Քանդակից ավելի մնայուն բան
ՊԱՏՄՈՒՄ Է ՌԱԿԵԼ ԿՈՅԻՎԻՍՏՈՆ
1950 թ.–ին տեղի ունեցավ ազգային մրցույթ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների պատվին հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ։ Իմ նախագիծը հաղթեց։ Մեկ տարի անց, երբ Տուուսուլայում (Ֆինլանդիա) տեղի ունեցավ իմ քանդակած հուշարձանի հանդիսավոր բացումը, ես ներկա չէի։ Թույլ տվեք բացատրել, թե ինչու։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1917 թ.–ին Ֆինլանդիայի հարավում գտնվող մի գյուղում։ Մեր ընտանիքում կար ութ երեխա. ամենափոքրը ես էի։ Թեև աղքատ էինք, բայց ես ինձ երջանիկ և ապահով էի զգում։ Ծնողներս լավ մարդիկ էին։ Լինելով աստվածավախ՝ նրանք մեզ սովորեցնում էին հարգել հոգևոր արժեքները։ Հորս գնած Աստվածաշունչը մենք շատ էինք գնահատում։
Երեխա ժամանակ փայտից արձանիկներ էի պատրաստում։ Բարեկամների կարծիքով՝ ես լավ ձեռք ունեի, ուստի ինձ քաջալերում էին արվեստագետ դառնալ։ Ժամանակի ընթացքում ընդունվեցի Հելսինկիի արդյունաբերական գրաֆիկայի համալսարան։ Այս էլիտար դպրոցը, որը ֆիննական արվեստի կենտրոնն էր, լիովին գրավեց գյուղից եկած հասարակ աղջկան։ 1947 թ.–ին համալսարանն ավարտելուց հետո մտածում էի, որ կարող եմ այս աշխարհում ինչ–որ մնայուն բան թողնել։
Շրջադարձային կետ
Որոշ ժամանակ անց իմ նպատակներն արմատապես փոխվեցին։ Մի օր քույրս՝ Աունեն, եկավ ինձ մոտ և ոգևորված ասաց. «Ես գտե՛լ եմ ճշմարտությունը»։ Նրան տվել էին «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։ Քրոջս խոսքերն ինձ առանձնապես չտպավորեցին։ Կարճ ժամանակ անց նկատեցի, որ իմ համակուրսեցի աղջիկներից մեկը նույնպես ուներ այդ գրքից։ Երբ ծիծաղով արտահայտվեցի գրքի մասին, նա ասաց. «Մի՛ ծիծաղիր։ Այս գիրքը կարող է օգնել քեզ հասկանալ Աստվածաշունչը»։ Ես ձեռք բերեցի այդ գրքից և գրեթե մի շնչով կարդացի։ Ծիծաղս այլևս չէր գալիս. ավելին, արդեն համոզված էի, որ Եհովայի վկաների կրոնն է ճշմարիտը։ Նաև հասկացա, որ Եհովա Աստված ինձ առաջարկում է մի բան, որը արվեստը չի կարող տալ՝ հավիտենական կյանք։
Երբ ծանոթացա Եհովայի վկաների հետ, նրանք ինձ միանգամից չհրավիրեցին իրենց հանդիպումներին։ Ուստի, մտածեցի, որ դրանք միայն ժողովի անդամների համար են։ Ես նրանց հարցրեցի, թե կարող եմ արդյոք ներկա լինել հավաքույթներին։ Ուրախացա՝ իմանալով, որ բոլորն էլ կարող են հաճախել։ Հանդիպումների շնորհիվ իմ հավատն ավելի զորացավ, և ես վճռեցի կյանքս նվիրել Եհովային։ Այս որոշումը հրապարակավ հայտնեցի 1950 թ. նոյեմբերի 19–ին. այդ ժամանակ ինձ հետ մկրտվեց նաև քույրս։ Հուրախություն մեզ՝ մեր մյուս չորս քույրերը, ինչպես նաև մեր սիրելի ծնողները նույնպես դարձան Եհովայի վկաներ։
Կյանքի ի՞նչ ուղի ընտրեմ
Աստվածաշունչը ուսումնասիրելու հետ մեկտեղ շարունակում էի զբաղվել նաև արվեստով։ Համալսարանն ավարտելուց հետո ես աշխատում էի որպես քանդակագործության պրոֆեսորի ասիստենտ։ Հետո, ինչպես նշեցի սկզբում, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի վերաբերյալ իմ մտահղացումը արժանացավ ազգային մրցանակի։ Այս նախագիծը անվանել էի՝ «Այնտեղից վերադարձ չկա». վերնագիրն արտացոլում էր պատերազմի վերաբերյալ իմ նոր տեսակետը (Եսայիա 2։4; Մատթեոս 26։52)։ Երբ տեղի ունեցավ այդ 5 մետրանոց արձանի հանդիսավոր բացումը, ես ներկա չէի, քանի որ արարողությունը հայրենասիրական բնույթ էր կրում և չէր համապատասխանում Աստվածաշնչի վրա հիմնված իմ համոզմունքներին։
Իմ հեղինակությունը գնալով աճում էր. ես դարձա հայտնի քանդակագործ, և զանազան եկամտաբեր առաջարկներ էի ստանում։ Բայց վերանայեցի, թե ինչն է կյանքում ինձ համար գլխավորը։ Ճիշտ է, սիրում էի աշխատանքս, սակայն ուրիշներին հոգևորապես օգնելու ցանկությունս ավելի ուժեղ էր։ Ուստի 1953 թ.–ին սկսեցի ծառայել որպես ռահվիրա (Եհովայի վկաները այսպես են անվանում իրենց լիաժամ ավետարանիչներին)։
Երբեմն ինձ ասում էին. «Տաղանդդ իզուր տեղը կորչում է»։ Բայց ես գիտակցում էի. ինչ հաջողության էլ որ հասնեի քանդակագործության բնագավառում, դա միայն ժամանակավոր էր լինելու։ Նույնիսկ գրանիտե հուշարձանները ժամանակի ընթացքում քայքայվում են։ Սակայն ծառայելով որպես ռահվիրա՝ ես կարող էի իմ ժամանակի մեծ մասն օգտագործել այնպես, որ օգնեմ ուրիշներին քայլել հավիտենական կյանքի տանող ճանապարհով (Հովհաննես 17։3)։ Այդուհանդերձ, լիովին չթողեցի արվեստը։ Ժամանակ առ ժամանակ արձանիկներ էի պատրաստում իմ հաճույքի, ինչպես նաև ֆինանսական կարիքներս բավարարելու համար։
Տեղափոխվում եմ գյուղ
Հելսինկիում չորս տարի ծառայեցի որպես ռահվիրա, այնուհետև 1957 թ.–ին Ֆինլանդիայի մասնաճյուղն ինձ առաջարկեց տեղափոխվել Յալասյարվի (Հարավային Օստրոբոտնիա)։ Այնտեղ միանալու էի Անյա Կետոյին, որն ինձանից 17 տարով փոքր էր։ Թեև չէի ճանաչում Անյային, ուրախությամբ ընդունեցի նշանակումս և սկսեցի նրա հետ ապրել։ Մենք այդ տարածաշրջանի միակ Վկաներն էինք, ուստի գրեթե միշտ միասին էինք ծառայում։ Շուտով դարձանք անբաժան ընկերուհիներ։
Յալասյարվի տեղափոխվել նշանակում էր վերադառնալ գյուղական կյանքին. այդ կյանքին ես հրաժեշտ էի տվել 20 տարի առաջ, երբ տեղափոխվեցի մայրաքաղաք և խորամուխ եղա արվեստի մեջ։ Ձմեռները խստաշունչ էին, և երբեմն պետք է քայլեինք մինչև մեր գոտկատեղը հասնող ձյան միջով։ Մենք ապրում էինք մի տնակում, որն ամենևին էլ շքեղ չէիր անվանի։ Ջուրը բերում էինք մոտակա աղբյուրից։ Լինում էր, որ ջուրը սենյակում գիշերը սառում էր։ Բայց մենք ունեինք ամեն անհրաժեշտ բան (1 Տիմոթեոս 6։8)։ Այդ օրերը երջանիկ, ակտիվ գործունեությամբ լեցուն օրեր էին։
