Համբավից ավելի թանկ բան
Պատմում է Չարլզ Սինատկոն
1957 թվականն էր, երբ ինձ առաջարկեցին մի պայմանագիր, որի համաձայն 13 շաբաթ պետք է երգեի Լաս Վեգասում (ԱՄՆ, Նևադա)՝ ստանալով շաբաթական հազար դոլար, նաև այն պայմանով, որ եթե ամեն ինչ հաջող անցներ, 50 շաբաթ էլ կավելացվեր պայմանագրին։ Դա կկազմեր հավելյալ հիսուն հազար դոլար, ինչը այն ժամանակ մեծ գումար էր։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես ինձ առաջարկեցին այդ շահութաբեր պայմանագիրը, և թե ինչն էր խանգարում ինձ որոշում կայացնելու՝ ընդունե՞լ այդ առաջարկը, թե՝ ոչ։
ՀԱՅՐՍ ազգությամբ ուկրաինացի էր և ծնվել էր 1910 թվականին արևելյան Եվրոպայում։ 1913 թվականին մայրը նրան տարել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ կրկին միացել էր իր ամուսնուն։ Հայրս ամուսնացավ 1935 թվականին, և մեկ տարի անց Փենսիլվանիայի Ամբրիջ քաղաքում ծնվեցի ես։ Մոտավորապես այդ ժամանակ հորս ավագ եղբայրներից երկուսը դարձան Եհովայի վկաներ։
Երբ ես և երեք եղբայրներս դեռ փոքր էինք ու ապրում էինք Փենսիլվանիայի Նյուքասլ քաղաքում, մայրս մի որոշ ժամանակ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ։ Ճիշտ է, այդ ժամանակ ծնողներիցս ոչ մեկը չդարձավ Եհովայի վկա, բայց հայրս ընդունում էր, որ իր եղբայրներն իրավունք ունեն հավատալ այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Եվ չնայած հայրս մեծացրել էր մեզ հայրենասիրական ոգով, այնուհանդերձ, միշտ պաշտպանում էր ուրիշների իրավունքները՝ երկրպագելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում։
Դառնում եմ երգիչ
Ծնողներս կարծում էին, որ ինձ երգելու բնածին ձայն է շնորհված, ուստի հնարավոր ամեն բան անում էին այդ գծով ինձ առաջ տանելու համար։ Երբ վեց կամ յոթ տարեկան էի, հայրս կանգնեցնում էր ինձ գիշերային ակումբի վաճառասեղանի վրա, որպեսզի երգեմ ու կիթառ նվագեմ։ Ես երգում էի «Մայրիկ» երգը։ Երգի տողերը այնպիսի բառերով էին սկսվում, որոնց առաջին տառերը իրար հետ միասին կազմում էին «մայրիկ» բառը։ Յուրաքանչյուր բառ շեշտվում էր, քանի որ նկարագրում էր սիրող մոր հատկություններից մեկը։ Երգը ավարտվում էր հետևյալ կուլմինացիոն խոսքերով. «Հավաքիր բոլոր տառերը իրար մոտ, և դրանք կկարդացվեն Մ-Ա-Յ-Ր-Ի-Կ. բառ, որ աշխարհ արժե ինձ համար»։ Ակումբում գտնվող տղամարդիկ, որոնք արդեն բավականին խմած էին, արտասվում էին և փող էին դնում հորս գլխարկի մեջ։
