Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 101–105
  • Աստվածաշնչի գիրք համար 17. Եսթեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 17. Եսթեր
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Մուրթքե ու Եսթեր
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
    2012 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Եսթեր» գրքից
    2006 Դիտարան
  • Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 101–105

Աստվածաշնչի գիրք համար 17. Եսթեր

Գրողը՝ Մուրթքե

Գրվելու վայրը՝ Շուշան, Էլամ

Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 475թ.

Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 493-ից մինչև մ.թ.ա. մոտ 475թ.

1. Ինչի՞ մասին է պատմվում «Եսթեր» գրքում։

ԵԹԵ կարճ նշենք, այս պատմությունը պարսից Ասուերոս թագավորի մասին է (ոմանց կարծիքով՝ Քսերքսես I), որը իր անհնազանդ կնոջ՝ Վաշթի թագուհու փոխարեն կնության է առնում հրեա Եսթերին՝ Մուրթքեի զարմուհուն։ Ագագյան Համանը դավադրություն է կազմակերպում Մուրթքեի և բոլոր հրեաների դեմ՝ նրանց կորստյան մատնելու նպատակով, սակայն ինքն է կախաղան հանվում իր իսկ պատրաստած ցցից։ Մուրթքեն դառնում է երկրորդ անձնավորությունը թագավորից հետո, իսկ հրեաները ողջ են մնում։

2. ա) Ոմանք ինչո՞ւ են կասկածում, որ «Եսթեր» գիրքը ներշնչված է Աստծու կողմից։ բ) Աստծու անունը ինչպե՞ս է հայտնվում այդ գրքում։

2 Ոմանք ասում են, թե «Եսթեր» գիրքն ընդամենը մի գեղեցիկ լեգենդ է, ներշնչված չէ Աստծու կողմից և օգտակար չէ։ Նրանք այս կարծիքը հիմնավորում են նրանով, որ գրքում չի հիշատակվում Աստծու անունը։ Եվ իրոք, Աստծու անունը չի հիշատակվում գրքում, սակայն եբրայերեն տեքստում կա չորս ակրոստիքոս, որի իրար հաջորդող չորս բառերի առաջին տառերը կազմում են Եհովայի անվան ՅՀՎՀ (եբրայերեն՝ יהוה) քառագիրը։ Այս սկզբնատառերը հատուկ ընդգծված են հին եբրայերեն առնվազն երեք ձեռագրերում, իսկ մասորայում առանձնացված են կարմիր գույնով։ Բացի այդ, Եսթեր 7։5-ը, ակներևաբար, ակրոստիքոս է, որը կազմում է Աստծու՝ «Ես կդառնամ» հայտարարությունը («Ծանոթագրություններով Աստվածաշնչի» մեջ տե՛ս Եսթեր 1։20; 5։4, 13; 7։7, ինչպես նաև 7։5 համարների տողատակի ծանոթագրությունները (անգլ.))։

3. Գրքում ի՞նչն է մատնացույց անում, որ հրեաները հավատացել են Աստծուն և աղոթքներ են արել, և ո՞ր իրադարձություններն են ցույց տալիս, որ Աստված է ղեկավարել դրանց զարգացումը։

3 «Եսթեր» գրքից պարզ երևում է, որ Մուրթքեն ընդունում էր Եհովայի օրենքը և հնազանդվում դրան։ Նա չէր խոնարհվում Համանի առաջ, մի մարդու, որը թերևս ամաղեկացի էր, քանի որ Աստված վաղուց ամաղեկացիներին դատապարտել էր ոչնչացման (Եսթ. 3։1, 5; 2 Օրենք 25։19; 1 Սամ. 15։3)։ Եսթեր 4։14-ում գրված Մուրթքեի խոսքերը ցույց են տալիս, որ նա Եհովայից էր ազատագրում ակնկալում և հավատում էր, որ նա կղեկավարի դեպքերի ընթացքը։ Աստծուն ապավինելու մասին է վկայում նաև այն, որ Եսթերը թագավորի մոտ գնալուց առաջ մյուս հրեաների հետ երեք օր ծոմ պահեց (Եսթ. 4։16)։ Այն, որ Եսթերը հաճելի եղավ կանանց պահապան Հեգեի աչքին, որ թագավորը չկարողացավ քնել գիշերը ու պատվիրեց իր մոտ բերել տարեգրության գիրքը և իմացավ, որ Մուրթքեին պատիվ չի տրվել նախկինում նրա կատարած բարի արարքի համար, նույնպես ցույց է տալիս, որ Աստված է ղեկավարել իրադարձությունների զարգացումը (Եսթ. 2։8, 9; 6։1–3; համեմատի՛ր Առակներ 21։1)։ Իսկ «ծոմապահությունը և օգնության համար իրենց աղաղակը» խոսքերը, անկասկած, վկայում են հրեաների աղոթքների մասին (Եսթ. 9։31)։

