Առեղծվածային տիեզերքը
ԸՆԴԱՄԵՆԸ մի դար առաջ գիտնականները կարծում էին, թե տիեզերքը միայն մեր Ծիր կաթին գալակտիկան է։ Սակայն 20–րդ դարում, երբ աստղագիտությունը, ֆիզիկան և տեխնիկան ավելի զարգացան, գիտնականները բացահայտեցին, որ տիեզերքն իրականում ահռելի չափեր ունի։ Որոշ հայտնագործություններից պարզ դարձավ, որ մարդկությանը դեռ շատ բան հայտնի չէ։ Օրինակ՝ վերջին տասնամյակներում աստղագետները եկան այն եզրահանգման, որ չգիտեն, թե ինչից է կազմված տիեզերքի ավելի քան 90 տոկոսը։ Այդ հայտնագործությունները նույնիսկ հարցականի տակ դրեցին ֆիզիկայի հիմունքների մասին ունեցած իրենց հասկացողությունը։ Իրականում այդպիսի կասկածներ եղել էին նաև նախկինում։
Օրինակ՝ 19–րդ դարի վերջին ֆիզիկոսները լույսի արագության վերաբերյալ մի տարօրինակ բան հայտնաբերեցին, որ անտրամաբանական էր թվում. լույսի արագությունը կախված չէ ո՛չ լույսը գրանցող սարքի և ո՛չ էլ լույսի աղբյուրի արագությունից։ Այս մասին խոսվում է Ալբերտ էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության մեջ, ըստ որի՝ տարածությունը, ժամանակը և զանգվածը հարաբերական են (1905)։ Երկու տարի անց՝ 1907–ին, մի միտք ծագեց էյնշտեյնի գլխում, որը նա անվանեց «իմ կյանքի ամենապայծառ միտքը»։ Այն հիմք դարձավ հարաբերականության ընդհանուր տեսության համար, որի վերջնական ձևակերպումը գիտնականը տվեց 1916–ին։ Նրա աշխատությունը մեծ հեղաշրջում առաջացրեց ֆիզիկայի բնագավառում։ էյնշտեյնը բացատրեց, թե ինչպես են ձգողականությունը, տարածությունը և ժամանակը փոխկապակցված։ Նա նաև որոշ ճշգրտումներ մտցրեց Իսահակ Նյուտոնի սահմանած ձգողականության օրենքում։
Տիեզերքն ընդարձակվում է
Հիմնվելով իր օրերում առկա փաստերի վրա՝ էյնշտեյնը կարծում էր, որ տիեզերքը կայուն չափեր ունի։ Սակայն Ամերիկացի աստղագետ էդվին Հաբլը ապացուցեց, որ տիեզերքն ընդարձակվում է։
Հաբլը բացահայտեց գիշերային երկնքում անորոշ լուսավոր բծերի առեղծվածը, որոնք մինչ այդ համարվում էին միգամածություններ, քանի որ նման էին գազի ամպերի։ Բայց արդյոք դրանք մեր գալակտիկայի մե՞ջ էին գտնվում, ինչպես դրանից մոտ մեկ դար առաջ ասել էր անգլիացի աստղագետ սըր Վիլյամ Հերշելը (1738–1822), թե՞ դրանք գտնվում էին գալակտիկայից դուրս։
Երբ առաջին անգամ Հաբլը փորձեց չափել Անդրոմեդա համաստեղությունում գտնվող Հսկա Նեբուլա կոչվող պարուրաձև միգամածության հեռավորությունը, նա տեսավ, որ այն իրականում մեկ այլ գալակտիկա է, որը գտնվում է մեկ միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Իսկ դա բավական հեռու է Ծիր կաթին գալակտիկայից, որի տրամագիծը «ընդամենը» 100 000 լուսատարի է։ Հաշվելով այլ միգամածությունների հեռավորությունները՝ Հաբլը կարողացավ բացահայտել տիեզերքի ահռելի մեծությունը, որը աստղագիտության և տիեզերագիտության մեջ սկիզբ դրեց մի շարք խոշոր հայտնագործություններիa։
