Հինգ քայլ՝ աշխատանք գտնելու համար
ՈՎՔԵ՞Ր կարող են գտնել ամենալավ աշխատանքը։ Միայն ամենալա՞վ մասնագետները։ «Ամենևի՛ն։ Սովորաբար աշխատանք են գտնում նրանք, ովքեր այդ ուղղությամբ ամենաճիշտ քայլերն են ձեռնարկում»,— ասում է Բրայանը՝ աշխատանքի տեղավորման գծով մի խորհրդատու։ Իսկ ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի ձեր այդ ջանքերը հաջողությամբ պսակվեն։ Ահա հինգ առաջարկ։
Կազմակերպված եղեք
Երբ լավ աշխատանք ենք կորցնում կամ որոշ ժամանակ գործազուրկ ենք մնում, հեշտությամբ ընկնում ենք հուսալքության գիրկը։ Կատարինան՝ Գերմանիայում բնակվող մի դերձակուհի, պատմում է. «Երբ զրկվեցի աշխատանքից, հույսս անմիջապես չկորցրի։ Բայց անցան ամիսներ, և նոր աշխատանք չկարողացա գտնել։ Ես այնքան էի ընկճվել, որ նույնիսկ ընկերներիս հետ չէի կարողանում խոսել այդ մասին»։
Ինչպե՞ս կարող եք հաղթահարել հուսալքությունը։ «Չափազանց կարևոր է, որ «աշխատանքային օրվա» գրաֆիկ կազմեք, որպեսզի սկզբից ևեթ իմանաք, թե ինչ եք անելու տվյալ օրը»,— նշվում է մի գրքում, որտեղ խոսվում է մեկ ամսում աշխատանք գտնելու մասին («Get a Job in 30 Days or Less»)։ Գրքի հեղինակները խորհուրդ են տալիս «ծրագիր կազմել յուրաքանչյուր օրվա համար և ապա գրի առնել, թե ինչ չափով է հաջողվել իրականացնել այն»։ Բացի այդ, նրանք ասում են, որ «օրը պետք է սկսել համապատասխան հագուստով»։ Ինչո՞ւ։ «Պատշաճ հագուկապը կավելացնի ձեր վստահությունը սեփական ուժերի հանդեպ անգամ հեռախոսով խոսելիս»։
Այո՛, ձեր «աշխատանքը» պետք է լինի աշխատանք գտնելը՝ անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար։ Կատարինան հենց այդպիսի մոտեցում ցուցաբերեց։ Նա ասում է. «Աշխատանքի տեղավորման բյուրոյից վերցնում էի այն հիմնարկությունների հասցեներն ու հեռախոսահամարները, որտեղ աշխատողներ էին պահանջվում։ Ուշադրություն էի դարձնում թերթերում տպագրված գովազդներին։ Զննում էի հեռախոսագիրքը՝ կազմելով այն ձեռնարկությունների ցուցակը, որտեղ կարող են թափուր աշխատատեղեր լինել, և ապա կապ էի հաստատում նրանց հետ։ Նաև ռեզյումե էի կազմել, որն ուղարկում էի այդ ձեռնարկություններին»։ Սիստեմատիկ ջանքեր թափելու շնորհիվ Կատարինան, ի վերջո, կարողացավ համապատասխան աշխատանք գտել։
Դիմեք տարբեր աղբյուրների
Եթե ձկնորսական ցանցը մեծ է, մեծ է նաև ձուկ բռնելու հավանականությունը։ Նույնը և այս դեպքում. պարզելով, թե ինչպես կարող եք «մեծացնել» ձեր «ցանցը»՝ կմեծացնեք նաև աշխատանք գտնելու հավանականությունը։ Եթե ձեր միակ աղբյուրը թերթերում և Ինտերնետում տեղ գտած գովազդներն են, ապա դուք, ըստ երևույթին, անտեղյակ կմնաք այն բազմաթիվ թափուր աշխատատեղերից, որոնք լրատվական միջոցներում չեն հիշատակվում։ Ազատ աշխատատեղերը հազվադեպ են գովազդվում։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք իմանալ դրանց մասին։
Գովազդներում ներկայացված հիմնարկներին դիմելուց բացի, լավ կլինի, որ Կատարինայի պես ամեն շաբաթ ժամանակ հատկացնեք այն ընկերություններին զանգահարելու, որտեղ հնարավոր է լինեն թափուր աշխատատեղեր։ Մի սպասեք, մինչև նրանք հայտարարություն տան այդ մասին։ Եթե տնօրենն ասում է, որ ազատ տեղեր չկան, հարցրեք նրան, թե ուր կարող եք դիմել և ում հետ տեղին կլինի խոսել։ Եթե նա այդ առումով որևէ խորհուրդ է տալիս, ապա տվյալ ընկերության ներկայացուցչի հետ հանդիպելիս նշեք ձեզ ուղարկողի անունը։
Տոնին, որի մասին խոսեցինք նախորդ հոդվածում, աշխատանք գտավ այս ճանապարհով։ «Ես դիմում էի նույնիսկ այն ընկերություններին, որոնք հայտարարություններ չէին տվել,— ասում է նա։— Ընկերություններից մեկում ինձ ասացին, որ տվյալ պահին ազատ տեղ չունեն։ Սակայն նրանք խորհուրդ տվեցին երեք ամիս անց կրկին դիմել իրենց։ Ես այդպես էլ արեցի, և ինձ հաջողվեց աշխատանքի անցնել»։
Այդպես վարվեց նաև Փրիմրոս անունով միայնակ մի մայր, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Նա պատմում է. «Երբ հաճախում էի բուժքույրական դասընթացներին, նկատեցի, որ փողոցի այն կողմում նոր շենք են կառուցում։ Ինձ հաջողվեց պարզել, որ այնտեղ ծերանոց է լինելու։ Ես բազմիցս փորձեցի հանդիպել այդ հիմնարկության տնօրենի հետ։ Երբ, ի վերջո, հանդիպեցի, նա ասաց, որ տվյալ պահին թափուր տեղեր չկան։ Սակայն ես պարբերաբար վերադառնում էի այնտեղ, որպեսզի իմանամ, թե արդյոք չեմ կարող որևէ աշխատանք կատարել, թեկուզ կամավորի կարգավիճակով։ Ի վերջո, ինձ ժամանակավորապես գործի ընդունեցին։ Ես ջանադրաբար էի կատարում յուրաքանչյուր հանձնարարություն։ Արդյունքում լրացուցիչ որակավորումներ ձեռք բերեցի և մնացի այնտեղ՝ որպես մշտական աշխատող»։
Նաև կարող եք խնդրել ձեր ծանոթներին, ընկերներին ու հարազատներին, որ հետաքրքրվեն, թե արդյոք որևէ տեղ աշխատողի կարիք չկա։ Այդպես աշխատանք գտավ Յակոբսը՝ անվտանգության մի ծառայող, որը նույնպես ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Նա պատմում է. «Երբ այն ընկերությունը, որում աշխատում էի, փակվեց, ընկերներիս ու բարեկամներիս տեղյակ պահեցի, որ աշխատանք եմ փնտրում։ Մի օր ընկերներիցս մեկը, խանութում հերթի մեջ կանգնած, լսեց, թե ինչպես է մի կին մյուսին խնդրում աշխատող գտնել իր համար։ Ընկերս առիթը բաց չթողեց և պատմեց իմ մասին։ Ապա պայմանավորվեցինք հանդիպման համար, և ես աշխատանք գտա»։
Հարմարվող եղեք
Աշխատանք գտնելու հավանականությունը կմեծանա, եթե հարմարվող լինեք։ Հայմեն, որի մասին խոսեցինք նախորդ հոդվածում, նշում է. «Հազիվ թե կարողանաս գտնել այնպիսի աշխատանք, որը բոլոր առումներով բավարարի քեզ։ Սովորիր գոհ լինել այն աշխատանքից, որը չի արդարացնում քո ակնկալիքները»։
Հարմարվող լինելու շնորհիվ դուք կկարողանաք հաղթահարել ձեր նախապաշարմունքը աշխատանքի որոշակի ձևերի հանդեպ։ Ահա թե ինչ տեղի ունեցավ Էրիկայի հետ, որն ապրում է Մեքսիկայում։ Նա ստացել էր այնպիսի կրթություն, որը հնարավորություն կտար իրեն պատասխանատու պաշտոն զբաղեցնել միջազգային կազմակերպություններում։ Սակայն Էրիկան սկզբում չէր կարողանում գտնել իր ուզած աշխատանքը։ Նա պատմում է. «Ես սովորեցի անել ցանկացած պատշաճ գործ։ Սկզբում գործակատար էի։ Նաև փողոցում տաք բլիթներ էի վաճառում և մաքրում էի մարդկանց տները։ Որոշ ժամանակ անց կարողացա աշխատանքի անցնել իմ մասնագիտությամբ»։
Գործավարի իր աշխատանքը կորցնելուց հետո նախորդ հոդվածում հիշատակված Մերին նույնպես հասկացավ, որ հարկավոր է հարմարվող լինել։ Նա ասում է. «Պարտադիր չէր՝ գտնեի հենց այնպիսի աշխատանք, որը կորցրել էի։ Դիմում էի բոլոր այն հիմնարկներին, որտեղ աշխատող էր պահանջում, նույնիսկ եթե նրանց առաջարկածը ոմանց տեսանկյունից «սև» գործ էր։ Արդյունքում կարողացա անցնել այնպիսի աշխատանքի, որն ինձ հնարավորություն տվեց հոգ տանել երկու երեխաներիս մասին»։
Կազմեք լավ ռեզյումե
Եթե մեկն ուզում է գրասենյակային աշխատանք գտնել, խիստ անհրաժեշտ է, որ նա կազմի և տարածի իր աշխատանքային ռեզյումեն։ Լավ կազմված ռեզյումեն կարող է օգտակար լինել ցանկացած աշխատանք գտնելու համար։ «Ռեզյումեից երևում է, թե ինչպիսի անձնավորություն ես, ինչ հաջողություններ ես ունեցել կյանքում և որքանով ես համապատասխանում նրանց պահանջներին»,— ասում է Նայջելը՝ աշխատանքի գծով մի խորհրդատու, որն ապրում է Ավստրալիայում։
Իսկ ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե։ Գրեք ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն։ Նշեք, թե ինչ աշխատանք եք ուզում կատարել։ Թվարկեք ձեր մասնագիտությունները՝ շեշտ դնելով այն բանի վրա, թե տվյալ աշխատանքին առնչվող ինչ կրթություն եք ստացել և ինչ հմտություններ ունեք։ Մանրամասնորեն ներկայացրեք ձեր աշխատանքային փորձը։ Հայտնեք ոչ միայն ձեր կատարած գործերի մասին, այլև ձեռքբերումների։ Նշեք, թե ինչով եք օգտակար եղել ձեր նախկին հիմնարկությանը։ Նաև ներկայացրեք այն բոլոր մանրամասները, որոնք ցույց կտան, որ իսկապես համապատասխանում եք նրանց պահանջներին։ Ռեզյումեի մեջ ընդգրկեք այնպիսի տեղեկություններ, որոնցից կերևա, թե ինչ հմտություններ, հետաքրքրություններ և մտահորիզոն ունեք։ Քանի որ տարբեր հիմնարկություններում տարբեր պահանջներ են ներկայացվում, ամեն անգամ որևէ տեղ դիմելիս արժե վերանայել ռեզյումեն։
Իսկ տեղին կլինի՞ ռեզյումե կազմել, եթե աշխատանքի եք ընդունվում առաջին անգամ։ Այո՛։ Հնարավոր է՝ դուք այնպիսի գործեր արած լինեք, որոնք կարող են դիտվել՝ իբրև աշխատանքային փորձ։ Թերևս դուք նախասիրություն եք ունեցել փայտի հետ աշխատելու կամ օգնել եք վերանորոգել հին ավտոմեքենաներ։ Նման տեղեկությունները ևս կարելի է ընդգրկել ռեզյումեի մեջ։ Կամ գուցե մասնակցել եք կամավորական աշխատանքների։ Այդ դեպքում նշեք, թե կոնկրետ ինչ եք արել և ինչ հաջողություններ եք ունեցել (տե՛ս «Ռեզյումե՝ աշխատանքային փորձ չունեցողների համար» շրջանակը)։
Եթե չհաջողվի անձամբ զրուցել աշխատանքի ընդունող անձանց հետ, ապա թողեք ձեր անձնական տվյալները պարունակող մի փոքրիկ քարտ (նախընտրելի է 10x15 սանտիմետրի)։ Այնտեղ նշեք ձեր անուն–ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն։ Նաև համառոտակի ներկայացրեք, թե ինչ փորձ ու հմտություններ ունեք։ Եթե տեղին է, հակառակ կողմում կարող եք փակցնել ձեր լուսանկարը կամ նույնիսկ որևէ ընտանեկան լուսանկար։ Այդ քարտերը տվեք բոլոր նրանց, ովքեր կկարողանան օգնել ձեզ աշխատանքի հարցում։ Նաև կարող եք խնդրել, որ նրանք քարտերը փոխանցեն այն անձանց, որոնք համապատասխան աշխատող են փնտրում։ Եթե վերջիններս տեսնեն քարտը, հնարավոր է ձեզ հարցազրույցի հրավիրեն, ինչի շնորհիվ միգուցե աշխատանք գտնեք։
Ռեզյումեն կօգնի, որ աշխատանք փնտրելիս ավելի հանգիստ զգաք ձեզ։ Նայջելը, որի մասին քիչ առաջ խոսեցինք, ասում է. «Ռեզյումեի շնորհիվ կիմանաս՝ ինչ ասել և ավելի կոնկրետ կներկայացնես քո նպատակը։ Նաև ներքին վստահություն կունենաս, քանի որ պատրաստված կլինես այն հարցերին, որոնք թերևս տան հարցազրույցի ժամանակ» (տե՛ս 7–րդ էջի շրջանակը)։
Լավ նախապատրաստվեք հարցազրույցներին
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել հարցազրույցներին։ Կարելի է տեղեկություններ ձեռք բերել այն հիմնարկության մասին, որտեղ ցանկանում եք աշխատանքի ընդունվել։ Որքան շատ իմանաք այդ առնչությամբ, այնքան ավելի լավ տպավորություն կգործեք հարցազրույցի ժամանակ։ Այդ տեղեկությունները կօգնեն նաև, որ պարզեք, թե արդյոք առաջարկվող աշխատանքը հենց այն է, ինչ փնտրում եք, և թե արդյոք պատրաստ եք աշխատելու այդ հիմնարկությունում։
Բացի այդ, խորհեք այն մասին, թե հարցազրույցի ժամանակ ինչ եք հագնելու։ Եթե ցանկանում եք բանվորի աշխատանք կատարել, ապա համապատասխան հագուստ հագեք, որը, սակայն, մաքուր և կոկիկ կլինի։ Կոկիկ հագուկապը ցույց կտա, որ հարգանքով եք վերաբերվում ինքներդ ձեզ և հետևաբար հարգանքով կվերաբերվեք նաև ձեր աշխատանքին։ Եթե նպատակ ունեք որևէ գրասենյակային գործ կատարելու, ապա ընտրեք համեստ հագուստ, որը ձեր վայրում սովորաբար կրում են այդ բնագավառի մարդիկ։ Նայջելն ասում է. «Որոշեք, թե ինչ եք հագնելու հարցազրույցի գնալուց բավականաչափ շուտ, որպեսզի վերջին պահին ստիպված չլինեք շտապել՝ է՛լ ավելի մեծացնելով սթրեսը հարցազրույցից առաջ»։
Նայջելը խորհուրդ է տալիս հարցազրույցի անցկացման վայր ժամանել 15 րոպե շուտ։ Թեև խոհեմ չի լինի չափազանց վաղ գնալ այնտեղ, սակայն ուշանալը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Մասնագետներն ասում են, որ հարցազրույցի առաջին երեք րոպեները վճռական նշանակություն ունեն։ Այդ կարճ ժամանակահատվածում հարցազրույց անցկացնողը հասցնում է գնահատական տալ ձեր արտաքինին և վարվելաձևին, ինչը և հիմնականում ձևավորում է նրա կարծիքը ձեր մասին։ Եթե ուշանաք, վատ տպավորություն կգործեք։ Հիշեք. առաջին տպավորությունը շտկելու երկրորդ հնարավորություն երբեք չի լինում։
Հիշեք նաև, որ հարցազրույց անցկացնողը ձեր թշնամին չէ։ Գուցե մի ժամանակ նա նույնպես ստիպված է եղել անցնելու նման բանի միջով, ուստի ամենայն հավանականությամբ կմտնի ձեր դրության մեջ։ Շատ հնարավոր է, որ նա էլ է անհանգիստ, քանզի հարցազրույցներ անցկացնելու շատ քիչ փորձ ունի կամ ընդհանրապես չունի։ Բացի այդ, եթե հարցազրույց անցկացնողը հիմնարկության տերն է, նրա համար ցանկանալի չի լինի աշխատանքի ընդունել անհամապատասխան անձնավորության։
Բարյացակամ մթնոլորտ ստեղծելու համար ժպտացեք և ջերմորեն սեղմեք հարցազրույց անցկացնողի ձեռքը, եթե ձեր բնակավայրում ընդունված է նման կերպ բարևել մարդկանց։ Հարցազրույցի ժամանակ փորձեք որոշել, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ աշխատանքի ընդունողին և ըստ այդմ էլ ներկայացրեք ձեր հմտություններն ու կարողությունները։ Իսկ ինչի՞ց է պետք խուսափել։ Նայջելը խորհուրդ է տալիս. «Նյարդային շարժումներ մի արեք. հանգիստ կեցվածքը վստահություն է ներշնչում։ Չափազանց ազատ մի եղեք, շատ մի խոսեք և անպարկեշտ խոսքեր մի օգտագործեք։ Աշխատեք բացասական կարծիք չհայտնել ձեր նախկին վերադասների և աշխատակիցների վերաբերյալ. եթե դուք վատ արտահայտվեք նրանց հասցեին, հարցազրույց անցկացնողը կարող է մտածել, որ հետագայում նույն կերպ կխոսեք նաև նոր աշխատավայրի մասին»։
Մասնագետները խորհուրդ են տալիս հարցազրույցի ժամանակ ասել և անել հետևյալը. նայեք հարցազրույց անցկացնողին, խոսեք հստակ և աշխատեք, որ ձեր ժեստերը բնական լինեն։ Կոնկրետ պատասխաններ տվեք, եղեք ազնիվ և հիմնարկության ու առաջարկվող աշխատանքի վերաբերյալ տեղին հարցեր տվեք։ Եթե համոզվեք, որ ձեզ իսկապես բավարարում է տվյալ աշխատանքը, հարցրեք, թե արդյոք ձեզ կընդունեն։ Այդպես ցույց կտաք ձեր հետաքրքրվածությունը։
Այս խորհուրդները կիրառելու շնորհիվ ձեզ գուցե հաջողվի աշխատանքի ընդունվել։ Սակայն ի՞նչ կարող եք անել, որ չկորցնեք այն։
[Շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Ռեզյումե՝ աշխատանքային փորձ չունեցողների համար
Անուն, ազգանուն
Հասցե
Հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե
Աշխատանքը՝ բանվոր
Կրթությունը՝ 2004 թ.–ին ավարտել եմ №.... միջնակարգ դպրոցը
Սովորել եմ՝ օտար լեզուներ, մաթեմատիկա, համակարգչային գործ, փայտամշակում։
Հմտություններ և փորձ՝ կարող եմ արհեստավորի գործ անել։ Կանոնավորաբար վերանորոգում եմ մեր ավտոմեքենան։ Փայտից սեղան և աթոռներ եմ պատրաստում։ Ուժեղ եմ մաթեմատիկայից և կահույք պատրաստելիս սիրով կիրառում եմ այդ գիտելիքներս։ Կամավոր մասնակցել եմ շինարարական ծրագրի՝ աշխատելով տանիքի շինարարության վրա։ Կարող եմ աշխատել տարբեր համակարգիչներով և պատրաստ եմ նոր ծրագրեր սովորել։
Անձնական տեղեկություններ՝ Ճշտապահ եմ. ավարտական տարում դասերից բացակայել եմ ընդամենը երկու օր։ Ազնիվ եմ. մի առիթով տիրոջն եմ վերադարձրել իր կորցրած դրամապանակը՝ գումարով։ Մարդասեր եմ. կանոնավորաբար մասնակցում եմ հասարակական աշխատանքների և հաճույքով օգնություն եմ ցույց տալիս մեծահասակներին։ Սպորտային նախասիրություններս. սիրում եմ բասկետբոլ խաղալ։ Նախասիրություններս. սիրում եմ ավտոմեքենաներ վերանորոգել և աշխատել փայտի հետ։
Բնութագիր՝ առկա կլինի՝ ըստ անհրաժեշտության։
[Շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]
Հարցեր, որ կարող են տալ հարցազրույցի ժամանակ
❑ Ինչո՞ւ եք ցանկանում կատարել հենց այս աշխատանքը։
❑ Ինչո՞ւ եք ուզում աշխատել հատկապես այս ընկերությունում։
❑ Ի՞նչ գիտեք տվյալ աշխատանքի (ընկերության, բնագավառի) մասին։
❑ Նախկինում երբևէ այս կարգի աշխատանք կատարե՞լ եք։
❑ Ի՞նչ սարքավորումներով կարող եք աշխատել։
❑ Տվյալ բնագավառում ի՞նչ աշխատանքային փորձ ունեք։
❑ Ի՞նչ նորամուծություններ կարող եք անել այս գործում։