4. Ինչպե՞ս է հաստատվում «Եսթեր» գրքի վավերական ու պատմական լինելը։

4 Բազմաթիվ փաստեր են հաստատում, որ «Եսթեր» գիրքը վավերական է ու պատմական։ Այն ընդունվել է հրեաների կողմից, որոնք գիրքն անվանում էին պարզապես Մեգիլահ (փաթույթ)։ «Եսթեր» գիրքը Եբրայերեն Գրությունների կանոնի մեջ մտցրել է հավանաբար Եզրասը։ Անկասկած, նա դա չէր անի, եթե այդ պատմությունը հորինված լիներ։ Հրեաները մինչ օրս տոնում են Փուրիմը (նշանակում է «վիճակներ»)՝ ի հիշատակ Եսթերի օրերում իրենց մեծ ազատագրման։ Գիրքը նաև տեղեկություններ է պարունակում պարսկական նիստուկացի ու սովորույթների մասին, որոնք լիովին համապատասխանում են պատմական և հնագիտական գտածոներին։ «Եսթեր» գրքում, օրինակ, ճշգրտորեն նկարագրվում է, թե պարսիկներն ինչպես էին պատվում մարդուն (6։8)։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այս գրքում թագավորի պալատի նկարագրությունը ճշգրիտ է անգամ ամենաչնչին մանրամասնություններում (5։1, 2)a։

5. Ինչպե՞ս է «Եսթեր» գրքի ճշգրտությունը փաստում, որ այն վավերական է և համընկնում է իր գրվելու ժամանակաշրջանին։

5 Ճշգրտությունը նկատելի է ողջ գրքում. մանրակրկիտ կերպով թվարկվում են պալատականների և սպասավորների, այդ թվում նաև Համանի տասը որդիների անունները։ Բացի այդ, նշվում է, որ Մուրթքեն և Եսթերը Բենիամինի ցեղին պատկանող Կիսի սերնդից են առաջ եկել (2։5–7)։ Գրքում հիշատակված են նաև պարսից թագավորության պաշտոնական տարեգրությունները (2։23; 6։1; 10։2)։ «Եսթեր» գիրքը գրված է ուշ աստվածաշնչային եբրայերենով (հետբաբելոնյան ժամանակաշրջան), հարուստ է պարսկերեն և արամերեն բառերով ու արտահայտություններով, և դրանով նման է «1 Տարեգրություն», «2 Տարեգրություն», «Եզրաս» ու «Նեեմիա» գրքերին։ Գրքի լեզուն լիովին համընկնում է այն ժամանակաշրջանին, որում գրի է առնվել։

6. ա) Ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում «Եսթեր» գիրքը։ բ) Ըստ ամենայնի, ո՞վ է գրողը, ե՞րբ և որտե՞ղ է այն գրի առնվել։

