Գաղտնիք 1 Ճիշտ առաջնահերթություններ
«Հավաստիացեք, թե որ բաներն են ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)
Ի՞նչ է դա նշանակում։ Հաջող ամուսնության մեջ կողակիցներից յուրաքանչյուրը մյուսի շահերը վեր է դասում անձնական շահերից, ինչպես նաև իր աշխատանքից, ունեցվածքից, ընկերներից, անգամ հարազատներից։ Երջանիկ ընտանիքում ամուսինն ու կինը շատ ժամանակ են անցկացնում միասին և երեխաների հետ։ Հանուն իրենց ընտանիքի բարօրության նրանք պատրաստ են գնալու ցանկացած զոհողության (Փիլիպպեցիներ 2։4)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստվածաշունչը մեծ շեշտ է դնում ընտանիքի վրա։ Պողոս առաքյալն անգամ գրեց, որ այն անձնավորությունը, որը հոգ չի տանում իր ընտանիքի մասին, «անհավատից էլ վատն» է (1 Տիմոթեոս 5։8)։ Սակայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում առաջնահերթությունները փոխվեն։ Օրինակ՝ ընտանեկան մի խորհրդատու նկատել է, որ մարդկանցից շատերը ավելի կենտրոնացած են աշխատանքի և կարիերա ստեղծելու վրա, քան իրենց ընտանիքի։ Նա ասում է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդիկ ուզում են հապճեպ լուծել իրենց ընտանիքի խնդիրները ու «կարևոր գործերի ցուցակից հանել ընտանիքը, որպեսզի այլևս չմտածեն ընտանիքի մասին և նորից կենտրոնանան իրենց աշխատանքի վրա»։ Փաստորեն, ավելի հեշտ է ասել, որ մեր կյանքում ընտանիքը առաջին տեղում է, քան ամեն ինչ անել, որ այդպես լինի։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե որքան կարևոր է քեզ համար քո ընտանիքը։
◼ Հնարավորության դեպքում անմիջապես արձագանքո՞ւմ եմ, երբ կողակիցս կամ երեխաս ուզում է ինձ հետ զրուցել։
◼ Իմ զբաղմունքների մասին ուրիշներին պատմելիս հաճա՞խ եմ խոսում ընտանիքիս մասին։
◼ Երբ ընտանիքս իմ կարիքն ունենում է, պատրա՞ստ եմ հրաժարվելու որոշ պարտականություններից (աշխատանքի կամ այլ գործերի հետ կապված)։
Եթե դրական պատասխան տվեցիր այս հարցերին, ուրեմն կարելի է ասել, որ ճիշտ առաջնահերթություններ ես դնում։ Իսկ ինչպե՞ս կպատասխանեին այս հարցերին կողակիցդ և երեխաներդ։ Միայն քո կարծիքը բավարար չէ որոշելու համար, թե արդյոք ճիշտ առաջնահերթություններ ես դնում կյանքում։ Այս մոտեցումը կիրառելի է նաև ընտանիքում հաջողության հասնելու հետ կապված այլ հարցերում, որոնք կքննարկվեն հաջորդ հոդվածներում։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որ ընտանիքդ քո կյանքում առաջին տեղում լինի։ Օրինակ՝ ո՞ր գործերն են քեզնից խլում այն ժամանակը, որը կարող էիր տրամադրել կողակցիդ և երեխաներիդ։
Քո կայացրած որոշման մասին տեղյակ պահիր ընտանիքիդ։ Երբ տան անդամներից մեկը պատրաստ է փոփոխություն անելու, հավանականությունը ավելի մեծ է, որ մյուսներն էլ այդպես կանեն։
[նկար 3-րդ էջի վրա]
Հաղթում է նա, ում համար առաջին տեղում ընտանիքն է