Գլուխ 50
Նախապատրաստում է հալածանքների
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ քարոզչական գործի հետ կապված հրահանգներ տալուց հետո Հիսուսը նախազգուշացնում է նրանց, որ հակառակորդներ կունենան։ Նա ասում է. «Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ.... Զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև նրանք կմատնեն ձեզ դատարաններին և կխարազանեն ձեզ իրենց ժողովարաններում։ Եվ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ իմ պատճառով»։
Չնայած այն բանին, որ իր աշակերտներին դաժան հալածանքներ են սպասում՝ Հիսուսը վստահեցնում է նրանց. «Երբ նրանք մատնեն ձեզ դատարաններին, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով»։
«Բացի այդ,— շարունակում է Հիսուսը,— եղբայրը մահվան կմատնի իր եղբորը, և հայրը՝ իր զավակին, և զավակները վեր կկենան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց»։ Ապա ավելացնում է. «Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից. բայց ով որ մինչև վերջ տոկա, նա՛ կփրկվի»։
Քանի որ քարոզչությունն ամենակարևոր գործն է, Հիսուսը շեշտում է զգույշ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի իր աշակերտները ազատության մեջ մնան և շարունակեն քարոզել։ «Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք,— ասում է նա,— որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք չեք հասցնի շրջելով անցնել Իսրայելի քաղաքները, մինչև որ մարդու Որդին կգա»։
Ճիշտ է, Հիսուսն այս հրահանգը, զգուշացումն ու քաջալերանքը տալիս է իր 12 առաքյալներին, սակայն դա վերաբերվելու էր նաև նրանց, ովքեր նրա մահից և հարությունից հետո մասնակցելու էին քարոզչության համաշխարհային գործին։ Դա երևում է նրա այն խոսքերից, որ իր աշակերտները «ատված կլինեն բոլորի կողմից»՛ և ոչ միայն իսրայելացիների կողմից, որոնց առաքյալները պետք է քարոզեին։ Բացի այդ, երբ Հիսուսն առաքյալներին ուղարկեց կարճատև քարոզարշավի, նրանց չտարան կուսակալների և թագավորների առաջ։ Նաև այդ ժամանակ հավատացյալներից ոչ ոք մահվան չմատնվեց իր ընտանիքի անդամների կողմից։
Ուստի ասելով, որ իր աշակերտները չեն վերջացնի քարոզչական գործը «մինչև որ մարդու Որդին կգա»՝ Հիսուսը մարգարեաբար կանխագուշակեց, որ իր աշակերտները չեն հասցնի Աստծու հաստատված Թագավորության մասին քարոզել բնակեցված ամբողջ երկրում, երբ փառավորված Հիսուս Քրիստոսը կգա Արմագեդոնի ժամանակ՝ որպես Եհովայի դատաստանն ի կատար ածող։
Շարունակելով քարոզչական գործի վերաբերյալ հրահանգներ տալ՝ Հիսուսն ասում է. «Աշակերտը բարձր չէ իր ուսուցչից, և ոչ էլ ծառան է բարձր իր տիրոջից»։ Նրա հետևորդները պետք է ակնկալեն, որ ինչպես Հիսուսին, այնպես էլ իրենց վատ կվերաբերվեն և կհալածեն Աստծու Թագավորության մասին քարոզելու պատճառով։ Սակայն Հիսուսը քաջալերում է նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում»։
Այս բանում Հիսուսը դեռ պետք է օրինակ թողնի։ Նա անվախորեն պիտի պատրաստ լինի նույնիսկ մահանալ, և անհավատարիմ չգտնվել Նրա հանդեպ, ում ձեռքում է ողջ զորությունը։ Այո, Եհովա Աստված է, որ կարող է «կործանել հոգին» («հոգի» բառն այստեղ վերաբերում է մարդու՝ ապագայում ապրելու հեռանկարին, կենդանի հոգի լինելուն) և հակառակը՝ կարող է հարություն տալ մարդուն ու նրան հավիտենական կյանք շնորհել։ Ի՜նչ սիրառատ ու կարեկից է մեր երկնային Հայր Եհովան։
Այնուհետև Հիսուսը իր աշակերտներին քաջալերելու համար մի օրինակ է բերում, որով ընդգծում է Եհովայի սիրալիր հոգատարությունը նրանց հանդեպ։ «Չէ՞ որ երկու ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող մետաղադրամով,— ասում է նա,— սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի մազերը բոլորն էլ հաշվված են։ Ուրեմն մի՛ վախեցեք. դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք»։
Թագավորության ավետիսը, որ Հիսուսը հանձնարարում է իր աշակերտներին քարոզել, բաժանելու է ընտանիքներն այն իմաստով, որ ընտանիքի անդամներից ոմանք ընդունելու են այն, իսկ մյուսները՝ ոչ։ «Մի՛ կարծեք, թե ես եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա,— բացատրում է նա.— ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր»։ Ուստի Աստվածաշնչի ճշմարտությունն ընդունելու համար ընտանիքի անդամից քաջություն է պահանջվում։ «Նա, ով իր հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում,— ասում է Հիսուսը,— արժանի չէ ինձ, և նա, ով իր որդուն կամ աղջկան ինձանից ավելի է սիրում, արժանի չէ ինձ»։
Եզրափակելով իր հրահանգները՝ Հիսուսը բացատրում է, որ նրանք, ովքեր ընդունում են իր աշակերտներին, իրեն են ընդունում։ «Ով որ այս փոքրերից մեկին ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս խմելու, քանի որ նա աշակերտ է, ճշմարիտ ասում եմ ձեզ, չի՛ կորցնի իր վարձատրությունը»։ Մատթեոս 10։16–42։
▪ Ինչի՞ մասին է նախազգուշացնում Հիսուսն իր աշակերտներին։
▪ Ինչպե՞ս է նա քաջալերում և մխիթարում նրանց։
▪ Ինչո՞ւ են Հիսուսի տված հրահանգները վերաբերում նաև ներկայիս քրիստոնյաներին։
▪ Ի՞նչ իմաստով Հիսուսի աշակերտը մեծ չէ իր ուսուցչից։