Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 12–14
  • Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել բամբասանքին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել բամբասանքին
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բամբասանք բարձրակարգ տեխնիկայի միջոցով
  • Անմեղ բամբասանք
  • Զրույց վարելիս զգուշություն դրսևորիր
  • Երբ զոհը դու ես
  • Ո՞րն է լավագույն պաշտպանությունը
  • Ի՞նչ վատ բան կա բամբասելու մեջ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս վարվեմ, երբ ինձնից բամբասում են
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպես առաջարկել պարբերագրերը
    2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 12–14

Երիտասարդները հարցնում են...

Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել բամբասանքին

«Մի երեկույթից հետո իմ մասին վատ լուրեր տարածվեցին, իբրև թե սեռական հարաբերություն եմ ունեցել տղաներից մեկի հետ։ Դա ամենևին էլ ճիշտ չէր» (Լինդա)։a

«Երբեմն իմ մասին ասում են, թե հանդիպում եմ ինչ–որ մեկի հետ, մեկի, որին անգամ չեմ ճանաչում։ Բամբասող անհատները չեն էլ փորձում ստուգել, թե իրենց իմացածը որքանով է ճիշտ» (Մայք)։

ԲԱՄԲԱՍԱՆՔԸ կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել, քան գեղարվեստական ֆիլմը։ 19–ամյա Ամբերն ասում է. «Ես բամբասանքի մշտական զոհն եմ եղել։ Մի ժամանակ լուրեր էին տարածվել, իբրև թե հղի եմ, հետո՝ որ արհեստական վիժումներ եմ արել, թմրադեղեր եմ վաճառում, գնում, օգտագործում։ Թե ինչո՞ւ էին մարդիկ նման բաներ ասում իմ հասցեին, գաղափար չունեմ»։

Բամբասանք բարձրակարգ տեխնիկայի միջոցով

Մեր ծնողների ժամանակներում վերջին ասեկոսեները տարածվում էին բերնեբերան։ Սակայն այսօր բամբասանքը տարածվում է բարձրակարգ տեխնիկայի միջոցով։ Ինտերնետ կապի և տեքստային հաղորդագրությունների միջոցով չար միտումներ ունեցող ցանկացած անհատ, առանց որևէ բառ ասելու, կարող է բիծ բերել քո հեղինակության վրա։ Բավական է միայն մի քանի ստեղն սեղմել և չար բամբասանքը կհասնի բազմաթիվ մարդկանց, ում հաճելի են նման բաները։

Ոմանց կարծիքով՝ այժմ մարդիկ նախընտրում են բամբասել Ինտերնետով և ոչ թե հեռախոսով։ Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ վեբ կայք է ստեղծվել զուտ որևէ մեկին նվաստացնելու նպատակով։ Շատ հաճախ մարդիկ ինտերնետային գրանցամատյանները (վեբ կայքեր, որտեղ անձնական տեղեկություններ են պահվում) լցնում են այնպիսի բամբասանքով, որը երբեք բարձրաձայն չէին ասի։ Մի հարցման արդյունքում պարզվել է, որ պատանիների 58 տոկոսը Ինտերնետով տարածվող չար բամբասանքի զոհն է դարձել։

Մի՞շտ է սխալ խոսել ուրիշների մասին։ Իսկ կա՞ արդյոք...

Անմեղ բամբասանք

Ճի՞շտ է, թե՞ սխալ

Բամբասանքը միշտ էլ վատ է ◻ ճիշտ է  ◻ սխալ է

Ո՞րն է ճիշտ պատասխանը։ Դա կախված է այն բանից, թե ինչպես ես դու սահմանում «բամբասանքը»։ Եթե, ըստ քեզ, այդ բառը նշանակում է զուտ զրուցել ուրիշների մասին, երբեմն դա գուցե տեղին լինի։ Չէ՞ որ Աստվածաշունչը մեզ հորդորում է «հետաքրքրվել ուրիշների կյանքով» (Փիլիպպեցիներ 2։4, New Century Version)։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է խառնվենք այն գործերին, որոնք մեզ չեն վերաբերում (1 Պետրոս 4։15)։ Զրույցի ժամանակ հաճախ կարող ենք իմանալ, օրինակ, թե ով է ամուսնանում, ով է երեխա ունենալու և ով ինչի կարիք ունի։ Իրականում, մենք չենք կարող ասել, թե հետաքրքրվում ենք ուրիշներով, եթե ընդհանրապես չենք խոսում նրանց մասին։

Այնուամենայնիվ, անմեղ զրույցը հեշտությամբ կարող է վերածվել վնասակար բամբասանքի։ Օրինակ՝ որևէ մեկը գուցե ասի. «Տիգրանն ու Գոհարը լավ զույգ կլինեին»։ Բայց այդ խոսքերը կարող են տարածվել այսպես. «Տիգրանն ու Գոհարը լավ զույգ են»։ Մինչդեռ Տիգրանի ու Գոհարի մտքով անգամ չի անցնում, որ իրենց միջև ինչ–որ բան կա։ Գուցե ասես. «Դրա մեջ ի՞նչ կա որ»։ Իհարկե, հեշտ է այդպես ասել, եթե դու Տիգրանը կամ Գոհարը չես։

