Աստվածաշնչի գիրք համար 22. Երգերի Երգը
Գրողը՝ Սողոմոն
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 1020թ.
1. Ի՞նչ է մատնացույց անում «Երգերի Երգը» արտահայտությունը։
«ԱՇԽԱՐՀՆ արժանի չէր այն օրվան, երբ այս վեհապանծ Երգը նվիրվեց Իսրայելին»։ Այսպես է Սողոմոնի «Երգերի Երգը» գրքի վերաբերյալ իր գնահատանքն արտահայտել մ.թ. առաջին դարում ապրած հրեա ռաբբի Աքիբանa։ Գիրքը կոչվում է բացման խոսքերով, որոնք հնչում են այսպես. «Սողոմոնի երգերի երգը»։ Այս վերնագիրը եբրայերեն տեքստի բառացի թարգմանությունն է։ Եբրայերեն լեզվի նման կառույցը մատնացույց է անում գերադրական աստիճանը, օրինակ՝ «երկինքների երկինքը» արտահայտությունը նշանակում է ամենաբարձր երկինք (2 Օրենք 10։14)։ Սա երգերի ժողովածու չէ, այլ մեկ երգ՝ «կատարելության գագաթնակետ, երբևիցե թղթին հանձնված կամ գոյություն ունեցած լավագույն ստեղծագործություններից մեկը»b։
2. ա) Ո՞վ է «Երգերի Երգը» գիրքը գրողը, ինչո՞ւ նա կարող էր գրել այն, և ինչո՞ւ գիրքը կարող էր կոչվել «Երգ Սողոմոնի անպատասխան սիրո մասին»։ բ) Որտե՞ղ ու ե՞րբ է գրվել գիրքը։
2 Երգը գրողը, ինչպես հաստատում են առաջին խոսքերը, Սողոմոն թագավորն է, որն ապրել է Երուսաղեմում։ Լինելով շնորհալի անձնավորություն՝ նա իրոք կարող էր ստեղծել եբրայական պոեզիայի այս հիասքանչ օրինակը (1 Թագ. 4։32)։ Այս հովվերգական ստեղծագործությունը խորիմաստ է և վառ կերպով է նկարագրում մարդու գեղեցկությունը։ Այն հատկապես կգնահատի նա, ով կարող է մտովի տեղափոխվել Արևելք (Երգ 4։11, 13; 5։11; 7։4)։ Սյուժեի հիմքում ընկած է մի յուրահատուկ պատմություն։ Մեծ Սողոմոն թագավորը, որը հայտնի էր իմաստությամբ, հզորությամբ ու շլացուցիչ հարստությամբ, որով տպավորեց անգամ Սաբայի թագուհուն, սիրահարվեց մի հասարակ գեղջկուհու, սակայն չկարողացավ նրա մեջ սեր արթնացնել։ Տեսնելով նրա անանց սերը երիտասարդ հովվի հանդեպ՝ թագավորը ստիպված էր նահանջել։ Ուստի գիրքն իրավամբ կարող էր կոչվել «Երգ Սողոմոնի անպատասխան սիրո մասին»։ Եհովա Աստված ներշնչել է Սողոմոնին գրելու այս գիրքը, որպեսզի դարերի ընթացքում Աստվածաշունչ ընթերցողները օգուտներ քաղեն։ Երգը գրվել է Երուսաղեմում մ.թ.ա. մոտ 1020-ին՝ տաճարի կառուցման ավարտից մի քանի տարի անց։ Գրելու ժամանակ Սողոմոնը արդեն «վաթսուն թագուհիներ, ութսուն հարճեր» ուներ, իսկ իշխանության վերջին տարիներին նա «յոթ հարյուր իշխանազուն կանայք ուներ ու երեք հարյուր հարճ» (Երգ 6։8; 1 Թագ. 11։3)։
3. Ինչո՞վ է փաստվում «Երգերի Երգը» գրքի կանոնականությունը։
3 Հնում «Երգերի Երգը» գրքի կանոնականությունը երբեք կասկածի չի ենթարկվել։ Մեր թվարկությունից դեռ շատ առաջ այն համարվել է Աստծու կողմից ներշնչված Եբրայերեն Գրությունների կանոնի անբաժանելի մասը։ Գիրքը ընդգրկվել է նաև հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ։ Հովսեպոսն այն ընդգրկել է սուրբ գրքերի իր կազմած ցուցակի մեջ։ Հետևաբար, «Երգերի Երգը» գրքի կանոնականությունը հաստատվում է այն նույն ապացույցներով, որոնցով հաստատվում է Եբրայերեն Գրությունների մյուս գրքերի կանոնականությունը։
