hadynyah/E+ via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Պարենային գլոբալ ճգնաժամ՝ պատերազմի և կլիմայի փոփոխության հետևանքով։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ուկրաինայի պատերազմը, կլիմայի փոփոխության հետևանքների հետ մեկտեղ, շարունակում է մեծ վնասներ հասցնել պարենի համաշխարհային պաշարներին: Սա հատկապես անդրադառնում է զարգացող երկրների վրա, որտեղ շատերը մեծ դժվարությամբ են բավարար քանակությամբ սնունդ հայթայթում։
«Սննդի արտադրությունն ու հասանելիությունը խաթարվում է հակամարտությունների, կլիմայի փոփոխության, էներգիայի սակագների և այլնի պատճառով» (Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, հուլիսի 17, 2023)։
«Փորձագետների կանխատեսմամբ՝ հացահատիկի արտահանման համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալը կխորացնի պարենային անվտանգության համաշխարհային ճգնաժամը և կհանգեցնի ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ հատկապես Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, պարենային ապրանքների բարձր գնաճի» (Atalayar.com, հուլիսի 23, 2023)
Նկատի առեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում պարենային ճգնաժամի և ապագայի մասին։
Աստվածաշնչում սովեր են կանխագուշակված
Հիսուսը մարգարեացավ. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում նկարագրվում են խորհրդանշական ձիավորներ։ Նրանցից մեկը ներկայացնում է պատերազմները։ Այդ ձիավորին հաջորդում է սով ներկայացնող ձիավոր՝ մատնանշելով մի ժամանակաշրջան, երբ սննդամթերքը սուղ կլինի և կվաճառվի չափազանց բարձր գներով։ «Տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք ուներ իր ձեռքում։ Եվ մի ձայն լսեցի.... որն ասում էր. «Մի կապիճ ցորենը՝ մեկ դինար, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»» (Հայտնություն 6։5, 6)։
Սովերի մասին այս մարգարեությունները կատարվում են մեր օրերում, որոնք Աստվածաշնչում կոչվում են «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1)։ «Վերջին օրերի» և «Հայտնություն» գրքի չորս ձիավորների մասին ավելին իմանալու համար դիտեք «1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է» տեսանյութը և կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը։
Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել
Աստվածաշնչում գործնական խորհուրդներ կան, որոնց շնորհիվ կարող ենք դիմանալ դժվար հանգամանքների ներքո, այդ թվում՝ սննդամթերքի գնաճի և անգամ պարենային ճգնաժամի։ Որոշ խորհուրդներ կարող եք գտնել «Ինչպե՞ս ապրել քիչ գումարով» հոդվածում։
Աստվածաշունչը նաև հույս է տալիս, որ բարեփոխումներ են լինելու։ Այն խոստանում է, որ կգա մի ժամանակ, երբ «ցորենի առատություն կլինի երկրի վրա», և ոչ ոք սննդի պակաս չի ունենա (Սաղմոս 72։16)։ Ավելին իմացեք այս հույսի և դրան վստահելու հիմքերի մասին՝ ընթերցելով «Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն» հոդվածը։