Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/05 էջ 10–14
  • Ի՞նչ ֆիլմեր եք դուք դիտելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ ֆիլմեր եք դուք դիտելու
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Չափանիշներ են սահմանվում
  • Սահմանափակումներից՝ ֆիլմերի տեսակավորման
  • Ինչ չես կարող իմանալ
  • «Ատեցէք չարը»
  • Ժամանցի ընդունելի ձևեր. ինչպե՞ս գտնել
  • Ինչպես է օգնում Աստվածաշնչով դաստիարակված խիղճը
  • Ինչպես է սցենարը կենդանանում էկրանի վրա
    2005 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս գտնել ժամանցի լավ ձևեր
    2011 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս լավ ժամանակ անցկացնեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ժամանցի ճիշտ ընտրություն
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 7/05 էջ 10–14

Ի՞նչ ֆիլմեր եք դուք դիտելու

ՎԵՐՋԻՆ տասնամյակներին էկրանները ողողվել են սեքսի ու բռնության տեսարաններով, և ֆիլմերում անընդհատ հնչում են անպարկեշտ խոսքեր։ Այս երևույթը տարբեր արձագանքների է արժանանում։ Ոմանք սեքսի տեսարանները անբարոյություն են համարում, ոմանք էլ դիտում են իբրև արվեստ։ Ոմանք պնդում են, որ ֆիլմերում բռնություն ցույց տալը պատշաճ չէ, ոմանք էլ դա պատշաճ են համարում։ Ոմանք ասում են, որ հայհոյանքներով լի խոսակցությունները անպարկեշտություն են, իսկ ոմանց կարծիքով՝ դրանք իրատեսորեն պատկերում են կյանքը։ Այն, ինչ մեկը կարող է անպատկառ անվանել, մեկ ուրիշը ազատություն է կոչում։ Լսելով այս տարբեր կարծիքները՝ մարդը կարող է մտածել, թե չարժե վիճել նման դատարկ հարցերի շուրջ։

Սակայն ֆիլմի բովանդակությունը դատարկ հարց չէ։ Այդ մասին մտածելը միանգամայն տեղին է, և դա պետք է մտահոգի ոչ միայն ծնողներին, այլև բարոյական արժեքները գնահատող յուրաքանչյուր մարդու։ «Երբ առողջ դատողությունս մի կողմ եմ դնում և մտնում եմ կինոթատրոն, այնտեղից դուրս գալիս ինձ չնչին մարդ եմ համարում,— ցավով ասում է մի կին։— Ես ինձ վատ եմ զգում այն մարդկանց փոխարեն, ովքեր ստեղծել են այդ խոտանը, և վատ եմ զգում իմ կատարած քայլի համար։ Նման սյուժե դիտելուց հետո այնպիսի զգացում եմ ունենում, թե մի ստոր արարած եմ»։

Չափանիշներ են սահմանվում

Կինոնկարների բովանդակության մասին մտահոգությունները նոր երևույթ չեն։ Կինոյի պատմության վաղ շրջանում բուռն վիճաբանություններ ծագեցին էկրաններին հայտնվող այն տեսարանների շուրջ, որոնցում սեքս և ոճրագործություն էր ընդգրկված։ 1930–ականներին Միացյալ Նահանգներում ընդունվեց մի օրենք, որը խիստ սահմանափակումներ էր դնում այն բանի վրա, թե ինչ կարելի էր ցուցադրել ֆիլմերում, և ինչ չէր կարելի։

Ըստ «Նոր բրիտանական հանրագիտարանի»՝ կինոնկարներին վերաբերող այդ նոր օրենքը «չափազանց խիստ էր և արգելում էր էկրանին ցույց տալ հասուն մարդու համար ընդունելի գրեթե ամեն բան։ Արգելված էին «կրքոտ տեսարանները», իսկ պոռնկության, բացահայտ սեքսի, գայթակղության ու բռնաբարության միտք անգամ չպիտի լիներ, եթե դա անհրաժեշտ չէր սյուժեի համար։ Բացի այդ, նման բաներ գործող մարդիկ ֆիլմի վերջում պետք է խստորեն պատժվեին»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել բռնության վերաբերյալ։ Ֆիլմերում «արգելված էր հիշատակել զենքերի մասին, ցույց տալ հանցագործության մանրամասներ, ոճրագործների ձեռքով օրինապահ աշխատողների սպանություններ, վայրագություններ, արյունահեղություններ, սպանություններ կամ ինքնասպանություններ, եթե դա խիստ անհրաժեշտ չէր սյուժեի համար։ ....Եվ ոչ մի պարագայում չէր կարելի ֆիլմում արդարացնել հանցագործությունը»։ Փաստորեն՝ օրենքում ասվում էր, որ «չպետք է ստեղծվեր այնպիսի կինոնկար, որը կիջեցներ հանդիսատեսի բարոյական չափանիշները»։

