Աստվածաշնչի տեսակետը
Քրիստոնեությունն անհաջողությա՞ն է մատնվել
ԵՐԿՐԱԳՆԴԻ բնակչության գրեթե մեկ երրորդն իրեն քրիստոնյա է համարում։ Այդուհանդերձ, աշխարհն այսօր քաղաքական առումով առավել քան երբևէ պառակտված է և լի է բռնությամբ։ Մի՞թե սա նշանակում է, որ Հիսուսի հաստատած քրիստոնեությունն ինչ–որ առումով թերի է։ Թե՞ խնդիրը պարզապես այն է, որ շատ մարդիկ ճիշտ չեն կիրառում Քրիստոսի ուսմունքները։
Այս հոդվածում կքննարկվի, թե Հիսուսն իրականում ինչ է սովորեցրել և ինչ օրինակ է թողել իր հետևորդների համար։ Նաև կքննարկվի իրենց քրիստոնյա համարող մարդկանց շրջանում տարածված մի տեսակետ, որը, ըստ էության, հակասում է քրիստոնեության իրական իմաստին։
Աղավաղված քրիստոնեություն
Հիսուսի մահից հետո մի քանի հարյուր տարվա ընթացքում առաջ եկավ քրիստոնեության աղավաղված մի ձև, որն ի վերջո նախապատվելի կրոն դարձավ Հռոմեական կայսրությունում։ Այդ խմբի անդամները, այլևս չլինելով հասարակության անցանկալի տարրեր, հայտնվեցին Հռոմի քաղաքական և հասարակական կյանքի կենտրոնում։ Եկեղեցական առաջնորդները, օրինակ՝ Օգոստինոսը, այս իրողությանն արձագանքելով, սկսեցին ուսուցանել, թե Աստծու սպասված Թագավորությունն արդեն եկել է։ Նրանք սովորեցնում էին, թե իրենց այդ նոր քաղաքական և կրոնական ազդեցությունը հենց այն է, ինչի միջոցով Աստծու կամքը իրականանալու է երկրի վրա։ Այդպիսով՝ մեծ շեշտ դրվեց այն բանի վրա, որ մարդիկ կարող են հաջողությամբ լուծել աշխարհի խնդիրները։
Արդյունքում՝ շատերն այսօր մտածում են, որ քրիստոնյան կարևոր դեր ունի հասարակության քաղաքական կյանքում։ Մեծամասնության կարծիքով՝ քրիստոնյան պետք է ժամանակ առ ժամանակ որոշ զիջումների գնա հավատի հարցում հանուն այն հասարակության շահերի, որում ինքն ապրում է։ Օրինակ՝ շատ անհատներ պնդում են, թե հարում են Քրիստոսի՝ սիրո և խաղաղության մասին ուսմունքներին, սակայն միևնույն ժամանակ աջակցում են դաժան պատերազմներին։ Նույն ձևով՝ եկեղեցիներն իրենց այցելուներին խրախուսում են աղոթել Աստծու Թագավորության համար, բայց միևնույն ժամանակ թիկունք են կանգնում այն կառավարիչներին, ովքեր կեղեքում են ուրիշներին։
Քրիստոնեության այս կեղծ տեսակը այն կրոնը չէ, որ հաստատեց Հիսուսը։ Դա քրիստոնեության մարդակերտ տարբերակն է, որն այսօր իրենց քրիստոնյա համարող անհատների մեծամասնությունը դավանում է։ Քրիստոնեության այս ձևը, անշուշտ, անհաջողության է մատնվել, քանի որ Աստվածաշնչի սկզբունքներն այսօր արհամարհվում են քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներում։
Ի՞նչ էր սովորեցնում Հիսուսն իրականում
Թերևս ոմանք զարմանան՝ իմանալով, թե Հիսուսն ինչ է ասել իր հետևորդների մասին։ Քրիստոսն ասաց, որ իր աշակերտները չպետք է «աշխարհի մի մասը լինեն, ինչպես որ ինքն էլ աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 17:15, 16)։ Ինչո՞ւ էր Հիսուսը խրախուսում իր հետևորդներին նման դիրքորոշում ունենալ։ Պատասխանը գտնում ենք Հիսուսի սիրելի աշակերտի՝ Հովհաննես առաքյալի խոսքերում։ Վերջինս գրեց. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5:19)։
Ինչպես տեսնում ենք, Քրիստոսի ուսմունքներն անհատի ուշադրությունը սևեռում են ոչ թե մարդկանց կազմակերպությունների, այլ Աստծու երկնային Թագավորության վրա, կառույց, որն արդար և ճշմարիտ աշխարհ կհաստատի այստեղ՝ երկրի վրա (Մատթեոս 6:10)։ Ինքը Հիսուսը իր օրերի հասարակության գործերին միջամտելու չնչին իսկ հակվածություն չդրսևորեց։ Նա կտրականապես հրաժարվեց քաղաքական պաշտոն զբաղեցնելուց (Հովհաննես 6:15)։ Բացի այդ, Քրիստոսը դեմ էր վեճերը բռնության միջոցով լուծելուն (Մատթեոս 26:50–53; Հովհաննես18:36)։ Հիսուսը իրենից հետո չթողեց որևէ սահմանադրություն կամ քաղաքացիական օրենքների ժողովածու։ Նրա օրերում կային որոշ քաղաքական խնդիրներ, բայց նա որևէ կերպով մասնակցություն չբերեց դրանց լուծմանը։ Օրինակ՝ նա չդարձավ ստրուկների իրավունքների պաշտպան և ոչ էլ մասնակցեց Հռոմի դեմ հրեաների մղած պայքարին։
Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ Հիսուսն անտարբեր էր մարդկանց ու նրանց խնդիրների նկատմամբ։ Նրա ուսուցումներում մեծ տեղ էր զբաղեցնում այն, որ շատ կարևոր է մերձավորին հաշվի առնելը։ Նա քաջալերում էր ազնվորեն վճարել հարկերը ու ենթարկվել իշխանություններին (Մատթեոս 22:17–21)։ Հիսուսը ցույց էր տալիս, թե ինչպես գործերով հոգատարություն դրսևորել կարիքավորների հանդեպ, ինչպես հարգել ուրիշների արժանապատվությունը, լինել կարեկից, ներող և գթասիրտ (Մատթեոս, գլուխներ 5–7)։ Բոլորին է հայտնի, որ Քրիստոսի ուսմունքները կենտրոնանում են Աստծուն և դրացուն սիրելու վրա (Մարկոս 12:30, 31)։
Ճշմարիտ քրիստոնեությունն այսօր
Ինչպե՞ս, ուրեմն, պետք է իրեն դրսևորի Քրիստոսի իսկական հետևորդը։ Անշուշտ, նա կվարվի Հիսուսի պես։ Մի կողմից՝ նա կհնազանդվի տվյալ երկրի օրենքներին, սակայն մյուս կողմից՝ միանգամայն չեզոք կմնա քաղաքական հարցերում (Հովհաննես 12:47, 48)։ Նա քրիստոնեական սկզբունքների հարցում նույնիսկ մեծ ճնշման ներքո զիջումների չի գնա (1 Պետրոս 2:21–23)։ Միևնույն ժամանակ նա չի կարող անտարբեր դիտորդ լինել։ Ճշմարիտ քրիստոնյան ակտիվորեն հետաքրքրված կլինի ուրիշների բարօրությամբ, ինչպես որ Հիսուսն էր հետաքրքրված (Մարկոս 6:34)։ Նաև, նա չի խնայի իր ուժերն ու կարողությունները՝ օգնելու մարդկանց, որ ապրեն երջանիկ կյանքով. քրիստոնյան կօգնի նրանց հասկանալ Հիսուսի ուսմունքները և ապրել դրանց համաձայն (Հովհաննես 13:17)։
Ուստի Եհովայի վկաներն այսօր ջանում են ընդօրինակել Քրիստոսին այն հարցում, թե ինչպես վերաբերվել շրջապատող աշխարհին։ Նրանք խաղաղասեր և օրինապահ քաղաքացիներ են, բայցևայնպես աշխարհի մաս չեն կազմում։ Ինչպեսև Հիսուսը, նրանք չեն մասնակցում բռնությունների և քաղաքական ընդհարումների, որոնք այնքան տարածված են այսօր։ Եհովայի վկաները լիովին համոզված են, որ միայն Աստծու Թագավորությունն է լուծելու աշխարհի խնդիրները։ Ճշմարիտ քրիստոնեությունը նպաստում է մարդկանց երջանկությանը և համերաշխությանը (Հովհաննես 13:34, 35)։ Անշուշտ, այն անհաջողության չի մատնվել։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Պե՞տք է քրիստոնյաները միջամուխ լինեն քաղաքականությանը (Հովհաննես 6:15)։
◼ Արդյո՞ք Քրիստոսը խորհուրդ է տվել վեճերը լուծել բռնության միջոցով (Մատթեոս 26:50–53)։
◼ Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ նշանը (Հովհաննես 13:34, 35)։
[Նկար/թույլտվությամբ 25-րդ էջի վրա]
EL COMERCIO, Quito, Ecuador