6 Ենթադրվում է, որ «Եսթեր» գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Պարսկական կայսրությունն իր հզորության գագաթնակետին էր հասել, և որ այն ընդգրկում է Ասուերոս (Քսերքսես I) թագավորի իշխանության մոտ 18 տարիները։ Ընդգրկված ժամանակահատվածը, որը տևում է մինչև մ.թ.ա. մոտ 475թ., հաստատում են հունական, պարսկական և բաբելոնյան աղբյուրներըb։ Գիրքը հավանաբար գրել է Մուրթքեն, որը դեպքերի ականատեսն է եղել և գլխավոր կերպարներից մեկը։ Այն, որ գրողը տեղյակ է մանրամասներին, ցույց է տալիս, որ այդ ողջ ընթացքում նա եղել է Շուշանումc։ Կասկած անգամ չի կարող լինել, որ Մուրթքեն իրական անձնավորություն է, չնայած որ նրա անունը չի հիշատակվում Աստվածաշնչի մյուս գրքերում։ Այս առումով հետաքրքրական է մի հայտնաբերված չթվագրված սեպագիր տեքստ, որում, ինչպես նշում է գերմանացի պրոֆեսոր Ա. Ունգնադը, հիշատակվում է ոմն Մարդուկայի (հնարավոր է՝ Մուրթքե) մասին, որը Քսերքսես I-ի օրոք Սուսայի (Շուշան) արքունիքում մի պալատական իշխան էրd։ Հենց Շուշան քաղաքում է Մուրթքեն գրել «Եսթեր»-ը։ Նա ավարտին է հասցրել գիրքը անմիջապես այն բանից հետո, երբ տեղի են ունեցել նկարագրված իրադարձությունները, այսինքն՝ մ.թ.ա. մոտ 475թ.-ին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

7. Ի՞նչ է տեղի ունենում Ասուերոսի կազմակերպած խնջույքի ժամանակ, և արդյունքում ի՞նչ քայլեր է ձեռնարկում նա։

7 Վաշթի թագուհին զրկվում է իր դիրքից (1։1–22)։ Ասուերոս թագավորի երրորդ տարին է։ Նա մեծ խնջույք է անում իր կայսրության մեջ եղող բոլոր պաշտոնյաների համար և 180 օր ցույց է տալիս իր փառավոր թագավորության հարստությունը։ Հետո յոթ օր խնջույք է անում Շուշանում գտնվող ողջ ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ Վաշթի թագուհին խնջույք է կազմակերպում կանանց համար։ Թագավորը պարծենում է իր հարստությամբ ու փառքով։ Երբ նրա սիրտը գինուց ուրախանում է, հրամայում է բերել Վաշթիին, որպեսզի ժողովուրդներին և իշխաններին ցույց տա նրա գեղեցկությունը։ Թագուհին հրաժարվում է նրա մոտ գալուց։ Պալատականների խորհրդով, որոնք ասում են, որ այդ վատ օրինակի պատճառով թագավորը կարող է կորցնել հեղինակությունը իր ողջ կայսրության մեջ, Ասուերոսը Վաշթիին զրկում է թագուհու կոչումից և գրավոր նամակներ է ուղարկում բոլոր գավառներին, որոնցում ասվում է, որ բոլոր կանայք պետք է «պատվեն իրենց ամուսիններին», և «յուրաքանչյուր ամուսին իր տան մեջ տեր» պետք է լինի (1։20, 22)։

8. ա) Ի՞նչ իրադարձությունների արդյունքում է Եսթերը թագուհի դառնում։ բ) Ի՞նչ դավադրություն է բացահայտում Մուրթքեն, և որտե՞ղ է արձանագրվում այդ մասին։

8 Եսթերը թագուհի է դառնում (2։1–23)։ Ավելի ուշ թագավորը ներկայացուցիչներ է նշանակում, որ փնտրեն ամենագեղեցիկ կույսերին կայսրության բոլոր 127 գավառներում և բերեն Շուշան, որտեղ նրանք պետք է կոսմետիկ պրոցեդուրաներ անցնեն ու հետո ներկայանան թագավորի առաջ։ Ընտրված երիտասարդ կանանց մեջ է հրեա Եսթերը։ Նա «բարեկազմ է ու գեղեցիկ»։ Եսթերը որբ է. նրան մեծացրել է հորեղբոր որդին՝ Մուրթքեն, որը Շուշանում արքունիքի ծառայող է (2։7)։ Եսթերի հրեական անունը Ադասսա է, որը նշանակում է «մրտենի»։ Նա հաճելի է Հեգեի՝ կանանց պահապանի աչքին, ու վերջինս հատուկ վերաբերմունք է դրսևորում նրա հանդեպ։ Ոչ ոք չգիտի, որ աղջիկը հրեա է, քանի որ Մուրթքեն պատվիրել էր նրան գաղտնի պահել դա։ Երիտասարդ կանայք հերթով մտնում են թագավորի մոտ։ Նա Վաշթիի փոխարեն Եսթերին է ընտրում թագուհի և նրա պատվին մեծ խնջույք է անում։ Կարճ ժամանակ անց Մուրթքեն լսում է, որ թագավորի դեմ դավադրություն է կազմակերպվել նրան սպանելու համար։ Եսթերը «Մուրթքեի անունից» այդ մասին պատմում է թագավորին (2։22)։ Դավադրությունը բացահայտվում է, դավադիրներին կախում են, իսկ այդ տեղեկությունը գրի է առնվում թագավորական տարեգրության գրքում։