1945 թվականին Նյուքասլ քաղաքի WKST ռադիոկայանում ունեցա իմ առաջին ռադիոհաղորդումը. ես երգում էի ժողովրդական երգեր։ Ավելի ուշ ընդլայնեցի իմ երգելու ոճը և սկսեցի կատարել հայտնի երգեր ամեն շաբաթ հեռարձակվող մի ռադիոհաղորդման «Հիթ շքերթից», որտեղ ներկայացվում էին այդ շաբաթվա տասը լավագույն երգերը։ 1950 թվականին առաջին անգամ հանդես եկա հեռուստատեսությամբ՝ Փոլ Ուիթմանի շոու ծրագրում։ Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» ստեղծագործության համար Ուիթմանի կատարած երաժշտական ձևավորումը մինչև այսօր էլ հայտնի է։ Դրանից կարճ ժամանակ անց հայրս վաճառեց Փենսիլվանիայում գտնվող մեր տունը, և մենք տեղափոխվեցինք Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքը՝ իմ կարիերան առաջ տանելու նպատակով։
Շուտով հորս հաստատակամության շնորհիվ Փասադենայում ունեցա իմ շաբաթական ռադիոհաղորդումը, իսկ Հոլիվուդում՝ շաբաթական կեսժամանոց իմ հեռուստաշոուն։ Այնուհետև ձայնագրվում էի Քեփիթոլ Ռեկորդս ձայնագրման ստուդիայում Թեդ Դելի հարյուր հոգանոց նվագախմբի հետ և, որպես երգիչ, հանդես էի գալիս CBS ռադիոցանցով։ 1955 թվականին ես ներկայացրեցի երաժշտական մի ծրագիր Հյուսիսային Կալիֆորնիայի Թահո լճի մերձակայքում։ Եվ մինչ այնտեղ էի, կյանքիս առաջնահերթ ծրագրերը նշանակալից կերպով փոխվեցին։
Նոր առաջնահերթություններ իմ կյանքում
Սակայն մինչև մեկնելս հորեղբայր Ջոնը՝ հորս մեծ եղբայրը, որը նույնպես Փենսիլվանիայից Կալիֆորնիա էր տեղափոխվել, տվեց ինձ «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը։ab Ես այն ինձ հետ տարա Թահո լիճ։ Կեսգիշերն անց էր, երբ վերջին համերգով հաջող ելույթ ունենալուց հետո, մինչև քնելս հանգստանալու համար սկսեցի կարդալ այդ գիրքը։ Որքա՜ն ուրախացա, երբ Աստվածաշնչից ստացա երկար սպասված իմ հարցերի պատասխանները։
Շատ չանցած՝ գիշերային բարում երբեմն գրեթե մինչև լույս ես արդեն զրուցում էի իմ համագործակիցների հետ։ Մենք քննարկում էինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օրինակ՝ կա՞ արդյոք կյանք մահից հետո, ինչո՞ւ է Աստված թույլ տալիս չարությունը, և արդյո՞ք մարդկությունը ի վերջո կկործանի ինքն իրեն ու երկրագունդը։ Մի քանի ամիս անց՝ 1955 թվականի հուլիսի 9–ին, Լոս Անջելեսի Րիգլի Ֆիլդ մարզադաշտում տեղի ունեցած Եհովայի վկաների մարզային համաժողովում Եհովային ծառայելու իմ նվիրվածությունը խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։
Վեց ամիս էլ չէր անցել, երբ 1955 թ.–ի Սուրբ Ծնունդի օրը՝ առավոտյան, Հենրի Ռասել անունով մի երիտասարդ հրավիրեց ինձ այցելելու շոու բիզնեսում աշխատող Ջեք Մակքոյին։ Ինքը՝ Հենրին, NBC հեռուստառադիոընկերության երաժշտական մասի տնօրենն էր։ Երբ տեղ հասանք, Ջեքը հավաքեց իր երեք երեխաներին և կնոջը, որպեսզի նստեն ու լսեն մեզ, չնայած հենց նոր էին բաց արել իրենց՝ Սուրբ ծնունդի նվերները։ Դրանից կարճ ժամանակ անց Ջեքը և իր ընտանիքը դարձան Եհովայի վկաներ։
