Երիտասարդները հարցնում են
Կարո՞ղ եմ խաղալ համակարգչային խաղեր
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ խաղերը ավելին են, քան պարզապես նորագույն տեխնոլոգիաներով ժամանց անցկացնելու ձև։ Ճիշտ է, նրանք որոշակի հմտություն են պահանջում, բայցև օգնում են, որ ժամանակը հետաքրքիր անցնի, ինչպես նաև կարող են սրել քո ռեակցիան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ խաղերը զարգացնում են տեսողական ուշադրությունը։ Որոշ խաղեր նույնիսկ կարող են ավելացնել քո գիտելիքները մաթեմատիկայից և նպաստել սահուն ընթերցանությանը։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Հաճախ համակարգչային խաղի վերջին տարբերակը դպրոցականների զրույցների գլխավոր թեման է։ Եթե դու խաղացել ես այդ խաղը, ուրեմն հասակակիցներիդ հետ խոսելու բան կունենաս։
Ինչ խոսք, ծնողներդ են որոշում՝ արդյոք կարող ես խաղալ համակարգչային խաղեր, թե՝ ոչ (Կողոսացիներ 3։20)։ Եթե նրանք թույլ են տալիս, ապա քեզանից ակնկալվում է ընտրել այնպիսի խաղ, որը ոչ միայն հետաքրքիր է, այլև ընդունելի։ Սակայն ինչո՞ւ պետք է զգույշ լինես։
Խաղերի մյուս «երեսը»
Տասնվեցամյա Բրայանն ասում է. «Համակարգչային խաղերը շատ հետաքրքիր են։ Խելքդ պարզապես գնում է դրանց համար»։ Բայց երևի արդեն գիտես, որ ոչ բոլոր խաղերն են անվնաս։ Բրայանը խոստովանում է. «Խաղի ընթացքում դու կարող ես այնպիսի բաներ անել, որ երբեք իրական կյանքում չես անի, իսկ եթե անես էլ, լուրջ պրոբլեմներ կունենաս»։ Իսկ ինչպիսի՞ վարք են խրախուսում այդ խաղերը։
Շատ խաղեր պարունակում են բացահայտ անբարոյություն, հայհոյանք ու բռնություն։ Աստվածաշունչը դատապարտում է այս բոլոր բաները (Սաղմոս 11։5, ԱԱ; Գաղատացիներ 5։19–21; Կողոսացիներ 3։8)։ Որոշ խաղեր ջատագովում են ոգեհարցությունը։ 18–ամյա Ադրիանը խոսում է մի հանրահայտ խաղի մասին, որտեղ «ավազակախմբերը կռվում են իրար հետ, հերոսներն օգտագործում են թմրանյութեր, բացահայտորեն զբաղվում սեքսով, հայհոյում են, ծեծուջարդ անում։ Արյունալի տեսարանները պատկերվում են ամենայն մանրամասնությամբ»։ Երբ նոր խաղ է դուրս գալիս, նախորդն արդեն անհետաքրքիր է դառնում։ 19 տարեկան Ջեյմսն ասում է, որ Ինտերնետով կարելի է խաղալ ամենահայտնի խաղերը։ Այդ հնարավորությունը տեսախաղերը բոլորովին նոր մակարդակի վրա է դնում։ «Տանդ նստած,— ասում է Ջեյմսը,— համակարգչի միջոցով կարող ես մրցել աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկ ուրիշ մարդու հետ»։
