ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ
Ճիշտ տնօրինեք փողը
Գնաճը բոլորի համար էլ խնդիրներ է առաջացնում։ Բայց հանգամանքների զոհ զգալու և ինքնախղճահարությամբ լցվելու փոխարեն կարող եք մտածել, թե ինչ կարելի է անել իրավիճակը բարելավելու համար։
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Եթե փողը ճիշտ տնօրինելու հարցում ոչ մի ջանք չգործադրեք, ձեր ֆինանսական վիճակը շատ արագ դուրս կգա վերահսկողությունից, ինչի հետևանքով կավելանան ձեր հոգսերն ու մտահոգությունները։ Անգամ եթե շատ քիչ միջոցներ ունեք, կան որոշակի քայլեր, որոնք կօգնեն խելամտորեն տնօրինել ձեր ունեցածը։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Ձեր հնարավորություններին համապատասխան ապրեք։ Այդպես վարվելով՝ ձեր ֆինանսական դրության վերահսկողությունը ձեր ձեռքում կպահեք և ավելի հանգիստ կզգաք։ Նաև ավելի պատրաստված կլինեք, երբ չնախատեսված ծախսեր առաջանան։
Հնարավորություններին համապատասխան ապրելու համար հարկավոր է բյուջե կազմել՝ եկամտի ու ծախսերի նախահաշիվ։ Բյուջե կազմելիս լավ ծանրութեթև արեք, թե ինչն է իսկապես անհրաժեշտ։ Ապա ամեն ինչ արեք, որ ծախսերի հարցում ճշգրտորեն հետևեք ձեր կազմած ծրագրին։ Գների և եկամտի փոփոխության դեպքում համապատասխան փոփոխություններ արեք ձեր կազմած բյուջեում։ Եթե ամուսնացած եք, ինչ խոսք, կարևոր է, որ ձեր կողակցին էլ ներգրավեք բոլոր այդ որոշումներում։
Փորձեք հետևյալը։ Վարկաքարտով գնումներ անելու փոխարեն հնարավորության դեպքում վճարեք եղած գումարով, գերադասելի է կանխիկ։ Ոմանք նկատել են, որ այդպես ավելի լավ են կարողանում տնօրինել իրենց բյուջեն և խուսափում են պարտքերից։ Նաև ժամանակ հատկացրեք և աչքի անցկացրեք ձեր բանկային քաղվածքը։ Երբ հստակ իմանաք՝ ինչքան գումար ունեք, ավելի ճիշտ կտնօրինեք այն և չեք ընկնի սթրեսի մեջ։
Հնարավորություններին համապատասխան ապրելը գուցե դժվար լինի, սակայն լավ մտածված բյուջեն կարող է մեծ օգնություն լինել այդ հարցում։ Այդպես իրավիճակը առավելագույնս ձեր վերահսկողության տակ կպահեք և ավելի քիչ կանհանգստանաք։
Պահպանեք ձեր ապրուստի միջոցը։ Ի՞նչը կօգնի պահպանել աշխատանքը։ Ահա մի քանի գործնական առաջարկ։ Եղեք ճշտապահ։ Դրական մտավիճակ ունեցեք գործի վերաբերյալ։ Նախաձեռնող և օգնելու պատրաստ եղեք ու ջանասիրաբար աշխատեք։ Եղեք հարգալից և հետևեք հաստատված կանոններին։ Նաև ձգտեք բարելավել ձեր հմտությունները։
Մի՛ վատնեք փողը։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ունե՞մ թանկ նստող կամ վնասակար սովորություններ, որոնց վրա շատ գումար եմ ծախսում»։ Օրինակ՝ շատերը քամուն են տալիս իրենց տքնաջան աշխատանքով վաստակած գումարը՝ օգտագործելով թմրանյութեր կամ ծխախոտ, տրվելով մոլեխաղերին կամ չարաշահելով ալկոհոլը։ Այս սովորությունների հետևանքով հաճախ նրանք կորցնում են նաև իրենց առողջությունն ու աշխատանքը։
Գումար խնայեք չնախատեսված իրավիճակների համար։ Երբ հնարավոր է, որոշ գումար մի կողմ դրեք անկանխատեսելի իրավիճակների և ծախսերի համար։ Դա կօգնի, որ խուճապի չմատնվեք, երբ դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը անսպասելի առողջական խնդիր ունենաք, կորցնեք աշխատանքը կամ այլ չնախատեսված իրավիճակում հայտնվեք։