Սահմանափակումներից՝ ֆիլմերի տեսակավորման

1950–ականներին հոլիվուդյան պրոդյուսերներից շատերը սկսեցին անտեսել այդ օրենքը՝ մտածելով, որ նման կանոնները հնացած են։ Այդ պատճառով 1968 թ.–ին օրենքը դուրս եկավ գործածությունից, և դրա փոխարեն՝ ներմուծվեց ֆիլմերը տեսակավորելու համակարգը։a Այդ համակարգը հնարավորություն էր տալիս ազատորեն նկարահանել ցանկացած բովանդակության ֆիլմեր, սակայն դրանց վրա պետք է համապատասխան նշում արվեր, որը ցույց կտար, թե տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ կինոնկարը։ Ինչպես ասում է Ջեք Վալենթին, որը գրեթե չորս տասնամյակ եղել է Ամերիկյան կինոֆիլմերի ընկերության նախագահը, այս համակարգի ներմուծման նպատակն էր «նախապես զգուշացնել ծնողներին [ֆիլմի բովանդակության մասին], որպեսզի վերջիններս կարողանային որոշում կայացնել, թե որ ֆիլմը կարող էին դիտել իրենց երեխաները, և որը՝ ոչ»։

Ֆիլմերի տեսակավորման համակարգը վերացրեց դրանց վրա դրված արգելքները։ Սեքսը, բռնությունը և անարգական խոսքերը լցրեցին հոլիվուդյան ֆիլմերի սցենարները։ Այդ ազատությունը մի նոր հսկա ալիք բարձրացրեց, որն անհնար էր զսպել։ Այնուամենայնիվ, տեսակավորման շնորհիվ հասարակությանը նախազգուշացում էր տրվում ֆիլմի բովանդակության վերաբերյալ։ Բայց արդյո՞ք ֆիլմի տեսակը ցույց տվող նշանը ամեն ինչ է հայտնում նրա մասին։

Ինչ չես կարող իմանալ

Ոմանք այն կարծիքին են, որ տարեցտարի ֆիլմերի տեսակավորման համակարգը ավելի մեղմ է դառնում։ Սա երևում է Հասարակական առողջության հարվարդյան դպրոցի կատարած մի հետազոտությունից։ Այն ցույց է տալիս, որ պատանիների համար նախատեսված ժամանակակից ֆիլմերը ավելի շատ բռնություն և սեքս են պարունակում, քան ընդամենը մեկ տասնամյակ առաջ նկարահանվածները։ Հետազոտության մեջ այսպիսի եզրակացություն է արվում. «Միևնույն նշանն ունեցող ֆիլմերը կարող են մեծապես տարբերվել իրենց մեջ ընդգրկված կասկածելի տեսարանների քանակով»։ Բացի այդ, «տարիքային սահմանափակումները ցույց տվող նշանը միշտ չէ, որ բավականաչափ տեղեկություններ է հայտնում ֆիլմում բռնության, սեքսի, անարգալից խոսքերի և նման այլ բաների առկայության մասին»։b

Այն ծնողները, որոնք չեն վարանում իրենց երեխաներին կինոթատրոն ուղարկել, գուցե տեղյակ չեն, որ ֆիլմերի չափանիշներն այսօր փոխված են։ Ահա թե ինչ է ասում մի կինոքննադատ Միացյալ Նահանգներում պատանիների համար ընդունելի համարվող մի ֆիլմի գլխավոր հերոսուհու մասին. «[Դա] 17 տարեկան մի կապը կտրած աղջիկ է, որը հաճույքով ամեն օր զբաղվում է հարբեցողությամբ ու թմրամոլությամբ, մասնակցում է լկտի գինարբուքների և անհագաբար սեքսով զբաղվում մի տղայի հետ, որին նոր է հանդիպել»։ Նման բովանդակությամբ կինոֆիլմերը եզակի չեն։ Ինչպես նշվում է «Վաշինգտոն փոստ» պարբերագրում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե օրալային սեքսի մասին ակնարկները «սովորական և ընդունելի» են մանկապատանեկան կինոնկարներում։ Պարզ է, որ տեսակավորումը չպետք է լինի ֆիլմի բովանդակությունը որոշելու միակ միջոցը։ Գոյություն ունի՞ արդյոք ավելի լավ ուղեցույց։