4. ա) Արդյոք «Աստված» բառի բացակայությունը վկայո՞ւմ է այն մասին, որ «Երգերի Երգը» գիրքը կանոնական չէ։ բ) Ինչի՞ շնորհիվ այն իր ուրույն տեղն ունի աստվածաշնչյան կանոնում։
4 Ոմանք, սակայն, կասկածի են ենթարկել գրքի կանոնականությունը՝ պատճառաբանելով, որ դրանում ոչինչ չի ասվում Աստծու մասին։ Սակայն ինչպես Աստծու անվան հիշատակումը գիրքը չի դարձնում կանոնական, այնպես էլ Աստծու անվան բացակայությունը գիրքը ոչ կանոնական չի դարձնում։ Աստծու անունն իր կրճատ ձևով իրականում հանդիպում է 8-րդ գլխի 6-րդ համարում, որում սերը համեմատվում է «Յահի բոցի» հետ։ Գիրքը, անխոս, ընդգրկված է այն գրքերի մեջ, որոնց վերաբերյալ Հիսուս Քրիստոսն իր հավանությունն արտահայտեց՝ ասելով. «Դուք քննում եք Սուրբ Գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք, և հենց այդ գրքերն են, որ վկայում են իմ մասին» (Հովհ. 5։39)։ Ավելին, Քրիստոսի ու նրա «հարսի» խոր ու փոխադարձ սիրո վառ նկարագրության շնորհիվ «Երգերի Երգը» գիրքը Աստվածաշնչի կանոնում իր ուրույն տեղն ունի (Հայտն. 19։7, 8; 21։9)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. ա) Ինչպե՞ս կարելի է ճանաչել գրքի կերպարներին։ բ) Ի՞նչ հուզիչ պատմության մասին է գիրքը։
5 Գրքում բովանդակությունը ներկայացված է մի քանի երկխոսություններով։ Կերպարներն անընդհատ փոխվում են։ Նրանք են՝ Սողոմոնը՝ Երուսաղեմի թագավորը, հովիվը, նրա սիրելի սունամացին, աղջկա եղբայրները, արքունիքի տիկինները («Երուսաղեմի դուստրերը») ու Երուսաղեմի կանայք («Սիոնի դուստրերը») (Երգ 1։5–7; 3։5, 11)։ Նրանց ինքնությունը կարելի է ճանաչել իրենց ասածներից կամ նրանց ուղղված խոսքերից։ Իրադարձությունները զարգանում են Սունամի մոտակայքում, որտեղ Սողոմոնը ճամբար է դրել իր շքախմբով։ Գիրքը նկարագրում է մի հուզիչ պատմություն Սունամի գյուղից մի գեղջկուհու և նրա ընկերոջ՝ հովվի սիրո մասին։
6. Ի՞նչ զրույց է տեղի ունենում աղջկա և արքունիքի տիկինների միջև։
6 Սունամացի աղջիկը Սողոմոնի ճամբարում (1։1– 14)։ Աղջիկը հայտնվում է արքայական վրաններում, որտեղ նրան բերել է թագավորը, բայց նա մտածում է միայն այն մասին, թե ինչպես տեսնի իր սիրեցյալին՝ հովվին։ Տենչալով իր սիրած տղային՝ նա այնպես է խոսում, ասես տղան իր կողքին է։ Արքունիքի տիկինները՝ «Երուսաղեմի դուստրերը», ովքեր ծառայում են թագավորին, հետաքրքրասիրությամբ նայում են սունամացի թուխ աղջկան։ Նա բացատրում է, որ արևից սևացել է, երբ հոգ էր տանում իր եղբայրների խաղողի այգիներին։ Այնուհետև խոսում է իր սիրեցյալի հետ, ասես ինքն ազատ է, և հարցնում է, թե որտեղ կարող է գտնել նրան։ Արքունիքի կանայք առաջարկում են նրան դուրս գնալ ու արածեցնել իր հոտը հովիվների վրանների մոտ։
7. Ի՞նչ առաջարկներ է անում Սողոմոնը, բայց ինչպե՞ս է արձագանքում աղջիկը։
7 Գալիս է Սողոմոնը։ Նա չի ցանկանում թողնել աղջկան, որ գնա։ Թագավորը գովաբանում է նրա գեղեցկությունը և խոստանում է «արծաթե զարդեր» ու «ոսկե պսակներ» պատրաստել նրա համար։ Սունամացի աղջիկը մերժում է նրա առաջարկները և ասում, որ սիրում է միայն իր սիրեցյալին (1։11)։
8. Ինչպե՞ս է աղջկա սիրեցյալը քաջալերում նրան։ Ի՞նչ է աղջիկը փափագում։
8 Հայտնվում է սիրահարված հովիվը (1։15–2։2)։ Սունամացու սիրեցյալը գալիս է Սողոմոնի ճամբար և քաջալերում է աղջկան։ Տղան վստահեցնում է նրան իր սիրո մեջ։ Սունամացի աղջիկը փափագում է իր սիրելիի կողքին լինել ու միասին ապրել դաշտերում և անտառներում։
9. Ի՞նչ գնահատական է տալիս աղջիկը իր գեղեցկությանը, և ի՞նչ կարծիք ունի այդ մասին հովիվը։
9 Սունամացին համեստ աղջիկ է։ «Պարզապես մի զաֆրան եմ ես ծովափնյա հարթավայրի»,— ասում է նա։ Սակայն սիրահարված հովիվը կարծում է, որ ոչ ոք չի համեմատվի նրա հետ, և ասում է. «Ինչպես որ շուշանն է փշոտ մոլախոտերում, այնպես էլ ընկերուհիս է դուստրերի մեջ» (2։1, 2)։
10. Աղջիկն ի՞նչ է հիշում իր սիրո մասին։
10 Աղջիկը կարոտում է իր հովվին (2։3–3։5)։ Կրկին հեռու լինելով իր սիրեցյալից՝ սունամացի աղջիկը ասում է, որ բոլորից թանկ է համարում նրան, և խնդրում է Երուսաղեմի դուստրերին, որ երդվեն, որ չեն փորձի սեր արթնացնել իր մեջ մեկ ուրիշի հանդեպ։ Աղջիկը հիշում է, թե ինչպես էր գարնանը իր հովիվը արձագանքում իր կանչին ու հրավիրում բլուրները։ Նա տեսնում է, որ տղան մագլցում է լեռները՝ ուրախությունից ցատկոտելով։ Աղջիկը լսում է, որ նա կանչում է իրեն. «Վեր կաց, ո՜վ ընկերուհիս, ո՜վ գեղեցկուհիս, արի գնանք»։ Սակայն նրա եղբայրները, որոնք վստահ չէին, որ իրենց քույրը բավականաչափ ինքնատիրապետում ունի, բարկանում են նրա վրա և ուղարկում խաղողի այգիները պահպանելու։ Նա ասում է. «Իմ սիրեցյալը իմն է, և ես՝ նրանը»։ Եվ աղերսում է նրան, որ շտապի իր մոտ (2։13, 16)։
11. Սունամացի աղջիկը ի՞նչ է նորից խնդրում երդվել Երուսաղեմի դուստրերին։
11 Սունամացի աղջիկը ասում է, որ Սողոմոնի ճամբարում փակի տակ է։ Գիշերը անկողնում նա կարոտում է իր հովվին։ Նա կրկին խնդրում է Երուսաղեմի դուստրերին երդվել, որ իր մեջ անցանկալի սեր չեն բորբոքի։
12. Ինչպե՞ս է հովիվը քաջալերում իր սիրելիին, երբ Սողոմոնը նրան տանում է Երուսաղեմ։
12 Սունամացին Երուսաղեմում (3։6–5։1)։ Սողոմոնը արքայական շքեղությամբ վերադառնում է Երուսաղեմ, և ժողովուրդը հիանում է նրա շքերթով։ Այս դժվար պահին հովիվը չի լքում իր սիրելիին։ Նա հետևում է քողով ծածկված իր ընկերուհուն և կարողանում է խոսել նրա հետ։ Նա զորացնում է իր սիրելիին ջերմ, քնքուշ խոսքերով։ Աղջիկը ասում է, որ ուզում է նորից ազատ լինել ու հեռանալ քաղաքից։ Հովիվը չի կարողանում զսպել սիրո պոռթկումը և ասում է. «Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ ընկերուհիս, և արատ չկա քեզանում» (4։7)։ Իր մեկ հայացքով աղջիկը ստիպում է, որ նրա սիրտը արագ բաբախի։ Նրա քնքշանքները գինուց ավելի լավն են, նրա բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման, իսկ մաշկը նռնենիների դրախտ է։ Աղջիկն իր սիրեցյալին հրավիրում է գնալ «նրա պարտեզը», և նա ընդունում է այդ հրավերը։ Երուսաղեմի կանայք, ովքեր բարեկամաբար են տրամադրված, քաջալերում են նրանց. «Կերեք, ո՛վ ընկերներ։ Խմեք ու հարբեք քնքշանքներից» (4։16; 5։1)։
13. Ի՞նչ երազ է տեսնում աղջիկը և ինչպե՞ս է արքունիքի կանանց նկարագրում իր սիրեցյալին։
13 Աղջկա երազը (5։2–6։3)։ Սունամացին արքունիքի տիկիններին երազ է պատմում. նա թակոցի ձայն է լսում։ Նրա սիրեցյալը կանգնած է դռան հետևում և աղերսում է, որ բաց անի դուռը։ Բայց աղջիկն արդեն անկողնում է։ Երբ նա ի վերջո վեր է կենում, որ բացի դուռը, տղան արդեն անհետացած է լինում գիշերում։ Աղջիկը նրա հետևից է գնում, բայց չի կարողանում գտնել։ Պահապանները վատ են վերաբերվում նրան։ Նա խնդրում է Երուսաղեմի դուստրերին, որ եթե տեսնեն իր սիրեցյալին, ասեն նրան, որ ինքը տանջվում է սիրուց։ Նրանք հարցնում են սունամացուն, թե ինչով է իր սիրեցյալը ուրիշներից առավել։ Աղջիկը սկսում է հիացմունքով նկարագրել տղային՝ ասելով, որ նա «շլացնող ու կարմրերես է, տասը հազարի մեջ ամենաերևելին» (5։10)։ Արքունիքի կանայք հարցնում են աղջկան, թե որտեղ կարող է լինել տղան։ Նա ասում է, որ գնացել է պարտեզներում հովվություն անելու։
14. Ինչո՞ւ հակառակ իր բոլոր ջանքերին՝ Սողոմոնը հաջողության չի հասնում։
14 Սողոմոնի վերջին փորձերը գրավել սունամացուն (6։4–8։4)։ Սողոմոն թագավորը մոտենում է սունամացուն։ Կրկին նա ասում է աղջկան, թե որքան գեղեցիկ է նա, ավելի հաճելի է, քան «վաթսուն թագուհիները, ութսուն հարճերը», բայց աղջիկը մերժում է նրան (6։8)։ Նա ճամբարի մոտ է գտնվում միայն այն պատճառով, որ պետք է իր աշխատանքն անի։ «Ի՞նչ եք դուք տեսնում սունամացու մեջ»,— հարցնում է աղջիկը։ Սողոմոնը, օգտվելով այդ անմեղ հարցից, նորից գովերգում է նրա գեղեցկությունը՝ ոտքից մինչև գլուխ, բայց աղջիկը անտարբեր է նրա հաճոյախոսությունների հանդեպ։ Նա խիզախորեն ասում է, որ նվիրված է իր հովվին, և կանչում է նրան։ Երրորդ անգամ նա Երուսաղեմի դուստրերին խնդրում է երդվել, որ իր կամքին հակառակ՝ սեր չեն արթնացնի իր մեջ։ Սողոմոնը թույլ է տալիս, որ նա տուն գնա։ Սունամացի աղջկա սերը ստանալու նրա ջանքերը չեն հաջողվում։
15. ա) Աղջիկն ի՞նչ է խնդրում իր եղբայրներից, երբ վերադառնում է։ բ) Ինչպե՞ս է բացարձակ նվիրվածություն պահանջող սերը հաղթանակում։
15 Սունամացին տուն է վերադառնում (8։5–14)։ Եղբայրները տեսնում են, թե ինչպես է մոտենում իրենց քույրը, սակայն նա մենակ չէ։ Նա «իր սիրեցյալին է կռթնած»։ Աղջիկը հիշում է, թե ինչպես էր իր սիրեցյալին հանդիպել խնձորենու տակ, և ասում է, որ իր սերը նրա հանդեպ անմար է։ Այնուհետև նշվում են նրա եղբայրների խոսքերը, որ նրանք ասել էին, երբ իրենց քույրը դեռ «փոքր» էր, և նրանք անհանգստանում էին նրա համար (8։8)։ Բայց, ինչպես այժմ ասում է աղջիկը, նա իրեն դրսևորել է որպես հասուն և ողջամիտ կին։ Թող նրանք հիմա տան իրենց համաձայնությունը իր ամուսնության համար։ Նրան չի գայթակղում Սողոմոն թագավորի հարստությունը։ Նա գոհանում է իր ունեցած մեկ խաղողի այգով, քանի որ սիրում է նրան, ով այդքան սիրելի է իրեն։ Նրա սերը մահվան պես զորեղ է, և նրա սիրո կայծերը «Յահի բոցի» պես են։ Բացարձակ նվիրվածություն պահանջող, «գերեզմանի» պես չզիջող այդ սերը հաղթանակել է՝ անխախտ կապով միավորելով սունամացի աղջկան ու իր սիրելի հովվին (8։5, 6)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
