Anton Petrus/Moment via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Համաշխարհային պատերազմն անխուսափելի՞ է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Վերջին 30 տարիներին շատերն այն համոզման են եղել, որ միջազգային հարաբերությունները կայունացել են և նույնիսկ բարելավվում են։ Սակայն վերջերս տեղի ունեցած դեպքերը ճիշտ հակառակն են հուշում։
«Լիբանանի սահմանին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները ահազանգում են, որ Գազայի պատերազմը կարող է ընդլայնվել» («Ռոյթերս», հունվարի 6, 2024)։
«Իրանի ղեկավարած խմբավորումների հարձակումները տարբեր շահեկան դիրքերից և դրա միջուկային ծրագրի հանկարծակի վերսկսումը նոր սպառնալիք են Արևմուտքի համար՝ այս անգամ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությամբ» (The New York Times, հունվարի 7, 2024)։
«Ռուսաստանը շարունակում է կործանարար հարվածներ հասցնել Ուկրաինային» (UN News, հունվարի 11, 2024)։
«Չինաստանի՝ տնտեսական և ռազմական ներուժի աճը, Թայվանի՝ ազգային ինքնության գիտակցման ամրապնդումը, ինչպես նաև Պեկինի և Վաշինգտոնի լարված հարաբերությունները բախումների սրման նախադրյալներ են» (The Japan Times, հունվարի 9, 2024)
Աստվածաշնչում որևէ բան նշվա՞ծ է ներկայիս միջազգային անկայունության մասին։ Դա կհանգեցնի՞ համաշխարհային պատերազմի։
Աստվածաշնչում կանխագուշակված են մերօրյա դեպքերը
Թեև Աստվածաշնչում կանխագուշակված չէ ներկայիս որևէ կոնկրետ պատերազմ, սակայն այնտեղ ասվում է, որ մեր օրերում լայնատարած պատերազմներ կլինեն, և «խաղաղությունը կվերցվի երկրից» (Հայտնություն 6։4)։
«Դանիել» գրքում կանխագուշակվել է, որ «վերջի ժամանակում» աշխարհակալ մրցակից ուժերը «կզարկվեն»՝ իրար դեմ կկռվեն գերիշխող դիրք ունենալու համար։ Այդ պայքարը ներառում է ռազմական ուժ ցուցադրելը և «գանձեր»՝ հսկայական ֆինանսներ, ծախսելը (Դանիել 11։40, 42, 43)։
Մոտալուտ պատերազմ
Աստվածաշնչում նշված է, որ բարեփոխումներից առաջ վատթարացում է սպասվում։ Հիսուսը կանխագուշակել է, որ «մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից» (Մատթեոս 24։21)։ Այդ «մեծ նեղության» գագաթնակետը կլինի Արմագեդոն պատերազմը, որը նկարագրվում է որպես «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ» (Հայտնություն 16։14, 16)։
Սակայն Արմագեդոնը կփրկի մարդկությանը, ոչ թե կոչնչացնի։ Այդ պատերազմի միջոցով Աստված վերջ կդնի մարդկային իշխանությանը, որն անհաշիվ ու կործանարար պատերազմներ է պատճառել։ Պարզեք, թե Արմագեդոնն ինչպես հարատև խաղաղություն կհաստատի՝ ընթերցելով ստորև նշված հոդվածները։