Դիտում ենք աշխարհը
2011թ. վերջին աշխարհի բնակչության թիվը անցավ 7 միլիարդը, մինչդեռ «1999թ.-ին այն հասնում էր 6 միլիարդի» (ՀԱՐՎԱՐԴԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ԱՄՆ)։
«[Միացյալ Թագավորությունում] ընդհանուր առմամբ մարդկանց 58,8 տոկոսը այն կարծիքին է, որ իրենց ընտանիքների անդամները մեծ օգուտներ կստանան, եթե առանց տեխնիկայի ժամանակ անցկացնեն՝ անջատելով կապի բոլոր միջոցները.... Երեք մարդուց մեկը այնքան ճնշված է իրեն զգում, որ ուզում է պարզապես փախչել կապի միջոցներից» (ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԱՄՆ)։
«Սկսած 1976թ.-ից՝ ամեն տարի նախագահական ընտրություններից առաջ Ամերիկայի կաթոլիկ եկեղեցու քահանաների հանձնաժողովը հրապարակում է պաշտոնական հաղորդագրություններ.... որպեսզի օգնի կաթոլիկներին հասկանալու, թե ինչպես պետք է նրանց հավատը ազդի քաղաքական ընտրությունների վրա (ՖՈՐԴՀԱՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԱՄՆ)։
«Եթե բավարար թվով հանցագործներ որոշեն անկարգություններ կազմակերպել փողոցներում, դա նրանց կհաջողվի.... Երիտասարդ բրիտանացիների միայն փոքրամասնությունն է անբարոյության հանդեպ անտարբեր, և դա արդեն բավական է երկիրը տակնուվրա անելու համար» («ԷԿՈՆՈՄԻՍՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)։
Կենդանի օրգանիզմների քանի՞ տեսակ գոյություն ունի
«Մենք ամբողջությամբ չգիտենք, թե կենդանի օրգանիզմների քանի տեսակներ գոյություն ունեն, ու պետք է նշել, որ երկրի վրա կյանքի վերաբերյալ մեր հիմնական գիտելիքներում մեծ բացատ կա»,— ասում են գիտնականները, որոնց հետազոտությունները տեղ են գտել «Գիտության հանրային գրադարան» ժուռնալում։ Թեև ըստ հաշվարկի՝ 8,7 միլիոն տեսակի կենդանի օրգանիզմներ կան (մոտ մեկ միլիոն ավել կամ պակաս վերցրած), ուրիշ մասնագետներ նշում են, որ այդ թիվը 3 միլիոնից 100 միլիոնի միջև է ընկած։ Մինչ օրս, սակայն, միայն մոտ 1,2 միլիոն տեսակ է գրանցվել, և կարծիք կա, որ եթե այսպես շարունակվի, ավելի քան 1000 տարի կպահանջվի մնացած տեսակները գրանցելու համար։ «Քանի որ կենդանի օրգանիզմների գրանցումը դանդաղ է արվում, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում որոշ տեսակներ վերանան, և մենք այդպես էլ չիմանանք, որ դրանք գոյություն են ունեցել»,— ասում են մասնագետները։
Արբանյակները օգնում են հնագիտությանը
Հնագետները նոր մեթոդ են կիրառում իրենց հետաքրքրող տեղանքները հայտնաբերելու համար։ Նրանք արբանյակից ինֆրակարմիր լույսի միջոցով բարձր լուծաչափի նկարներ են անում, հետո համակարգչի օգնությամբ այդ նկարներում ճանաչում են ավերակները։ Օրինակ՝ Եգիպտոսից 700 կիլոմետր բարձրության վրա արված նկարների միջոցով հայտնաբերվել են անհայտ 17 բուրգերի վայրեր, 1000 հին գերեզմաններ և մոտ 3000 անհայտ բնակավայրեր։ Քանի որ ինֆրակարմիր լույսը թափանցում է երկրի մակերեսից ներս, այս տեխնոլոգիայի միջոցով հայտնաբերվում են վաղուց մոռացված և հողի տակ անցած շինությունների տեղեր, որոնք անտեսանելի են երկրի մակերեսից։