❑ Պատմեք Ձեր մասին։
❑ Ի՞նչ հինգ բառով կնկարագրեիք ինքներդ ձեզ։
❑ Կարող ե՞ք աշխատել լարված իրավիճակում։
❑ Ինչո՞ւ եք հեռացել նախկին աշխատանքից։
❑ Ինչո՞ւ եք գործազուրկ եղել այսքան ժամանակ։
❑ Ի՞նչ կարծիքի էր Ձեր մասին Ձեր նախկին վերադասը։
❑ Նախկին աշխատավայրում որքա՞ն բացակայություններ եք ունեցել։
❑ Ի՞նչ պլաններ ունեք։
❑ Ե՞րբ կկարողանաք աշխատանքի անցնել։
❑ Ո՞րն է Ձեր ամենագլխավոր արժանիքը։
[Շրջանակ/նկարազարդում 9–րդ էջի վրա]
Արժե՞ օգտվել Ինտերնետից
Աշխատանքի տեղավորման ամենախոշոր ամերիկյան Web–հանգույցներից մեկում ռեզյումեների թիվը հասնում է 17 միլիոնի, իսկ առաջարկվող աշխատատեղերի թիվը՝ 800 000–ի։ Փաստերը ցույց են տալիս, որ որոշ երկրներում բնակչության 96 տոկոսը աշխատանք է փնտրում Ինտերնետի օգնությամբ։ Սակայն 40 երկրներում անցկացված մի հետազոտությունից պարզ դարձավ, որ այս ճանապարհով աշխատանք է գտնում մասնագետների ընդամենը 5 տոկոսը։
Եթե ձեր ռեզյումեն տեղադրեք որևէ Web–հանգույցում, ապա աշխատանք գտնելու հավանականությունը կմեծանա։ Սակայն այս հարցում մեծ զգուշություն է հարկավոր, քանի որ այդպես մեծանում է նաև խաբեության զոհ դառնալու հավանականությունը։ Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակում, օգտակար կլինի կիրառել մասնագետների հետևյալ խորհուրդները՝
1. Նախքան ռեզյումեն կտեղադրեք որևէ Web–հանգույցում, պարզեք, թե գաղտնիության պահպանման ինչ երաշխիքներ են ձեզ տրվում։ Որոշ հանգույցներ անձնական տեղեկությունները վաճառում են ընկերություններին կամ հետաքրքրություն ցուցաբերող անձանց։
2. Ձեր ռեզյումեն տեղադրեք միայն մի քանի վստահելի Web–հանգույցներում։ Շատ կարևոր է պաշտպանել անձնական տվյալները։ Ռեզյումեում չարժե ընդգրկել այնպիսի տեղեկություններ, որոնցից օգտվելով՝ ուրիշները կարող են անվերջանալի ֆինանսական խնդիրների մեջ գցել ձեզ։ Հուսալի ընկերությունները աշխատանքի ընդունելիս չեն հարցնում բանկի հաշվեհամարը, վարկաքարտի համարը կամ մարդու ծննդյան ճշգրիտ թիվը։
3. Զգուշացեք անորոշ առաջարկներից։ Ինչպես նշում է Փեմ Դիքսոնը, որ աշխատում է «Ուորլդ Փրայվիսի Ֆորում»–ում, եթե առաջարկն անորոշ է, ապա առաջարկվող աշխատանքը, ամենայն հավանականությամբ, հուսալի չէ։ «Չարժե հավատալ այնպիսի անորոշ խոսքերի, ինչպիսիք են՝ «մենք հազարավոր աշխատատեղեր ունենք» կամ «մենք համագործակցում ենք մեծ ընկերությունների հետ»։ Պետք է զգույշ լինել նաև այն դեպքերում, երբ ընկերությունը խնդրում է, որ ևս մեկ անգամ իրենց ուղարկեք ձեր ռեզյումեն»։
Հիշեք. նույնիսկ ամենահուսալի Web–հանգույցները չեն կարող պաշտպանել ձեր անձնական տվյալները, եթե դրանք արտագրվել են որևէ ընկերության կամ անհատի կողմից։
[Սխեմա/նկար 5–րդ էջի վրա]
ԱՇԽԱՏԱՆՔ
Լավ նախապատրաստվեք հարցազրույցներին
Կազմեք լավ ռեզյումե
Հարմարվող եղեք
Դիմեք տարբեր աղբյուրների
Կազմակերպված եղեք
[Նկար 7–րդ էջի վրա]
Աշխատանք գտնելու համար հարկավոր է լինել հաստատակամ և դիմել հնարավոր բոլոր աղբյուրներին
[Նկար 8–րդ էջի վրա]
Օգտակար կլինի հարցազրույցի ժամանակ գործնական մոտեցում ցուցաբերել