30 տարվա ընդհատակյա գործունեություն
ՊԱՏՄՈՒՄ Է ՕՆԱ ՄՈԿՅՈՒՏԵՆ
1962 թ. ապրիլին Կլայպեդայում (Լիտվա) ընթանում էր իմ դատավարությունը։ Ինձ ձերբակալել էին հոկտեմբերին և մեղադրում էին կրոնական գործունեություն ծավալելու համար, ինչը հանցագործություն էր համարվում Սովետական Միության դեմ։ Ես գաղտնի թարգմանում էի Եհովայի վկաների գրականությունը։ Այժմ թույլ տվեք պատմել, թե ինչ էր տեղի ունեցել իմ կյանքում մինչ այդ։
ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ 1930 թ.–ին Լիտվայի արևմտյան մասում՝ Բալթիկ ծովից ոչ հեռու։ Մայրս կրոնասեր կին էր։ Ինձ լույս աշխարհ բերելուց առաջ նա աղոթել էր, որ միանձնուհի դառնամ։ Տարիներ անց, սակայն, մայրս հիասթափվել էր կրոնից ու մի անգամ ինձ ասաց. «Էլ չեմ կարող աղոթել սուրբ Պետրոսի կամ ուրիշ անկենդան կուռքերի առաջ»։ Ես միշտ հիշում էի այս խոսքերը ու երբ եկեղեցի էի գնում, ծնկի չէի գալիս։ Բայց դպրոցից տուն գնալու ճանապարհին, երբ խաչ էի տեսնում, խոնարհվում էի։
Հետագայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Գերմանիան շրջափակել էր մեր երկիրը (1939–1945), ականատես եղա աննկարագրելի դաժանության, որը ցնցեց ինձ։ Մի օր մորաքրոջս հետ անտառում հատապտուղներ էինք հավաքում, հանկարծ երկու մեծ փոս տեսանք, որոնց շուրջ՝ հողի վրա, արյան թարմ հետքեր կային։ Իմանալով, որ մի խումբ հրեաներ, որոնց մեջ էին նաև իմ երկու դասընկերուհիները՝ Թեսան և Սառան, սպանվել են՝ հասկացանք, որ պատահաբար հայտնաբերել ենք նրանց գերեզմանը։ Սարսափահար եղած՝ բացականչեցի. «Աստվա՛ծ իմ, դու այնքա՜ն բարի ես։ Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այսպիսի հրեշավոր բաներ տեղի ունենան»։
1949–ին ավարտեցի դպրոցը։ Այնուհետև երաժշտական կրթություն ստացա։ 1950–ին միացա մի խումբ ուսանողների, որոնք կողմ էին քաղաքական բարեփոխումների։ Սակայն շատ չանցած՝ ինձ մատնեցին, և ես ձերբակալվեցի մեր խմբից 12 հոգու հետ։ Բանտարկության ժամանակ էր, որ առաջին անգամ հանդիպեցի մի Եհովայի վկայի։
Լսում եմ ճշմարտությունը
Մի օր մեր բանտախուց բերեցին միջին տարիքի մի կնոջ։ Նա ժպտաց մեզ՝ յոթ բանտարկյալներիս։ Ես հարցրի նրան. «Սովորաբար բանտարկյալները տխուր են լինում, ո՞րն է պատճառը, որ դուք ուրախ եք, տիկի՛ն։ Ինչո՞ւ են ձեզ դատել»։
— Ճշմարտության համար,— պատասխանեց նա։
— Ի՞նչ ճշմարտություն,— հարցրի ես։
Այդ գերմանացի կնոջ անունը Լիդիա Փելդզուս էր։ Նա Եհովայի վկա էր և բանտարկվել էր հավատի համար։ Նա մեզ հաճախ էր պատմում Աստվածաշնչից։ Լիդիայի պատմած աստվածաշնչային ճշմարտությունները փոխեցին ոչ միայն իմ, այլև մեր բանտախցից երեք հոգու կյանքը։
Ինչպես եմ հոգևորապես առաջադիմում
Ինձ դատապարտել էին 25 տարի ազատազրկման, դրանից հետո 5 տարի էլ պետք է անցկացնեի աքսորավայրում։ Բանտարկության տարիներին և Սիբիրում եղած ժամանակ ես հանդիպեցի Վկաների, որոնց օգնությամբ ավելի շատ բան իմացա Աստծու և նրա նպատակների մասին։ Այդ Վկաները նույնպես բանտարկվել էին իրենց հավատի պատճառով։
