Երիտասարդները հարցնում են
Ինչո՞ւ ծնողներս չեն վստահում ինձ
«Երանի ծնողներս թույլ տային ինձ դուրս գնալ առանց որևէ մեկի հսկողության։ Չէ՞ որ ես չեմ գնում աշխարհը հետախուզելու։ Ես պարզապես ուզում եմ այցելել հորաքրոջս և չեմ ուզում, որ մայրս անհանգստանա ու մտածի, թե հեռանում եմ տանից» (Սառա, 18)a։
«Ես միշտ հարցնում եմ ծնողներիս, թե ինչու չեն վստահում ինձ, երբ ուզում եմ ընկերներիս հետ ինչ–որ տեղ գնալ։ Հաճախ նրանք ասում են. «Մենք վստահում ենք քեզ, բայց քո ընկերներին չենք վստահում»։ Ես անհանգստանում եմ, երբ նրանք այդպես են ասում» (Քրիստին, 18)։
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ շատ առումներով նման է փողին։ Փող վաստակելը դժվար է, իսկ կորցնելը՝ հեշտ։ Եվ նշանակություն չունի, թե որքան փող ես վաստակում, միևնույնն է, այն երբեք չի բավարարում։ «Երբ ուզում եմ ինչ–որ տեղ գնալ,— ասում է 16–ամյա Իլիանան,— ծնողներս բազմաթիվ հարցեր են տալիս ինձ՝ ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ ես գնում, ի՞նչ ես անելու, ե՞րբ ես վերադառնալու։ Ես հասկանում եմ՝ նրանք իմ ծնողներն են, բայց ինձ նյարդայնացնում են նրանց տված հարցերը»։
Երբեմն դո՞ւ էլ ես մտածում, որ ծնողներդ կարող են քեզ ավելի շատ վստահել։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել։ Նախ քննենք, թե ինչու է ծնողների և երեխաների միջև վստահությունն այսքան վիճելի հարց։
Խնդիրները գնալով մեծանում են
Աստվածաշունչն ասում է, որ «մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը» (Ծննդոց 2։24)։ Ինչ խոսք, նույնը կարելի է ասել կնոջ առնչությամբ։ Անկախ այն բանից՝ տղա ես, թե աղջիկ՝ պատանեկությունը քեզ պատրաստում է չափահասության. դա այն ժամանակն է, երբ դու արդեն պատրաստ ես հեռանալու տանից և քո ընտանիքը կազմելու։
Սակայն այդ անցումային տարիքը, կարելի է ասել, «դուռ» չէ, որի միջով դու պարզապես պետք է անցնես ու որոշակի տարիքի հասնես։ Այն ավելի շատ նման է աստիճանների, որով ողջ պատանեկության ընթացքում քայլ առ քայլ բարձրանում ես դեպի վեր։ Հավանաբար դու և ծնողներդ տարբեր տեսակետներ ունեք այն բանի շուրջ, թե դու որքան ես առաջ գնացել այդ աստիճաններով։ «Ես 20 տարեկան եմ, բայց ինձ դեռ չեն վստահում»,— ասում է Մարիան։ Նա կարծում է, որ իրեն չեն վստահում ընկերներ ընտրելու հարցում։ «Ծնողներս մտածում են, թե ես չեմ կարող դուրս գալ դժվար իրավիճակներից։ Ես փորձել եմ բացատրել նրանց, որ արդեն դուրս եմ եկել այդպիսի իրավիճակներից, սակայն դա բավական չէ նրանց համար»։
Ինչպես երևում է Մարիայի խոսքերից, վստահության հարցը կարող է մեծ լարվածություն առաջացնել պատանիների և ծնողների միջև։ Թերևս քո ընտանիքում էլ է այդպես։ Ուստի ինչպե՞ս կարող ես արժանանալ ծնողներիդ վստահությանը։ Եվ եթե ինչ–որ անմիտ արարքի պատճառով կորցրել ես քո վստահությունը, ապա ի՞նչ կարող ես անել այն վերագտնելու համար։
Ապացուցիր, որ արժանի ես վստահության
Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին գրեց. «Շարունակ փորձե՛ք ինքներդ ձեզ» (2 Կորնթացիներ 13։5)։ Ճիշտ է, նրա խոսքերը պատանիներին չէին ուղղված, սակայն այդ սկզբունքը կիրառելի է նաև նրանց պարագայում։ Կախված այն բանից, թե դու որքանով ես վստահելի անձնավորություն՝ մարդիկ քեզ կա՛մ ավելի շատ կվստահեն, կա՛մ ավելի քիչ։ Իհարկե, դա չի նշանակում, որ դու պետք է կատարյալ լինես։ Սխալներ բոլորն են գործում (Ժողովող 7։20)։ Սակայն ընդհանուր առմամբ քո վարքը այնպիսի՞ն է, որ ծնողներդ վստահեն քեզ։
Օրինակ՝ Պողոս առաքյալը գրեց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Հարցրու ինքդ քեզ՝ ազնի՞վ եմ արդյոք, երբ ծնողներս հարցնում են, թե ուր եմ գնում կամ ինչ եմ անում։ Տեսնենք, թե ինչ են ասում մի քանի երիտասարդներ, ովքեր ազնվորեն ինքնաքննություն են կատարել այս հարցում։
Լորի. «Ես էլեկտրոնային փոստով գաղտնի նամակներ էի գրում մի տղայի, որն ինձ դուր էր գալիս։ Շուտով ծնողներս գլխի ընկան և ասացին, որ այդպիսի բան չանեմ։ Խոստացա, որ չեմ գրի, բայց այդպես չվարվեցի։ Այսպես շարունակվեց մեկ տարի։ Ես անընդհատ գրում էի այդ տղային, իսկ ծնողներս գլխի էին ընկնում, հետո ներողություն էի խնդրում, խոստանում, որ չեմ գրի ու նորից շարունակում էի գրել։ Դա հանգեցրեց նրան, որ ծնողներս կորցրին վստահությունն իմ հանդեպ»։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ Լորիի ծնողները դադարեցին վստահել նրան և ինչպե՞ս կարող էր վարվել Լորին այն բանից հետո, երբ ծնողները առաջին անգամ խոսեցին իր հետ այս խնդրի մասին։ Գրիր քո պատասխանը ներքևում։
․․․․․
Բեվըրլի. «Երբ խոսքը վերաբերում էր տղաներին, ծնողներս չէին վստահում ինձ, բայց հիմա հասկանում եմ, թե ինչու։ Ես ֆլիրտ էի անում երկու տղայի հետ, որոնք երկու տարով մեծ էին ինձնից։ Նաև հեռախոսով երկար զրուցում էի նրանց հետ, իսկ ժողովի հանդիպումներին բացի նրանցից՝ ուրիշ ոչ ոքի հետ չէի խոսում։ Ծնողներս մեկ ամսով վերցրին իմ հեռախոսը և թույլ չտվեցին ինձ գնալ այնպիսի տեղեր, որտեղ այդ տղաները կարող էին լինել»։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ Բեվըրլիի ծնողները դադարեցին վստահել նրան, և ի՞նչ պետք է նա աներ, որպեսզի նորից վստահության արժանանար նրանց կողմից։
․․․․․
Անետ. «Ես միջնակարգ դպրոցում էի սովորում։ Մի անգամ ես ու ընկերս խնջույքից գարեջուր բերեցինք տուն, չնայած գիտեինք, որ այդ արարքը մեր ծնողների դուրը չէր գա, և որոշեցինք ավելի ուշ խմել այն զուտ զվարճանալու համար։ Ընկերոջս մայրը գտել էր նրա գարեջրի շիշը։ Հետո պարզվեց, որ գարեջրի մեկ շիշ էլ ես ունեմ։ Այս ամենի մեջ ամենացավալին մորս հիասթափված դեմքը տեսնելն էր»։
Եթե Անետը քո կրտսեր քույրը լիներ, ի՞նչ խորհուրդ կտայիր նրան, որ նա կարողանար նորից շահել իր մոր վստահությունը։
․․․․․
Ինչպես վերագտնել վստահությունը
Ի՞նչ կարող ես անել, եթե վերը նշված երիտասարդների նման՝ քո արարքների պատճառով ծնողներդ չեն վստահում քեզ։ Համոզված եղիր, որ կարող ես իրավիճակը շտկել։ Բայց ինչպե՞ս։
Հնարավոր է՝ ծնողներդ քեզ ավելի շատ վստահեն, եթե դու ժամանակի ընթացքում լավ վարք դրսևորես։ Պատկերացրու՝ մի մարդ բանկին փող է պարտք։ Եթե նա վճարումները կանոնավորաբար կատարի, ձեռք կբերի բանկի վստահությունը և հնարավոր է, որ ապագայում բանկը ավելի մեծ վարկ տա նրան։ Նույնն է պարագան նաև տանը։ Եթե ապացուցես, որ վստահելի ես նույնիսկ փոքր հարցերում, ապա հետագայում ծնողներդ քեզ ավելի շատ կվստահեն։