9. Ինչպե՞ս է Մուրթքեն զայրացնում Համանին, և ի՞նչ թագավորական հրամանագիր է վերջինս ձեռք բերում հրեաների դեմ։

9 Համանի նենգ ծրագիրը (3։1–5։14)։ Անցնում է մոտ չորս տարի։ Համանը, որն, ակներևաբար, Ագագի՝ ամաղեկացիների թագավորի (որին սպանել էր Սամուելը) հետնորդներից է, դառնում է թագավորության մեջ երկրորդը (1 Սամ. 15։33)։ Թագավորը պատվի է արժանացնում ու բարձրացնում է Համանին՝ հրաման տալով արքունական դարպասի մոտ եղող իր բոլոր ծառաներին ծնկի գալ նրա առաջ։ Այդ հրամանը վերաբերում է նաև Մուրթքեին։ Սակայն վերջինս հրաժարվում է այդպես վարվելուց և հայտնում է թագավորի ծառաներին, որ ինքը հրեա է (համեմատի՛ր Ելք 17։14, 16)։ Համանը կատաղությամբ է լցվում նրա հանդեպ և իմանալով, որ նա հրեա է՝ ուզում է առիթն օգտագործել, որ մեկընդմիշտ ձերբազատվի թե՛ Մուրթքեից, թե՛ բոլոր հրեաներից։ Վիճակ (փուր) են գցում որոշելու համար հրեաներին ոչնչացնելու պատեհ օրը։ Օգտվելով թագավորի՝ իր հանդեպ ունեցած հաճությունից՝ Համանը հրեաներին մեղադրում է նրանում, որ խախտում են օրենքները, և խնդրում է, որ հրամանագիր արձակվի նրանց կործանելու համար։ Հրեաներին վերացնելու համար Համանը պատրաստ է 10000 տաղանդ արծաթ նվիրաբերել (համարժեք է մոտ 116000000 ամերիկյան դոլարի)։ Թագավորը համաձայնվում է, և թագավորի կնքամատանիով կնքված հրամանագիր է ուղարկվում ողջ կայսրության մեջ։ Հրեաների ցեղասպանությունը պետք է տեղի ունենա ադարի 13-ին։

10. Մուրթքեն ու Եսթերը ինչպե՞ս են հավատ դրսևորում Եհովայի զորության հանդեպ։

10 Երբ Մուրթքեն լսում է այդ օրենքի մասին, նա և բոլոր հրեաները, քուրձ հագած ու իրենց վրա մոխիր ցանած, սկսում են սուգ անել։ Նրանք «ծոմ են պահում, լաց են լինում և ողբում» (Եսթ. 4։3)։ Մուրթքեն Եսթերին տեղեկացնում է հրեաների վատ իրավիճակի մասին, բայց սկզբում թագուհին վարանում է միջամտել։ Պատճառն այն է, որ մահապատիժ է հասնում նրանց, ովքեր առանց հրավերի ներկայանում են թագավորի առաջ։ Սակայն Մուրթքեն ցույց է տալիս իր հավատը Եհովայի զորության հանդեպ՝ Եսթերին ասելով, որ եթե լուռ մնա ու չօգնի իրենց, ամեն դեպքում կմեռնի, իսկ «հրեաների օգնությունն ու ազատագրումը ուրիշ տեղից կգա»։ «Եվ ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար» է Եսթերը թագուհի դարձել (4։14)։ Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Եսթերը համաձայնում է վտանգել իր կյանքը։ Նա և Շուշանում եղող բոլոր հրեաները երեք օր ծոմ են պահում։

11. Եսթերն ինչպե՞ս է օգտվում իր հանդեպ դրսևորած թագավորի հաճությունից, և Համանը ի՞նչ է ծրագրում Մուրթքեի դեմ։

