Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/05 էջ 28–29
  • Աստված ամենո՞ւր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ամենո՞ւր է
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որտե՞ղ է Աստված
  • Աստված անձնավորություն է
  • Աստծու ամենահաս սուրբ ոգին
  • Դուք կարող եք դառնալ Աստծու ընկերը
  • Աստված ամենագո՞ է
    2011 Դիտարան
  • Աստված ամենագո՞ է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստված իրակա՞ն անձնավորություն է
    2009 Դիտարան
  • Կա՞ կոնկրետ վայր, որտեղ բնակվում է Աստված
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 4/05 էջ 28–29

Աստվածաշնչի տեսակետը

Աստված ամենո՞ւր է

ՀԱՃԱԽ Աստծուն արդարացիորեն անվանում են ամենակարող ու ամենագետ, այսինքն՝ ամենազոր ու ամեն բան իմացող։ Սակայն փորձելով է՛լ ավելի ընդգծել նրա վեհությունը՝ ոմանք այս ամենին ավելացնում են ևս մի տիտղոս՝ ամենագո։ Նրանք համոզված են, թե Աստված միաժամանակ գտնվում է ամենուրեք։

Առաջին երկու նկարագրությունները լիովին համապատասխանում են սուրբգրային ուսմունքներին (Ծննդոց 17։1; Եբրայեցիս 4։13; Յայտնութիւն 11։17)։ Աստված իսկապես ամենազոր է և ամենագետ այն իմաստով, որ ոչինչ հնարավոր չէ թաքցնել նրանից։ Բայց արդյո՞ք նա ամենագո է։ Աստված ամենո՞ւր է, թե՞ անձնավորություն է և բնակության որոշակի վայր ունի։

Որտե՞ղ է Աստված

Աստվածաշնչի մի քանի համարներում ‘երկինքը’ կոչվում է Աստծու ‘բնակվելու տեղ’ (Գ Թագաւորաց 8։39, 43, 49; Բ Մնացորդաց 6։33, 39)։ Մյուս կողմից՝ սուրբգրային մի խոսքում Եհովայի վեհությունը նկարագրվում է հետևյալ կերպ. «Իրա՞ւ Աստուած կ’բնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել» (Բ Մնացորդաց 6։18)։

«Աստուած Հոգի է»,— հայտնում է Աստվածաշունչը (Յովհաննէս 4։24)։ Հետևաբար նա բնակվում է ոգեղեն ոլորտում, որը նյութական տիեզերքի մաս չի կազմում։ Աստծու բնակատեղին ‘երկինք’ անվանելով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան բարձր է այդ վայրը ֆիզիկական այն բնակավայրի համեմատությամբ, որում ապրում ենք մենք։ Իսկ որ ավելի կարևոր է, Սուրբ Գիրքը պարզ ուսուցանում է, որ Աստծու բնակատեղին, որոշակի վայր լինելով հանդերձ, նյութական տիեզերքում չի գտնվում (Յոբ 2։1, 2)։

Աստված անձնավորություն է

Եհովայի բնակության վայրի մասին խոսելիս Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան.... Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու» (Յովհաննէս 14։2)։ Ո՞ւր գնաց Հիսուսը։ Նա «մտաւ.... բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար» (Եբրայեցիս 9։24)։ Այս արձանագրությունից երկու կարևոր դաս ենք սովորում Եհովա Աստծու մասին։ Առաջին՝ նա բառի բուն իմաստով բնակության վայր ունի։ Երկրորդ՝ նա անձնավորություն է և ոչ թե անդեմ մի ուժ, որը գտնվում է բոլոր տեղերում։

Սա էր պատճառը, որ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել՝ «Մեր Հայր, որ երկնքումն ես», այսինքն՝ իրենց աղոթքներն ուղղել Եհովային, որն անձնավորություն է և ունի իր բնակվելու տեղը՝ հոգևոր երկինքը (Մատթէոս 6։9; 12։50)։ Սա համահունչ էր աղոթելու վերաբերյալ տրված այն ցուցումներին, որ ստացել էր Աստծու ժողովուրդը Հիսուսի այդ խոսքերից ավելի քան 1 500 տարի առաջ։ Ահա թե ինչ աղոթք ենք կարդում Աստծու կողմից ներշնչված ամենահին գրվածքներից մեկում. «Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո.... ժողովրդին» (Բ Օրինաց 26։15)։

Աստծու ամենահաս սուրբ ոգին

Թեպետ Գրություններում միշտ նշվում է, որ Աստված բնակության որոշակի վայր ունի, նրա սուրբ ոգու մասին հաճախ ասվում է, որ այն կարող է գտնվել բոլոր տեղերում։ «Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. եւ քո երեսիցը ո՞ւր փախչեմ» (Սաղմոս 139։7)։ Ոմանք շփոթության մեջ են ընկնում նման համարներից և եզրակացնում, թե Աստված ամենագո է։ Սակայն այս և մյուս խոսքերի համատեքստերից կարելի է պարզ տեսնել, որ Եհովայի սուրբ ոգին՝ գործուն ուժը, որոշակի տեղում գտնվող Աստծու բնակավայրից կարող է հասնել նյութական տիեզերքի ցանկացած անկյունը։

Ինչպես որ հայրն է մեկնում իր ձեռքը, որպեսզի մխիթարի և աջակցի իր զավակներին, այնպես էլ Եհովան կարող է մեկնել իր ձեռքը՝ սուրբ ոգին, և հասնել ոգեղեն ոլորտի կամ նյութական տիեզերքի ցանկացած անկյունը՝ իր նպատակն իրագործելու համար։ Ուստի սաղմոսերգուն կարող էր ասել. «Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ, այնտեղ էլ քո ձեռքը կ’առաջնորդէ ինձ, եւ քո աջը կ’պահէ ինձ» (Սաղմոս 139։9, 10)։

Դուք կարող եք դառնալ Աստծու ընկերը

Եհովա Աստված խոնարհաբար և սիրով թույլ է տալիս, որ ինքն ու իր բնակության վայրը նկարագրվեն մարդուն հասկանալի այնպիսի բառերով, որոնք լավագույնս են օգնում պատկերացում կազմել այն մասին, թե ով է նա և որտեղ է ապրում։ Այս և ուրիշ կերպերով նա այսպես ասած «խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները» (Սաղմոս 113։6)։ Այնուամենայնիվ, Աստծու էությունն ամբողջությամբ պատկերացնելը իրականում վեր է մարդու կարողությունից։

Պարզապես Եհովան այնքան փառավոր, այնքան վեհ ու այնքան հիանալի անձնավորություն է, որ հնարավոր չէ նրան ճշգրտորեն նկարագրել մարդուն հասկանալի լեզվով։ Ուստի թեև նրա երկնային բնակավայրը Գրություններում ներկայացվում է որպես որոշակի մի տեղ, մարդն ուղղակի ի վիճակի չէ մինչև վերջ պատկերացնել այդ հոգևոր տարածությունը (Սաղմոս 139։6)։

Այնուամենայնիվ, շատ մխիթարական է թեկուզ որոշ չափով պատկերացում կազմել Եհովայի էության մասին և հասկանալ, որ նա տիեզերքի բոլոր անկյունները ներթափանցող ինչ–​որ անբացատրելի, դիմազուրկ ուժ չէ։ Ընդհակառակը՝ նա անձնավորություն է, ունի բնակության որոշակի վայր, որոշակի բնավորություն, որն աչքի է ընկնում սիրով ու քնքշությամբ։ Իսկ այս գիտելիքները աննկարագրելի մի հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր մարդու՝ ողջ կյանքում լինել տիեզերքի Ամենազոր Գերիշխանի մտերիմ ընկերը (Յակոբոս 4։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը