Գլուխ 20
Երկրորդ հրաշքը Կանայում
ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ լայնածավալ քարոզչական ծառայությունից հետո Հիսուսը վերադառնում է իր հայրենի երկիրը, բայց ոչ հանգստանալու նպատակով։ Հակառակը՝ Գալիլեայում, որտեղ անցել էր նրա մանկությունը, Հիսուսը նույնիսկ ավելի ընդգրկուն ծառայություն է ձեռնարկում։ Սակայն նրա աշակերտները իր հետ մնալու փոխարեն՝ վերադառնում են իրենց ընտանիքներն ու անցնում նախկին գործերին։
Ի՞նչ է քարոզում Հիսուսը։ «Մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին»։ Իսկ ինչպե՞ս են մարդիկ արձագանքում։ Գալիլեացիներն ընդունում են Հիսուսին։ Բոլորը պատվում են նրան. սակայն պատճառը ոչ թե նրա հաղորդած լուրն է, այլ այն, որ ամիսներ առաջ նրանցից շատերը Երուսաղեմում ներկա են եղել Պասեքի տոնին ու ականատես եղել նրա կատարած հրաշքներին։
Գալիլեայում Հիսուսը իր մեծ ծառայությունն ակներևաբար սկսում է Կանայից։ Եթե հիշում ես, նախորդ անգամ Հրեաստանից վերադառնալիս այս քաղաքում հարսանեկան խնջույքի ժամանակ նա ջուրը գինու վերածեց։ Իսկ այժմ, երբ Հիսուսը երկրորդ անգամ է գալիս Կանա, Հերովդես Անտիպաս թագավորի պալատականներից մեկի որդին ծանր հիվանդ է։ Երբ այս պալատականը լսում է, որ Հիսուսը Հրեաստանից եկել է Կանա, Կափառնայումից ճանապարհ է ընկնում, որ գտնի Հիսուսին։ Նա վշտագին աղաչում է.
— Խնդրո՛ւմ եմ, իջի՛ր, քանի դեռ իմ երեխան չի մահացել։
— Տո՛ւնդ գնա՛, քո որդին բուժվել է,— պատասխանում է Հիսուսը։
Հերովդեսի պալատականը հավատում է Հիսուսի խոսքերին և երկար ճանապարհ անցնելով՝ գնում է տուն։ Դեռ տեղ չհասած՝ նրա ծառաները շտապելով ընդառաջ են գալիս՝ հայտնելու ուրախալի լուրը, որ ամեն ինչ լավ է և նրա որդին ապաքինվել է։ Հայրը հարցնում է.
— Ե՞րբ է նա ապաքինվել։
— Երեկ՝ ժամը 13։00–ին,— պատասխանում են նրանք։
Պալատականը հասկանում է, որ դա հենց այն ժամն էր, երբ Հիսուսն ասաց՝ «քո որդին բուժվել է»։ Դրանից հետո այդ մարդն ու իր ամբողջ ընտանիքը դառնում են Քրիստոսի աշակերտները։
Այսպիսով՝ Կանան առանձնահատուկ պատվի է արժանանում. Հրեաստանից վերադառնալով՝ Հիսուսն այստեղ երկու անգամ հրաշք է գործում։ Դրանք, ինչ խոսք, մինչև այժմ նրա կատարած միակ հրաշքները չեն, սակայն ուշագրավ են նրանով, որ նշանավորում են Հիսուսի վերադարձը Գալիլեա։
Հիսուսն այժմ գնում է տուն՝ Նազարեթ։ Ի՞նչ է նրան սպասում այնտեղ։ Հովհաննես 4։43–54; Մարկոս 1։14, 15; Ղուկաս 4։14, 15
▪ Ի՞նչ են անում Հիսուսի աշակերտները՝ վերադառնալով Գալիլեա, և ժողովուրդն ինչպե՞ս է ընդունում Հիսուսին։
▪ Ի՞նչ հրաշք է անում Հիսուսը, և արդյունքում ի՞նչ է տեղի ունենում։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը Կանա քաղաքին պատվի արժանացնում։