Աստվածաշնչի տեսակետը
Չար մարդիկ այրվելո՞ւ են դժոխքում
ԳԵՐՏՐՈՒԴԸ, որը հիսունականների եկեղեցու քարոզիչ է, հաստատ համոզված է, որ գոյություն ունի դժոխք։ Այն միտքը, որ այդպիսի վայր գոյություն չունի, անընդունելի է նրա համար։ Նա մտածում է, որ եթե վատ մարդիկ չայրվեն դժոխքում, ապա բոլոր տեսակի սարսափելի հանցագործությունները անպատիժ կմնան։ Գերտրուդը չփոխեց իր տեսակետը։ Նա ասաց. «Կարծում եմ, որ չեմ պաշտի Աստծուն, եթե չլինի դժոխք, որտեղ այրվում են չարերը»։
Վատ մարդիկ այրվելո՞ւ են դժոխքում, ինչպես սովորեցնում են շատ կրոններ։ Եթե ոչ, ապա ի՞նչ պատիժ են նրանք ստանալու։
Երբ Աստված պատժեց առաջին անգամ
Ըստ Աստվածաշնչի՝ Աստված առաջին մարդկային զույգին կատարյալ ստեղծեց (Ծննդոց 1։27; Բ Օրինաց 32։4)։ Նա բնակեցրեց նրանց երկրային դրախտում, որտեղ ապրելու էին հավիտյան։ Ադամին ու Եվային Աստված մի պատվեր էր տվել և զգուշացրել էր. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։
Ցավոք, մեր նախածնողները հավատարիմ չմնացին Ստեղծչին և չհնազանդվեցին նրան։ Ուստի Արարիչը նրանց մահվան դատապարտեց։ «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։
Եթե Ադամն ու Եվան, որպես պատիժ, տանջվելու էին դժոխքի կրակների մեջ, մի՞թե Աստված այդ մասին էլ չէր զգուշացնի նրանց։ Փաստն այն է, որ նա ոչինչ չասաց մահից հետո տանջվելու վերաբերյալ։ Ուրեմն նրանք չէին տանջվելու։ Առաջին մարդկային զույգը չուներ անմահ հոգի, որը պիտի ապրեր մահից հետո։ Աստվածաշունչը ասում է. «Նորա [քաղաքի] մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ» (Յեսու 10։28)a։
Որպես կյանքի Աղբյուր՝ մեր Արարիչը ամեն բան գիտի կյանքի ու մահվան մասին։ Իր Խոսքի միջոցով նա մեզ հայտնում է, որ «մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Ահա թե ինչու Ադամն ու Եվան չէին կարող տանջվել դժոխքում մահից հետո։ Նրանք պարզապես հող դարձան և դադարեցին գոյություն ունենալուց. նրանք «մի բան չ’գիտեն»։
Մարդիկ տառապո՞ւմ են մահից հետո
Հռոմեացիներ 5։12-ում կարդում ենք. «Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա»։ Իսկապես, տրամաբանակա՞ն է արդյոք հավատալ, որ մարդիկ իրենց գործած մեղքերի համար տանջվում են դժոխքում, եթե Ադամը, որի պատճառով մարդկությունը մահ ժառանգեց, պարզապես հող դարձավ մահից հետո (1 Կորնթացիներ 15։22)։
Ինչպես Ադամը, այնպես էլ մենք, միևնույն օրենքի տակ ենք՝ «մեղքի վճարած վարձը մահն է»։ Այսինքն՝ երբ անհատը մահանում է, «ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7, 23)։ Բայց մի՞թե արդարացի է այն, որ չար մարդիկ էլ, բարի մարդկանց պես, մահանում են և չեն տառապում մահից հետո։
Աստծու արդարությունը
Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, նա ուզում էր, որ երկիրը լցվի հնազանդ մարդկանցով, որոնք հոգ կտանեին երկրին (Ծննդոց 1։28)։ Նրա այդ նպատակը չի փոխվել։ Աստված Ադամի ու Եվայի անհնազանդությունից որոշ ժամանակ հետո ասաց. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։
Ուշադրություն դարձրեք, որ արդարները ապրելու են այս երկրի վրա։ Նրանք ունենալու են կատարյալ առողջություն և երջանիկ կյանք։ Աստծու սկզբնական նպատակը՝ տեսնել երկիրը արդար մարդկանցով բնակեցված, ի վերջո պիտի «հաջողվի»։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նա ներկայիս չար համակարգը փոխարինի նոր աշխարհով (Եսայիա 55։11; Դանիէլ 2։44; Հայտնություն 21։4)։
Միլիարդավոր մարդիկ, ովքեր մահացել են, չիմանալով Աստծու պատվիրանները, հարություն կառնեն և նոր աշխարհում ապրելու համար հրահանգներ կստանան (Եսայիա 11։9; Հովհաննես 5։28, 29)։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա ապրել Աստծու օրենքների համաձայն, կպատժվեն «երկրորդ մահով»։ Սա այն մահն է, որից հետո հարություն չկա (Հայտնություն 21։8; Երեմիա 51։57)։
Հստակ է ուրեմն, որ լինելով սիրո Աստված՝ Եհովան մարդկանց չի տանջում դժոխքում (1 Հովհաննես 4։8)։ Սակայն նա անվերջ չի հանդուրժելու չարությունը։ Սաղմոս 145։20-ի համաձայն՝ «Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ»։ Մի՞թե սա սիրո և միաժամանակ արդարության դրսևորում չէ։
[Ծանոթագրություն]
a Աստվածաշնչում «հոգի» բառը մատնանշում է մարդուն և ոչ թե մի բանի, որը դուրս է գալիս մարմնից։ Ծննդոց 2։7-ում ասվում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ»։ Ադամին չտրվեց մարմնից անջատ հոգի։ Հակառակը՝ Ադամն ինքը կենդանի հոգի էր։
[Նկար 11–րդ էջի վրա]
«Մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)
[Նկար 11–րդ էջի վրա]
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
[Նկար 11–րդ էջի վրա]
◼ Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո (Ծննդոց 3։19)
◼ Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները (Ժողովող 9։5)
◼ Ինչպե՞ս է Աստված պատժելու չարերին (Սաղմոս 145։20)
[Նկար 10–րդ էջի վրա]
Photo:www.comstock.com