11 Դրանից հետո Եսթերը հագնվում է թագուհուն վայել կերպով ու կանգնում է թագավորի առաջ։ Թագուհին հաճություն է գտնում նրա աչքում, և նա մեկնում է իր ոսկե գավազանը՝ խնայելով նրա կյանքը։ Եսթերը թագավորին ու Համանին խնջույքի է հրավիրում։ Խնջույքի ժամանակ թագավորը հարցնում է թագուհուն, թե որն է նրա խնդրանքը, և հավաստիացնում է, որ այն կտրվի նրան, «նույնիսկ եթե թագավորության կեսը խնդրի»։ Ի պատասխան՝ Եսթերը երկուսին հաջորդ օրը դարձյալ խնջույքի է հրավիրում (5։6)։ Համանը ուրախ դուրս է գալիս։ Բայց երբ արքունական դարպասի մոտ տեսնում է Մուրթքեին, որը ո՛չ վեր է կենում, ո՛չ էլ դողում է նրանից, կատաղությամբ է լցվում։ Համանի կինն ու ընկերները խորհուրդ են տալիս նրան 50 կանգուն (22,3 մետր) բարձրությամբ մի ցից պատրաստել ու թագավորից թույլտվություն ստանալ Մուրթքեին դրանից կախելու։ Համանն անմիջապես հրաման է տալիս պատրաստել ցիցը։

12. Ինչի՞ց մղված է Ասուերոսը պատվում Մուրթքեին, և ինչպե՞ս է Համանը նվաստանում։

12 Համանի ծրագիրը ձախողվում է (6։1–7։10)։ Այդ գիշեր թագավորի քունը փախչում է։ Նա ասում է, որ իր մոտ բերեն տարեգրության գիրքը։ Եվ երբ նրա առաջ կարդում են այն, նա հայտնաբերում է, որ Մուրթքեն չի վարձատրվել իր կյանքը փրկելու համար։ Ավելի ուշ թագավորը հարցնում է, թե ով կա գավիթում։ Այնտեղ Համանն է, որը եկել է, որպեսզի Մուրթքեին սպանելու համար թագավորից թույլտվություն վերցնի։ Թագավորը Համանին հարցնում է, թե ինչպես պետք է պատվել այն մարդուն, ով հաճեցրել է թագավորին։ Մտածելով, որ թագավորը իրեն նկատի ունի՝ Համանը թվարկում է պատիվ տալու բազմաթիվ միջոցներ։ Բայց թագավորը պատվիրում է նրան. «Այդպե՛ս արա.... հրեա Մուրթքեին» (6։10)։ Համանն ուրիշ ընտրություն չունի։ Նա Մուրթքեին արքայական հագուստ է հագցնում, նստեցնում է թագավորական ձիու վրա ու տանում քաղաքի հրապարակով՝ բարձրաձայն գովաբանելով ու պատվելով նրան։ Համանը, տրտմած և նվաստացած, շտապում է տուն։ Նրա կինն ու ընկերները ոչնչով չեն կարողանում մխիթարել նրան։ Համանի կործանումն անխուսափելի է։

13. Խնջույքի ժամանակ ի՞նչ է հայտնում Եսթերը, և ի՞նչ է լինում Համանի հետ։

13 Համանը թագավորի հետ գալիս է Եսթերի մոտ՝ խնջույքի։ Թագուհին հայտնում է, որ ինքն ու իր ժողովուրդը վաճառվել են, որպեսզի ոչնչացվեն։ Ո՞վ է հանդգնել այդպիսի չարիք անել։ Եսթերը պատասխանում է. «Այդ մարդը, այդ հակառակորդն ու թշնամին այս չար Համանն է» (7։6)։ Թագավորը սաստիկ զայրացած վեր է կենում և գնում պարտեզ։ Թագուհու հետ մենակ մնալով՝ Համանը աղաչում է, որ փրկի իր կյանքը։ Թագավորը վերադառնում է և տեսնելով, որ Համանն ընկել է թագուհու մահճին՝ ավելի մեծ ցասումով է լցվում։ Նա անմիջապես հրամայում է, որ Համանին կախեն այն ցցից, որը նա պատրաստել է Մուրթքեի համար (Սաղ. 7։16)։