18–ամյա Ջուլյան նման բամբասանքի զոհ էր դարձել, և դա նրան ցավ էր պատճառել։ Նա պատմում է. «Այդ լուրն ինձ զայրացրեց և անվստահություն առաջացրեց ուրիշների նկատմամբ»։ Ջեյնը, որը 19 տարեկան է, նույնպես հայտնվեց նման իրավիճակում։ «Ես սկսեցի խուսափել այն տղայից, որի հետ «հանդիպում էի»,— ասում է նա։— Դա անարդարացի էր, քանի որ մենք ընկերներ էինք և իմ կարծիքով՝ կշարունակեինք միմյանց հետ շփվել, եթե ասեկոսեներ չտարածվեին»։

Պարզ է, ուրեմն, որ վնասակար բամբասանքը բացասական հետևանքներ է թողնում։ Այնուամենայնիվ, շատերը, ովքեր ցավ են կրել դրա պատճառով, կընդունեն, որ իրենք նույնպես բամբասել են։ Իրականում, երբ նվաստացուցիչ ակնարկներ են արվում որևէ մեկի հասցեին, մեր մեջ գայթակղություն կարող է առաջանալ միանալու բամբասողին։ Ինչո՞ւ։ 18–ամյա Ֆիլիպն ասում է. «Դրա շնորհիվ մարդիկ փախչում են իրականությունից, քանի որ բամբասելով՝ մարդը կենտրոնանում է ոչ թե իր, այլ ուրիշների խնդիրների վրա»։ Ուստի ի՞նչ կարող ես անել, եթե անմեղ զրույցը վերածվում է վնասակար բամբասանքի։

Զրույց վարելիս զգուշություն դրսևորիր

Խորհիր այն հմտության մասին, որն անհրաժեշտ է մայրուղու վրա մեքենա վարելիս։ Անսպասելիորեն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ստիպված լինես փոխել գիծը, կանգնեցնել մեքենան կամ զիջել։ Եթե դու զգոն ես և գիտակցում ես անվտանգության կարևորությունը, ապա կտեսնես, թե ինչ կա առջևում և համապատասխան քայլեր կձեռնարկես։

Նույնն է պարագան զրույցի դեպքում։ Սովորաբար հնարավոր է նկատել, թե երբ է զրույցը վերածվելու վնասակար բամբասանքի։ Կարո՞ղ ես հմտորեն «փոխել գիծը», այսինքն՝ խոսակցությունն ուրիշ կողմ դարձնել։ Եթե ոչ, ապա զգուշացիր. բամբասանքը կարող է վնասել։ Մայքը պատմում է. «Մի աղջկա մասին ես վատ արտահայտվեցի։ Ասացի, որ նրա խելքը գնում է տղաների համար։ Այդ խոսակցությունը հասավ նրան։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա խոսեց ինձ հետ, երբ ասաց, թե որքան են իրեն վիրավորել իմ անմտածված խոսքերը։ Մենք հարթեցինք այդ խնդիրը, բայց ես ինձ լավ չեմ զգում, որ ինչ–որ մեկին այդպես վիրավորել եմ»։

Անշուշտ, քաջություն է պահանջվում ընդհատելու համար այն զրույցը, որը ուր որ է բամբասանքի է վերածվելու։ Ահա թե ինչ է ասում 17–ամյա Կարոլինան. «Դու պետք է զգույշ լինես այն հարցում, թե ինչ ես ասում։ Եթե այդ տեղեկությունը հավաստի աղբյուրից չես լսել, հնարավոր է ստեր տարածես»։

Վնասակար բամբասանքից խուսափելու համար հետևիր Աստվածաշնչի հետևյալ խորհուրդներին՝

«Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10։19)։ Եթե շատ ես խոսում, ապա մեծ է հավանականությունը, որ կասես մի բան, որի համար հետո կզղջաս։ Բացի այդ, ավելի լավ է հայտնի լինել որպես ունկնդիր, քան՝ շատախոս։

«Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում» (Առակաց 15։28)։ Խոսելուց առաջ մտածի՛ր։

«Ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25)։ Որևէ բան պատմելուց առաջ հավաստիացիր, որ դա ճիշտ է։

«Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։ Նախքան որևէ մեկի մասին նույնիսկ ճիշտ բան պատմելը հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կզգայի ինձ, եթե լինեի այդ անհատի փոխարեն, և եթե որևէ մեկը իմ գաղտնիքները պատմեր ուրիշին»։

«Եկեք հետամուտ լինենք այն բաներին, որոնք խաղաղություն են բերում և նպաստում են միմյանց կերտելուն» (Հռոմեացիներ 14։19)։ Նույնիսկ իրական տեղեկությունը կարող է վնասել, եթե այն կերտիչ չէ։

«Նպատակ դրեք հանգիստ կյանք վարել, ձեր գործով զբաղվել և ձեր ձեռքերով աշխատել» (1 Թեսաղոնիկեցիներ 4։11)։ Մի՛ խառնվիր ուրիշների գործերին։ Ժամանակն օգտագործելու ավելի լավ կերպեր կան։