Անչափ տարածված են այն խաղերը, որոնք հնարավորություն են տալիս ընտրելու հերոսներին։ Մասնակիցները ստեղծում են օնլայն կերպարներ, որոնք կարող են լինել մարդիկ, կենդանիներ կամ այս երկուսի համակցությունը։ Համակարգչային աշխարհում ապրող այդ հերոսներով հազարավոր մարդիկ են խաղում։ Այդ աշխարհում կան խանութներ, ավտոմեքենաներ, դիսկոտեկներ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ, որոնք, ըստ էության, իրական աշխարհի պատճենն են։ Խաղացողները կարող են խաղի ընթացքում հաղորդագրություններ ուղարկել միմյանց, մինչ հերոսները, որոնք կոչվում են «ավատարներ», ինչ–որ բան են անում։
Ի՞նչ է տեղի ունենում այդ վիրտուալ աշխարհներում։ «Հասարակ մարդիկ անում են այնպիսի բաներ, որ երբեք չէին անի կամ չէին կարող անել իրական կյանքում,— ասում է մի լրագրող։— Սեքսն ու պոռնկությունը սովորական բաներ են»։ Մի քանի կոճակների միջոցով իրական խաղացողները «ավատարներին» դրդում են սեքսով զբաղվելու, իսկ այդ ընթացքում մասնակիցները հաղորդագրությունների միջոցով խոսում են սեքսի մասին։ Ի լրումն այս ամենի՝ այդ աշխարհը «լի է վիրտուալ հանցագործություններով, մաֆիոզներով, կավատներով, շորթողներով, կեղծարարներով և վարձու մարդասպաններով»,— գրում է «Նյու սայենթիստ» հանդեսը։ Իսկ մի լրագրում տեղեկացվում է, որ «քննադատները ահազանգել են այդ գործողությունների մասին, որոնք եթե կատարվեին իրականում, ապա կհամարվեին օրինազանցություն։ Օրինակ՝ վիրտուալ հասարակաց տներում կատարվում է բռնաբարություն, կամ սեքսով զբաղվում են երեխաներ հիշեցնող ավատարները»։
Ինչո՞ւ է կարևոր, թե ինչ խաղ կընտրես
Բռնի կամ անբարո խաղեր խաղացողները գուցե ասեն. «Ոչ մի վնաս էլ չկա։ Դա իրական չէ։ Ընդամենը խաղ է»։ Բայց մի՛ խաբվիր նման սխալ դատողություններով։
Աստվածաշունչն ասում է. «Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թե մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը» (Առակաց 20։11)։ Եթե սովորություն ունես խաղալու բռնի, անբարո էլեկտրոնային խաղեր, ապա կարելի՞ է ասել, որ քո միտքը մաքուր և ուղիղ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնություն դիտելը ագրեսիվ է դարձնում մարդկանց։ «Նյու սայենթիստ» հանդեսում վերջերս գրվեց. «Քանի որ խաղացողը մասնակցում է խաղին, ապա համակարգչային խաղերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում նրա վրա, քան հեռուստատեսությունը»։
Բռնի կամ անբարո խաղեր խաղալը նման է ռադիոակտիվ նյութերով խաղալուն. վատ հետևանքները գուցեև անմիջապես չզգացվեն, բայց դրանք անխուսափելի են։ Ինչպե՞ս։ Ճառագայթման մեծ քանակը կարող է քայքայել ստամոքսի լորձաթաղանթը, որի պատճառով բակտերիաները աղիքներից մտնում են արյուն, և անհատը հիվանդանում է։ Նմանապես, սեքսի ակնհայտ տեսարանները և սարսափելի վայրագությունները կարող են վնասել քո «բարոյականի զգացողությունը» և ստիպել քեզ թույլ տալ, որ մարմնավոր ցանկությունները ղեկավարեն քո մտածողությունն ու գործողությունները (Եփեսացիներ 4։19; Գաղատացիներ 6։7, 8)։
Ի՞նչ խաղեր կարող եմ խաղալ
