Գեղեցկություն և նրբագեղություն, որ ակնածանք է ներշնչում
«Ես անմիջապես սիրահարվեցի ձիերին։ Նրանք այնքա՜ն գեղեցիկ ու նրբագեղ են» (ԹՈՄԱՇ, ՁԻԱԲՈՒՅԾ)։
ՇԱՏԵՐԸ ձիերին ամենագեղեցիկ կենդանին են համարում։ Նրանց սիրում են իրենց նրբագեղության ու անսպառ էներգիայի համար, երբ ծառս են լինում, սմբակներով դոփում են գետնին, հպարտ խրխնջում են և համարձակորեն առաջ սլանում։ Իսկապես, ձիերը գեղեցիկ կենդանիներ են։
Դարերի ընթացքում կլիմայական տարբեր գոտիներում և տարբեր վայրերում ձիերի բազմաթիվ տեսակներ են առաջ եկել։ Զտարյուն արաբական ձին համարվում է ամենագեղեցիկ տեսակներից մեկը։ Այն տաքարյուն է, ունի անսպառ էներգիա, արագավազ է, եռանդով լեցուն ու շատ խելացի։ Այդ պատճառով աչքի է ընկնում սպորտային տվյալներով։
Հետաքրքիր է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկում՝ Լեհաստանում, մեծ տարածում ունի այս աշխույժ նժույգի ձիաբուծության ավանդությունը։ Ձիաբույծների և մասնագետների կարծիքով՝ ամենաարժեքավոր արաբական որոշ զտարյուն ձիեր կապեր ունեն Լեհաստանի հետ։ Ինչո՞ւ։ Այս և այլ հարցեր մենք տվեցինք ձիաբույծների ու մասնագետների։
Ինչ են ասում ձիերի մասին
Նախ մի քիչ ավելին իմանանք զտարյուն արաբական ձիերի մասին։ Այս տեսակը միշտ կապել են Միջին Արևելքի հետ։ Ձիաբույծ Թոմաշը բացատրում է. «Դարեր շարունակ բեդվինները բուծել են զտարյուն արաբական ձիեր և պահպանել են այդ տեսակը՝ թույլ չտալով, որ խառնվեն այլ տեսակների հետ։ Ճիշտ ընտրության և բուծողների ջանասեր հոգատարության շնորհիվ առաջ է եկել արաբական ձիերի տեսակը, որը մեծապես գնահատվում է։ Այս ձիերը հիմնականում լինում են մոխրագույն, աշխետ կամ շագանակագույն, երբեմն էլ սև»։
Արաբական ձիու սիրահար Շանետան ասում է. «Նրանք արտասովոր գեղեցկություն ունեն, և կարծիք կա, որ ամենազտարյուն և ամենահին ցեղն են»։ Նրանք ճանաչված են ոչ միայն իրենց կրակոտ խառնվածքով, այլև համարձակությամբ և անխոնջ եռանդով։ Նրանց ուժեղ թոքերը, որոնք գտնվում են լայն ու խոր կրծքավանդակում, հնարավորություն են տալիս մեծ հեռավորություններ կտրել-անցնելու։
Արաբիայից Լեհաստան
«Ինչպե՞ս են արաբական ձիերը հասել Լեհաստան»,— հարցրինք մենք Թոմաշին, որն ունի սեփական ձիաբուծարան Լեհաստանում։ Նա մեզ բացատրեց. «Հավանաբար նրանք առաջին անգամ այստեղ են եկել թագավորի պատվիրակի հետ, որը բազում շրջագայություններից հետո վերադարձել է 16-րդ դարի Ստամբուլի սուլթանական արքունիք։ Սակայն մի բանում կարող ենք վստահ լինել. Լեհաստանում ձիաբուծությունը թվագրվում է 18-րդ դարի վերջով»։ Արաբական ձիերի մասնագետ Իզաբելա Պավելեց-Զավացկան այս հարցում կարևորում է կոմս Վացվավ Ժեվուսկու դերը։ Արևելյան մշակույթի մեջ ունենալով հեղինակավոր դեր՝ նա «հիմնադրեց ու կազմակերպեց Արաբիայից ձիեր ներմուծելու գործը» և Եվրոպա բերեց 137 զտարյուն ձի։
Ժեվուսկին իր հաստատակամության և եռանդի շնորհիվ 1817թ.-ին գտավ առաջին լեհ-արաբական ձիերի ձիաբուծարանը Ժանով Պոդլասկի գյուղում, որը գտնվում է Արևելյան Լեհաստանում։ Թոմաշը ասում է. «Սկիզբը խոստումնալից էր։ Փորձառու ձիաբույծները հոգ էին տանում ձիերի մասին, սակայն երկու համաշխարհային պատերազմները, որ անցան Եվրոպայի սրտի միջով, ավերեցին լեհական ձիաբուծարանները։ Ձիերի մեծ մասը սատկեց, փախավ կամ գողացվեց»։ Այդուհանդերձ, Երկրորդ համաշխարհային պատերազմից մի որոշ ժամանակ հետո վերսկսվեց ձիաբուծությունը, և մեծ հաջողություններ եղան։
Այսօր առնվազն 30 լեհական ձիաբուծարաններում արաբական ձիեր են բուծում։ Ինչ խոսք, երկու հարյուր տարվա ավանդույթը լավագույն որակն է երաշխավորում։ Այդ պատճառով էլ Լեհաստանը դարձել է արաբական նժույգի բուծման ամենանշանավոր կենտրոններից մեկը, որը գրավում է մասնագետներին և սիրահարներին, որոնք աշխարհի տարբեր մասերից գալիս են մասնակցելու ամենամյա նշանավոր ցուցադրումների և աճուրդների։
Ամենօրյա խնամք
Ազնվացեղ ձիեր բուծելու համար ձիաբույծները պետք է հոգատարությամբ շրջապատեն նրանց։ Մագորժատան, որը նույնպես ունի ձիաբուծարան, ասում է. «Արաբական ձիերի խնամքը բարդ է։ Մենք պետք է սննդի հավասարակշռված գրաֆիկ ունենանք, այնպիսի սննդակարգ, որը անհրաժեշտ է տաքարյուն ձիերին, որպեսզի նրանք լավ տեսք ու լավ առողջություն ունենան։ Հատկապես կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հղի մատակներին, որոնք շուտով պետք է ծննդաբերեն»a։ Իսկ ո՞րն է ամենալավ սնունդը։
Մագորժատան շարունակում է. «Մենք օրը սկսում ենք ձիերին կերակրելով չոր խոտով, որը սննդարար է և պարունակում է անհրաժեշտ վիտամիններ ու հանքային նյութեր։ Հատկապես շատ օգտակար է հարդի հետ խառնած վարսակը կամ կտրտած ծղոտը։ Գարին ու ցորենի թեփը նույնպես օգտակար են։ Սակայն ձիերը նախընտրում են հյութալի կանաչ ուտելիք՝ խոտ կամ առվույտ, ինչպես նաև կարտոֆիլ, գազար և ճակնդեղ։ Ձմռանը ձիաբույծները հաճախ գնում են պատրաստի, սպիտակուցներով հարուստ կեր։ Արաբական ձիերի սննդակարգի մեջ մտնում է նաև աղ, այսինքն՝ նրանք պետք է լիզեն աղի մեծ կտորներ, որոնք պարունակում են հանքային նյութեր կամ բույսեր։ Դրանք հանգստացնում են տաքարյուն ձիերին։ Բայց պետք է նշել, որ նույնիսկ ամենալավ չոր խոտը կամ կերը չի կարող համեմատվել կանաչ, փարթամ արոտավայրերի հետ։ Եվ մի բան էլ. ձիերը պետք է միշտ մաքուր ջուր խմեն, նրանք անգամ մոտ չեն գա կեղտոտ ջրին»։