Երբ զոհը դու ես

Թերևս համաձայն ես, որ պետք է կառավարել լեզուն և չբամբասել ուրիշների մասին։ Այնուամենայնիվ, եթե քո մասին բամբասեն, գուցե սրտիդ մոտ ընդունես։ 16–ամյա Ջոաննան, որը չարակամ բամբասանքի զոհն էր դարձել, ասում է. «Ես մտածում էի, որ այլևս երբեք ընկերներ չեմ ունենա։ Երբեմն գիշերները լաց լինելով էի անցկացնում։ Ինձ թվում էր՝ իմ բարի անունը վերջնականապես արատավորվել է»։

Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ դառնում ես անհիմն շշուկների զոհը։

◼ Տե՛ս, թե ինչ կա բառերի հետևում։ Փորձիր հասկանալ, թե ինչն է դրդում մարդկանց բամբասելու։ Ոմանք այդպես են վարվում ճանաչում ձեռք բերելու համար, որպեսզի ուրիշները մտածեն, թե իրենք ամեն ինչից տեղյակ են։ 14–ամյա Կարինը ասում է. «Նրանք ուզում են, որ մարդիկ մտածեն, թե իրենք առանձնահատուկ են, որովհետև կարող են խոսել ուրիշների մասին»։ Անվստահության զգացումը կարող է դրդել պատանիներին քննադատելու ուրիշներին, որպեսզի իրենց աչքին բարձրանան։ Ռենեն, որը 17 տարեկան է, մեկ ուրիշ պատճառ է նշում. «Մարդիկ ձանձրանում են, ուստի պատմություններ են հորինում, որպեսզի կյանքը հետաքրքիր դարձնեն։ Նրանք սկսում են ասեկոսեներ տարածել»։

◼ Կառավարիր զգացմունքներդ։ Բամբասանքի զոհ դարձած անհատը, որը չի զսպում իր հիասթափությունը ու դառնանում է, կարող է արձագանքել այնպես, որի համար հետո զղջա։ «Բարկասիրտը յիմարութիւն կ’գործէ»,— ասվում է Առակաց 14։17–ում։ Իրականում, սա հենց այն ժամանակն է, երբ առավել քան երբևէ պետք է զսպվածություն դրսևորել։ Միգուցե ավելի հեշտ է այսպես ասել, քան վարվել։ Սակայն եթե դու կիրառես այդ խորհուրդը, ապա չես ընկնի այն ծուղակը, որի մեջ ընկել է քո մասին բամբասող անհատը։

◼ Իրատեսորեն գնահատիր իրավիճակը։ Հարցրու ինքդ քեզ. «Համոզվա՞ծ եմ, որ այն, ինչ լսել եմ, իմ մասին էր։ Դա բամբասա՞նք էր, թե՞ լուրջ թյուրիմացություն։ Արդյո՞ք չափազանց զգայուն եմ»։ Իհարկե, չարակամ բամբասանքը ոչնչով չի արդարացվում։ Սակայն եթե դու չափից դուրս սուր արձագանքես, ապա դա քեզ ավելի մեծ վնաս կպատճառի, քան հենց բամբասանքը։ Եկեք տեսնենք, թե ինչն է օգնում Ռենեին նման դեպքերում։ Նա ասում է. «Ես սովորաբար վիրավորվում եմ, երբ մարդիկ վատ բան են ասում իմ հասցեին, բայց փորձում եմ ճիշտ վերաբերվել դրան։ Հաջորդ շաբաթ նրանք հավանաբար կխոսեն մեկ ուրիշի կամ մեկ ուրիշ բանի մասին»։b

Ո՞րն է լավագույն պաշտպանությունը

Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ շատ ենք սայթաքում։ Եթե մեկը խոսքով չի սայթաքում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը» (Հակոբոս 3։2)։ Ուստի մեր հասցեին ասված ամեն մի խոսք լուրջ ընդունելը իմաստուն չի լինի։ Ժողովող 7։22–ում կարդում ենք. «Քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին»։

Լավագույն պաշտպանությունը բամբասանքի ենթարկվելիս լավ վարք դրսևորելն է։ Հիսուսն ասաց. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19)։ Ուստի աշխատիր մնալ ընկերական ու սիրալիր։ Դու գուցե զարմանաս, թե որքան արագ դա կարող է վերջ դնել բամբասանքին կամ առնվազն օգնել քեզ տոկալու։

«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում

[Ծանոթագրություններ]

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Երբեմն ճիշտ կլինի նրբանկատորեն խոսել բամբասողի հետ։ Սակայն շատ դեպքերում դա անհրաժեշտ չէ, քանի որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետրոս 4։8)։

ՄՏԱԾԻՐ

◼ Ինչպե՞ս կարող ես հեռու մնալ ուրիշների մասին բամբասանք տարածելուց։

◼ Ինչպե՞ս կարձագանքես, եթե որևէ մեկը բամբասի քո մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը