Ինչպես արաբերենը դարձավ գիտակ մարդկանց լեզուն
ԴԱՐԵՐ շարունակ արաբերենը գերիշխող լեզու է եղել գիտակ մարդկանց շրջանում։ 8-րդ դարի սկզբին Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքների արաբախոս մտավորականները ուսումնասիրում և թարգմանում էին գիտական և փիլիսոփայական տեքստեր, որոնք գրի էին առնվել դեռևս Պտղոմեոսի և Արիստոտելի ժամանակներում։ Այսպիսով արաբախոս մտավորականները պահպանեցին և հարստացրին հին մտածողների աշխատանքները։
Գաղափարների խառնարան
Մեր թվարկության յոթերորդ և ութերորդ դարերում Մերձավոր Արևելքում երկու նոր խալիֆայություններ ասպարեզ եկան՝ Օմայանները, հետո Աբբասյանները։ Քանի որ Արաբիայում, Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Պարսկաստանում և Իրաքում գտնվող նրանց հպատակների վրա մեծ ազդեցություն էին թողել թե՛ Հունաստանը, թե՛ Հնդկաստանը, այս նոր ղեկավարները գիտելիքների հարուստ շտեմարան ձեռք բերեցին։ Աբբասյանները կառուցեցին նոր մայրաքաղաք Բաղդադը, որը դարձավ գաղափարների խառնարան։ Այստեղ արաբները խառնվեցին հայերի, բերբերների, ղպտիների, հույների, հնդիկների, հրեաների, պարսիկների, թուրքերի, չինացիների և սողդերի հետ Օքսուս գետից էլ այն կողմ, որն այսօր հայտնի է որպես Ամուդարյա՝ Միջին Ասիայում։ Այսպես միախառնվեցին մշակութային ավանդույթներն ու գաղափարները։
Աբբասյանների խալիֆները քաջալերում էին տաղանդավոր մտածողներին, որտեղից էլ որ նրանք եկած լինեին, նպաստել ինտելեկտուալ մտքի զարգացմանը կայսրության մեջ։ Միշտ ջանքեր են թափվել ի մի բերելու և արաբերեն թարգմանելու տասնյակ հազարավոր գրքեր զանազան թեմաներով, օրինակ՝ ալքիմիայի, թվաբանության, երկրաչափության, բժշկության, երաժշտության, փիլիսոփայության և ֆիզիկայի։
Խալիֆ ալ Մանսուրը, որը իշխել է 754–775թթ.-ին, դեսպաններ է ուղարկել Բյուզանդիա՝ հունական մաթեմատիկական տեքստեր ձեռք բերելու նպատակով։ Խալիֆ ալ Մամունը (813–833թթ.) նույնպես ջանքեր թափեց՝ խթանելով հունա-արաբական թարգմանությունը, որն ավելի քան երկու դար տևեց։ Այդ պատճառով տասներորդ դարի վերջին այդ ժամանակ առկա գրեթե բոլոր հունական փիլիսոփայական և գիտական գրքերը արդեն թարգմանվել էին արաբերեն։ Բայց թարգմանիչները ավելին են արել։ Այս մտավորականները գրել են նաև իրենց աշխատությունները։
Արաբերեն աշխատություններ
Շատ արաբ թարգմանիչներ թարգմանել են ճշգրտորեն և զարմանալի արագությամբ։ Այդ պատճառով որոշ պատմաբաններ պնդում են, որ թարգմանիչները տեղյակ են եղել նյութին։ Ավելին, մի շարք թարգմանիչներ որպես հիմք իրենց ուսումնասիրությունների համար օգտագործել են թարգմանված տեքստեր։
Օրինակ՝ շնորհիվ բժիշկ և թարգմանիչ Խու իբն Իշեքի (808–873թթ.), որը ասորի քրիստոնյա էր, ավելի շատ հասկացողություն ձեռք բերվեց աչքի մասին։ Նրա աշխատությունը, որը պարունակում է աչքի վերաբերյալ ճշգրիտ անատոմիական սխեմաներ, ակնաբանության մեջ դարձավ ընդունված ուղեցույց թե՛ արաբական աշխարհում, թե՛ Եվրոպայում։ Իսկ փիլիսոփա և բժիշկ Աբու Ալի իբն-Սինան (980–1037թթ.), որը Եվրոպայում հայտնի է Ավիցեննա անունով, տասնյակ գրքեր է գրել տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած էթիկայից, լոգիկայից մինչև բժշկություն և մետաֆիզիկա։ Նրա հանրաճանաչ գիրքը՝ «Կանոն բժշկագիտության», պարունակում է այն ժամանակ առկա բժշկական տեղեկությունները, այդ թվում նաև հայտնի հույն մտածողներ Գալենի և Արիստոտելի գաղափարները։ «Կանոնը» մոտ 400 տարի համարվել է բժշկական ձեռնարկի ուղեցույց։
Գիտությունը զարգանում է փորձերի շնորհիվ։ Արաբ գիտնականները սկսեցին օգտագործել այս մեթոդը։ Դրա համար նրանք վերահաշվեցին երկրագնդի շրջագիծը և Պտղոմեոսի աշխատության մեջ ուղղեցին աշխարհագրական տեղեկությունները։ Պատմաբան Փոլ Լունդեն նշում է, որ «նրանք համարձակվել են անգամ Արիստոտելի գաղափարները կասկածի տակ դնել»։
