Գլուխ 24
Ինչու Հիսուսը երկիր եկավ
ԻՐ ՉՈՐՍ աշակերտների հետ Կափառնայումում Հիսուսի անցկացրած օրը լի էր իրադարձություններով։ Այն ավարտվեց նրանով, որ երեկոյան քաղաքի բնակիչները բերեցին իրենց բոլոր հիվանդներին, որպեսզի Հիսուսը բուժեր նրանց։ Առանձնանալու համար ընդհանրապես ժամանակ չեղավ։
Հաջորդ օրը վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված, Հիսուսն արթնանում է և մենակ տնից դուրս գալիս։ Նա գնում է մի ամայի տեղ, որտեղ կարող է առանձին աղոթել իր Հորը։ Բայց նրա առանձնությունը երկար չի տևում, քանի որ երբ Պետրոսը և մյուսները տեսնում են, որ Հիսուսը չկա, դուրս են գալիս նրան փնտրելու։
Երբ գտնում են Հիսուսին, Պետրոսն ասում է. «Բոլորը քեզ են փնտրում»։ Կափառնայումի ժողովուրդը ցանկանում է, որ Հիսուսն իրենց մոտ մնա։ Նրանք իսկապես երախտապարտ են Հիսուսին նրա արած բոլոր գործերի համար։ Բայց արդյո՞ք Հիսուսի երկիր գալու գլխավոր նպատակը հրաշքով բուժումներ կատարելն է։ Ի՞նչ է ասում նա այդ մասին։
Աստվածաշնչի արձանագրություններից մեկի համաձայն՝ Հիսուսը պատասխանում է իր աշակերտներին. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»։ Թեպետ մարդիկ ստիպում են Հիսուսին, որ իրենց մոտ մնա, սակայն նա ասում է. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։
Այո, Հիսուսը երկիր է եկել գլխավորապես Աստծու Թագավորության մասին քարոզելու։ Այդ Թագավորությունը սրբացնելու է նրա Հոր անունը և վերջնականապես լուծելու է մարդկության բոլոր խնդիրները։ Բայց որպեսզի մարդկանց ապացուցի, որ Աստված է իրեն ուղարկել, Հիսուսը հրաշքով բուժումներ է անում։ Նույն կերպով դարեր առաջ հրաշքներ էր կատարում Մովսեսը, ինչը հաստատում էր, որ նա Աստծու ծառան է։
Այժմ, երբ Հիսուսը հեռանում է Կափառնայումից, որ ուրիշ քաղաքներում էլ քարոզի, նրան են միանում նաև չորս աշակերտները՝ Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասը և Հովհաննեսն ու նրա եղբայր Հակոբոսը։ Երևի հիշում ես, որ մի շաբաթ առաջ Հիսուսը նրանց հրավիրեց ծառայության մեջ իրեն գործակից լինել։
Գալիլեայում չորս աշակերտների հետ Հիսուսի քարոզչական ուղևորությունը հիանալի պտուղներ է բերում։ Իրականում, նրա գործունեության մասին լուրերը տարածվում են նույնիսկ ամբողջ Ասորիքով մեկ։ Գալիլեայից, Հրեաստանից և Հորդանան գետի մյուս կողմից մի մեծ բազմություն է հետևում Հիսուսին ու նրա աշակերտներին։ Մարկոս 1։35–39; Ղուկաս 4։42, 43; Մատթեոս 4։23–25; Ելից 4։1–9, 30, 31։
▪ Կափառնայումում իրադարձություններով լի օր անցկացնելուց հետո ի՞նչ է անում Հիսուսը հաջորդ օրը առավոտյան։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը ուղարկվել երկիր, և ի՞նչ նպատակի են ծառայում նրա հրաշքները։
▪ Ովքե՞ր են Հիսուսի հետ գնում Գալիլեա՝ մասնակցելու քարոզչական ծառայությանը, և ինչպե՞ս են մարդիկ արձագանքում Հիսուսի գործունեությանը։