Ի վերջո Անետը հասկացավ դա։ Նա ասում է. «Երբ դու դեռ պատանի ես, ամբողջությամբ չես հասկանում վստահելի լինելու կարևորությունը։ Հիմա ես պատասխանատվություն եմ զգում, և պարտավորված եմ զգում այնպես վարվել, որ կարողանամ վերագտնել ծնողներիս վստահությունը»։ Ի՞նչ ենք սովորում։ Ծնողներիդ մեղադրելու փոխարեն՝ փորձիր քո վարքով վստահություն շահել։
Այժմ կարող ես ինքնաքննություն կատարել և տեսնել, թե արդյոք վստահելի ես ստորև նշված բնագավառներում։ Նշիր, թե ինչի վրա պետք է աշխատես։
❑ Տուն վերադառնալ ժամանակին
❑ Լինել ճշտապահ
❑ Ավարտել բոլոր գործերը
❑ Սենյակը մաքուր պահել
❑ Շատ չխոսել հեռախոսով
❑ Կատարել բոլոր խոստումները
❑ Իմաստությամբ օգտագործել փողը
❑ Ժամանակին արթնանալ
❑ Ճշմարտությունը խոսել
❑ Ընդունել սխալները և ներողություն խնդրել
❑ և այլն․․․․․
Վճռիր ապացուցել, որ դու կարող ես վստահելի լինել քո ընդգծած բնագավառներում։ Հետևիր Աստվածաշնչում տրված խորհուրդներին. «Հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին» (Եփեսացիներ 4։22)։ «Թող ձեր «այո»–ն այո լինի» (Հակոբոս 5։12)։ «Ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25)։ «Հնազանդվե՛ք ձեր ծնողներին ամեն ինչում» (Կողոսացիներ 3։20)։ Ժամանակի ընթացքում քո առաջադիմությունը հայտնի կլինի ուրիշներին, այդ թվում նաև քո ծնողներին (1 Տիմոթեոս 4։15)։
Իսկ ի՞նչ անել, երբ տեսնում ես, որ, չնայած քո ջանքերին, ծնողներդ չեն վստահում քեզ։ Կարող ես այդ մասին խոսել նրանց հետ։ Փոխանակ ծնողներիդ մեղադրես, որ քեզ ավելի շատ վստահեն՝ հարգանքով հարցրու, թե, նրանց կարծիքով, ինչ պետք է դու անես վստահության արժանանալու համար։ Հստակ բացատրիր քո տեսակետը։
Մի ակնկալիր, որ ծնողներդ անմիջապես զիջումների կգնան։ Անկասկած, նրանք ուզում են վստահ լինել, որ դու կպահես քո խոստումները։ Օգտագործիր այդ հնարավորությունը և ապացուցիր, որ դու արժանի ես վստահության։ Ժամանակի ընթացքում ծնողներդ հավանաբար քեզ ավելի շատ կվստահեն։ Այդպես եղավ Բեվըրլիի պարագայում, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ «Շատ ավելի դժվար է վստահություն շահել, քան այն կորցնել,— ասում է նա,— հիմա ծնողներս վստահում են ինձ և ամեն բան լավ է»։
«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում
[Ծանոթագրություն]
a Այս հոդվածում անունները փոխված են։
ՄՏԱԾԻՐ
◼ Ինչո՞ւ ծնողներդ քեզ ավելի շատ չեն վստահում, նույնիսկ եթե ջանք ես թափում ապացուցելու, որ արժանի ես վստահության։
◼ Ինչո՞ւ է կարևոր հաղորդակցվել ծնողներիդ հետ, եթե ցանկանում ես շահել նրանց վստահությանը։
[Մեջբերում 27–րդ էջի վրա]
Փորձիր քո վարքով վստահություն առաջացնել
[Աղյուսակ/նկար 26–րդ էջի վրա]
Անցումային տարիքում վստահելի անձնավորություն դառնալը նման է աստիճանների, որով ողջ պատանեկության ընթացքում քայլ առ քայլ բարձրանում ես դեպի վեր
[Աղյուսակ]
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