Եթե ծնողներդ թույլատրում են քեզ համակարգչով խաղալ, ապա ի՞նչ խաղեր կարող ես ընտրել, և որքա՞ն ժամանակ ճիշտ կլինի տրամադրել դրանց։ Ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը։
◼ Իմ կատարած ընտրությունը կվիրավորի՞ Եհովային։ Քո ընտրած խաղի պատճառով Աստված կարող է փոխել իր կարծիքը քո մասին։ «Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն [«բռնութիւն», ԱԱ] սիրողին ատում է նորա անձը»,— ասվում է Սաղմոս 11։5–ում։ Իսկ ոգեհարցությամբ զբաղվողների մասին Աստծու Խոսքն ասում է. «Բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է» (Բ Օրինաց 18։10–12)։ Եթե ուզում ենք Աստծու ընկերը լինել, պետք է հետևենք Սաղմոս 97։10–ում գրված խորհրդին. «Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը»։
◼ Ինչպե՞ս խաղը կազդի իմ մտածելակերպի վրա։ Ինքդ քեզ հարցրու. «Եթե խաղամ այս խաղը, ապա ինձ համար կհեշտանա՞, թե՞ կդժվարանա «պոռնկությունից փախչելը» (1 Կորնթացիներ 6։18)։ Այն խաղերը, որտեղ կան սեքսուալ պատկերներ կամ խոսակցություններ, չեն օգնի քեզ միտքդ կենտրոնացնել արդար, մաքուր և առաքինի բաների վրա (Փիլիպպեցիներ 4։8)։ 22 տարեկան Էմին ասում է. «Շատ խաղեր անընկալունակ են դարձնում քեզ բռնության, կեղտոտ լեզվի և անբարոյության հանդեպ։ Դրանց պատճառով անհատը գուցե այլ հարցերում էլ սկսի առաջնորդվել ցածր չափանիշներով։ Խաղը պետք է ամենայն ուշադրությամբ ընտրես»։
◼ Որքա՞ն ժամանակ եմ տրամադրելու այդ խաղին։ 18–ամյա Դեբորան ասում է. «Չեմ կարծում, թե համակարգչային բոլոր խաղերը վատն են։ Բայց դրանք կարող են ժամանակատար լինել, ինչպես նաև կախվածություն առաջացնել»։ Այո՛, նույնիսկ ամենաանմեղ խաղերը կարող են շատ ժամանակ խլել։ Ուստի թղթի վրա նշիր, թե ինչքան ժամանակ ես հատկացնում խաղին, և հետո դա համեմատիր այն ժամանակի հետ, որը տրամադրում ես ավելի կարևոր գործերին։ Սա կօգնի քեզ ճիշտ առաջնահերթություն դնել (Եփեսացիներ 5։15, 16)։
Աստվածաշունչը չի պահանջում, որ դու ամբողջ կյանքդ անցկացնես սովորելով կամ աշխատելով։ Աստծու Խոսքը հիշեցնում է բոլորիս, որ կա «ծիծաղելու ժամանակ.... եւ պարելու ժամանակ» (Ժողովող 3։4)։ Այս համարից կարելի է տեսնել, որ հաճելի ժամանցի մեջ մտնում են նաև այնպիսի խաղերը, որոնք կապված են շարժման հետ։ Ուստի միայն համակարգչային խաղեր խաղալու փոխարեն՝ լավ կլինի ազատ ժամանակն օգտագործել նաև այնպիսի խաղեր խաղալու համար, որոնք ներառում են շարժում՝ վազել, ցատկոտել, թռչկոտել և այլն։
Իմաստուն ընտրություն կատարիր