«Ատեցէք չարը»

Տեսակավորման համակարգը չի կարող փոխարինել Աստվածաշնչով կրթված խղճին։ Ցանկացած որոշում կայացնելիս, այդ թվում զվարճությանը վերաբերող հարցերում, քրիստոնյաները ձգտում են հետևել Սաղմոս 97։10–ում արձանագրված հորդորին. «Ատեցէք չարը»։ Այն անհատը, որն ատում է չարը, սխալ կհամարի ժամանցի այն բոլոր ձևերը, որոնք գարշելի են Աստծուն։

Հատկապես ծնողները պետք է ուշադիր լինեն այն հարցում, թե ինչ ֆիլմեր են դիտելու իրենց երեխաները։ Անխոհեմ կլիներ բավարարվել միայն տեսակավորման նշանին ուշադրություն դարձնելով։ Շատ հնարավոր է, որ ձեր երեխայի տարիքի համար նախատեսված ֆիլմերում այնպիսի չափանիշներ խրախուսվեն, որոնց դուք հավանություն չեք տալիս։ Քրիստոնյաներին սա դժվար թե զարմացնի, քանի որ այս աշխարհի ոգին ու նրա բարքերը հակառակ են Աստծու չափանիշներինc (Եփեսացիս 4։17, 18; Ա Յովհաննէս 2։15–17)։

Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր ֆիլմերը վատն են։ Սակայն տեղին է զգուշություն ցուցաբերել։ Այս առնչությամբ «Արթնացե՛ք»–ի 1997 թ. մայիսի 22–ի համարում (անգլ., ռուս.) ասվում էր. «Ամեն մեկը պետք է ծանրութեթև անի այս հարցը և այնպիսի որոշում կայացնի, որը թույլ կտա իրեն մաքուր խիղճ ունենալ Աստծու և մարդկանց առջև» (Ա Կորնթացիս 10։31–33)։

Ժամանցի ընդունելի ձևեր. ինչպե՞ս գտնել

Ծնողներն ինչպե՞ս կարող են որոշել, թե ինչ ֆիլմեր ընտրեն ընտանիքով դիտելու համար։ Տեսնենք, թե ինչ են ասում շատ ծնողներ, որ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում։ Նրանց խոսքերը կարող են օգնել ձեզ ժամանցի ձևերի ընտրության հարցում (տե՛ս նաև «Ժամանցի այլ ձևեր» շրջանակը, էջ 14)։

«Երբ մեր երեխաները փոքր էին, ես կամ կինս միշտ նրանց հետ էինք գնում կինոթատրոն,— ասում է Խուանը, որն ապրում է Իսպանիայում։— Նրանք երբեք չէին գնում մենակ կամ ուրիշ երեխաների հետ։ Թեև երեխաներս այժմ ավելի մեծ են, բայց ներկա չեն լինում ֆիլմերի պրեմիերաներին։ Մենք նախընտրում ենք, որ նրանք սպասեն, մինչև կկարդանք այդ ֆիլմի մասին, կամ կարծիքներ կլսենք այն անձանցից, ում վստահում ենք։ Այնուհետև ընտանիքով որոշում ենք՝ դիտե՞նք այդ ֆիլմը, թե՞ ոչ»։

Մարկը, որ ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, անցումային տարիքի որդի ունի, որին խրախուսում է բաց հաղորդակցություն պահպանել իր հետ և միշտ տեղեկացնել իրեն, թե ինչ է ցուցադրվում կինոթատրոններում։ «Ես ու կինս խոսակցություն ենք սկսում, որի ժամանակ հարցնում ենք նրա կարծիքը ֆիլմի վերաբերյալ,— ասում է Մարկը։— Շնորհիվ դրա՝ հասկանում ենք նրա տեսակետը, որից հետո միասին խորհում ենք այդ հարցի շուրջ և կարծիքներ ենք փոխանակում։ Արդյունքում ընտրում ենք այնպիսի ֆիլմեր, որոնք կարող ենք դիտել բոլորս միասին»։