Արդյունավետ ծառայություն
Սկզբում թվում էր, թե առանձնապես ոչ մի հաջողության չենք հասնում, քանի որ տեղի բնակիչները կանխակալ կարծիք ունեին մեր մասին։ Որպեսզի օգնեինք նրանց հասկանալ մեր ծառայության բնույթը, կազմակերպում էինք Եհովայի վկաների թողարկած ֆիլմերի ցուցադրումներ. այդ ֆիլմերից էին՝ «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» և «Նոր աշխարհի ուրախ հասարակությունը»։ Դրանց շնորհիվ նրանք ծանոթանում էին մեզ և մեր կազմակերպությանը, ինչպես նաև տեսնում էին, թե ինչ դրական արդյունքներ է բերում մեր համաշխարհային գործունեությունը։ Այդ ցուցադրումներին շատերն էին ներկա լինում։
Մի անգամ Էերո Մուուրայնենը՝ Եհովայի վկաների շրջագայող վերակացուներից մեկը, ցուցադրեց «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» ֆիլմը գյուղի ակումբում։ Սրահն այնքան մարդաշատ էր, որ ես հազիվ կարողացա կանգնելու տեղ գտնել անկյունում։ Ես կանգնել էի մեկ ոտքի վրա, քանի որ մյուս ոտքս դնելու տեղ չկար, իսկ մեջքով հենվել էի պատին։ Ֆիլմից հետո շատերը մոտեցան մեզ և խնդրեցին այցելել իրենց։
Մենք նաև ունեինք մի մեծ մագնիտոֆոն, որով աստվածաշնչյան ելույթներ էինք հնչեցնում ագարակներում։ Մի անգամ մի ընտանիքի հետ պայմանավորվել էինք, որ այդպիսի ելույթ հնչեցնենք նրանց տանը երեկոյան ժամը 7–ին, և ամբողջ գյուղին հրավիրել էինք ունկնդրելու։ Այդ օրը վաղ առավոտյան հեծանիվներով գնացինք քարոզելու մի գյուղում, որը մոտ 25 կիլոմետր հեռու էր. կարծում էինք, որ կկարողանանք բավականաչափ վաղ վերադառնալ։ Բայց երբ ճամփա ընկանք այդ գյուղից, անձրև սկսվեց, և ճանապարհը վերածվեց ցեխի զանգվածի։
Ի վերջո, մեր հեծանիվներն այնքան պատվեցին ցեխով, որ անիվներն այլևս չէին պտտվում. ստիպված եղանք ինքներս տանել հեծանիվները։ Մենք չէինք կարող ժամանակին հասնել պայմանավորված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, վերցրեցինք մեր ծանր մագնիտոֆոնը և տեղ հասանք ուշ երեկոյան՝ ժամը 10–ին։ Համոզված էինք, որ բոլորը ցրվել են։ Բայց, ի զարմանս մեզ, տունը լի էր մարդկանցով. նրանք սպասո՛ւմ էին։ Ելույթի ունկնդրումից հետո աշխույժ քննարկում ծավալվեց։ Տուն հասանք վաղ առավոտյան. թեև մեր բոլոր ոսկորները հոգնածությունից ցավում էին, բայց մենք երջանիկ էինք։
Գյուղերի միջև հեռավորությունները շատ մեծ էին, ուստի տեղի Վկաները օգնեցին մեզ մի հին ռուսական մեքենա գնել։ Դրա շնորհիվ քարոզչական գործն ավելի հեշտացավ։ Շուտով մեր մեքենայի մասին բոլորն իմացան, որովհետև տեղի թեմի եպիսկոպոսն իր ծխականներին ասել էր, որ կապույտ մեքենայով երկու կանանց չընդունեն իրենց տները։ Նրա նախազգուշացումը միանգամից ազդեց ժողովրդի վրա։ Մարդիկ ցանկանում էին իմանալ, թե ովքեր են այդ երկու կանայք, և ինչու են նրանք այդքան վտանգավոր։ Նման հետաքրքրասիրության արդյունքում բազմաթիվ բովանդակալից աստվածաշնչային քննարկումներ եղան։ Իսկապես որ ճիշտ են Եսայիայի խոսքերը. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի» (Եսայիա 54։17)։
Ժամանակի ընթացքում մեր աշխատանքը պտուղներ բերեց։ Ամեն շաբաթ հետաքրքրվողների փոքր խմբի հետ սկսեցինք հանդիպումներ անցկացնել։ Ի վերջո, մեր խումբը աճեց, և 1962 թ.–ին կազմավորվեց 18 Վկաներից՝ հիմնականում քույրերից բաղկացած ժողով։ Երկու տարի անց ինձ ու Անյային նշանակեցին ծառայելու նույն շրջանի Ուիլիստարո բնակավայրում։
Ոգեշնչող միջավայր
Մեզ դուր էր գալիս մեր նոր նշանակման վայրի գեղեցկությունն ու հանդարտությունը, բայց առավել դուր էին գալիս մարդիկ։ Նրանք հյուրասեր ու բարյացակամ էին։ Ճիշտ է, կրոնասեր ու հայրենասեր մարդիկ երբեմն բարկացած էին պատասխանում, բայց կային նաև այնպիսի անհատներ, որոնք խոր հարգանք ունեին Աստվածաշնչի հանդեպ և լսում էին մեզ։ Շատ է պատահել, որ Աստվածաշունչը տեսնելուն պես կանայք դադարեցրել են իրենց գործը, իսկ տղամարդիկ հանել են գլխարկները. մնացած ամբողջ ժամանակ դրանք կարծես սոսնձված լինեին նրանց գլխներին։ Երբ մեկի հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, երբեմն նրա ամբողջ ընտանիքը և նույնիսկ հարևանները գալիս էին լսելու։
Անկեղծ ու ազնիվ մարդիկ, որոնց հանդիպում էի ծառայության մեջ, ոգեշնչման աղբյուր էին ինձ համար։ Ազատ ժամանակ վերցնում էի մի կտոր կավ ու սկսում աշխատել։ Քանի որ ինձ միշտ գերել են հետաքրքիր և հումորով անձինք, գրեթե իմ բոլոր արձանները ներկայացնում են մարդկանց։ Օրինակ՝ ես քանդակում էի տնային գործեր անող կանանց։ Իմ աշխատանքների մասին թերթում տպագրվեց մի հոդված, որտեղ ասվում էր. «Դրանցից ճառագում են հողի ջերմությունն ու անդորրը՝ շաղախված հումորով, հանդարտությամբ և հավասարակշռությամբ.... Մարդկանց հանդեպ գորովանքը և մասնագիտական հմտությունն են կանգնած այս ստեղծագործությունների ետևում»։ Բայցևայնպես, զգուշանում էի արվեստով չափազանց տարվելուց։ Ես հաստատ վճռել էի շարունակել լիաժամ ծառայությունս։
1973 թ.–ին ինձ առաջարկեցին մի աշխատանք, որը մերժել մտքովս անգամ չանցավ։ Ինձ խնդրեցին կավե բարձրաքանդակ պատրաստել Եհովայի վկաների Ֆինլանդիայի մասնաճյուղի (Վանտա) նոր ընդունարանի համար։ Այդ աշխատանքի համար որպես խորագիր ընտրվեցին Սաղմոս 96։11–13 համարները։ Որքա՜ն երջանիկ էի ունակություններս օգտագործել ի փառս Եհովայի։
Քանի որ ռահվիրա ծառայելու տարիներին արվեստով զբաղվում էի զուտ հաճույքի համար, զարմացա, երբ 1970–ականների վերջին ինձ արվեստագետի թոշակ նշանակեցին։ Իհարկե, մի կողմից՝ շնորհակալ էի այդ ֆինանսական աջակցության համար, բայց մյուս կողմից՝ մտածեցի. «Եթե ամբողջ կյանքս նվիրեի արվեստին, մի՞թե միայն այս թոշակին էի արժանանալու, մի փոքր հավելյալ գումա՞ր՝ ապահով ծերություն ունենալու համար»։ Որքա՜ն չնչին էր դա հավիտենական կյանքի պարգևի հետ համեմատած (1 Տիմոթեոս 6։12)։
Վերադառնում ենք քաղաք
1974 թ.–ին մեր կյանքում և ծառայության մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Մենք նշանակվեցինք Տուրկու։ Այս մեծ քաղաքում արդեն բազմաթիվ նոր բնակելի շենքեր կային, և մարդկանց ներհոսքը Թագավորության քարոզիչների կարիք էր առաջացրել։ Սկզբում այնքան էլ ուրախ չէինք, որ պետք է ծառայեինք քաղաքում։ Քաղաքաբնակներին քարոզելը դժվար էր թվում, քանի որ շատերն անտարբեր էին։ Սակայն աստիճանաբար հարմարվեցինք և գտանք շատերին, որոնց համար թանկ էին աստվածաշնչյան ճշմարտությունները։
Տարիների ընթացքում ես ու Անյան օգնել ենք ավելի քան 40 հոգու նվիրվելու Եհովային։ Որքա՜ն ենք ուրախանում մեր հոգևոր երեխաներով (3 Հովհաննես 4)։ Վերջին տարիներին իմ առողջությունը վատացել է, բայց ես միշտ զգացել եմ Եհովայի աջակցությունը և ժողովի սերը։ Բացի այդ, ինձ «զորավիգ է լինում» իմ սիրելի ծառայակիցը՝ Անյան (Կողոսացիներ 4։11; Սաղմոս 55։22)։ Մոտ 50 տարի առաջ, երբ ես ու նա հանդիպեցինք, երևի մեզանից ոչ մեկը չէր պատկերացնում, որ մեր համագործակցությունը կտևի այսքան երկար։
Հայտնի ասացվածքն ասում է. «Կյանքը կարճ է, արվեստը՝ հավերժ»։ Սակայն իմ նշանաբանը սա չի եղել։ Ճշմարիտ են Պողոս առաքյալի այն խոսքերը, որ «երևացող բաները ժամանակավոր են, բայց չերևացողները՝ հավիտենական» (2 Կորնթացիներ 4։18)։ Արվեստի բնագավառում իմ բոլոր ուրախությունները, այսինքն՝ «երևացող բաները», ժամանակավոր են եղել։ Նրանք ոչ մի դեպքում չեն կարող համեմատվել այն ուրախությունների հետ, որ ստացել եմ Եհովայի ծառայության մեջ, և չեն կարող հավիտենական կյանք տալ։ Այնքա՜ն ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ «չերևացող բաներին», որոնք քանդակից ավելի մնայուն են։
[Նկար 28–րդ էջի վրա]
Աշխատում եմ գրանիտե հուշարձանի վրա
[Նկար 30–րդ էջի վրա]
Ես ու Անյան (ձախում), 1957
[Նկար 31–րդ էջի վրա]
Ես ու Անյան (աջում) այսօր