Իմ սովորածի մասին պատմում էի ուրիշներին։ Թեև հնարավորություն չկար մկրտվելու, սակայն բանտակիցներս ու բանտապահները ինձ համարում էին Եհովայի վկա։ 1958–ին ազատ արձակվեցի և վերադարձա Լիտվա։ Եհովայի հանդեպ հավատս ամուր էր։ Այդ տարիների ընթացքում առողջությունս վատացել էր։
Նորից ընդհատակյա գործունեություն եմ ծավալում
Լիտվայում ընդամենը մի քանի Վկա կար։ Մյուսները բանտերում էին կամ աքսորվել էին Սիբիր։ 1959–ին երկու Վկա վերադարձավ Սիբիրից։ Նրանք առաջարկեցին ինձ Աստվածաշնչի հրատարակությունները թարգմանել լիտվերեն։ Ես ուրախությամբ համաձայնվեցի կատարել այդ վտանգավոր գործը՝ համարելով այն մեծ առանձնաշնորհում։
1960 թ. մարտին գործի անցա, իսկ հուլիսին գաղտնի մկրտվեցի Դուբիսա գետում։ Քանի որ ԿԳԲ–ն (Պետական անվտանգության կոմիտե) հետապնդում էր ինձ, չկարողացա հարմար աշխատանք գտնել։ Ուստի տեղափոխվեցի ծնողներիս մոտ, որոնք դեմ չէին իմ հավատալիքներին։ Ես հոգ էի տանում մեր և հարևանների կովերին։ Երբ նրանք արածում էին, թարգմանություն էի անում։ Մի գեղեցիկ «աշխատասենյակ» ունեի. ծառի կոճղը աթոռս էր, ծնկներս՝ սեղանը, ոտքերիս տակ փռված էր կանաչ գորգը, իսկ առաստաղը կապույտ երկինքն էր։
Սակայն հասկացա, որ բաց դաշտում թարգմանելը այդքան էլ ապահով չէ։ ԿԳԲ–ի աշխատողները հեշտությամբ կնկատեին ինձ։ Ուստի երբ հարմար ապաստան գտա, ծնողներիս տանից տեղափոխվեցի։ Երբեմն աշխատում էի գոմում. մի կողմում կենդանիներն էին, իսկ մյուս կողմում՝ ես։
Քանի որ էլեկտրականություն չկար, աշխատում էի ցերեկվա ժամերին։ Գրամեքենայի ձայնը չէր լսվում, որովհետև գոմից դուրս հատուկ շինված հողմաղաց կար, որն այդ ընթացքում պտտվում էր և իր աղմուկով խլացնում կողմնակի ձայները։ Երբ մթնում էր, գնում էի տուն՝ ընթրելու, հետո վերադառնում էի գոմ ու քնում չոր խոտի վրա։
1961–ի հոկտեմբերին բացահայտվեց իմ ընդհատակյա գործունեությունը, և ես երկու Վկայի հետ միասին ձերբակալվեցի։ 1962–ին տեղի ունեցավ իմ դատավարությունը, որի մասին նշեցի հոդվածի սկզբում։ Կառավարությունը թույլ տվեց, որ դատավարությանը ներկա լինեն բոլոր ցանկացողները։ Ես շատ ուրախ էի, որ հնարավորություն ունեմ վկայություն տալու դատարանում (Մարկոս 13։9)։ Ինձ դատապարտեցին երեք տարվա ազատազրկման և ուղարկեցին Տալլին (Էստոնիա)։ Այդ ժամանակ ես միակ մարդն էի այնտեղ, որ բանտարկվել էր հավատի համար։ Քաղաքի կառավարիչները այցելում էին ինձ, և ես քարոզում էի նրանց։
Վերսկսում եմ աշխատանքս
1964–ին ազատ արձակվեցի և վերադարձա Լիտվա։ Նորից սկսեցի իմ աշխատանքը։ Հիմնականում թարգմանում էի ռուսերենից։ Գործ շատ կար անելու։ Թեև օգնականներ կային, լիաժամ թարգմանիչ միայն ես էի։ Հաճախ աշխատում էի շաբաթվա յոթ օրերին առավոտից մինչև ուշ երեկո։ Առանց Եհովայի օգնության՝ չէի կարող ոչինչ անել։
Ես գիտակցում էի գործի կարևորությունը և աշխատում էի զգույշ լինել։ Հաճախ քույրերն ու եղբայրները վտանգում էին իրենց և իրենց ընտանիքի կյանքը, որպեսզի ապաստան տային ինձ ու կերակրեին։ Ինչ խոսք, այդ ընթացքում մենք շատ էինք մտերմանում։ Երբ աշխատում էի, նրանք այդ ընթացքում հետևում էին, որ ոչ ոք չնկատի ինձ։ Եթե կասկածելի անձնավորություն էր մոտենում, երկու անգամ երկաթե ձողով խփում էին ջեռուցման խողովակներին։ Ես պետք է միանգամից թաքցնեի բոլոր իրերը։ Երբ գլխի էինք ընկնում, որ տունը հսկողության տակ է, անմիջապես տեղափոխվում էի մեկ ուրիշ վայր։
Այդ ժամանակ առանց կառավարության թույլտվության գրամեքենա ունենալը լուրջ հանցագործություն էր համարվում։ Այդ պատճառով ուրիշներն էին իմ գրամեքենան տեղափոխում։ Սովորաբար մի տեղից մյուսը գնում էի գիշերով։
Այս տարիների ընթացքում Եհովան միշտ պաշտպանել է ինձ։ Հետաքրքիրն այն է, որ թեև կառավարությունը փաստեր չուներ, սակայն գիտեր, թե ինչ գործ եմ անում։ Օրինակ՝ մի անգամ (1973 թ.) ութ Եհովայի վկաների դատավարության ժամանակ դատավորը ինձ հարցաքննության կանչեց։ Նա հարցրեց. «Մոկյուտե՛, որքա՞ն գրականություն ես թարգմանել այս տարիների ընթացքում»։
Ես ասացի, որ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ «Լավ, իսկ ո՞ր հարցերին կարող ես պատասխանել»,— շարունակեց դատավորը։
— Այնպիսի հարցերի, որոնք չեն առնչվում այս գործին,— պատասխանեցի ես։
Անսպասելի փոփոխություն
1980–ականների վերջին Լիտվայում իրավիճակը փոխվեց։ Այլևս կառավարության գաղտնի գործակալներից թաքնվելու կարիք չկար։ 1990–ին ուրիշ Վկաներ սկսեցին թարգմանել մեր գրականությունը։ Իսկ 1992 թ. սեպտեմբերին փոքր թարգմանչական գրասենյակ բացվեց Կլայպեդայում, որտեղ մինչև օրս ապրում եմ։
Ընդհանուր հաշվով՝ 30 տարի 16 տարբեր վայրերում թարգմանել եմ մեր գրականությունը։ Թեև իմ սեփական տունը չեմ ունեցել, սակայն անչափ ուրախ եմ, քանի որ իմ կատարած աշխատանքը մեծ պտուղներ է տվել։ Ներկայումս Լիտվայում կա 3 000 Եհովայի վկա։ Իսկ այն աշխատանքը, որը մի ժամանակ անում էի գոմերում թաքնվելով, այժմ արվում է Լիտվայի մասնաճյուղում, որը գտնվում է Կաունասում։
Թեև 60 տարի է անցել, սակայն առայսօր չեմ մոռացել այն հիշարժան հանդիպումը, որ տեղի ունեցավ անշուք և սառը բանտախցում։ Այն փոխեց իմ կյանքը։ Անչափ երախտապարտ եմ մեր Արարչին՝ Եհովային, որ իմացա նրա նպատակների մասին ու նվիրեցի կյանքս նրան։
[Մեջբերում 13–րդ էջի վրա]
Լիդիայի պատմած աստվածաշնչային ճշմարտությունները փոխեցին ոչ միայն իմ, այլև մեր բանտախցից երեք հոգու կյանքը
[Նկար 12–րդ էջի վրա]
Իմ դատավարության մասին տպագրվեց սովետական թերթերից մեկում (1962)
[Նկար 14–րդ էջի վրա]
Աստվածաշնչային գրականություն, որը թարգմանել եմ՝ վտանգելով ազատությունս
[Նկարներ 15–րդ էջի վրա]
Լիդիան, որը պատմեց ինձ աստվածաշնչային ճշմարտությունները բանտում
Երկու Վկաներ (ձախ կողմում), որոնցից շատ բան սովորեցի Աստծու մասին բանտարկության տարիներին (Ռուսաստան, Խաբարովսկի շրջան, 1956)
Գրամեքենան, որի միջոցով աշխատել եմ արգելքի տարիներին