Հրաշք թղթե քաղաք
ԹՂԹԵ քաղա՞ք։ Այո՛, բայց ոչ թե իսկական քաղաք, այլ մոդել։ Այդ քաղաքը Պրահան է՝ Չեխիայի մայրաքաղաքը։ Այս մոդելը պահվում է Պրահայի Մունիցիպալ թանգարանում։ Նախագծողը եղել է Անտոնին Լանգվիլը, որը այս մոդելի վրա աշխատել է 11 տարի՝ 1826թ.-ից մինչև 1837թ.՝ այն տարին, երբ նա մահացավ։ Իսկ ինչո՞ւ Լանգվիլը որոշեց նման բարդ նախագիծ ձեռնարկել։
Լանգվիլը ծնվել է 1791թ.-ին Պոստոլոպրտի քաղաքում, որտեղ էլ գտնվում է այժմյան Չեխիան։ Այն բանից հետո, երբ նա Վիեննայի արվեստի ակադեմիայում ուսումնասիրեց վիմագրությունը, բացեց Պրահայի առաջին վիմագրական արհեստանոցը։ Սակայն չլինելով հմուտ գործարար՝ նա անհաջողության մատնվեց, ու նրա արհեստանոցը փակվեց։ Մի անգամ 1826թ.-ին Պրահայի ցուցահանդեսներից մեկում նա տեսավ Փարիզի մոդելը՝ պատրաստված գիպսից։ Իր տեսածից տպավորված՝ Լանգվիլը որոշեց ստեղծել Պրահայի մոդելը՝ օգտագործելով ստվարաթուղթ և փայտ։
Սկզբում Լանգվիլը մի քանի տարի մանրամասնորեն ուսումնասիրեց Պրահան։ Նա քայլում էր ամեն մի փողոցով՝ նշելով շինությունների, այգիներում տեղադրված նստարանների, չարդախների, արձանների և ծառերի կոնկրետ տեղերը։ Նա անգամ նշում էր այն տակառները, որոնք տեսնում էր փողոցներում, նաև կոտրված պատուհանները, սանդուղք՝ պատին հենած, փայտի խուրձ։ Այս ամենից հետո նա սկսեց կառուցել մոդելը՝ աշխատելով 1։480 մասշտաբով։ Ապրելու միջոց հայթայթելու համար Լանգվիլը նաև պատրաստում էր հայտնի մարդկանց տների մոդելներ։
1837թ.-ին Լանգվիլը հիվանդացավ տուբերկուլյոզով և հենց այդ տարի հունիսին մահացավ՝ մենակ թողնելով կնոջն ու հինգ աղջիկներին։ Երեք տարի անց նրա մոդելը հայտնվեց Պատրիոտիկ թանգարանում, որն այժմ կոչվում է Ազգային թանգարան։ Ինչպե՞ս։ 1840թ.-ին Լանգվիլի այրի կինը մոդելը վաճառել էր թագավոր Ֆերդինանդ I-ին, որը գնել էր այն և նվիրել այժմյան Չեխիայի Հանրապետության Ազգային թանգարանին։ Մոդելը թանգարան տեղափոխեցին ինը արկղերով։ Ավելի ուշ Պրահայի թանգարանի (որտեղ այժմ գտնվում է այդ մոդելը) ներկայացուցիչներից մեկը նշել է. «19-րդ դարում Լանգվիլի մոդելը միայն ժամանակ առ ժամանակ էր ներկայացվում ցուցահանդեսներին։ 1891թ.-ին այն Հոբելյանական ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկն էր։ Այս կապակցությամբ բավականին մեծ գումար ծախսվեց մոդելը վերանորոգելու համար։ 1905թ.-ից մոդելը դարձավ Ազգային թանգարանի մշտական ցուցանմուշը»։
Մեծ հռչակ է ձեռք բերում
Լանգվիլի թղթե մոդելը մեծ հռչակ ձեռք բերեց։ Այն 5,76x3,24 մետր չափ ունի և պահվում է ապակու մեջ, որի ներսում կախված են փոքրիկ լույսեր։ «Քաղաքը» այնքան իրական տեսք ունի, որ այն դիտելիս պետք է անընդհատ քեզ հիշեցնես, որ դա մոդել է։ Իրականում, Լանգվիլը ամենայն ճշգրտությամբ պատրաստել է ավելի քան երկու հազար փոքրիկ շինություններ։
Նա նույնիսկ նշել է շենքերի համարները, ավելացրել փողոցների լապտերները, ջրորդանները, գետաքարերը։ Իսկ եկեղեցիները պատրաստելիս պատկերել է վիտրաժները, անգամ դրանց կոտրված կամ բացակայող կտորները։ Նրա մոդելի շենքերի վրա երևում են նույնիսկ այն տեղերը, որտեղ թափվել են ծեփերը և նկատելի են աղյուսները։ Նա նաև ավելացրել է Վլտավա գետը, որը անցնում է Պրահայի միջով։
Այսօր Լանգվիլի թղթե մոդելը միայն թանգարանային նմուշ չէ։ Այն հետաքրքրաշարժ մի գործ է, որը գրավում է արվեստասերներին և պատմաբաններին, որոնք ուզում են տեսնել, թե ինչպես է Պրահան ժամանակի ընթացքում փոխվել։ Ինչ խոսք, քաղաքի որոշ մասեր փոխված են, քանի որ շատ շինություններ վերակառուցվել են, հատկապես հրեական թաղամասը և Պրահայի այն մասը, որը կոչվում է Հին քաղաք։ Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ Լանգվիլի մոդելը թվայնացվել է, ինչը դիտելիս այցելուներին թվում է, թե զբոսնում են 1837թ. Պրահայով։
1837թ. ապրիլին հիվանդ Լանգվիլը խնդրեց, որ իր մոդելը տեղադրվի այն ժամանակ «Պատրիոտիկ» կոչվող թանգարանում, սակայն թանգարանին այն չհետաքրքրեց։ Հավանաբար Լանգվիլը մեծ հիասթափություն ապրեց։ Սակայն եթե այսօր նա այցելեր թանգարան կամ «զբոսներ» թվայնացված հին Պրահայով, ապա անկասկած կցնծար՝ տեսնելով, որ իր անխոնջ ջանքերը իզուր չեն անցել։
[նկար 10-րդ էջի վրա]
Անտոնին Լանգվիլ
[նկար 10-րդ էջի վրա]
Լանգվիլի՝ Պրահայի թղթե մոդելը
[նկար 10 և 11-րդ էջերի վրա]
Մոդելը մոտիկից
[նկար 10-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Page 10, Langweil: S laskavým svolením Národního muzea v Praze; pages 10 and 11, model photos: S laskavým svolením Muzea hlavního mesta Prahy