Սովորելու առաջադիմությունը ակնհայտ է եղել շատ այլ ոլորտներում նույնպես, ինչպես օրինակ՝ ավազանների, ջրմուղների և ջրաղացների շինարարության մեջ, որոնցից մի քանիսը մինչև մեր օրերը պահպանվել են։ Իսկ գյուղատնտեսության, բուսաբանության և ագրոնոմիայի մասին գրքերի շնորհիվ հողագործները կարողացել են մշակել կուլտուրաներ, որոնք լավ կաճեին տվյալ տարածքում, ինչն էլ իր հերթին նպաստել է առատ բերքատվությանը։
805թ.-ին խալիֆ Հարուն ալ Ռաշիդը հիմնեց մի հիվանդանոց, որ հզոր կայսրության մեջ առաջին բժշկական հաստատությունն էր։ Կարճ ժամանակ անց յուրաքանչյուր մեծ քաղաքում կար այդպիսի մեկ հիվանդանոց։
Նոր կրթօջախներ
Արաբական աշխարհի մի շարք քաղաքներում եղել են գրադարաններ և հատուկ կրթական կենտրոններ։ Բաղդադում խալիֆ ալ Մամունը հիմնեց թարգմանչական և հետազոտական ինստիտուտ, որը կոչվեց «Բիթ ալ-հեքմե»՝ «Իմաստության տուն»։ Այնտեղ աշխատող մասնագետները վարձատրվել են։ Ասում են, որ Կահիրեի գլխավոր գրադարանում ավելի քան մեկ միլիոն գրքեր են եղել։ Իսկ Օմայանների խալիֆայության ժամանակ Իսպանիայի մայրաքաղաք Կորդովայում եղել են 70 գրադարաններ, որոնք գրավել են արաբական աշխարհի գիտնականների և ուսանողների ուշադրությունը։ Երկու դարից ավել Կորդովան եղել է գերիշխող կրթօջախ։
Պարսկաստանում հունական թվային համակարգը միախառնվեց հնդկական թվային համակարգին, որն արդեն կատարելագործվել էր՝ այդ համակարգում ներմուծելով «0» (զրո) նշանը և թվերի դիրքային նշանագրությունը։ Այդ թվային համակարգում առանձին թվանշանները ունեն տարբեր արժեքներ՝ կախված իրենց և «0» նշանի դիրքից։ Օրինակ՝ 1 թվանշանը կարող է նշանակել մեկ, տասը, հարյուր և այլն։ Այս համակարգը «ոչ միայն պարզեցրեց բոլոր տեսակի հաշվարկները, այլև նպաստեց հանրահաշվի զարգացմանը»,— գրում է Լունդեն։ Արաբ գիտնականները մեծ հաջողությունների հասան նաև երկրաչափության, եռանկյունաչափության և նավարկության բնագավառներում։
Արաբական աշխարհի գիտության և մաթեմատիկայի ոսկե դարաշրջանը այդ ժամանակ եզակի նվաճում էր։ Նման ջանքեր թափվել են նաև միջնադարյան Եվրոպայում, գլխավորապես մենաստաններում՝ պահպանելու համար հին գիտնականների աշխատությունները։ Սակայն արաբական աշխարհի հետ համեմատած՝ արդյունքները ցնցող չեն եղել։ Այդուհանդերձ, տասներորդ դարի սկզբներին իրավիճակը փոխվեց, երբ արաբական աշխատությունների թարգմանիչները ներթափանցեցին Արևմուտք։ Այսպիսով Եվրոպայում սկիզբ դրվեց Վերածննդի դարաշրջանին։
Փաստորեն, պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի ազգ կամ ժողովուրդ չի կարող թարգմանչության և ճշգրիտ գիտելիքների բնագավառում ներկայիս հաջողությունների փառքը իրեն վերագրել։ Այսօրվա զարգացած մշակույթները պարտական են վաղ դարերի մշակույթներին, որոնց փայլուն ներկայացուցիչները լուրջ հետազոտություններ են կատարել, կասկածի տակ են դրել արդեն իսկ ընդունված փաստերը և խթանել են մարդկանց ինտելեկտուալ միտքը։
[քարտեզ 26-րդ էջի վրա]
◼Օմայանների ազդեցությունը
◻Աբբասյանների ազդեցությունը
ԻՍՊԱՆԻԱ
Կորդովա
ԲՅՈՒԶԱՆԴԻԱ
Հռոմ
Կոստանդնուպոլիս
Օքսուս գետ
ՊԱՐՍԿԱՍՏԱՆ
Բաղդադ
Երուսաղեմ
Կահիրե
ԱՐԱԲԻԱ
[նկար 27-րդ էջի վրա]
Խու իբն Իշաքի աչքի սխեման
[նկար 27-րդ էջի վրա]
Ավիցեննայի՝ «Կանոն բժշկագիտության» գրքից մեկ էջ
[նկար 28-րդ էջի վրա]
Արաբ գիտնականները Բասրայի գրադարանում (1237թ.)
[թույլտվությամբ]
© Scala/White Images/Art Resource, NY
[նկար 27-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Eye diagram: © SSPL/Science Museum/Art Resource, NY; Canon of Medicine: © The Art Gallery Collection/Alamy