Այնուհետև Հաբլը ապացուցեց, որ տիեզերքը ընդարձակվում է, քանի որ հաշվարկները ցույց տվեցին, որ գալակտիկաները գնալով ավելի են հեռանում մեզնից։ Նա նաև նկատեց, որ որքան հեռու է գալակտիկան, այնքան ավելի արագ է այն հեռանում։ Այդ չափումները ցույց են տալիս, որ երեկ տիեզերքը ավելի փոքր էր, քան այսօր։ Երբ 1929 թ.–ին Հաբլը հրատարակեց իր հայտնագործությունը, առաջ քաշվեց «մեծ պայթյունի» տեսությունը։ Ըստ այդ տեսության՝ տիեզերքը առաջացել է մոտավորապես 13 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած տիեզերական մեծ պայթյունի հետևանքով։ Բայց սա դեռ ամենը չէր։
Որքան արագ է տիեզերքն ընդարձակվում
Հաբլի հայտնագործություններից հետո աստղագետները փորձում են որքան հնարավոր է ճշգրտորեն հաշվել տիեզերքի ընդարձակման արագության գործակիցը, որն անվանել են «Հաբլի հաստատուն»։ Իսկ ինչո՞ւ է այն կարևոր։ Եթե նրանց հաջողվի ստույգ իմանալ, թե որքան արագ է ընդարձակվում տիեզերքը, նրանք կկարողանան հաշվել, թե որքան ժամանակ է, որ գոյություն ունի տիեզերքը։ Գիտնականները կարող են նաև կանխատեսել տիեզերքի ապագան։ Իսկ ինչպե՞ս։ Ենթադրվում է, որ եթե ընդարձակման արագությունը փոքր լինի, ապա արդյունքում ձգողության ուժը կհաղթի և կստիպի տիեզերքին արագությամբ սեղմվել, ու այն կընդունի իր «նախնական տեսքը»։ Իսկ եթե ընդարձակման արագությունը մեծ լինի, ապա տիեզերքն անվերջ կընդարձակվի և ի վերջո ցրիվ կգա։
Փաստորեն, մինչ ավելի ստույգ չափումները պատասխանում են որոշ հարցերի, այլ հարցեր են առաջ գալիս, որոնք կասկածի տակ են դնում տիեզերքի մասին ունեցած մեր պատկերացումների ճշգրտությունը և բնության հիմնարար ուժերի մասին մեր ունեցած գիտելիքները։
Մութ էներգիա և մութ մատերիա
1998 թ.–ին գիտնականները, ուսումնասիրելով գերնոր աստղերի, կամ՝ բռնկվող աստղերի լույսը, եկան այն եզրահանգման, որ իրականում տիեզերքի ընդարձակման արագությունը գնալով մեծանում էb։ Սկզբում նրանք կասկածանքով էին վերաբերվում այդ փաստին։ Սակայն ապացույցները ավելի շատացան։ Ուստի գիտնականները որոշեցին պարզել, թե ինչն է ստիպում տիեզերքին ընդարձակվել անընդհատ մեծացող արագությամբ։ Մի կողմից՝ այդ էներգիան ասես գործում է ձգողության ուժին հակառակ, մյուս կողմից, սակայն, այն բոլորովին չի համապատասխանում ֆիզիկայի՝ այսօր գոյություն ունեցող որևէ տեսության։ Այդ իսկ պատճառով այս առեղծվածային էներգիան գիտնականները անվանեցին մութ էներգիա, որը կազմում է տիեզերքի մոտ 75 տոկոսը։
Մութ էներգիան, սակայն, միակ առեղծվածային երևույթը չէ։ Մեկ այլ «առեղծված» հայտնաբերվեց 1980–ականներին, երբ գիտնականները ուսումնասիրում էին տարբեր գալակտիկաներ։ Դրանք, ինչպես նաև մեր գալակտիկան չափազանց արագ են պտտվում, և այդ արագության պատճառով պետք է որ հեռանային իրարից և ոչ թե կույտեր կազմեին։ Ակներևաբար, ինչ–որ մատերիա ապահովում է նրանց անհրաժեշտ ձգողականությամբ։ Գիտնականները գաղափար անգամ չունեն, թե ի՞նչ մատերիա է դա։ Այն չի կլանում, արձակում կամ անդրադարձնում որևէ նկատելի ճառագայթ, ուստի գիտնականները այն կոչեցին մութ մատերիաc։ Իսկ որքա՞ն մութ մատերիա կա տիեզերքում։ Հաշվարկների համաձայն՝ այն կազմում է տիեզերքի ավելի քան 22 տոկոսը։
Ըստ հաշվարկների՝ գիտնականներին հայտնի է տիեզերքի մոտավորապես 4 տոկոսը։ Իսկ մութ էներգիան և մութ մատերիան կազմում են մոտ 96 տոկոսը։ Այսպիսով տեսնում ենք, որ տիեզերքի զգալի մասը գիտնականների համար առեղծված էd։
Անվերջ որոնումներ
Գիտնականները միշտ փորձում են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց դրանք հաճախ մի շարք նոր հարցերի դուռ են բացում։ Սա հիշեցնում է մեզ Աստվածաշնչի խորիմաստ խոսքերը, որոնք արձանագրված են Ժողովող 3։11–ում. «[Աստված] ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը»։
Իհարկե, մեր կարճ կյանքի ընթացքում շատ քիչ գիտելիքներ կարող ենք ձեռք բերել, որոնց մեծ մասն էլ գուցե ստույգ չլինի։ Բայց Աստված նպատակ ունի իրեն նվիրված մարդկանց անվերջ կյանք շնորհել երկրային դրախտում, որտեղ նրանք կարող են ամբողջ հավիտենության ընթացքում քննել նրա ձեռքի գործերը և ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել (Սաղմոս 37։11, 29; Ղուկաս 23։43)։
Ուստի պետք չէ վախենալ, որ տիեզերքը մի օր կկործանվի։ Ի վերջո, գիտնականները ընդամենը կարողացել են աղոտ կերպով ուրվագծել իրականությունը, մինչդեռ Ստեղծիչը գիտի ամեն բան (Հայտնություն 4։11)։
[Ծանոթագրություններ]
a Աստղագիտության ուսումնասիրության առարկան տիեզերքն է և երկնային մարմինները։ Իսկ տիեզերագիտությունը աստղագիտության բաժիններից մեկն է։ Ըստ մի հանրագիտարանի՝ տիեզերագիտությունը «ուսումնասիրում է տիեզերքի կառուցվածքը, զարգացումը և այն ուժերը, որոնք գործում են այնտեղ։ Տիեզերագիտությունը փորձում է բացատրել տիեզերքի ծագումը, զարգացումը, ինչպես նաև փորձում է կանխատեսել, թե ինչ կլինի նրա հետ ապագայում» (The World Book Encyclopedia)։
b 1a տեսակի գերնոր աստղերը բռնկվող աստղեր են, որոնք բռնկումների ժամանակ այնքան պայծառ լույս են արձակում, որքան կարձակեին 1 միլիարդ արևներ միասին։ Աստղագետները օգտագործում են աստղերի այս տեսակը որպես չափանիշ՝ հաշվարկներ կատարելու համար։
c Մութ մատերիայի մասին առաջին անգամ կասկածներ հայտնեցին 1930–ականներին, իսկ 1980–ականներին դրանք հաստատվեցին։ Այսօր գիտնականները փորձում են գտնել, թե որքան մութ մատերիա կա գալակտիկաների մեկ կույտում՝ ուսումնասիրելով, թե ինչպես են դրանք կորացնում ավելի հեռվից եկող լույսի ճառագայթները։
d 2009 թ. հայտարարվել է Աստղագիտության միջազգային տարի։ Ուղիղ 400 տարի է անցել այն դեպքից, երբ առաջին անգամ Գալիլեո Գալիլեյը աստղադիտակ օգտագործեց։
[Նկար 17–րդ էջի վրա]
ՎԵՐ ՆԱՅԻՐ ՈՒ ԽՈՆԱՐՀՎԻՐ
Աստծու՝ հնում ապրած ծառաներից մեկը, երբ նայում էր գիշերային պարզ, աստղազարդ երկնքին, ակնածանքով էր լցվում։ Իր զգացմունքները նա արտահայտեց գրելով մի երգ, որի բառերը արձանագրված են Սաղմոս 8։3, 4 համարներում։ Այնտեղ կարդում ենք. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար»։ Թեև սաղմոսերգուն չուներ հեռադիտակ կամ հատուկ ապարատներ, սակայն նա հիանում էր Աստծու գործերով ու խոր հարգանք էր տածում Աստծու հանդեպ։ Իսկ մե՞նք...
[Նկար 18–րդ էջի վրա]
74% մութ էներգիա
22% մութ մատերիա
4% հայտնի նյութեր
[Նկար. թույլտվությամբ 16–րդ էջի վրա]
Background: Based on NASA photo
[Նկար. թույլտվությամբ 18–րդ էջի վրա]
Background: Based on NASA photo