Ազատազրկված՝ հավատի համար—Էրիթրեա
Արդեն երկար տարիներ է, ինչ Էրիթրեայի կառավարությունը ձերբակալում և ազատազրկում է Եհովայի վկաներին, այդ թվում՝ կանանց ու տարեցներին, առանց պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կամ դատաքննություն անցկացնելու։ Նախագահ Աֆվերկին 1994 թ. հոկտեմբերի 25-ի նախագահական հրամանով Վկաներին զրկեց քաղաքացիությունից, քանի որ նրանք չէին քվեարկել 1993 թ. անկախության հանրաքվեում և հրաժարվում են զինծառայությունից։ Նախքան պարտադիր զինծառայության մասին օրենքը Էրիթրեայի իշխանությունները տրամադրում էին այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։ Տարբեր վարչակարգերի ղեկավարման ներքո բազմաթիվ Վկաներ մասնակցել են այս ծառայությանը։ Իշխանությունները շարունակաբար տալիս էին «Ծառայությունը ավարտելու մասին վկայական» և հաճախ գովում այդ ծառայության մասնակիցներին։ Սակայն նախագահի հրամանի հիման վրա անվտանգության ուժերը ազատազրկել, հալածել և կտտանքների են ենթարկել Եհովայի վկաներին, որպեսզի ստիպեն նրանց հրաժարվել իրենց հավատից։
Այս պահին 64 Եհովայի վկաներ դեռ գտնվում են բանտում (37 տղամարդ և 27 կին)։ 2024 թ. սեպտեմբերին այս թիվը զգալիորեն ավելացավ, երբ ոստիկանները ներխուժեցին մի մասնավոր տուն, որտեղ խաղաղ կրոնական հավաքույթ էր անցկացվում, և ձերբակալեցին 24 հոգու։ Ձերբակալվածներից 2 մանկահասակ երեխաներ ավելի ուշ ազատ արձակվեցին։ Մի քանի օր անց ձերբակալվեց նաև մի 85-ամյա Վկա կին։ Բոլոր 23 Վկաներին տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։ 2024 թ. դեկտեմբերի 7-ին ինը ամսական հղի մի Վկա՝ Սարոն Գեբրուն (դա նրա առաջին հղիությունն է), ազատ արձակվեց։ Իսկ 2025 թ. հունվարի 15-ին ազատ արձակվեց 82-ամյա Միզան Գեբրեյեսուսը։
2024 թ. նոյեմբերի 1-ին ազգային անվտանգության աշխատակիցները կրկին թիրախավորեցին Վկաներին՝ այս անգամ ձերբակալելով 16-18 տարեկան 4 Վկա ուսանողների։ Նրանց հարցաքննեցին ու անմիջապես տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։ Նոյեմբերի 22-ին ոստիկանները Ալմազ Գեբրեհիվոտի աղջկան դպրոցից տարան ոստիկանական բաժանմունք։ Երբ Ալմազը գնաց բաժանմունք՝ իր աղջկա հետևից, ոստիկանները ազատ արձակեցին աղջկան, ու նրա փոխարեն ձերբակալեցին Ալմազին։
Դաժան պայմաններ բանտում
Վկաները տառապում են «Մայ Սրվա» բանտի կամ այլ կալանավայրերի ծայրահեղ ծանր պայմաններում։ Բանտարկյալներին պահում են խմբով՝ շատ փոքր խցերում, որտեղ նեղվածք է և հնարավոր չէ ուղիղ պառկել։ Նրանք պետք է քնեն կողքի վրա ու իրար սեղմված։ Սանհանգույց չկա։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թույլատրվում է իրենց կարիքները հոգալ միայն օրը 2 անգամ, այն էլ ֆիքսված ժամերի և զինվորների հսկողությամբ։ Նրանց չի տրամադրվում ո՛չ բավարար բուժօգնություն, ո՛չ էլ բավարար սնունդ ու ջուր։
Այս ծայրահեղ դաժան պայմանները 4 Վկաների մահվան պատճառ են դարձել։ Իսկ երեք տարեց Վկաներ էլ մահացել են ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց անմարդկային պայմաններում կալանավորված լինելու հետևանքով։
2011 և 2012 թթ.-ին «Մայտեր» կալանավայրում երկու Վկա մահացավ անմարդկային վերաբերմունքի պատճառով։ 2011 թ. հուլիսին ծայրաստիճան շոգի պատճառով մահացավ 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն, որն իր պատիժը կրում էր «Մայտեր» կալանավայրի «նկուղ» կոչվող մասում։ 2012 թ. օգոստոսի 16-ին՝ չորս տարի ազատազրկման մեջ անցկացնելուց հետո, նույն դաժան պայմանների պատճառով մահացավ 68-ամյա Յոհաննես Հայլին։