Այդ ժամանակահատվածում ես սկսեցի ուսումնասիրել մորս հետ, և նա ընդունեց աստվածաշնչյան ճշմարտությունը։ Արդյունքում նա դարձավ Եհովայի վկա և սկսեց ծառայել իբրև ռահվիրա՝ լիաժամ ավետարանիչ։ Ժամանակի ընթացքում երեք եղբայրներս էլ մկրտվեցին, և մի որոշ ժամանակ իրենք էլ մասնակցեցին ռահվիրայական ծառայության մեջ։ 1956 թվականի սեպտեմբերին՝ 20 տարեկան հասակում, ես նույնպես դարձա ռահվիրա։
Աշխատանքիս հետ կապված որոշումներ եմ ընդունում
Այդ ժամանակ էր, որ իմ գործակալի մտերիմ ընկերը՝ Ջորջ Մըրֆին, հետաքրքրվեց իմ առաջխաղացմամբ։ 30–ական և 40–ական թվականների ընթացքում Ջորջը խաղացել էր բազմաթիվ ֆիլմերում։ Շնորհիվ Մըրֆիի ունեցած կապերի՝ 1956 թվականի դեկտեմբերին Նյու Յորքում CBS հեռուստաալիքով հանդես եկա ամերիկյան հայտնի կոմիկ դերասան Ջեքի Գլիսոնի շոու ծրագրում։ Այս իրադարձությունը մեծ խթան էր իմ կարիերայի համար, քանի որ այդ շոուն ուներ մոտ 20 000 000 հանդիսատես։ Քանի դեռ Նյու Յորքում էի, առաջին անգամ այցելեցի Բրուքլինում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչությունը։
Գլիսոնի շոու ծրագրում հանդես գալուց հետո ստորագրեցի կինոնկարահանման յոթնամյա մի պայմանագիր MGM կինոստուդիայի հետ։ Ինձ մշտական դեր առաջարկեցին Թիվի Վեսթերնում։ Սակայն որոշ ժամանակ անց՝ սկսած այն պահից, երբ սկսեցի խաղամոլի ու հանցագործի դերեր կատարել, որոնց մեջ դրսևորվում էր անբարոյություն և ոչ քրիստոնեական վարք, խիղճս սկսեց անհանգստացնել ինձ։ Ուստի ես թողեցի այդ աշխատանքը։ Շոու բիզնեսում աշխատողները կարծում էին, թե ես ցնորվել եմ։
Ահա հենց այդ ժամանակ էր, երբ ես Լաս Վեգասում երգելու այն շահութաբեր առաջարկը ստացա, որի մասին նշեցի սկզբում։ Ես պետք է աշխատանքի անցնեի հենց այն շաբաթվանից, երբ շրջանային վերակացուն այցելելու էր մեր ժողով։ Եթե այդ ժամանակ հրաժարվեի նման հնարավորությունից, ապա այն ընդմիշտ կկորցնեի։ Ես խառը զգացումներ ունեի, քանի որ հայրս սպասում էր, թե ես երբ եմ սկսելու մեծ գումարներ աշխատել։ Ես հասկանում էի, որ նա արժանի է փոխհատուցման այն ամենի դիմաց, որ արել էր իմ կարիերայի համար։
