fcafotodigital/E+ via Getty Images
Վեգան կենսակերպ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է նկատվում վեգանիզմի հանդեպ։
«Վեգանիզմը փիլիսոփայություն է և կենսակերպ, որը միտված է հնարավորության և իրատեսության սահմաններում բացառել կենդանիների շահագործման և նրանց հանդեպ դրսևորվող դաժանության բոլոր տեսակները՝ լինի սնունդ, հագուստ կամ այլ բան ստանալու նպատակով» (Վեգանների միություն)։
Կենդանիների մասին մտահոգված լինելուց բացի՝ ոմանք վեգան կենսակերպ են վարում էկոլոգիական, առողջական կամ կրոնական նկատառումներով։
«Ի տարբերություն սննդակարգերի մեծ մասի՝ վեգանիզմը ավելի հաճախ համարվում է փիլիսոփայական աշխարհայացք, բարոյական ընտրություն կամ անհատական գործունեության տեսակ, որի նպատակն է գլոբալ բարեփոխումներ անել» («Britannica Academic» հանրագիտարան)։
Արդյոք վեգանիզմը կարո՞ղ է պայծառ ապագա ապահովել մեր մոլորակի համար։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Ստեղծչի տեսակետը մարդկանց և կենդանիների վերաբերյալ
Աստվածաշնչից իմանում ենք, որ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված,a մարդկանց կենդանիներից ավելի բարձր է համարում և նրանց վրա իշխելու իրավունք է տվել (Ծննդոց 1։27, 28)։ Ժամանակի ընթացքում Աստված թույլ է տվել օգտագործել կենդանիներին որպես սնունդ (Ծննդոց 9։3)։ Այդուհանդերձ, նա դատապարտում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը (Առակներ 12։10)։
Համաձայն Աստվածաշնչի՝ միս ուտելը կամ չուտելը անձնական որոշման հարց է։b Այս հարցի հետ կապված մեր ընտրությունը Աստծու աչքում մեզ ավելի լավը չի դարձնում (1 Կորնթացիներ 8։8)։ Ոչ ոք չպետք է քննադատի մեկ ուրիշի որոշումը՝ կապված սննդի ընտրության հետ (Հռոմեացիներ 14։3)։
Պայծառ ապագայի հույս
Աստվածաշնչից պարզ է դառնում, որ մեր ընտրած կենսակերպը չի կարող լուծել համաշխարհային խնդիրները։ Դրանցից շատերի արմատը այս աշխարհի քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի մեջ է, որոնք ենթակա չեն բարեփոխման։ Աստվածաշնչում ասվում է.
«Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել» (Ժողովող 1։15)։
Մեր Ստեղծիչը լուծելու է մերօրյա խնդիրները։ Աստվածաշունչը փոխաբերական լեզվով նկարագրում է, թե նա ինչ է անելու։
«Տեսա մի նոր երկինք ու մի նոր երկիր, քանի որ նախկին երկինքն ու երկիրը անցան, և ծովն այլևս չկար» (Հայտնություն 21։1)։
Աստված մարդկային կառավարությունները՝ «նախկին երկինքը», փոխարինելու է «նոր երկնքով»՝ իր երկնային Թագավորությամբ։ Այդ Թագավորությունը վերացնելու է «նախկին երկիրը»՝ չար մարդկանց, և իշխելու է «նոր երկրի» վրա՝ այն մարդկանց, ովքեր հոժարակամորեն կհպատակվեն իր իշխանությանը։
Միմիայն Աստծու Թագավորության ներքո մարդիկ կսովորեն, թե ինչպես կատարյալ ներդաշնակության մեջ բնակվել կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի հետ (Եսայիա 11։6-9)։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։
b Աստվածաշունչը պատվիրում է մեզ «հեռու մնալ.... արյունից» (Գործեր 15։28, 29)։ Դա նշանակում է, որ չպետք է արյուն խմենք կամ ուտենք այնպիսի միս, որից արյունը, ինչպես հարկն է, չի թափվել։ Ոչ էլ պետք է այնպիսի սնունդ օգտագործենք, որին արյուն է ավելացվել։