Անկասկած, համակարգչային խաղերը կարող են զվարճալի լինել, հատկապես եթե կարողանում ես լավ խաղալ։ Ահա թե ինչու ընտրությունդ պետք է իմաստնորեն կատարես։ Հարցրու ինքդ քեզ. «Դպրոցում ո՞ր առարկաներն եմ լավ սովորում»։ Մի՞թե հիմնականում դրանք այն առարկաները չեն, որոնք քեզ դուր են գալիս։ Թերևս նկատել ես, որ առարկան ինչքան շատ է քեզ դուր գալիս, այնքան ավելի մեծ տպավորություն է թողնում քեզ վրա։ Իսկ հիմա ինքդ քեզ այսպիսի հարց տուր. «Ո՞ր խաղն է ամենաշատը ինձ դուր գալիս։ Ի՞նչ է սովորեցնում այն ինձ»։
Որպեսզի կարողանաս կողմնորոշվել, թե ինչ խաղեր ընտրես, կարող ես թղթի վրա հակիրճ գրել տվյալ խաղի բովանդակությունը։ Նշիր նաև խաղի նպատակը և դրան հասնելու միջոցները։ Գրառումներդ համեմատիր այս հոդվածում նշված սուրբգրային սկզբունքների հետ, այնուհետև պարզ կլինի, թե արժե խաղալ այդ խաղը։
Եվ այսպես՝ այն, որ քո հասակակիցները խաղում են ինչ–որ խաղ, դեռ չի նշանակում, որ դու նույնպես պետք է խաղաս այն։ Փոխարենը՝ տեղեկացիր տվյալ խաղի մասին և ճիշտ ընտրություն կատարիր։ Իսկ որ ամենակարևորն է, առաջնորդվիր Աստվածաշնչի հետևյալ խորհրդով. «Շարունակե՛ք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում
ՄՏԱԾԻՐ
◼ Ի՞նչ կասես, եթե ընկերդ հրավիրի քեզ խաղալու բռնի կամ անբարո համակարգչային խաղ։
◼ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ համակարգչային խաղերը չեն խանգարում քեզ զբաղվելու ավելի կարևոր բաներով։
[Մեջբերում 19–րդ էջի վրա]
Բռնի կամ անբարո խաղեր խաղալը նման է ռադիոակտիվ նյութերով խաղալուն. վատ հետևանքները գուցեև անմիջապես չզգացվեն, բայց դրանք անխուսափելի են
[Շրջանակ 18–րդ էջի վրա]
Որքա՞ն հաճախ եմ խաղում համակարգչային խաղեր
Հազվադեպ
Շաբաթը մեկ անգամ
Ամեն օր
Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում խաղին
Մի քանի րոպե
Մեկ ժամ կամ ավելի քիչ
Երկու ժամից ավելի
Ամենաշատը ի՞նչ խաղեր եմ սիրում
Ավտոռալլի
Մարզական
Հրաձգային
Այլ
Ստորև գրիր այն խաղի անունը, որը, ինչպես դու գիտես, ճիշտ չէր լինի խաղալ
․․․․․
[Շրջանակ/նկար 20, 21–րդ էջի վրա]
ԽՈՍՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Այս հոդվածը կարդալուց հետո գուցե եզրակացնեք, որ համակարգչային խաղերը շատ են փոխվել այն ժամանակից, երբ դուք պատանի էիք։ Որպես ծնողներ՝ ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային, որ նա նկատի հնարավոր վտանգները և խուսափի դրանցից։
Էական որևէ արդյունքի չեք հասնի, եթե պարզապես բացասականորեն արտահայտվեք համակարգչային խաղերի ողջ արդյունաբերության մասին կամ դոգմատիկ կերպով պնդեք, որ այդ խաղերը ժամանակի անտեղի կորուստ են։ Հիշեք, որ ոչ բոլոր խաղերն են վատ։ Այնուամենայնիվ, դրանք կարող են անհատին կախվածության մեջ գցել և չափազանց շատ ժամանակ խլել նրանից։ Ուստի մանրամասնորեն քննեք, թե երեխան որքան ժամանակ է տրամադրում համակարգչային խաղերին։ Նաև ուշադրություն դարձրեք, թե ի՛նչ խաղեր են դուր գալիս ձեր երեխային։ Բացի այդ, կարող եք նրան այսպիսի հարցեր տալ.
