Ahmad Gharabli/AFP via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Կլիմայական անդունդի եզրին. ազգերը կմիավորվե՞ն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2022 թ. նոյեմբերի 20-ին՝ կիրակի, ավարտվեց Միավորված ազգերի կազմակերպության՝ Կլիմայի փոփոխության մասին 27-րդ համաժողովը (COP27)։ Թեպետ կողմերը համաձայնեցին կլիմայական աղետները հաղթահարելու նպատակով ֆինանսապես աջակցել խոցելի երկրներին, սակայն շատերն այն համոզման են, որ դա արմատապես չի լուծի խնդիրը։
«Ես ողջունում եմ կորուստներն ու վնասները ծածկելու նպատակով ֆոնդ ստեղծելու որոշումը։ Բայց հստակ է, որ միայն դա բավական չէ.... Մեր երկրագունդը դեռևս շտապ օգնության սենյակում է» (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, նոյեմբերի 19, 2022)։
«Աշխարհը շարունակում է քայլել անդունդի եզրով» (Մերի Ռոբինսոն, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, նոյեմբերի 20, 2022)։
Պատանիներն ու երիտասարդները հատկապես մտահոգված են մեր մոլորակի ապագայով։ Արդյոք երկրների ղեկավարներին կհաջողվի՞ համագործակցել և պահել կլիմայական փոփոխության դեմ պայքարելու մասին իրենց խոստումները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Ազգերը կկարողանա՞ն միավորվել և հաջողության հասնել
Աստվածաշունչն ասում է, որ չնայած անկեղծ ու զգալի ջանքերին՝ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում կառավարությունները սահմանափակ ձեռքբերումներ կունենան։ Ահա երկու պատճառ.
«Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել» (Ժողովող 1։15)։
Նշանակությունը: Կառավարությունների գործողությունները սահմանափակ են, քանի որ մարդիկ չեն ստեղծվել իրար ղեկավարելու ունակությամբ (Երեմիա 10։23)։ Նույնիսկ եթե ազգերին հաջողվի միավորվել, որքան էլ մեծ ջանքեր գործադրեն, միևնույն է, ունակ չեն լինի լուծել գլոբալ խնդիրները։
«Որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... համաձայնության չեկող» (2 Տիմոթեոս 3։2, 3)։
Նշանակությունը: Աստվածաշնչում ճշգրտորեն կանխագուշակված է, որ մեր օրերում շատերը կլինեն եսասեր ու չեն ցանկանա համագործակցել՝ ի նպաստ համընդհանուր շահի։
Լավագույն հանգուցալուծումը
Այդուհանդերձ, մեր մոլորակի ապագան մարդկային կառավարությունների ձեռքում չէ։ Աստված որոշել է աշխարհի կառավարումը վստահել մի ընդունակ Ղեկավարի՝ Հիսուս Քրիստոսին։ Աստվածաշնչում նրա մասին հետևյալն է ասվում.
«Իշխանությունը նրա ուսերին կլինի։ Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու, Հզոր Աստված, Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայիա 9։6)։
Հիսուսը Աստծու Թագավորության Թագավորն է. դա երկնային կառավարություն է (Մատթեոս 6։10)։ Հիսուսն ունի թե՛ զորություն, թե՛ իմաստություն և թե՛ ցանկություն՝ հոգ տանելու մեր մոլորակի և դրա բնակիչների մասին (Սաղմոս 72։12, 16)։ Նրա ղեկավարության ներքո այս երկնային կառավարությունը կդադարեցնի նրանց գործունեությունը, ովքեր «կործանում են երկիրը», և կվերականգնի շրջակա միջավայրը (Հայտնություն 11։18; Եսայիա 35։1, 7)։
Կլիմայական փոփոխության լավագույն հանգուցալուծման մասին ավելին իմանալու համար, կարդացեք «Կլիմայական փոփոխություններն ու մեր ապագան։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը» հոդվածը։