Ռոզարիոն, որն ապրում է Բրազիլիայում, նույնպես ժամանակ է հատկացնում քննարկելու իր երեխաների հետ այն ֆիլմը, որը նրանք ցանկանում են դիտել։ «Մենք միասին կարդում ենք կինոքննադատների կարծիքը տվյալ կինոնկարի վերաբերյալ,— ասում է նա։— Ապա երեխաներիս հետ գնում եմ տեսաֆիլմերի վաճառքի սրահ, որպեսզի նրանց օգնեմ ֆիլմի տուփի վրայի նշումներից հասկանալ, թե արդյոք այն ընդունելի է մեզ համար»։

Բրիտանացի Մեթյուն նույնպես օգտակար է համարում զրուցել իր երեխաների հետ այն կինոնկարների մասին, որ նրանք ուզում են դիտել։ Նա ասում է. «Երեխաներս դեռ փոքր էին, երբ նրանց հետ սկսեցինք քննարկել մեզ հետաքրքրող ֆիլմերի բովանդակությունը։ Եթե որոշում էինք չդիտել որևէ կինոնկար, ես ու կինս ոչ թե պարզապես արգելում էինք այն, այլ բացատրում էինք դրա պատճառը»։

Որոշ ծնողներ ֆիլմի մասին տեղեկություն են ձեռք բերում Ինտերնետից։ Այնտեղ կան բազմաթիվ Web–հանգույցներ, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է ֆիլմերի բովանդակությունը։ Դրանց օգնությամբ կարելի է ավելի լավ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ չափանիշներ են խրախուսվում տվյալ ֆիլմում։

Ինչպես է օգնում Աստվածաշնչով դաստիարակված խիղճը

Ինչպես ասում է Աստվածաշունչը, որոշ մարդկանց «զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու» (Եբրայեցիս 5։14)։ Ուստի ծնողների նպատակը պետք է լինի իրենց երեխաների մեջ այնպիսի արժեքներ սերմանել, որոնք կօգնեն նրանց իմաստուն որոշումներ կայացնել, երբ ինքնուրույն ընտրելիս լինեն ժամանցի ձևերը։

Եհովայի վկաների շարքերում կան շատ ծնողներ, որոնք այս հարցում հրաշալի դաստիարակություն են տալիս իրենց երեխաներին։ Օրինակ՝ Բիլն ու Շերին, որ ապրում են Միացյալ Նահանգներում, մեծ ուրախությամբ կինոթատրոն են գնում անցումային տարիքի իրենց երկու որդիների հետ։ Ահա թե ինչ է ասում Բիլը. «Կինոթատրոնից դուրս գալուց հետո մենք հաճախ ընտանիքով քննարկում ենք ֆիլմը։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ արժեքներ են այնտեղ ուսուցանվում, և թե արդյոք համաձայն ենք դրանց հետ»։ Բիլն ու Շերին, անշուշտ, գիտակցում են այս հարցում ընտրողական լինելու անհրաժեշտությունը։ «Մենք նախապես կարծիքներ ենք ընթերցում ֆիլմի մասին ու երբեք չենք վարանում դուրս գալ կինոսրահից, եթե հանկարծ պարզվում է, որ կինոնկարի բովանդակությունն անընդունելի է»,— ասում է Բիլը։ Երբ նրանք որևէ լուրջ որոշում են կայացնում, այդ հարցի քննարկմանն ընդգրկում են նաև իրենց որդիներին։ Բիլն ու Շերին հավատացած են, որ դրանով օգնում են երեխաներին զարգացնել բարին ու չարը զանազանելու ուժեղ զգացողություն։ «Նրանք արդեն ավելի խոհեմ որոշումներ են կայացնում ֆիլմերի ընտրության հարցում»,— ասում է Բիլը։

