Քայլ 5
Հաստատված սովորություններ և գրաֆիկ
Ինչո՞ւ է կարևոր։ Չափահաս մարդու առօրյայում սովորությունները մեծ տեղ են զբաղեցնում։ Օրինակ՝ աշխատելը, երկրպագություն մատուցելը և նույնիսկ զվարճանալը, ըստ էության, հաստատված սովորություններ են։ Եթե ծնողները չեն սովորեցնում իրենց երեխաներին տնօրինել ժամանակը կամ հետևել որևէ գրաֆիկի, ապա դա վատ է անդրադառնում վերջիններիս վրա։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ընտանիքում կան հաստատված կանոններ և գրաֆիկ, երեխան իրեն ավելի ապահով ու հանգիստ է զգում, կարողանում է ինքն իրեն տիրապետել և վստահ է իր ուժերի վրա»,— ասում է հոգեբանության դոկտոր–պրոֆեսոր Լորենս Ստայնբերգը։
Ինչո՞ւ է դժվար։ Կյանքը լի է հազար ու մի հոգսերով։ Շատ ծնողներ ամբողջ օրը աշխատում են, ուստիև քիչ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին և չեն կարողանում դա անել կանոնավոր ձևով։ Ընտանիքում հաստատված գրաֆիկ ունենալը պահանջում է ինքնակարգապահություն, ինչպես նաև վճռականություն, երբ երեխան սկզբնական շրջանում չի ցանկանում ենթարկվել դրան։
Ի՞նչը կօգնի։ Աստվածաշնչի հետևյալ խորհուրդը կարող է օգտակար լինել նաև ընտանիքում. «Ամեն բան թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14։40)։ Օրինակ՝ շատ ծնողներ իրենց երեխաներին մանկուց սովորեցնում են նույն ժամին գնալ քնելու։ Սակայն երեխան պետք է հաճույքով դա անի։ Տատյանան, որն ապրում է Հունաստանում և ունի երկու աղջիկ, ասում է. «Երբ երեխաներն արդեն պառկած են լինում, ես շոյում եմ նրանց և պատմում եմ, թե ինչ եմ արել, մինչ նրանք դպրոցում են եղել։ Հետո հարցնում եմ՝ իսկ իրենք կուզենայի՞ն պատմել, թե ինչպես են անցկացրել օրը։ Այսպիսով նրանք անկաշկանդ են դառնում և հաճախ անկեղծանում են ինձ հետ»։
Կոստասը՝ Տատյանայի ամուսինը, պատմություններ է ընթերցում աղջիկների համար։ Նա ասում է. «Նրանք քննարկում են պատմությունը, և հաճախ խոսակցությունն անցնում է նրանց հուզող հարցերին։ Բայց երբ ուղղակի հարցնում եմ, թե ինչն է նրանց անհանգստացնում, երբեք արդյունքի չեմ հասնում»։ Ինչ խոսք, քանի որ երեխաները մեծանում են, անհրաժեշտություն է առաջանում քնելու ժամի հետ կապված փոփոխություն մտցնել գրաֆիկում։ Սակայն այդ փոփոխությունից հետո լավ կլինի, որ երեխաները շարունակեն միևնույն ժամին պառկել։ Դա կնպաստի, որ նրանք չթողնեն քնելուց առաջ ձեզ հետ զրուցելու սովորությունը։
Բացի այդ, լավ կլինի, որ սովորություն դարձնեք օրը գոնե մեկ անգամ ընտանիքով ճաշել։ Դրա համար թերևս մի փոքր ճկունություն պահանջվի։ «Հաճախ ուշ եմ տուն գալիս,— ասում է երկու աղջիկների հայր Չարլզը։— Կինս ուտելու ինչ–որ բան է տալիս երեխաներին, որ կարողանան սպասել, մինչև որ բոլորս միասին սեղան նստենք։ Խոսում ենք օրվա անցուդարձից, խնդիրներից, Աստվածաշնչից ինչ–որ համար ենք քննարկում, ծիծաղում ենք։ Չեմ կարող խոսքերով ասել, թե մեր ընտանիքի երջանկության համար որքան կարևոր է միասին ճաշելը»։
Թույլ մի տվեք, որ նյութապաշտությունը խախտի ձեր ընտանիքում հաստատված սովորություններն ու գրաֆիկը։ Այս հարցում ձեզ կօգնի Աստվածաշնչի հետևյալ խորհուրդը. «Հավաստիացեք, թե որ բաներն են ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել ծնողները, որ բարելավեն հաղորդակցությունը երեխաների հետ։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
«Ամեն բան թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14։40)։