14. Թագավորն ինչպե՞ս է վարձատրում Եսթերին ու Մուրթքեին և ի՞նչ հրամանագրով է հաճություն ցուցաբերում հրեաների հանդեպ։

14 Մուրթքեն բարձրացվում է, հրեաները փրկվում են (8։1–10։3)։ Թագավորը Եսթերին է տալիս Համանի ողջ ունեցվածքը։ Եսթերը Ասուերոսին պատմում է, որ Մուրթքեն իր հորեղբոր որդին է, և թագավորը նշանակում է նրան Համանի տեղը՝ տալով իր կնքամատանին։ Եսթերը կրկին վտանգում է իր կյանքը ու գնում թագավորի մոտ, որ խնդրի նրան չեղյալ համարել հրեաներին սպանելու վերաբերյալ արձակած հրամանագիրը։ Սակայն «Պարսկաստանի ու Մարաստանի օրենքները» չեն կարող անվավեր դառնալ (1։19)։ Ուստի թագավորը Եսթերին ու Մուրթքեին թույլ է տալիս նոր օրենք գրել և այն կնքել թագավորի կնքամատանիով։ Հրամանագիրը նախորդի պես ուղարկվում է ողջ կայսրության մեջ։ Այն իրավունք է տալիս հրեաներին, որ երբ ուժի մեջ մտնի Համանի օրենքը, նույն օրը «հավաքվեն, պաշտպանեն իրենց հոգիները և բոլոր ազգերի մեջ ու բոլոր գավառներում ոչնչացնեն, սպանեն և կործանեն իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր զինված մարդկանց, այդ թվում երեխաներին ու կանանց, իսկ նրանց ունեցվածքը կողոպտեն» (8։11)։

15. ա) Հրեաները ինչպե՞ս են վրեժխնդիր լինում իրենց թշնամիներից, և ի՞նչ տոն է հաստատում Մուրթքեն։ բ) Ի՞նչ դիրքի է արժանանում Մուրթքեն և ինչպե՞ս է օգտագործում իր իշխանությունը։

15 Երբ գալիս է նշանակված օրը՝ ադարի 13-ը, ոչ մի մարդ չի կարողանում դիմադրել հրեաներին։ Եսթերի խնդրանքով թագավորը թույլ է տալիս, որ Շուշանում գտնվող հրեաները սպանեն իրենց թշնամիներին նաև հաջորդ օրը՝ ադարի 14-ին։ Ամբողջ կայսրության մեջ հրեաները սպանում են 75000 մարդու։ Եվս 810 հոգու սպանում են Շուշան ամրոցում։ Նրանց մեջ են Համանի տասը որդիները, որոնց սպանում են առաջին օրը, իսկ երկրորդ օրը ցցից կախում։ Հրեաները ավար չեն վերցնում։ Ադարի 15-ին նրանք հանգիստ են գտնում ու խնջույքի և ուրախության օր են անում։ Մուրթքեն գրավոր փաստաթղթեր է ուղարկում հրեաներին, որպեսզի ամեն տարի ադարի 14-ին ու 15-ին նշեն «փուրը, կամ՝ վիճակը», և նրանք նշում են այդ տոնը մինչ օրս (9։24)։ Մուրթքեն մեծ դիրք է ձեռք բերում թագավորության մեջ և լինելով երկրորդը Ասուերոս թագավորից հետո՝ «գործում է ի նպաստ իր ժողովրդի և խաղաղություն է հայտարարում նրանց ողջ սերնդի համար» (10։3)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