Բիլի ու Շերիի նման՝ շատ ծնողներ օգնել են իրենց երեխաներին ժամանցի ընտրության հարցում ‘վարժեցնել իրենց զգայարանները’։ Ինչ խոսք, ֆիլմերի մեծ մասն ընդունելի չէ քրիստոնյաների համար։ Բայց եթե նրանք առաջնորդվեն աստվածաշնչային սկզբունքներով, ապա կկարողանան ժամանցի այնպիսի ձևեր ընտրել, որոնք թե՛ օգտակար կլինեն, թե՛ թարմացնող։

[Ծանոթագրություններ]

a Նմանատիպ համակարգ է գործում աշխարհի շատ երկրներում։ Ֆիլմի վրա հատուկ նշան է դրվում, որը ցույց է տալիս, թե տարիքային որ խմբի համար է այն նախատեսված։

b Կինոնկարը տեսակավորելու չափանիշները երկրից երկիր կարող են տարբերվել։ Այն ֆիլմը, որը մի երկրում պատանիների համար անընդունելի է համարվում, մեկ ուրիշ երկրում ավելի հանգիստ է ընդունվում։

c Քրիստոնյաները պետք է նաև հիշեն, որ մանկապատանեկան ֆիլմերում կարող են լինել կախարդության, ոգեհարցության և դիվապաշտության այլ ձևեր ներկայացնող տեսարաններ (Ա Կորնթացիս 10։20բ, 21)։

[Շրջանակ/նկար 12–րդ էջի վրա]

«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՒՄ»

«Երբ փոքր էի, մենք ընտանիքով էինք գնում կինոթատրոն։ Բայց հիմա մեծացել եմ, և ծնողներս թույլ են տալիս, որ գնամ առանց իրենց։ Սակայն նրանք նախևառաջ հետաքրքրվում են, թե ինչ է ֆիլմի անունը, և ինչի մասին է այն։ Եթե դա ծնողներիս ոչինչ չի ասում, ապա նրանք ընթերցում են այդ ֆիլմի համառոտ բովանդակությունը կամ հեռուստացույցով դիտում այն գովազդող դրվագները։ Նրանք ֆիլմի մասին տեղեկություն են ձեռք բերում նաև Ինտերնետից։ Եթե ծնողներս գալիս են այն եզրակացության, որ տեղին չէ դիտել այդ կինոնկարը, նրանք բացատրում են ինձ դրա պատճառը։ Նաև թույլ են տալիս, որ արտահայտեմ իմ կարծիքը։ Մեր խոսակցությունը անկաշկանդ է ընթանում, և մենք միասին ենք որոշում կայացնում» (Էլոիզ, 19 տարեկան, Ֆրանսիա)։

[Շրջանակ/նկար 13–րդ էջի վրա]

ՔՆՆԱՐԿԵՔ ԽՆԴԻՐԸ

«Եթե ծնողները արգելում են երեխաներին զբաղվել որևէ բանով ու դրա փոխարեն օգտակար զբաղմունք չեն առաջարկում, երեխաները փորձում են իրենց ցանկությունը գաղտնաբար բավարարել։ Ուստի երբ նրանք որևէ անվայել բան են ուզում դիտել, որոշ ծնողներ անմիջապես չեն արգելում նրանց, բայց թույլտվություն էլ չեն տալիս։ Նրանք որոշ ժամանակ ոչինչ չեն ասում, որպեսզի կրքերը հանդարտվեն։ Մի քանի օր անց ծնողները, առանց զայրանալու, հարցնում են երեխաներին, թե ինչու են նրանք կարծում, որ տվյալ զբաղմունքն ընդունելի է։ Նրանք քննարկում են խնդիրը, ինչի շնորհիվ երեխաները հաճախ փոխում են իրենց կարծիքը ու նույնիսկ շնորհակալություն են հայտնում։ Ապա ծնողների առաջնորդությամբ նրանք ժամանցի այնպիսի ձև են ընտրում, որով կարող են միասին զբաղվել» (Մասաակի, շրջագայող վերակացու Ճապոնիայում)։

[Շրջանակ/նկար 14–րդ էջի վրա]

ԺԱՄԱՆՑԻ ԱՅԼ ՁԵՎԵՐ

◼ «Երեխաները սիրում են ընկերակցել իրենց հասակակիցների հետ։ Ուստի մենք միշտ ջանք ենք թափում, որ մեր դուստրը շփվի լավ երեխաների հետ, և դա լինի մեր ներկայությամբ։ Քանի որ մեր ժողովում օրինակելի երեխաները շատ են, քաջալերում ենք մեր աղջկան ընկերանալ նրանց հետ» (Էլիզա, Իտալիա)։

