Գաղտնիք 2 Նվիրվածություն
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ են այն կողակիցները, ովքեր իրենց ամուսնությունը հարատև միություն են համարում։ Այդ պատճառով, երբ խնդիրներ են ծագում, նրանք ոչ թե ամուսնալուծվում են, այլ ձգտում են հարթել դրանք։ Նվիրված ամուսինները ապահով են զգում, քանի որ վստահ են, որ իրենցից յուրաքանչյուրը ամուր կպահի այդ միությունը։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Երջանիկ ամուսնության հիմքում ընկած է նաև նվիրվածությունը։ Բայց ամուսնությունը կարող է դառնալ կողակիցների կողմից ստիպողաբար կնքված մի պայմանագիր, եթե ընտանիքում անընդհատ խնդիրներ ծագեն և չլուծվեն։ Այդ ժամանակ «միայն մահը մեզ կբաժանի» խոստումը դառնում է սառը պայմանագիր, և կողակիցները ձգտում են միջոցներ փնտրել օրինական ճանապարհով շրջանցելու իրենց պարտականությունները։ Գուցե նրանք բառացիորեն վերջ չդնեն իրենց ամուսնությանը, սակայն փոխաբերական առումով հեռանան իրարից, օրինակ՝ անտարբեր լինեն ու լռեն այն դեպքում, երբ ընտանիքում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել ու լուծել։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե որքան նվիրված ես կողակցիդ։
◼ Երբ վիճաբանություններ են լինում մեր միջև, արդյոք զղջո՞ւմ եմ, որ ամուսնացել եմ նրա հետ։
◼ Հաճա՞խ եմ երազում մեկ ուրիշի մասին և պատկերացնում, թե ինչպիսին կլիներ կյանքս նրա հետ։
◼ Հաճա՞խ եմ կողակցիս ասում՝ ես կհեռանամ քեզնից կամ ես կգտնեմ մեկին, ով կգնահատի ինձ։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որպեսզի ամրացնես ձեր ամուսնական միությունը։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ մի երկտող գրիր կողակցիդ, աշխատավայրում ունեցիր նրա նկարը, ամեն օր աշխատավայրից զանգահարիր նրան։
Կարող ես մի քանի տարբերակ մտածել և հարցնել կողակցիդ, թե դրանցից որը կնախընտրեր։
[նկար 4-րդ էջի վրա]
Ճաղաշարի շնորհիվ մեքենան դուրս չի գալիս ճանապարհից. նվիրվածության շնորհիվ էլ ամուսնությունը չի շեղվում իր ուղուց
[թուլյտվությամբ]
© Corbis/age fotostock