Արաբական ձիերին հոգ տանելու մեջ մտնում է նաև մաշկի և մազերի խնամքը։ Դա նշանակում է, որ հարկավոր է լողացնել, հատուկ խոզանակով քնքշորեն մերսել և ձեռքով շոյել նրանց։ Բայց մի բան էլ պետք է անել։ Թոմաշը ասում է. «Շատ կարևոր է ամեն օր մաքրել սմբակները, քանի որ դա կանխարգելում է տարբեր տեսակի հիվանդությունները, այդ թվում նաև քաղցկեղը։ Պետք է հատկապես զգույշ լինել, որ չվնասվեն ձիու աչքերը, քթանցքերը, շուրթերը և ականջները»։ Իսկ Շանետան ավելացնում է. «Որպեսզի ձին առողջ լինի և լավ տեսք ունենա, նա պետք է բավականաչափ տարածք ունենա վազելու համար։ Բացի այդ, կարևոր է, որ ձիու բնակավայրում լինեն ավազ, տիղմ կամ խոտ, որ թավալվի։ Երբ ձին քրտնում է վարգից կամ քառատրոփ վազքից, նրան պետք է ծածկել վերմակով, իսկ հետո լողացնել»։
Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է անհատական մոտեցում ցուցաբերել ձիերի հանդեպ։ Մագորժատան այդ մասին ասում է. «Կարծիք կա, որ արաբական ձիերը վեցերորդ զգայարան ունեն։ Նրանց համար կարևոր է մարդու ընկերակցությունը, ինչպես նաև որ իրենց շոյեն և գրկեն։ Քնքշանքի նման դրսևորումները այն աստիճան են վստահություն առաջացնում տերերի հանդեպ, որ ձիերը լիովին նվիրվում են նրանց։ Երբ մարդը ժպտում է, գրկում կամ հատուկ վերաբերմունք է ցուցաբերում, օրինակ՝ գազար կամ շաքարի կտոր է տալիս ձիուն, վերջինս ուրախությամբ վրնջում է։ Նրանք, ովքեր ձիերի սիրահար են, իսկապես մեծ բավականություն են ստանում այս հրաշալի կենդանիների մասին հոգ տանելուց»։ Թոմաշը այսպես է արտահայտում իր հիացմունքը. «Ես անմիջապես սիրահարվեցի ձիերին։ Նրանք այնքա՜ն գեղեցիկ ու նրբագեղ են։ Սակայն նրանց վստահությանն արժանանալը հեշտ չէ։ Ինձնից տարիներ պահանջվեցին դրան հասնելու համար»։
Ինչ հեռանկար կա
Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են ձիերի, հատկապես արաբական նժույգների գեղեցկությամբ, արագ վազքով, անսպառ էներգիայով ու խելացիությամբ։ Այդ պատճառով էլ մի յուրահատուկ կապվածություն է առաջացել մարդու և այս հրաշալի կենդանու միջև։ Ցավալի է, սակայն, որ ձիերին սիրելով հանդերձ՝ մարդը շահագործել է նրանց և օգտագործել պատերազմների ժամանակ։ Արդյունքում հարյուրավոր ձիեր են սպանվել։ Սակայն Աստծու Թագավորության ժամանակ մարդիկ ձիերին կօգտագործեն միայն բարի նպատակներով՝ փառք ու պատիվ բերելով իրենց Ստեղծչին՝ Եհովա Աստծուն։
[ծանոթագրություն]
a Ձիաբույծը կարող է որոշել, թե երբ կծննդաբերի ձին։ Սովորաբար մատակ ձին կարող է ծննդաբերել ամեն տարի։ Իր կյանքի տևողության ընթացքում (25–30 տարի) մատակը 15–18 անգամ է ծննդաբերում։
[նկար 23-րդ էջի վրա]
Մատակ ձին ու նրա քուռակը
[նկարներ 24-րդ էջի վրա]
Արաբական ձիերի ամենօրյա խնամքի մեջ մտնում է՝
1. խոզանակով մաքրել մաշկը ու սանրել մազերը
2. մաքրել սմբակները
3. քնքշանք արտահայտել
[նկար 25-րդ էջի վրա]
Հովատակները խաղում են ձյան մեջ