◼ «Մենք շատ հետաքրքրված ենք մեր երեխաների հանգստով։ Ուստի նրանց համար օգտակար զբաղմունքներ ենք գտնում՝ գնում ենք զբոսանքի, խորոված ենք անում, բնության գրկում ճաշում ենք և բոլոր տարիքի քրիստոնյաների հետ ընկերական հանդիպումներ ենք կազմակերպում։ Դրա շնորհիվ մեր երեխաները չեն ձգտում շփվել միայն իրենց հասակակիցների հետ» (Ջոն, Բրիտանիա)։

◼ «Մենք մեծ բավականություն ենք ստանում ընկերական հավաքույթներից, որ կազմակերպում ենք քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ։ Երեխաներս նաև ֆուտբոլ են սիրում։ Ուստի ժամանակ առ ժամանակ մենք ուրիշների հետ ֆուտբոլ ենք խաղում» (Խուան, Իսպանիա)։

◼ «Մենք քաջալերում ենք երեխաներին երաժշտական գործիքներ նվագել։ Նաև նրանց հետ միասին որևէ բան ենք անում, օրինակ՝ թենիս կամ վոլեյբոլ ենք խաղում, հեծանիվ ենք քշում և ընկերների հետ հավաքվում» (Մարկ, Բրիտանիա)։

◼ «Մենք ընտանիքով ու ընկերներով կանոնավորաբար գնում ենք բոուլինգ խաղալու։ Նաև ամիսը մեկ որևէ առանձնահատուկ բան ենք ծրագրում։ Նման միջոցառումների ժամանակ խնդիրներից խուսափելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն երեխաների հանդեպ» (Դանիլո, Ֆիլիպիններ)։

◼ «Սովորաբար շատ ավելի հետաքրքիր է հաճախել տարբեր միջոցառումների, քան տանը նստած՝ որևէ ֆիլմ դիտել։ Մենք միշտ տեղեկանում ենք մեր բնակավայրում կազմակերպվող միջոցառումների մասին, ինչպես օրինակ՝ ցուցահանդեսների, ավտոմեքենաների ցուցադրումների ու երաժշտական ծրագրերի։ Այսպիսի իրադարձությունները շփվելու ավելի մեծ հնարավորություն են ընձեռում։ Նաև հետևում ենք, որ զվարճությունները չափից շատ չլինեն։ Դրա շնորհիվ ոչ միայն ժամանակ ենք խնայում, այլև չենք կորցնում նոր բան ակնկալելու զգացումը» (Ջուդիթ, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

◼ «Ես օգնում եմ երեխաներիս հասկանալ, որ նրանք չեն կարող զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում են մյուս երեխաները։ Միևնույն ժամանակ, ամուսնուս հետ փորձում ենք լավ միջոցառումներ կազմակերպել նրանց համար։ Մենք նրանց առիթ չենք տալիս ասելու. «Ոչ մի տեղ չե՛նք գնում, ոչ մի հետաքրքիր բանով չե՛նք զբաղվում»։ Ընտանիքով զբոսայգի ենք գնում կամ մեր տուն ենք հրավիրում ժողովի մյուս անդամներին»d (Մարիա, Բրազիլիա)։

[Ծանոթագրություն]

d Ընկերական հավաքույթներ կազմակերպելու մասին հավելյալ տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս «Արթնացե՛ք»–ին առընթեր լույս տեսնող «Դիտարան» պարբերագիրը, 1 նոյեմբերի, 1992 թ., էջ 22–26, արևմտ.; 15 օգոստոսի, 1992 թ., էջ 15–20, ռուս.։

[Թույլտվությամբ]

James Hall Museum of Transport, Johannesburg, South Africa

[Նկարազարդում 11–րդ էջի վրա]

Ծանոթացեք ֆիլմի համառոտ բովանդակությանը այն դիտելու որոշում կայացնելուց ԱՌԱՋ

[Նկարազարդում 12–րդ և 13–րդ էջերի վրա]

Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին ընտրել ֆիլմերը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը