Գլուխ 25
Կարեկցանք բորոտի հանդեպ
ԵՐԲ Հիսուսն ու իր չորս աշակերտները այցելում են Գալիլեայի քաղաքները, նրա գործած հրաշքների մասին լուրը տարածվում է ամբողջ շրջանով մեկ։ Նրա գործերի մասին լուրերը հասնում են մի քաղաք, որտեղ բորոտությամբ տառապող մի մարդ կա։ Բժիշկ Ղուկասը նկարագրում է, որ նա «բորոտությամբ լեցուն» էր։ Այս սարսափելի հիվանդությունը իր վերջին փուլերում աստիճանաբար այլանդակում է մարդու մարմնի տարբեր մասերը։ Ուստի կարելի է ասել, որ բորոտությամբ հիվանդ այս մարդը ողբալի վիճակում է։
Երբ Հիսուսը գալիս է այդ քաղաքը, բորոտը մոտենում է նրան։ Աստծու Օրենքի համաձայն՝ բորոտը որպես նախազգուշացում պետք է բղավեր՝ «անմաքուր, անմաքուր», որպեսզի ուրիշները նրան մոտ չգային ու չվարակվեին այդ հիվանդությամբ։ Սակայն այս մարդը, երեսնիվայր ընկնելով, աղաչում է Հիսուսին. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարո՛ղ ես մաքրել ինձ»։
Ինչպիսի՜ հավատ Հիսուսի հանդեպ։ Բայց ի՜նչ խղճալի վիճակի մեջ է նրան գցել այդ հիվանդությունը։ Ինչպե՞ս կվարվի Հիսուսը։ Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մեկնում է ձեռքը և դիպչում նրան՝ ասելով. «Ուզո՛ւմ եմ։ Մաքըրվի՛ր»։ Հենց այդ պահին բորոտությունն անհետանում է նրանից։
Կցանկանայի՞ր, որ քո թագավորը այսպիսի կարեկից անձնավորություն լիներ։ Այս բորոտ մարդու հանդեպ Հիսուսի վարմունքը վստահեցնում է մեզ, որ նրա Թագավորության ներքո իրականություն կդառնա Աստվածաշնչի հետևյալ մարգարեությունը. «Նա կխղճա տկարին և խեղճին և խեղճերի անձերը կապրեցնի»։ Այո՛, այն ժամանակ Հիսուսը կիրագործի իր սրտի փափագը՝ օգնել բոլոր տառապյալներին։
Նույնիսկ մինչև բորոտին բուժելը Հիսուսի ծառայությունը ժողովրդի մեջ մեծ հուզումներ էր առաջացրել։ Ի կատարում Եսայիայի մարգարեության՝ նա պատվիրում է այդ մարդուն. «Տե՛ս, որ ոչ մեկի ոչինչ չպատմես»։ Ապա ավելացնում է. «Գնա, ցույց տուր քեզ քահանային և մաքրվելուդ համար մատուցիր Մովսեսի պատվիրած բաները՝ նրանց վկայություն լինելու համար»։
Բայց մարդն այնքան երջանիկ է, որ չի կարողանում չխոսել կատարվածի մասին։ Նա գնում է և սկսում ամենուրեք պատմել այդ մասին՝ հավանաբար ժողովրդի մեջ այնպիսի հետաքրքրություն առաջացնելով, որ Հիսուսը չի կարողանում բացահայտ կերպով քաղաք մտնել։ Ուստի նա մնում է անմարդաբնակ վայրերում, ու մարդիկ բոլոր տեղերից գալիս են նրան լսելու և հիվանդություններից բուժվելու։ Ղուկաս 5։12–16; Մարկոս 1։40–45; Մատթեոս 8։2–4; Ղեւտացոց 13։45; 14։10–13; Սաղմոս 72։13; Եսայիա 42։1, 2։
▪ Բորոտությունն ի՞նչ ազդեցություն է թողնում մարդու վրա, և ի՞նչ պետք է բղավեր բորոտը՝ ուրիշներին նախազգուշացնելու համար։
▪ Ինչպե՞ս է բորոտը իր խնդրանքն ուղղում Հիսուսին, և ի՞նչ ենք սովորում Հիսուսի արձագանքից։
▪ Բուժված մարդը ինչպե՞ս է խախտում Հիսուսի տված պատվերը, և ինչպիսի՞ն է լինում հետևանքը։