16. Ի՞նչ սկզբունքներ ու օրինակներ են քրիստոնյաները գտնում «Եսթեր» գրքում։

16 Թեպետ Աստվածաշնչի գրողներից և ոչ մեկը մեջբերում չի արել «Եսթեր» գրքից, այն լիովին ներդաշնակ է ներշնչված Սուրբ Գրքի մնացած մասին։ Գրքում արտացոլված են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք հետագայում հիշատակվել են Քրիստոնեական Հունարեն Գրություններում ու վերաբերում են Եհովայի բոլոր ժամանակներում ապրած ծառաներին։ Եսթեր 4։5-ի և Փիլիպպեցիներ 2։4-ի, Եսթեր 9։22-ի և Գաղատացիներ 2։10-ի ուսումնասիրությունը ոչ միայն ցույց է տալիս, որ այդ խոսքերը ճշմարիտ են, այլև ամրացնում է քրիստոնյայի հավատը։ Հրեաների դեմ բարձրացված սուտ մեղադրանքը՝ թե նրանք չեն հնազանդվում թագավորի օրենքներին, նման է առաջին դարում քրիստոնյաների դեմ հարուցված մեղադրանքներին (Եսթ. 3։8, 9; Գործ. 16։21; 25։7)։ Հետևելով Մուրթքեի, Եսթերի և մյուս հրեաների թողած հիանալի օրինակին՝ Եհովայի ճշմարիտ ծառաները նման մեղադրանքներից չեն վախենում և աղոթքով ապավինում են Եհովայի փրկարար զորությանը (Եսթ. 4։16; 5։1, 2; 7։3–6; 8։3–6; 9։1, 2)։

17. Մուրթքեն ու Եսթերը ի՞նչ օրինակ թողեցին Աստծուն ու «վերին իշխանություններին» հնազանդվելու հարցում։

17 Մենք՝ քրիստոնյաներս, չպետք է մտածենք, թե Մուրթքեի ու Եսթերի հետ տեղի ունեցածը ոչ մի առնչություն չունի մեզ հետ։ Այս աշխարհում մենք նույնպես օտարերկրացիներ ենք և գտնվում ենք «վերին իշխանությունների» ղեկավարության տակ։ Անկախ այն բանից, թե որ երկրում ենք ապրում, ուզում ենք լինել օրինապահ քաղաքացիներ, բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, թե ինչ են նշանակում «կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» խոսքերը (Հռոմ. 13։1; Ղուկ. 20։25)։ Մուրթքե կառավարիչը ու Եսթեր թագուհին նվիրվածության և հնազանդության հիանալի օրինակ են թողել մեզ պետության հանդեպ մեր պարտականությունները կատարելու հարցում (Եսթ. 2։21–23; 6։2, 3, 10; 8։1, 2; 10։2)։ Մուրթքեն չվախեցավ թագավորի հրամանը խախտելուց և չխոնարհվեց Ագագյան Համանի առաջ։ Ավելին, երբ Համանը ծրագրեց վերացնել հրեաներին, նա օրինական ճանապարհով կերպեր գտավ այդ ծրագիրը խափանելու համար (3։1–4; 5։9; 4։6–8)։

18. ա) Ի՞նչն է փաստում, որ «Եսթեր» գիրքը «ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ բ) Ինչպե՞ս է այն խրախուսում թիկունք կանգնել Աստծու Թագավորության շահերին։

18 Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ «Եսթեր» գիրքը Աստվածաշնչի մի մասն է, «ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ Թեև գրքում չի նշվում Աստծու մասին ու չի հիշատակվում նրա անունը, սակայն նրանում հավատի փայլուն օրինակներ ենք գտնում։ Մուրթքեն ու Եսթերը ինչ-որ անհայտ գրողի երևակայության արդյունք չեն, այլ իրական մարդիկ, ովքեր ծառայել են Եհովա Աստծուն և լիովին ապավինել են նրա փրկարար զորությանը։ Օտար երկրում «վերին իշխանությունների» ղեկավարության ներքո ապրելով՝ նրանք բոլոր օրինական միջոցներն օգտագործեցին, որ պաշտպանեն Աստծու ժողովրդի և ճշմարիտ երկրպագության շահերը։ Այսօր մենք կարող ենք հետևել նրանց օրինակին՝ Աստծու խոստացված Թագավորության մասին «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» հարցում (Փիլիպ. 1։7)։

[ծանոթագրություններ]

a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 764; հատ. 2, էջ 327– 331 (անգլ.)։

b «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 613–616 (անգլ.)։

c «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան», 1981թ.-ին վերատպված, հատ. III, էջ 310 (անգլ.)։

d «Keilinschriftliche Beiträge zum Buch Esra und Ester», «Zeitschrift für die alttestamentliche Wissenschaft», Ա. Ունգնադ, LVIII (1940–1941), էջ 240–244։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը