կղզիներ, որոնցից ավելի քան 100-ն են բնակեցված։ Սակայն դրանցից միայն 13-ն են որևէ ժողովի մոտիկ գտնվում։ Քանի որ շատ կղզիներում Եհովայի վկաները երբեք չեն եղել, եղբայրները փորձում են տարբեր կերպերով բարի լուրը հասցնել նրանց։ 2012-ի ապրիլին մի խումբ քարոզիչներ առագաստանավով ուղևորվեցին Պոլոուատ, որը ամենահեռավոր կղզիներից է։ Պոլոուատը գրեթե կտրված է արտաքին աշխարհից։ Տղամարդիկ հագնում են միայն ազդրաշոր, նավակ են սարքում՝ փորելով ծառի խոշոր կոճղերը և սնվում են իրենց աճեցրած բերքով։
Քարոզիչներից մեկը տեղացի մի երիտասարդի հարցրեց. «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդը մահանում է»։
«Ես գիտեմ պատասխանը»,— ոգևորված ասաց տղան։ Հետո վեր ցատկեց տեղից, դարակից վերցրեց «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը, որը տրուկ լեզվով էր, և բացեց բովանդակությունը։ Ցույց տալով 8-րդ գլխի վերնագիրը՝ «Ի՞նչ է լինում մահից հետո»՝ նա եռանդով սկսեց բացատրել, թե ինչ է իմացել այդ մասին գրքից։
Բայց որտեղի՞ց իրեն այդ գիրքը։ 2009-ին կենտրոնական կղզում՝ Չուուկում, քարոզիչները նավամատույցներում խոսել էին հեռավոր կղզիներ ճամփորդող մարդկանց հետ և նրանց բաժանել էին «Հավիտյան ապրել» գիրքը։ Պոլոուատ գնացողներից մեկը համաձայնվել էր մի արկղ այս գրքից վերցնել իր հետ և բաժանել իր հարևաններին, որոնցից մեկն էլ այդ երիտասարդն էր։
Պոլոուատից մեկնելուց առաջ եղբայրները մի քանի անգամ էլ հանդիպեցին երիտասարդին՝ նրան քաջալերելու և ցույց տալու համար, թե ինչպես կարող է ինքնուրույն ուսումնասիրել։ Նրանք սովորեցրին ինչպես բացել սուրբգրային համարները և գրքի լուսանցքներում նշել գլխավոր մտքերը։
Որքա՜ն հաճելի է իմանալ, որ նույնիսկ հեռավոր կղզիներում, որտեղ չկա հեռուստացույց, ռադիո, լրագիր կամ ինտերնետ, մեր գրականությունն օգնում է մարդկանց իմանալու ճշմարտությունը իրենց մայրենի լեզվով։
Երեք փամփուշտ, երեք պատճառ
Աննան քսանն անց չմկրտված քարոզիչ էր, երբ Բուգենվիլի քաղաքացիական պատերազմը ավելի սրվեց Պապուա Նոր Գվինեայում։ 1991-ին նա Արաուա ժողովի 6 չափահասներից և 7 երեխաներից բաղկացած Վկաների փոքրիկ խմբում էր, ովքեր ստիպված շատ քիչ իրերով փախան ջունգլիներում թաքնվելու։ Երկու տարի նրանք ապրեցին լքված տներում։ Թեև հազիվ էին ուտելիք հայթայթում, սակայն անցկացնում էին ժողովի հանդիպումները՝ օգտագործելով իրենց ունեցած երկու գրքերը՝ Աննայի Աստվածաշունչը և «Միացած՝ միակ ճշմարիտ Աստծու պաշտամունքի մեջ» գիրքը։ Նրանք աղոթում էին միասին, երգում էին թագավորության երգերը և քարոզում էին իրենց հանդիպած մարդկանց։
Հեղափոխական բանակի զինվորները գտան նրանց։ Սկզբում նրանք ուզում էին, որ երկու եղբայրները միանան իրենց, սակայն հարգելով նրանց բռնած չեզոք դիրքը՝ հանգիստ թողեցին եղբայրներին։ Զինվորներից մեկը մի օր Աննային ցույց տվեց երեք փամփուշտ ու ասաց. «Ամուսնացիր ինձ հետ, թե չէ կսպանեմ»։ Աղջիկը յուրաքանչյուր փամփուշտի համար մի պատճառ նշեց, թե ինչու չի կարող ամուսնանալ նրա հետ։ Գլխավոր պատճառն այն էր, որ Աստվածաշունչը հորդորում է ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթ. 7։39)։ Տղան լուռ հեռացավ։
«Ոչինչ չի կարող կանգնեցնել Եհովայի գործը, նույնիսկ պատերազմը»
2012-ին լսելով, որ Արաուայում քարոզիչների մեծ կարիք կա՝ Աննան, որը հիմա արդեն ընդհանուր ռահվիրա է, քույրերից մեկի՝ իր ռահվիրա համագործակցի հետ՝ վերադարձավ այնտեղ օգնելու համար խումբ հիմնել։ Նրան հարցրին՝ արդյոք նրա համար դժվար չէ վերադառնալ այնտեղ, որտեղ կոտորած ու արհավիրք է տեսել, և այդքան դժվարություններ է կրել պատերազմի տարիներին։ «Ես միայն ուրախ եմ,— պատասխանեց նա,— քանի որ ոչինչ չի կարող կանգնեցնել Եհովայի գործը, նույնիսկ պատերազմը»։
Քինգստոն, Նորֆոլկ կղզի։ Քարոզում են կենտրոնական փողոցում՝ Քուոլիթի Ռոյում