Ուստի ես մոտեցա մեր նախագահող վերակացու Կարլ Փարկին, որը նույնպես երաժիշտ էր և 1920–ականներին աշխատել էր Նյու Յորքի WBBR ռադիոկայանում՝ իբրև ջութակահար։ Ես բացատրեցի, որ եթե ընդունեմ այս առաջարկը, ապա կկարողանամ իմ ողջ կյանքում ծառայել որպես ռահվիրա՝ առանց ֆինանսական որևէ դժվարություն կրելու։ «Ես չեմ կարող քեզ խորհուրդ տալ, թե ինչպես վարվես,— ասաց նա,— բայց կարող եմ օգնել քեզ եզրակացություններ անել»։ Ապա նա ինձ հարցրեց. «Դու բաց կթողնեի՞ր այս շաբաթվա ժողովի հանդիպումը, եթե մեզ այցելեր Պողոս առաքյալը»։ Այնուհետև ավելացրեց. «Իսկ ինչ ես կարծում, Հիսուսը ցանկանում է, որ դու ինչպե՞ս վարվես»։
Ինձ համար ամեն բան հստակ էր։ Երբ ես ասացի հորս, որ որոշել եմ հրաժարվել այդ շահութաբեր առաջարկից, նա պատասխանեց, որ ես խորտակում եմ իր կյանքը։ Այդ օրը գիշերը նա ինձ սպասում էր իր 0,38 տրամաչափի ատրճանակով։ Նա մտադրվել էր սպանել ինձ, բայց քնով էր ընկել, հավանաբար խմիչքը չարաշահելու պատճառով։ Այդ դեպքից շատ չանցած՝ ավտոտնակում ավտոմոբիլի արձակած գազով նա փորձեց վերջ տալ իր կյանքին։ Ես շտապօգնություն կանչեցի, և նրանք կարողացան վերակենդանացնել հորս։
Իմանալով, որ հայրս տաքարյուն մարդ է՝ մեր ժողովի անդամներից շատերը վախենում էին նրանից։ Բայց մեր շրջանային վերակացու Ռոյ Դոուելը չվախեցավ. նա այցելեց հորս։ Խոսակցության ժամանակ հայրս պատմել էր նրան, որ երբ ես նոր էի ծնվել, մեծ հավանականություն կար, որ կմահանայի։ Հայրս խոստացել էր Աստծուն, որ եթե ես կենդանի մնամ, կնվիրաբերի ինձ ծառայելու նրան։ Ապա Ռոյը հարցրել էր հորս, թե նա չի կարծում արդյոք, որ Աստված գուցե այժմ ակնկալում է, որ նա իր խոսքի տերը լինի։ Այդ հարցը ապշեցրել էր հորս։ Հետո Ռոյը հարցրել էր. «Եթե լիաժամ ծառայությունը գոհացուցիչ գործ էր Աստծո Որդու համար, ինչո՞ւ այն չի կարող գոհացուցիչ լինել ձեր որդու համար ևս»։ Դրանից հետո հայրս հաշտվեց իմ կայացրած որոշման հետ։
Հենց այդ ժամանակ՝ 1957 թ. հունվարին, Կանադայից իրենց ընկերներին այցելելու եկան Շըրլի Լարջը և ռահվիրայության մեջ նրա հետ համագործակցող քույրը։ Ես և Շըրլին ծանոթացանք, երբ նրա և այդ քրոջ հետ գնացինք տնետուն ծառայության։ Դրանից կարճ ժամանակ անց Շըրլին ինձ հետ եկավ Հոլիվուդ Բոուլ ամֆիթատրոն, որտեղ ես երգեցի Փըրլ Բեյլիի հետ։
Հավատարիմ եմ մնում կայացրածս որոշմանը
1957 թ. սեպտեմբերին ես նշանակում ստացա ծառայելու որպես հատուկ ռահվիրա Այովա նահանգում։ Երբ հորս ասացի, որ որոշել եմ ընդունել այդ նշանակումը, նա ուղղակի սկսեց հեկեկալ։ Նա չէր կարողանում հասկանալ արժեքավոր բաների վերաբերյալ իմ նոր տեսակետը։ Ես մեքենան քշեցի Հոլիվուդ և հրաժարվեցի ինձ առաջարկված բոլոր պայմանագրերից։ Հանրահայտ նվագախմբի և երգչախմբի ղեկավար Ֆրեդ Ուորինգը մեկն էր այն մարդկանցից, որոնց հետ ես պայմանագիր էի կնքել։ Նա ասաց, որ ես այլևս չեմ կարողանա երգել, եթե հրաժարվեմ պայմանագրի կետերը կատարելուց։ Ուստի բացատրեցի, որ թողնում եմ երգչի իմ կարիերան՝ Եհովա Աստծուն մատուցած իմ ծառայությունը ընդլայնելու համար։
Պարոն Ուորինգը հարգանքով լսեց իմ հանգամանալից բացատրությունը, ապա իր մեղմ պատասխանով զարմացրեց ինձ, երբ ասաց. «Տղաս, ես ցավում եմ, որ դու հրաժարվում ես այսպիսի հրաշալի կարիերայից, և թեպետ ողջ կյանքս անցկացրել եմ երաժշտության մեջ, սակայն հասկացել եմ, որ կյանքում կան ավելի կարևոր բաներ, քան երաժշտությունը։ Թող Աստված օրհնի այն գործը, որ դու անում ես»։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի ուրախության արցունքներն աչքերիս տուն վերադառնում՝ պարզ գիտակցելով, որ արդեն ազատ եմ կյանքս տրամադրելու Եհովայի ծառայությանը։
«Ո՞ւր է քո հավատը»
Ես սկսեցի ծառայել իմ համագործակից Ջո Թրիֆի հետ Այովա նահանգի Սթրոուբերի Փոինթ փոքրիկ քաղաքում, որն ուներ մոտ 1 200 բնակիչ։ Շըրլին այցելության եկավ ինձ մոտ, և մենք քննարկեցինք մեր ամուսնության հարցը։ Սակայն ոչ ես խնայողություններ ունեի, ոչ էլ նա։ Իմ աշխատած ողջ գումարը հորս տնօրինության տակ էր։ Ուստի ասացի նրան. «Ես ուզո՛ւմ եմ ամուսնանալ քեզ հետ, բայց ինչպե՞ս պիտի ապրենք։ Իմ ամբողջ ունեցածը այն 40 դոլարն է, որ ստանում եմ որպես հատուկ ռահվիրա»։ Իրեն հատուկ հանգիստ, պարզ ու անկեղծ տոնով նա ասաց. «Բայց, Չարլզ, ո՞ւր է քո հավատը։ Չէ՞ որ Հիսուսն ասել է, որ եթե մենք Թագավորությունը և նրա արդարությունը փնտրենք, նա կհոգա մեր բոլոր կարիքները» (Մատթէոս 6։33)։ Այդ խոսքերով ամեն բան որոշվեց։ Մենք ամուսնացանք 1957 թ. նոյեմբերի 16–ին։
Ես Աստվածաշունչ էի ուսումնասիրում Սթրոուբերի Փոինթից մի ֆերմերի հետ, որն իր տարածքում ուներ 3,5 մետր երկայնքով ու նույնքան լայնքով գերանակապ մի տնակ։ Տնակում չկար ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջրմուղ–կոյուղի և ո՛չ էլ զուգարան։ Սակայն եթե ցանկանայինք, կարող էինք ձրի ապրել այդ տանը։ Դա մի հասարակ տնակ էր, բայց մենք մտածեցինք, որ ամբողջ օրը ծառայության մեջ ենք անցկացնելու, և մեզ ընդամենը քնելու տեղ է հարկավոր։
Ջուրը բերում էի մոտակա աղբյուրից։ Տնակը տաքացնելու համար փայտ էինք վառում և կարդում էինք կերոսինի լույսի տակ։ Շըրլին եփում էր կերոսինի վառարանի վրա, իսկ լողանալու համար օգտագործում էինք մի հին տաշտակ։ Գիշերները լսում էինք գայլերի ոռնոցը։ Մենք շատ ուրախ էինք, որ իրար հետ ենք, և որ միասին ծառայում ենք Եհովային այնտեղ, որտեղ ծառայողների ավելի շատ կարիք կար։ Բիլ Մալենֆոնտը և նրա կինը՝ Սանդրան, որոնք այժմ ծառայում են Բրուքլինի գլխավոր վարչությունում, հատուկ ռահվիրայություն էին անում մեզանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիքորա քաղաքում (Այովա)։ Ժամանակ առ ժամանակ նրանք մեկ օրով մեզ մոտ էին գալիս՝ միասին ծառայության դուրս գալու։ Ժամանակի ընթացքում 25 հոգուց բաղկացած մի փոքրիկ ժողով կազմավորվեց Սթրոուբերի Փոինթում։
Շրջագայական ծառայության մեջ
1960 թվականի մայիսին մենք հրավիրվեցինք շրջագայական ծառայության։ Մեր առաջին շրջագայությունը Հյուսիսային Քարոլինայում էր, որտեղ եղանք Ռոլի, Գրինսբորո և Դուրհամ քաղաքներում, ինչպես նաև մի շարք փոքրիկ գյուղական բնակավայրերում։ Մեր կենցաղային պայմանները բարելավվեցին, քանի որ ծառայության ընթացքում հյուրընկալվում էինք այնպիսի տներում, որտեղ կար էլեկտրականություն և նույնիսկ զուգարան։ Ճիշտն ասած, մեզ համար այնքան էլ մխիթարական չէր այն, երբ մեզ զգուշացնում էին, որ արտաքնոցը դրսում է, և որ ճանապարհին զգույշ մնանք պղնձագլուխ ու բոժոժավոր օձերից։
1963 թվականի սկզբներին մենք տեղափոխվեցինք Ֆլորիդա՝ շրջանային ծառայության, որտեղ ես հիվանդացա սրտապարկի սուր բորբոքումով (պերիկարդիտ), ու գրեթե մահվան շեմին էի, և հավանաբար կմահանայի, եթե Բոբ և Ջինի Մակքեյները Տամպայից ինձ օգնության չհասնեին։c Նրանք տարան ինձ իրենց բժշկի մոտ և նույնիսկ վճարեցին բոլոր ծախսերը։
Կիրառում եմ իմ ստացած կրթությունը
1963 թվականի ամռանը ինձ հրավիրեցին Նյու Յորք՝ մասնակցելու Եհովայի վկաների մեծ համաժողովի կազմակերպման հետ կապված աշխատանքներին, որը պետք է անցկացվեր այդ քաղաքում։ Ես ընկերակցեցի Միլթոն Հենշելին՝ Եհովայի վկաների ներկայացուցչին՝ ռադիոյով հարցազրույց ունենալու, որը վարում էր Լարի Քինգը։ Պարոն Քինգը մինչև այսօր էլ հայտնի հեռուստաշոու վարող է։ Նա շատ հարգալից էր մեր հանդեպ և հարցազրույցից հետո մոտ մեկ ժամ բազմաթիվ հարցեր տվեց մեր գործունեության մասին։
Այդ նույն ամռանը միսիոներ Հարոլդ Քինգը, որը նոր էր ազատվել Կոմունիստական Չինաստանի բանտից, հյուր էր եկել Եհովայի վկաների գլխավոր վարչություն։ Մի երեկո նա ելույթ ունեցավ մոտ 700 ունկնդիրների առջև՝ պատմելով իր հետ պատահած որոշ դեպքերի մասին և բացատրելով, թե բանտի մենախցում անցկացրած չորս տարիները ինչպես են ամրացրել իր հավատը։ Բանտում եղած ժամանակ նա գրել էր երգեր աստվածաշնչյան և քրիստոնեական ծառայության թեմաներով։
Այդ հիշարժան երեկոյի ընթացքում ես երգեցի Օդրի Նորի, Կարլ Քլեյնի և երկար տարիների Վկա Ֆրեդ Ֆրանցի հետ (որը երգում էր տենորի ձայնով) «Տնետուն» երգը. երգ, որն ավելի ուշ տեղ գտավ Եհովայի վկաների երգարանում։ Նաթան Նորը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Եհովայի վկաների գործունեությունը, խնդրեց ինձ երգել այդ երգը հաջորդ շաբաթ Յանկի մարզադաշտում անցկացվելիք «Հավիտենական բարի լուր» անվանումը կրող համաժողովին։ Ես այդպես էլ արեցի։
Դեպքեր շրջագայական ծառայությունից
Մինչ ծառայում էինք Չիկագոյում (Իլինոյս), երկու հիշարժան դեպք պատահեց։ Առաջինը պատահեց շրջանային համաժողովներից մեկի ժամանակ, երբ Շըրլին հանդիպեց Վերա Ստյուարտին, որը 1940–ականների կեսերին Կանադայում վկայություն էր տվել իրեն և իր մորը։ Շըրլին, որն այդ ժամանակ 11 տարեկան էր, անչափ տպավորվել էր՝ լսելով, թե ինչ է խոստանում Աստված իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Նա հարցրել էր Վերային. «Ինչ ես կարծում, ես կարո՞ղ եմ ապրել այդ նոր աշխարհում»։ Վերան էլ պատասխանել էր. «Իսկ ինչու ոչ, Շըրլի»։ Նրանցից ոչ մեկը չէր մոռացել այդ խոսքերը։ Վերայի հետ այդ առաջին հանդիպումից հետո Շըրլին հասկացել էր, որ Եհովային ծառայելը հենց այն էր, ինչը որ ինքը ուզում էր անել։
Իսկ երկրորդ հիշարժան դեպքը պատահեց այն ժամանակ, երբ մի Վկա ինձ հարցրեց՝ արդյոք ես հիշու՞մ եմ, թե ինչպես 1958 թվականի ձմռանը մեր փակ պատշգամբում մոտ 25 կիլոգրամանոց կարտոֆիլով լի մի պարկ գտանք։ Իհարկե, ես հիշում էի։ Մենք այն գտանք ձմռան մի երեկո, երբ դրսում բուքը մի կերպ հաղթահարելով՝ դժվարությամբ տուն հասանք։ Թեպետ չգիտեինք, թե որտեղից է հայտնվել այդ պարկը, այնուամենայնիվ, դրա համար շնորհակալ եղանք Եհովային։ Ճիշտ է, թեև հինգ օր տանից դուրս չեկանք ձնաբքի պատճառով, բայց ուրախ էինք, որ ուտում էինք կարտոֆիլի բլիթներ, տապակած կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ, կարտոֆիլի պյուրե և կարտոֆիլի ապուր։ Ուտելու ուրիշ ոչ մի բան չունեինք։ Այդ Վկան չգիտեր, թե ովքեր ենք մենք և որտեղ ենք ապրում, սակայն լսել էր, որ մոտակայքում բնակվող ինչ–որ ռահվիրաներ տնտեսապես ծանր վիճակում են։ Նրա խոսքերով՝ ինչ–որ բան մղել էր իրեն հետաքրքրվելու, թե որտեղ է ապրում այդ երիտասարդ զույգը։ Ֆերմերները ամեն ինչ գիտեին իրենց հարևանների մասին, ուստի շատ չանցած՝ նա ուղևորվել էր դեպի մեր տնակը և ձյան միջով քաշել–բերել էր կարտոֆիլի այդ պարկը։
Երախտապարտ եմ իմ կայացրած ընտրությունների համար
1993 թվականին՝ մոտ 33 տարի շրջագայական ծառայության մեջ անցկացնելուց հետո, առողջությունս այն աստիճանի վատացավ, որ ստիպված եղա թողնել ծառայության մեջ իմ այդ առանձնաշնորհումը։ Շըրլին և ես դարձանք, այսպես կոչված, տկար հատուկ ռահվիրաներ և առ այսօր գտնվում ենք այդ ծառայության մեջ։ Թեպետ ափսոսում եմ, որ այլևս ի վիճակի չեմ շրջագայական աշխատանք կատարելու, սակայն ուրախ եմ, որ իմ ողջ ուժն ու եռանդը ներդրել եմ լիաժամ ծառայության մեջ։
Իմ երեք եղբայրները տարբեր ընտրություններ կատարեցին։ Նրանք որոշեցին նյութական հարստություն կուտակելու ետևից ընկնել, և նրանցից ոչ մեկը ներկայումս չի ծառայում Եհովային։ 1958 թվականին մկրտվեց հայրս։ Նա և մայրս շատ շատերին են օգնել ճանաչելու Եհովային, իրենց կյանքերը նվիրելու Նրան և մկրտվելու։ Երկուսն էլ մահացան 1999 թվականին։ Այսպիսով, իմ որոշումը՝ մերժել աշխարհային փառքն ու հարստությունը, հավիտենական կյանքի հույս տվեց ոչ միայն հորս, այլև այն բազմաթիվ անհատներին, որոնց իմ ծնողները սովորեցրին աստվածաշնչյան ճշմարտությունը։ Հաճախ եմ ինձ հարց տալիս, թե արդյոք կշարունակեի՞ ծառայել Եհովային, եթե նման որոշումներ կայացրած չլինեի։
Մոտավորապես հինգ տարի հետո, երբ թողեցի շրջագայական աշխատանքս, առողջությունս որոշ չափով բարելավվեց, և ես ի վիճակի էի նորից ընդլայնելու իմ ծառայությունը։ Այժմ Կալիֆորնիայի Դեզըրթ Հոթ Սփրինգս քաղաքի ժողովում ծառայում եմ որպես նախագահող վերակացու։ Ես նաև առանձնաշնորհում ունեմ փոխարինելու շրջագայող վերակացուին, ծառայելու հատուկ կոմիտեների կազմում և երբեմն էլ դասավանդելու Ռահվիրայական ծառայության դպրոցում։
Մինչև այսօր Շըրլին մնում է իմ ամենալավ ընկերը։ Չկա մեկ այլ մարդ, որի ընկերակցությունը ես ավելի շատ գերադասեմ։ Մենք կանոնավորաբար հետաքրքիր զրույցներ ենք ունենում հոգևոր թեմաներով. երկուսս էլ ոգևորվում ենք մեր քննարկած աստվածաշնչյան թեմաներից։ Ես դեռ երախտագիտությամբ եմ հիշում 47 տարի առաջ հանդարտ տոնով տված նրա հարցը. «Բայց, Չարլզ, ու՞ր է քո հավատը»։ Եթե երիտասարդ զույգերը հենց միայն այս հարցը տան մեկը մյուսին, հետաքրքիր է՝ նրանցից թերևս քանի՞սը կունենան այն նույն ուրախություններն ու օրհնությունները, որ մենք ունեցանք լիաժամ ծառայության մեջ։
[Ծանոթագրություններ]
a Ջոն Սինատկոն մինչև մահ հավատարիմ մնաց Եհովային. նա մահացավ 1996 թվականին՝ 92 տարեկան հասակում։
b Հրատարակված է Եհովայի վկաների կողմից, այժմ չի հրատարակվում։
c 1975 թ. փետրվարի 22–ի «Արթնացե՛ք»–ի (անգլ.) 12–16 էջերում կարող եք կարդալ այն մասին, թե ինչպես Բոբ Մակքեյը պայքարեց կաթվածի դեմ։
[Նկար 20–րդ էջի վրա]
Հորեղբայր Ջոնը 1935 թ.–ին՝ այն տարին, երբ ես մկրտվեցի
[Նկար 22–րդ էջի վրա]
Մեր գերանակապ տնակը
[Նկարներ 23–րդ էջի վրա]
Ծնողներիս լուսանկարը, որոնք հավատարիմ մնացին մինչև մահ. 1975 թ.
Շըրլիի հետ այսօր