Դիտում ենք աշխարհը
«Քրիստոնյաների Աստվածը ամերիկացիների համար մահացած չէ, բայց հիմա նա ավելի քիչ ազդեցություն ունի նրանց քաղաքականության և մշակույթի վրա, քան նախկինում» (NEWSWEEK, ԱՄՆ)։
«Տնտեսական ճգնաժամից տուժածների մի նոր խումբ է առաջացել։ Այդ տուժածներն այն զույգերն են, որոնք ֆինանսապես ի վիճակի չեն ամուսնալուծվելու։ Թեև նրանք տանել չեն կարողանում իրենց կողակցին, սակայն այս դժվար պայմաններում նախընտրում են միասին ապրել, քանի որ դա ավելի էժան է նստում» (THE WALL STREET JOURNAL, ԱՄՆ)։
Գերմանիայում յուրաքանչյուր երեք մայրերից մեկը իր աղջկանից է սովորում նորաձևության և ընկերության, ինչպես նաև անկաշկանդ շփվելու կամ ինքնահարգանք ունենալու մասին (BERLINER MORGENPOST, ԳԵՐՄԱՆԻԱ)։
Հակամարմինները շարունակ փնտրում են իրենց «զոհին»
«Մարդկության պատմության ամենասարսափելի մահաբեր գրիպի համաճարակից ինը տասնամյակ անց կենդանի մնացած մարդկանց երակներով դեռ շարունակում են հոսել 1918 թ. վիրուսի դեմ պայքարող հակամարմինները։ Այս փաստը ցույց է տալիս մարդու իմունային համակարգի ապշեցուցիչ «տոկունությունը»»,— նշվում է «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» օրաթերթում։ Ուսումնասիրելով իսպանական գրիպի համաճարակից վերապրածների արյունը՝ գիտնականները հայտնաբերեցին «հակամարմիններ, որոնք թափառում են օրգանիզմում և փնտրում են այդ գրիպի վիրուսները՝ դրանց դեմ պայքարելու համար»։ Այս հակամարմինների օգնությամբ հետազոտություններ կատարող բժիշկները պատվաստանյութ ստացան և բուժեցին այն մկներին, որոնց վարակել էին այդ մահաբեր վիրուսով։ Իմունային համակարգի «հիշողությունը» ապշեցրել էր գիտնականներին։ Այս հետազոտությանը մասնակցող գիտնականներից մեկը հիացմունքով ասաց. «Տերը մեզ «օժտել է» հակամարմիններով, որոնք պաշտպանում են մեզ ամբողջ կյանքում։ Ճիշտ է, այն, ինչը քեզ չի սպանում, դարձնում է քեզ ավելի ուժեղ»։
Հարցեր, որոնք ուղղված են Աստծուն
«Եթե դու բարի ես, ապա ինչո՞ւ ես թույլ տալիս տառապանքը»։ Շվեդական «Դագեն» օրաթերթում գրված է, որ այս հարցը առաջիններից է, որ ուսանողները կտային Աստծուն, եթե այդպիսի հնարավորություն ունենային։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ երիտասարդները կցանկանային իմանալ, թե որն է կյանքի իմաստը և ինչ է տեղի ունենում մահից հետո։ Շվեդները հայտնի են որպես ոչ կրոնասեր ժողովուրդ։ Այդուհանդերձ, «այս հարցերը հետաքրքրում են նրանց»,— նշում է քրիստոնյա ուսանողների կազմակերպության ներկայացուցիչը, որը կազմակերպել էր այս հարցումը։— «Դրանք երիտասարդներին մտածելու տեղիք են տալիս»։
Ավելի մտերիմ լինելու առիթ
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, անկախ տարիքից, իրենց ավելի երջանիկ են զգում ամուսնական կյանքում այն բանից հետո, երբ դառնում են հաշմանդամ կամ հիվանդանում են»,— ասում են հետազոտողները։ Թեև երբ մարդը չի կարողանում կատարել առօրյա գործերը, սթրեսի մեջ է ընկնում, սակայն մյուս կողմից հիվանդությունը կարող է պատճառ լինել, որ ամուսինները ավելի մտերմանան։ Նշվում է նաև, որ այդպիսի հանգամանքներում հատկապես տարիքով տղամարդիկ են իրենց ժամանակը լավագույն ձևով անցկացնում կողակցի հետ։ Քերեն Ռոբերտոն, որը Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գերոնտոլոգիայի (ծերաբանության) գիտահետազոտական կենտրոնի (ԱՄՆ) տնօրենն է, ասում է. «Երբ տղամարդիկ նոր պարտականություններ են ստանձնում ընտանիքում կամ ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կողակիցներին, ապա ավելի շատ ժամանակ են անցկացնում նրանց հետ, ինչն էլ նպաստում է այն բանին, որ նրանք սկսում են ավելի շատ գնահատել կողակցի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունը»։