Իսկ «Մայտեր» կալանավայրի դաժան պայմանների պատճառով ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց մահացան ևս երեք տարեց Վկաներ՝ Քահսեյ Մեքոնենը, Գոիթոմ Գեբրեքրիստոսը և Տսեհայե Տեսֆամարիամը։
Երկու Վկաներ մահացան 2018 թ.-ին՝ այն բանից հետո, երբ նրանց տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։ Հաբթեմիքայել Տեսֆամարիամը մահացավ հունվարի 3-ին՝ 76 տարեկանում, իսկ Հաբթեմիքայել Մեքոնենը՝ մարտի 6-ին՝ 77 տարեկանում։ Էրիթրեայի իշխանությունները առանց մեղադրանք առաջադրելու ձերբակալել էին նրանց 2008 թ.-ին։
Անորոշ պատժաժամկետով ազատազրկում
Բանտարկված Վկաների մեծ մասը ազատազրկված է անորոշ ժամկետով՝ առանց ազատ արձակվելու որևէ հույսի։ Նրանք կա՛մ այնտեղ կմահանան, կա՛մ ազատ կարձակվեն մահամերձ վիճակում։ Քանի որ չկա իրավական պաշտպանության ներպետական որևէ արդյունավետ ընթացակարգ կամ միջոց, նրանց ազատազրկումը փաստացի հավասար է ցմահ բանտարկության։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 16, 2025
Ընդհանուր հաշվով 64 Վկաներ ազատազրկված են։
Նոյեմբերի 22, 2024
Ալմազ Գեբրեհիվոտը ձերբակալվեց երկրի քաղաքական կուսակցությանը անդամակցելուց հրաժարվելու համար։
Նոյեմբերի 1, 2024
Չորս Վկա ուսանողներ ձերբակալվեցին և տեղափոխվեցին «Մայ Սրվա» կալանավայր։
Սեպտեմբերի 27-30, 2024
23 Վկաներ ձերբակալվեցին, այնուհետև տեղափոխվեցին «Մայ Սրվա» կալանավայր։ Ձերբակալվեցին նաև 2 անչափահասներ և հետագայում ազատ արձակվեցին։
Փետրվարի 1, 2021
3 Վկաներ ազատ են արձակվել բանտից։
Հունվարի 29, 2021
1 Վկա ազատ է արձակվել բանտից։
Դեկտեմբերի 4, 2020
28 Վկաներ ազատ են արձակվել բանտից։
Մարտի 6, 2018
Հաբթեմիքայել Մեքոնենը մահացավ 77 տարեկան հասակում այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։
Հունվարի 3, 2018
Հաբթեմիքայել Տեսֆամարիամը մահացավ 76 տարեկան հասակում այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։
Հուլիս, 2017
Բոլոր Վկա կալանավորներին «Մայտեր» կալանավայրից տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր, որը գտնվում է Ասմարայից դուրս։
Հուլիսի 25, 2014
Ապրիլի 14-ին ձերբակալվածների մեծ մասը ազատ արձակվեց, սակայն ապրիլի 27-ին ձերբակալվածներից 20-ը դեռ կալանավորված են։
Ապրիլի 27, 2014
31 Վկա ձերբակալվեց մի հանդիպման ժամանակ, որի ընթացքում ուսումնասիրում էին Աստվածաշունչը։
Ապրիլի 14, 2014
Ավելի քան 90 Վկա ձերբակալվեց Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի ժամանակ։
Օգոստոսի 16, 2012
Մահացավ դաժան պայմաններում ազատազրկված 68-ամյա Յոհաննես Հայլը։
Հուլիս, 2011
Մահացավ դաժան պայմաններում ազատազրկված 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն։
Հունիսի 28, 2009
Իշխանությունները կրոնական արարողության ժամանակ խուզարկեցին մի Վկայի տունը և ձերբակալեցին 2–80 տարեկան բոլոր 23 ներկաներին։
Ապրիլի 28, 2009
Իշխանությունները ոստիկանությունում բանտարկված բոլոր Եհովայի վկաներին, բացի մի հոգուց, տեղափոխեցին «Մայտեր» կալանավայր։
Հուլիսի 8, 2008
Իշխանությունները սկսեցին խուզարկել Վկաների տներն ու աշխատավայրերը և ձերբակալեցին 24 հոգու, որոնցից շատերը իրենց ընտանիքի միակ աշխատողն էին։
Մայիս, 2002
Կառավարությունը դադարեցրեց բոլոր կրոնական խմբերի գործունեությունը, բացառությամբ կառավարության կողմից հաստատված չորս կրոնական խմբի։
Հոկտեմբերի 25, 1994
Նախագահի որոշմամբ՝ Եհովայի վկաները զրկվեցին քաղաքացիությունից և հիմնական քաղաքացիական իրավունքներից։
Սեպտեմբերի 17, 1994
Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը ազատազրկվեցին առանց որևէ մեղադրանքի կամ դատաքննության։
1950-ականներ
Էրիթրեայում կազմավորվեցին Եհովայի վկաների առաջին համայնքները։