◼ Քո համադասարանցիները ո՞ր խաղն են ամենաշատը սիրում։
◼ Ի՞նչ է պարունակում այդ խաղը։
◼ Ըստ քեզ՝ ինչո՞ւ է տվյալ խաղը այդքան հայտնի։
Թերևս պարզեք, որ ձեր երեխան համակարգչային խաղերի մասին շատ ավելին գիտի, քան դուք կարծում էիք։ Հնարավոր է՝ նա նույնիսկ խաղացել է այնպիսի խաղեր, որոնք, ըստ ձեզ, անընդունելի են։ Եթե այդպես է, մի՛ շտապեք բարկանալ։ Այս հնարավորությունն օգտագործեք, որ երեխային բացատրեք, թե ինչպես կարող է ըմբռնողականություն զարգացնել (Եբրայեցիներ 5։14)։
Երեխային տվեք այնպիսի հարցեր, որոնք կօգնեն նրան հասկանալ, թե ինչու են մերժելի խաղերն այդքան գրավիչ։ Օրինակ՝ կարող եք հարցնել.
◼ Դու քեզ մերժվա՞ծ ես զգում այն պատճառով, որ քեզ թույլ չեն տալիս ինչ–որ խաղ խաղալու։
Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, դեռահասները կարող են ինչ–որ խաղ խաղալ, որպեսզի խոսելու բան ունենան հասակակիցների հետ։ Հնարավոր է՝ ձեր երեխան էլ է այդ նպատակով խաղում։ Այս դեպքում թերևս նույն ձևով չէիք վարվի, ինչպես որ կվարվեիք, եթե իմանայիք, որ երեխան հրապուրվել է բռնություն և սեքս պարունակող խաղերով (Կողոսացիներ 4։6)։
Իսկ եթե ձեր տղան կամ աղջիկը իսկապես հրապուրվե՞լ է վնասակար խաղերով։ Որոշ պատանիներ գուցե իսկույն ասեն, որ նրանց վրա դրանք չեն ազդում։ «Եթե դա անում եմ էկրանի վրա, դեռ չի նշանակում է, որ կանեմ իրական կյանքում»,— ասում են նրանք։ Եթե ձեր զավակը այսպես է մտածում, նրա ուշադրությունը հրավիրեք Սաղմոս 11։5–ի վրա, որը մեջբերված է 20–րդ էջում։ Ինչպես երևում է այդ համարից, Աստված տհաճություն է զգում ոչ միայն բռնություն գործողից, այլև բռնություն սիրողից։ Նույն սկզբունքը գործում է սեռական անբարոյության և մերժելի վարքի մյուս ձևերի դեպքում, որոնք Աստվածաշունչը դատապարտում է (Սաղմոս 97։10)։
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս.
◼ Թույլ մի տվեք, որ երեխան համակարգչային խաղեր խաղա առանձին տեղում, օրինակ՝ ննջարանում։
◼ Կանոններ դրեք (օրինակ՝ երեխան չի կարող խաղալ, քանի դեռ տնային աշխատանքները, ճաշը կամ մի այլ կարևոր բան չի կատարել կամ ավարտել)։
◼ Ընդգծեք այն խաղերի կարևորությունը, որոնք ֆիզիկական ակտիվություն են պահանջում։
◼ Հետևեք երեխային, երբ նա խաղում է էկրանի առաջ, իսկ որ ավելի լավ է, ժամանակ առ ժամանակ նրանց հետ խաղացեք։
Ինչ խոսք, որպեսզի ժամանցի հարցում կարողանաք ուղղություն տալ երեխային, ինքներդ պետք է լավ օրինակ լինեք։ Ուստի հարցրեք. «Ինչպիսի՞ հեռուստահաղորդումներ կամ ֆիլմեր եմ դիտում»։ Ինքներդ ձեզ մի խաբեք. եթե երկակի չափանիշներ ունեք, ապա երեխան ուշ թե շուտ կհասկանա դա։