Ինչո՞ւ են շատերը տագնապում
Ամբողջ աշխարհում անհանգստացնող զարգացումներ են տեղի ունենում։ Այս ամենը մարդկանց ստիպում է վախենալ ապագայից։ Գնալով ավելի շատ քաղաքներում է մարդկանց գործունեությունը վերահսկվում տեսասարքերի միջոցով։ Ահաբեկչության վախի պատճառով շատ օդանավակայաններ գրեթե դարձել են ռազմական ճամբարներ։ Աճում է Ինտերնետի միջոցով իրենց միամիտ զոհերին փնտրող գողերի ու մանկապիղծների թիվը։ Շրջակա միջավայրի աղտոտումը, անտառահատումները, բույսերի և կենդանիների առանձին տեսակների անհետացումը և գլոբալ ջերմացումը վտանգի տակ են դնում Երկիր մոլորակի վրա կյանքի գոյությունը։
ՄԵԶԱՆԻՑ երկու կամ երեք սերունդ առաջ անհնար էր պատկերացնել այս ամենը, բայց այսօր դրանք մտահոգության պատճառ են ամբողջ աշխարհում։ Բնական է, որ շատերն ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում մոլորակի վրա, և ինչպիսի ապագա է սպասում իրենց և իրենց երեխաներին։ Մի՞թե հասել ենք այն օրերին, երբ մարդիկ պիտի վախենան երթևեկել ավտոբուսով, գնացքով կամ ինքնաթիռով։ Քանի որ գները բարձրանում են, և բնական ռեսուրսները գնալով սպառվում են, հարց է առաջանում. արդյո՞ք հաջորդ սերունդները հնարավորություն կունենան ստանալու որակյալ բուժօգնություն, ձեռք բերելու առողջ սնունդ և բավարար վառելանյութ։
«Ապագան ահավոր, շատ ահավոր է լինելու»,— ասաց Կանադայի նահանգներից մեկի առողջապահության նախարարը բուժսպասարկման գների բարձրացման առնչությամբ։ Ահազանգ է հնչում նաև սննդի և վառելանյութի հետ կապված։ Ինչո՞ւ։ Որոշ երկրներ մեծ ներդրումներ են կատարում հանածո վառելիքից իրենց կախվածությունը թուլացնելու և կենսավառելիք ստանալու նպատակով, օրինակ՝ էթանոլ, որը սինթեզվում է բույսերից։ Ուստի պատմության մեջ առաջին անգամ մարդու ստամոքսին մրցակից է հայտնվել՝ ավտոմոբիլի վառելիքի բաքը, որը նույնպես «ցանկանում» է սնվել հողի բարիքներից։ Սրա հետևանքով էլ տեղի է ունենում սննդի գնաճ, որն արդեն իսկ զգացվում է։
Միևնույն ժամանակ հարուստների և աղքատների միջև եղած անդունդն ավելի է խորանում՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ «21–րդ դարի առաջին տասնամյակում վիթխարի առաջընթացն ու ծայրահեղ ընչազրկությունը ապրում են կողք կողքի,— ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի զեկույցում։— Ամենաաղքատ երկրներից մի քանիսում կյանքի միջին տևողությունը այնքան է իջել, որ կազմում է ամենահարուստ երկրներում կյանքի միջին տևողության կեսը»։ Պատճառները հիմնականում հիվանդությունները և սոցիալ–տնտեսական քաոսն են քաղաքականապես անկայուն երկրներում։
Եթե այս ամենին ավելացնենք նաև գլոբալ ջերմացման սպառնալիքը, որի պատճառով գուցե ավելի ու ավելի շատ բերրի հողեր վերածվեն անապատների, և եղանակի դրսևորումները ավելի ծայրահեղ դառնան, ապա չենք զարմանա, որ բազմաթիվ իրազեկ մարդիկ տագնապով են սպասում վաղվա օրվան։ Մի հայտնի հանդես, որը հղացել է այսպես ասած «Ահեղ դատաստանի օրվա ժամացույցի» գաղափարը, մտահոգություն է արտահայտում ապագայի մասին, «քանի որ գիտնականները շարունակում են հաստատել, որ [գլոբալ ջերմացումը] իրար հետևից ծանր հետևանքներ է թողնում Երկրի բարդ էկոհամակարգերի վրա» (Bulletin of the Atomic Scientists)։
Իսկապե՞ս մեր ապագան մռայլ է։ Մի՞թե մեր երջանիկ ապագայի միակ հույսը կախված է նրանցից, ովքեր առաջնորդներ են տնտեսական, քաղաքական, կրոնական և գիտական ասպարեզներում։ «Իսկ ուրիշ ընտրություն ունե՞նք,— հարցնում են ոմանք։— Մենք ինքներս ենք ստեղծել այս խառնաշփոթը, մենք էլ պետք է վերացնենք այն»։ Մյուսներն էլ զգում են, որ մարդը պարզապես ի վիճակի չէ ելք գտնելու, և որ ապահով ու անվտանգ ապագայի հույսը պետք է կապել միայն Աստծու հետ։ Եթե այսպես է, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված հետաքրքրված է մեզնով և թույլ չի տա, որ մենք կործանենք մեզ։ Հաջորդ հոդվածներում կխոսվի այս հարցերի մասին։
[Մեջբերում 3–րդ էջի վրա]
Մի՞թե երջանիկ ապագայի միակ հույսը կախված է նրանցից, ովքեր առաջնորդներ են տնտեսական, քաղաքական, կրոնական և գիտական ասպարեզներում