16. Ի՞նչ օգտակար դասեր կարող ենք սովորել։
16 Ինչո՞վ է օգտակար այս երգը քրիստոնյայի համար։ Երգում հստակ ցույց է տրվում, թե ինչ է նշանակում նվիրվածություն ու անարատություն պահել ու ամեն ինչում հետևել Աստծու սկզբունքներին։ Երգը սովորեցնում է, որ սիրահարների իսկական գեղեցկությունը առաքինության ու անեղծության մեջ է։ Այն պատմում է, որ իսկական սերը անհաղթ է, անմար և անկաշառ։ Երիտասարդ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև ամուսնացած անհատները կարող են խորհրդածել անարատության այս պատմության շուրջ, երբ բախվեն գայթակղությունների։
17. ա) Պողոսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ «Երգերի Երգը» գրվել է քրիստոնեական ժողովին կրթելու համար։ բ) Ինչո՞ւ կարելի է ենթադրել, որ Պողոսը այս երգն է նկատի ունեցել կորնթացիներին ու եփեսացիներին գրելիս։ գ) Ի՞նչ հետաքրքիր համեմատություններ կարելի է անել Հովհաննեսի գրածի հետ։
17 Աստծու ներշնչմամբ գրված այս երգը անչափ օգտակար է նաև ողջ քրիստոնեական ժողովի համար։ «Երգերի Երգը» Աստծու Խոսքի մի մաս էին համարում առաջին դարի քրիստոնյաները, որոնցից մեկը գրել է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Պողոս առաքյալը հավանաբար նկատի է ունեցել հովվի հանդեպ սունամացի աղջկա նվիրված սերը, երբ քրիստոնեական ժողովին գրել է. «Ես աստվածային խանդով խանդում եմ ձեզ, քանի որ անձամբ նշանեցի ձեզ, որ մեկ ամուսնու՝ Քրիստոսի կինը լինեք, և ուզում եմ ձեզ՝ իբրև մի մաքուր կույսի, ներկայացնել նրան»։ Պողոսը ժողովի նկատմամբ Քրիստոսի սերը նաև համեմատել է իր կնոջ նկատմամբ ամուսնու սիրո հետ (2 Կորնթ. 11։2; Եփես. 5։23–27)։ Ժողովի համար Հիսուս Քրիստոսը ոչ միայն «բարի հովիվ» է, այլև Թագավոր, որը մեծ ուրախություն կպարգևի իր օծյալ հետևորդներին՝ նրանց հետ երկնքում խորհրդանշական «հարսանիք» անելով (Հայտն. 19։9; Հովհ. 10։11)։
18. Հիսուս Քրիստոսի օծյալ հետևորդները ինչպե՞ս են օգուտներ քաղում սունամացի աղջկա օրինակից։
18 Ինչ խոսք, Հիսուս Քրիստոսի օծյալ հետևորդները մեծ օգուտներ կարող են քաղել սունամացի աղջկա օրինակից։ Նրանք նույնպես պետք է նվիրված լինեն իրենց սիրո մեջ, չգայթակղվեն աշխարհի արտաքին փայլով և իրենց անարատությունը պահեն մինչև վարձատրություն ստանալը։ Նրանք իրենց հայացքը հառել են երկնային բաներին և նախևառաջ փնտրում են Աստծու Թագավորությունը։ Նրանց դուր է գալիս, թե որքան գորովալից է իրենց Հովվի՝ Հիսուս Քրիստոսի սերը։ Օծյալները ուրախությունից ցնծում են՝ իմանալով, որ իրենց սիրեցյալը, թեև անտեսանելի, իրենց կողքին է և կոչ է անում քաջ լինել ու հաղթել աշխարհին։ Իրենց Հովվի ու Թագավորի հանդեպ անմար սիրո շնորհիվ, որը զորեղ է «Յահի բոցի» պես, նրանք անպայման կհաղթեն և երկնային փառահեղ Թագավորության մեջ կմիանան նրան որպես ժառանգակիցներ։ Այսպես Յահի անունը կսրբացվի (Մատթ. 6։33; Հովհ. 16։33)։
[ծանոթագրություններ]
a Հրեական Միշնա (Յադայիմ 3։5)։
b «Clarke’s Commentary», հատ. III, էջ 841։