Գլուխ 9
Հիսուսի ընտանիքը
ՆԱԶԱՐԵԹԸ, որտեղ մեծանում է Հիսուսը, փոքր, աննշան քաղաք է։ Այն գտնվում է Գալիլեայի բլրաշատ տեղանքում՝ Հեզրայելի գեղատեսիլ հովտի մոտ։
Հավանաբար Հիսուսն արդեն մոտ երկու տարեկան է, երբ Հովսեփն ու Մարիամը Եգիպտոսից տեղափոխվում են այս քաղաքը, և դեռևս Մարիամի միակ զավակն է։ Բայց դա երկար չի տևում։ Ժամանակի ընթացքում ծնվում են Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան։ Մարիամն ու Հովսեփը նաև աղջիկներ են ունենում։ Վերջին հաշվով Հիսուսն ունենում է առնվազն վեց քույր ու եղբայր։
Հիսուսն ուրիշ ազգականներ էլ ունի։ Մենք արդեն ծանոթ ենք նրա մեծ զարմիկին՝ Հովհաննեսին, որն ապրում է շատ կիլոմետրեր հեռու՝ Հրեաստանում։ Իրենց մոտ՝ Գալիլեայում, ապրում է Սաղոմեն, որն, ակներևաբար, Մարիամի քույրն է։ Սաղոմեն ամուսնացած է Զեբեդեոսի հետ, հետևաբար նրանց երկու որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, Հիսուսի զարմիկներն են։ Հայտնի չէ, թե Հիսուսը և այս տղաները մանուկ հասակում որքան ժամանակ են անցկացնում իրար հետ, բայց հետագայում նրանք դառնում են մտերիմ ընկերներ։
Հովսեփը ստիպված է տքնաջան աշխատել, որպեսզի կարողանա հոգալ իր մեծացող ընտանիքի կարիքները։ Նա ատաղձագործ է։ Հովսեփը մեծացնում է Հիսուսին իր հարազատ որդու նման, ուստի Հիսուսին կոչում են «ատաղձագործի որդի»։ Հովսեփը նաև սովորեցնում է նրան իր արհեստը, և Հիսուսը շուտով հմտանում է այդ գործում։ Ահա թե ինչու հետագայում մարդիկ նրա մասին ասում են. «Սա այն ատաղձագործը չէ՞»։
Հովսեփի ընտանեկան կյանքում Եհովա Աստծու երկրպագությունը կարևոր դեր է խաղում։ Հետևելով Աստծու Օրենքին՝ «տան մեջ նստած ժամանակ և ճանապարհ գնացած ժամանակ, պառկելիս և վեր կենալիս» Հովսեփն ու Մարիամը իրենց երեխաներին հոգևոր կրթություն են տալիս։ Նազարեթում ժողովարան կա, և վստահաբար Հովսեփն իր ընտանիքի հետ կանոնավորաբար գնում է այնտեղ՝ Աստծուն երկրպագելու համար։ Սակայն կասկած չի կարող լինել, որ ամենամեծ ուրախությունը նրանք ստանում են այն ժամանակ, երբ ամեն տարի ճամփորդում են Երուսաղեմ, որտեղ գտնվում է Եհովայի տաճարը։ Մատթեոս 13։55, 56; 27։56; Մարկոս 15։40; 6։3; Բ Օրինաց 6։6–9։
▪ Առնվազն քանի՞ կրտսեր քույր ու եղբայր ունի Հիսուսը, և ի՞նչ են նրանցից մի քանիսի անունները։
▪ Ովքե՞ր են Հիսուսի՝ մեզ հայտնի երեք զարմիկները։
▪ Ի՞նչ արհեստ է սովորում Հիսուսը և ինչո՞ւ։
▪ Ի՞նչ կարևոր կրթություն է տալիս Հովսեփը իր ընտանիքին։